Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը անհանգստացել է երեխաների, դեռահասների և տարբեր տարիքի մարդկանց առողջության համար, որոնք շատ ժամանակ են տրամադրում գաջեթներին, հայտնում է ռուսալեզու «Չեզոք Թուրքմենստան» թերթը:
Թուրքմենստանի խորհրդարանի պատգամավորների հետ ամենամյա հանդիպման ժամանակ պետության ղեկավարը նշել է, որ ժամանակակից, համակարգչային և տեղեկատվական համակարգերի զարգացմամբ երեխաներն ու դեռահասները, ինչպես նաև տարբեր տարիքի մարդիկ, շատ ժամանակ են ծախսում համակարգիչների, հեռախոսների կամ պլանշետների վրա:
«Դա հանգեցնում է նրան, որ մարդը շատ չի շարժվում և գտնվում է ֆիզիկական անգործության մեջ: Նման ապրելակերպը ազդում է մարդու տեսողության վրա, առաջանում են առողջության այլ խնդիրներ: Այս հարցի լուծումը հրատապ խնդիր է պետության և ողջ հասարակության համար», – ասել է Թուրքմենստանի առաջնորդը՝ ելույթ ունենալով խորհրդարանականների առջև:
Բերդիմուհամեդովը այս խնդրի լուծումը տեսնում է «երեխաների և դեռահասների տարբեր տեսակի սպորտաձևերով զբաղվելու մեջ, ինչը նրանց մեջ կդաստիարակի կարողություններ և գիտելիքների ձեռք բերման ձգտումներ»:
Նախագահը կառավարությանը կոչ է արել բարձրացնել իրազեկության մակարդակը`կապված առողջ ապրելակերպի ձևավորման, պատշաճ սննդակարգի, սպորտի, ազգային մշակույթի հետ:
«Սա դարակազմիկ նշանակության խնդիր է …. Ես կարծում եմ, որ նպատակահարմար կլինի ուսումնասիրել այս հարցի վերաբերյալ այլ պետությունների փորձը և, անհրաժեշտության դեպքում, մտցնել մեր օրենքներում դրույթներ, որոնք կհամապատասխանեն մեր ազգային սկզբունքներին»,- ասել է Թուրքմենստանի նախագահը: