19:11 26.01.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Իր խոսքում Իրակլի Ղարիբաշվիլին նշել է.
«Հարգելի պարոն վարչապետ, ինձ համար մեծ պատիվ է Ձեզ հյուրընկալել Թբիլիսիում: Պարոն վարչապետի հետ մենք ջերմ զրույց ունեցանք: Քննարկել ենք կարևոր հարցեր, որոնք վերաբերում են տարբեր ուղղություններով մեր երկրների համագործակցությանը:
Մենք ունեցանք նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստ, որտեղ նույնպես կարևոր հարցեր քննարկեցինք, որոնք վերաբերում էին առևտրին, երկկողմ հարաբերություններին: Պետք է նշեմ, որ մեր երկրների միջև առևտրային հարաբերությունները զարգանում են, առևտրաշրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը, Հայաստանը Վրաստանի համար առևտրային թվով 6-րդ գործընկերն է և 2-րդ ներդրումային երկիրը: Սա ևս ողջունելի է: Անցած տարի Հայաստանից գրեթե 1 մլն այցելու, զբոսաշրջիկ ենք ունեցել Վրաստանում: Սա մեր երկրի տնտեսական զարգացման համար կարևոր է:
Անցած տարի ամռանն էինք հայտարարել այդ մասին, որ մենք ռազմավարական գործընկերության մասին հուշագիր կստորագրենք: Ուզում եմ նշել, որ մենք ավանդական, պատմականորեն շատ հզոր դաշնակիցներ ենք, բարեկամներ, ոչ միայն հարևաններ, ունենք շատ լավ գործընկերություն, համագործակցում ենք բոլոր ուղղություններով: Դե ֆակտո մենք առանց այն էլ ռազմավարական ընկերներ էինք և ռազմավարական գործընկերներ: Այսօր արդեն կարելի է ասել, այս իրականությունը ձևակերպվեց, և այսօր պաշտոնապես ստորագրեցինք ռազմավարական գործընկերության մասին համագործակցության համաձայնագիր: Շնորհակալ ենք մեր հայ գործընկերներին, երկու կառավարությունները կոչված են էլ ավելի խորացնել մեր առևտրատնտեսական հարաբերությունները:
Վրաստանը միշտ եղել է կողմնակից, որ տարածաշրջանում լինի, հաստատվի երկարաժամկետ խաղաղություն և կայունություն: Պարոն վարչապետը շատ լավ գիտի իմ դիրքորոշումը, մեր կառավարության դիրքորոշումը: Մենք միշտ պատրաստ էինք և պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ այս երկարաժամկետ խաղաղության հաստատման գործում, որն ամբողջ տարածաշրջանի երկրներին և ժողովուրդներին կբերի օգուտ: Մենք մեծ լավատեսությամբ և հույսով ենք նայում Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող երկխոսությանը: Ուզում եմ արտահայտել մեր հույսը, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կձևակերպեն խաղաղության պայմանագիր, ինչն, անկասկած, կարևոր է մեր երկրների և ազգերի համար:
Ուզում եմ նշել նաև, որ ինչպես Հայաստանում, այնպես էլ Վրաստանում շատ բարձր տնտեսական աճ ունենք, և կարևոր է այս դինամիկայի պահպանումը: Պարոն վարչապետի հետ մեկ անգամ ևս նշեցինք, որ դեկտեմբերը շատ կարևոր ամիս էր, դեկտեմբերի 15-ը մեզ համար, մեր երկրի համար: Վրաստանը ստացավ, ձեռք բերեց Եվրամիության թեկնածուի կարգավիճակ և դարձավ Եվրամիության թեկնածու երկիր, ինչը շատ կարևոր է ոչ միայն մեր երկրի, ժողովրդի համար, այլ նաև տարածաշրջանի:
Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ անպայման բարձր տեմպով պետք է շարունակվի տարածաշրջանային նախագծերի վրա աշխատանքը: Մենք լսեցինք պարոն Փաշինյանի հավաստված շահագրգռվածությունը տարածաշրջանային նախագծերի նկատմամբ, ինչպես Սև ծովի մալուխի նախագիծն է, նաև այլ նախագծերի վրա ևս աշխատում ենք, նկատի ունեմ խոշոր նախագծերը: Մեկ անգամ ևս ուզում եմ նշել, որ այս օրը շատ կարևոր է, պատմական: Մեկ անգամ ևս շնորհակալություն իմ բարեկամին, իմ գործընկերոջը: Փոխանցեմ խոսքը նրան»:
Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.
«Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հարգելի՛ ներկաներ,
Մեծարգո պարոն վարչապետ,Այսօր կայացավ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը: Ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել վարչապետ Ղարիբաշվիլիին, մեր վրաց գործընկերներին՝ այս նիստը Թբիլիսիում հյուրընկալելու համար:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ անկեղծորեն շնորհավորել Վրաստանի կառավարությանը ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ձեռքբերելու համար՝ այդ գործընթացում առանձնահատուկ ընդգծելով թե՛ վարչապետ Ղարիբաշվիլիի գլխավորած կառավարության, թե՛ Վրաստանի ժողովրդի ներդրումը: Սա պատմական իրադարձություն է Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար:
Ուրախությամբ պետք է ընդգծեմ, որ 2019 թվականի միջկառավարական հանձնաժողովի ձևաչափը վերագործարկելուց հետո նիստերի անցկացումը կրում է պարբերական բնույթ՝ մեծապես նպաստելով հանձնաժողովի արդյունավետ գործունեությանը: Այսօր մենք քննարկել ենք հարցերի լայն շրջանակ՝ տնտեսությունից մինչև առևտուր և ներդրումներ, էներգետիկ ոլորտից մինչև կրթություն, մշակույթ և մարդկանց միջև շփումներ:
Մեր քննարկումների ընթացքում անդրադարձել ենք նաև Հարավային Կովկասի առևտրային և տրանսպորտային կապուղիների ապաշրջափակմանը և նոր հաղորդակցությունների ստեղծման հնարավորություններին: Տնտեսական առաջընթաց արձանագրելու գործում կարևորել ենք հուսալի ենթակառուցվածքների առկայությունը, ընդգծել հնարավոր փոխգործակցությունը տրանսպորտային ցանցերի, էներգետիկ համակարգերի, հեռահաղորդակցության և այլ նախագծերի շրջանակներում, որոնք միտված են տարածաշրջանային կապակցվածության բարելավմանն ու խորացմանը:
Այս համատեքստում հարկ է նշել, որ երկու երկրների մաքսային մարմինների միջև ակտիվորեն քննարկվում են սահմանային անցման կետում համատեղ մաքսային հսկողության իրականացման մոդելները։ Այս գործընթացը նշանակալի ազդեցություն կունենա մաքսային գործառնությունների ժամկետների կրճատման, գործառույթների արդյունավետ կազմակերպման և բեռնափոխադրումների պարզեցման տեսանկյունից։
Մեր գործընկերներին եմ ներկայացրել նաև Հայաստանի կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ զարգացումները, որի մասին հնարավորություն ունեցա խոսել և ներկայացնել նախորդ տարի հոկտեմբերին՝ վարչապետ Ղարիբաշվիլիի հրավերով «Թբիլիսիի Մետաքսի ճանապարհ» չորրորդ համաժողովին մասնակցության ժամանակ: Այս նախագիծը միտված է տարածաշրջանի կապակցվածության խթանմանը՝ հարգելով պետությունների ինքնիշխանությունը և հավասարության ու փոխադարձության սկզբունքները։ Ներկա իրողությունների պայմաններում, երբ փոփոխվում են տարբեր երթուղիներ, մեր տարածաշրջանը տարանցիկ նոր հանգույց կարող է դառնալ Արևելքի և Արևմուտքի, Հյուսիսի և Հարավի միջև:
Ընդգծել ենք, որ տարածաշրջանային և արտատարածաշրջանային նախագծերում անհրաժեշտ է ապահովել ներառականություն, որը հնարավորություն կընձեռի տարածաշրջանի բոլոր պետություններին մասնակցել տնտեսական գործընթացներին, խթանել համագործակցությունը և մեծացնել արդյունավետությունը: Դրա վառ օրինակն է Սև ծովի էլեկտրական մալուխի նախագիծը, որին միանալու հարցում Հայաստանը ցուցաբերում է մեծ հետաքրքրություն։
Հարգելի՛ ներկաներ,
Մեծարգո պարոն վարչապետ,Հայաստանի և Վրաստանի միջպետական հարաբերություններն այսօր նշանավորվել են հանգրվանային մի իրադարձությամբ. վարչապետ Ղարիբաշվիլիի հետ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին համատեղ հռչակագիր: Այս ձեռքբերումը վերջին մի քանի տարիների մեր համատեղ ջանքերի և աշխատանքի արդյունքն է և արտացոլում է մեր ընդհանրություններն ու նպատակասլացությունը։ Այնուամենայնիվ, այս նվաճումը ևս մեկ անգամ ընդգծում է մեր ջանքերը բազմապատկելու և ձեռք բերածով չսահմանափակվելու անհրաժեշտությունը, ինչի մասին խոսեցինք նաև միջկառավարական հանձնաժողովի նիստում:
Վարչապետ Ղարիբաշվիլիի հետ քննարկումների ընթացքում պայմանավորվել ենք նաև հանձնարարել համապատասխան գերատեսչություններին գործնական քայլեր ձեռնարկել Հայաստանի և Վրաստանի միջև միջպետական սահմանի սահմանազատման գործընթացն ավարտին հասցնելու ուղղությամբ:
Գործընկերոջս տեղեկացրել եմ նաև Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի մասին։ Ընդգծվել է, որ ռազմաշունչ և առավելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին։ Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա՝ արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Վարչապետ Ղարիբաշվիլի,Ամփոփելով և վարչապետ Ղարիբաշվիլիի հետ մեր բանակցությունների մասին տեղեկություններ հայտնելով, ցանկանում եմ հայտնել նաև, որ համատեղ որոշում ենք կայացրել պահպանել ու խորացնել կանոնավոր երկխոսությունը բոլոր մակարդակներում՝ նպատակ ունենալով ամրապնդել համագործակցությունը և հաղթահարել այդ ճանապարհին առաջացող հնարավոր խնդիրները:
Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Ձեզ, սիրելի Իրակլի, ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության համար և մաղթել ամենայն հաջողություններ և առավել արդյունավետություն մեր համագործակցությանը: Շնորհակալություն»:
00:30 14.05.2025
Լիլիթ Մակունցը հայ գործարարների հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցերՄայիսի 12-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը դեսպանությունում հյուրընկալեց «SelectUSA» ներդրումային գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոն ժամանած հայ գործարար համայնքի ներկայացուցիչներին։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ-ԱՄՆ տնտեսական և առևտրային համագործակցությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության և հայ գործարար շրջանակների համագործակցության հնարավորությունները։ ...
00:19 14.05.2025
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանըՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Royal Investment Bureau ներդրումային ընկերության պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սուլթան Իսա Ալ Մատրուշիի գլխավորությամբ։ Այս մասին հայտնել են ՏԿԵ նախարարությունից: Հանդիպման ընթացքում Սուլթան Իսա Ալ Մատրուշին ներկայացրել է ընկերության գործունեության հիմնական ուղղությունները և հարուստ փորձը։ Միաժամանակ հայտնել է, որ Royal Investment Bureau-ն […] ...
00:09 14.05.2025
«Երիտասարդ արքա»․ Ռեշֆորդը՝ Յամալի մասին«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, որը վարձավճարով խաղում է «Ասթոն Վիլայում», գովել է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի երիտասարդ հարձակվող Լամին Յամալին։ «Երիտասարդ արքա» — գրել է Ռեշֆորդը X սոցիալական ցանցում։ 17-ամյա Յամալը «Բարսելոնայի» առաջին թիմում խաղում է 2023 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 52 խաղ և կատարել 40 արդյունավետ գործողություն (16 գոլ […] ...
23:59 13.05.2025
«Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ նոր քաղաքային անտառ է հիմնվելՏասնամյակներ շարունակ անխնամ մնացած ու շինաղբով պատված «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ ենք հիմնել. անցկացվել է 7 կմ ոռոգման նոր ցանց: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Վերջին 3 տարում Երևանում ընդհանուր առմամբ ավելացրել ենք շուրջ 55 հա նոր կանաչ տարածք, որից […] ...
23:53 13.05.2025
Թբիլիսյան խճուղում բախվել են «Chevrolet»-ն ու «Kia»-ն. կա վիրավորՄայիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Նելսոն Ս.-ի վարած «Kia» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 25-ամյա Բագրատ Ս.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Chevrolet»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ […] ...
23:47 13.05.2025
Պեսկով. Ռուսաստանի պատվիրակությունը մայիսի 15-ին Ստամբուլում կսպասի ուկրաինացի ներկայացուցիչներինՌուսական պատվիրակությունը հինգշաբթի օրը կլինի Ստամբուլում և այնտեղ կսպասի ուկրաինական կողմին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ВГТРК -ի լրագրող Պավել Զարուբինի հարցին։ «Մենք գնահատում ենք միայն (խմբ.Ռուսաստանի) նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունները, որն առաջարկել էր հինգշաբթի օրը Ստամբուլում պատվիրակությունների միջև բանակցություններ անցկացնել։ Մեր պատվիրակությունը կլինի այնտեղ և կսպասի ուկրաինական կողմին», – […] ...