Դեպի Արցախի անկախության միջազգային ճանաչում այլընտրանք չկա․ Արամ Ա կաթողիկոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+27.09 oC

Դեպի Արցախի անկախության միջազգային ճանաչում այլընտրանք չկա․ Արամ Ա կաթողիկոս

21:43 13.10.2020

Թուրքիոյ անմիջական հովանաւորութեամբ եւ ահաբեկիչներու ու վարձկաններու մասնակցութեամբ Ազրպէյճանի շղթայազերծած պատերազմը Արցախի դէմ մեզ դրաւ նոր իրականութեան մը դիմաց՝ իր զինուորական, քաղաքական, իրաւական եւ աշխարհաքաղաքական երեսներով ու հետեւանքներով: Հետեւաբար, ներկայ իրականութիւնը պէտք է Արցախը, Հայաստանը, ինչպէս նաեւ միջազգային համայնքը մղէ մտածելու ու գործելու մէկ ուղղութեամբ՝ Արցախի Հանրապետութեան ճանաչում, այլ ընտրանք չկայ:
Ազրպէյճան-Արցախ վերջին պատերազմի զարգացումներուն մօտէն հետեւողը յստակօրէն պիտի տեսնէ, թէ՝ առաջին, Ազրպէյճանը կը վայելէ Թուրքիոյ քաղաքական ու զինուորական անվերապահ ու ամբողջական զօրակցութիւնը եւ Իսրայէլի մասնագիտական նեցուկը: Երկրորդ, ներկայ պատերազմը սոսկ տեղական բնոյթ չունի, այլ յղի է շրջանային եւ միջազգային հետեւանքներ ունենալու լայն կարելիութիւններով: Երրորդ, Թուրքիան իր փանթուրանական ու ծաւալապաշտական քաղաքականութեան նոր ձեւաւորում ու շեշտաւորում տալով, Միջին Արեւելքէն ու իսլամական աշխարհէն սկսեալ մինչեւ արեւելեան Եւրոպա ու Միջերկրականի ափերը, իր ազդեցութիւնը տարածելու իր հետեւողական ճիգին առընթեր այժմ նո՛յնը կը փորձէ Կովկասէն ներս՝ շահագործելով Ազրպէյճանը:
Սուրիոյ գծով Ռուսիա-Թուրքիա-Իրան ստեղծուած որոշ համաձայնութիւնը փաստօրէն կը մղէ Ռուսիան եւ Իրանը չափաւոր ու զգուշաւոր մօտեցում որդեգրելու Թուրքիոյ կողմէ հրահրուած եւ Ազրպէյճանի նախաձեռնած պատերազմին նկատմամբ: Սակայն, իրենց զգուշաւոր մօտեցումը չի կրնար երկար տեւել՝ լուրջ վտանգներով եւ ծանր հետեւանքներով լեցուն այս պայթուցիկ կացութեան դիմաց, երբ մանաւանդ իրենց ու յատկապէս Ռուսիոյ աշխարհաքաղաքական շահերը կը սկսին վտանգուիլ շրջանէն ներս:
Ազրպէյճանը միշտ փորձեց զէնքի ոյժով Արցախը վերագրաւել՝ հակադրուելով քաղաքական ու բանակցային ճամբով Արցախի հակամարտութեան խաղաղ կարգաւորման միջազգային որոշումներուն: Ազրպէյճանի այս վերջին փորձը եւս, որուն եկաւ նոր տարածք ու մղում տալու համաթրքական փանթուրանիզմը, կը հետապնդէր նո՛յն նպատակը:
Հայոց բանակը հերոսութեամբ կը շարունակէ պաշտպանել Արցախը, մեր իրաւունքը ու արժանապատուութիւնը: Արիւն թափեցինք, ահաւոր քանդում ու աւեր ունեցանք, հսկայ դժուարութիւններու դէմ յանդիման գտնուեցանք, սակայն կը շարունակենք տոկալ: Արդարեւ, թրքական աջակցութեամբ ու իսրայէլեան զինուժով օժտուած ազերիական յարձակումներուն դէմ դնելը ինքնին յաղթանակ է: Բանակի կողքին Հայաստանի ու Արցախի դիւանագիտական արշաւը, Սփիւռքի կողմէ լայնածաւալ քարոզչութիւնը, կազմակերպուած բողոքի ու զօրակցական ցոյցերը մեր ողջ ժողովուրդը զօրակոչի ենթարկեցին:
Կացութիւնը կը շարունակէ մնալ աւելի քան կնճռոտ ու փխրուն:
30 տարիներ շարունակ աշխարհին դիմաց ըսինք Արցախը մե՛րն է, մեր ինքնորոշման իրաւունքը արեան գնով հաստատեցինք եւ մեր հայեացքները, մեր մտածումներն ու աշխատանքը ուղղեցինք դէպի Արցախի Հանրապետութեան միջազգային ճանաչում: Անցնող տարիներուն այս գծով նաեւ խոհեմ զգուշաւորութիւն ցոյց տուինք՝ առիթ տալով քաղաքական բանակցութիւններուն: Սակայն, ներկայ պատերազմը եկաւ անգամ մը եւս ցոյց տալու, թէ Ազրպէյճանը չի հաւատար բանակցութիւններու եւ բացայայտօրէն վայելելով Թուրքիոյ ամբողջական զօրակցութիւնը, մեզ հանգիստ պիտի չձգէ՝ դիմելով մաշումի պատերազմի, եւ աւելին՝ պիտի շահագործուի Թուրքիոյ կողմէ Արցախէն շատ աւելի մեծ ու հեռաւոր նպատակներու համար:
Մենք չենք կրնար մի քանի տարին անգամ մը մարդկային զոհեր տալ, ինչպէս նաեւ ենթարկուիլ նիւթական եւ տնտեսական ահաւոր վնասներու: Անհրաժեշտ է, որ յստակօրէն ճշդենք մեր ռազմավարական ու մարտավարական մօտեցումները, կարճաշունչ ու երկարաշունչ հանգրուաններով, միշտ իրապաշտ ոգիով եւ համահունչ ներկայ աշխարհաքաղաքական տուեալներուն ու պայմաններուն:
Առաջին, անհրաժեշտ է ամէն գնով եւ անմիջապէս ամբողջական զինադադար հաստատել եւ վերսկսիլ քաղաքական բանակցութիւններուն:
Երկրորդ, ծրագրուած աշխատանք տանիլ Արցախի միջազգային ճանաչման գծով: Այլեւս չենք կրնար երկար սպասել. սա ի վնաս մեզի է՝ ամէ՛ն իմաստով: Գիտենք, որ նման քայլ մը կրնայ նոր բարդութիւններ ստեղծել եւ միջազգային համայնքի ընդառաջումը կրնայ դրական չըլլալ գէթ այս հանգրուանին: Սակայն, այլ ճանապարհ չկայ: Ներկայ պատերազմէն աւելի ծանր ի՞նչ կրնայ ըլլալ, երբ Ազրպէյճանը նոյնիսկ կ՚անտեսէ պատերազմի ու զինադադարի առնչուած միջազգային օրէնքին սկզբունքները:
Երրորդ, Ռուսիոյ դերը ճշդորոշիչ է Արցախի առնչուած որեւէ հարցին լուծման գծով: Ռուսիոյ դանդաղ ու զգուշաւոր մօտեցումը կրնայ զանազան մեկնաբանութիւններու դուռ բանալ: Սակայն, ինչ ալ ըլլան Ռուսիոյ ներկայ մարտավարական մօտեցումներն ու հաշիւները, Ռուսիան երբեք պիտի չ՚արտօնէ իր կողքին այլ ոյժի մը ներկայութիւնը Կովկասէն ներս: Այս համոզումէն մեկնելով, Ռուսիոյ հետ մեր գործակցութիւնը պէտք է ըլլայ փոխադարձ վստահութեան հիման վրայ ու հասարակաց շահերով պայմանաւորուած:
Չորրորդ, Արցախին ճանաչում ապահովելու յոյժ կարեւոր իրաւաքաղաքական նախաձեռնութիւնը միջազգային համայնքին ներկայացնելը լուրջ նախապատրաստութիւն, յարաբերական ու դիւանագիտական լայնածիր աշխատանք եւ հետեւողական գործընթացք կ՚ենթադրէ, որուն հարկ է լծուիլ անմիջապէս: Միջազգային օրէնքը կը պարզէ ճանաչման զանազան կերպերը, եղանակներն ու պահանջները: Անհրաժեշտ է համապարփակ ու մասնագիտական մօտեցումով ուսումնասիրել ճանաչման առնչուած խնդիրները եւ քոնքրէթ պարագաները:
Կը գտնուինք մեր պատմութեան մէկ ճակատագրական խաչմերուկին: Զինուորական գետնի վրայ յաղթանակ տանիլը առանցքն է, իսկ միջազգային կարծիքին հայանպաստ դիրքորոշումը մղիչ ոյժն է մեր յաջողութեան: Հարկ է ըլլալ զգօն ու խոհեմ եւ միշտ միակամ:
Հետեւաբար, կոչ կ՚ուղղենք Հայաստանի մեծարգոյ վարչապետ Նիկոլ Փաշինեանին, որ զինադադարի ամրապնդումէն անմիջապէս ետք իր մօտ հրաւիրէ Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի քաղաքական կուսակցութեանց պետերը, հոգեւոր պետերը եւ Հայաստանի ու Արցախի պետական բարձրաստիճան ներկայացուցիչները, միասնաբար խորհրդակցելու ներկայ իրավիճակին եւ յետագայ հանգրուաններուն մասին: Նման հաւաք մը, մէկ կողմէն, յաչս օտարներուն, ցոյց պիտի տայ մեր ժողովուրդին միասնական ոգին ու ամուր կեցուածքը եւ միւս կողմէն՝ առիթ պիտի հանդիսանայ տեսակէտներու ու մօտեցումներու փոխանակման: Մեր առաջարկն է նաեւ, որ յիշեալ հաւաքէն ետք փորձագէտներէ բաղկացած յանձնախումբ մը կազմուի, որպէսզի վարչապետին գլխաւորութեամբ կարենայ ծրագրել միջազգային ճանաչման առնչուած գործընթացքը՝ իր իրաւագիտական, դիւանագիտական, յարաբերական ու քարոզչական երեսներով:
ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍ
Անթիլիաս, Լիբանան
13 Հոկտեմբեր 2020
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

00:06 21.07.2025

Երկրաշարժ՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս

Հուլիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 23:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 19։27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.64⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 2․4 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

23:59 20.07.2025

Քաբուլում տասնյակ կանայք ձերբակալվել են դրես կոդը խախտելու համար

Աֆղանստանի առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարության աշխատակիցները Քաբուլում ձերբակալել են տասնյակ երիտասարդ կանանց՝ հագուստի կանոնակարգը խախտելու մեղադրանքով, կիրակի օրը հաղորդել է Afghanistan International լրատվական պորտալը։ «Թալիբանի բարոյականության ոստիկանությունը տասնյակ երիտասարդ կանանց է ձերբակալել Քաբուլում՝ հագուստի կանոնակարգի ենթադրյալ խախտման համար շարունակվող հետապնդման շրջանակներում», – հաղորդում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ ձերբակալությունները տեղի են ունեցել ուրբաթ և […] ...

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

23:48 20.07.2025

Հրդեհ է բռնկվել «Scania» մակնիշի բեռնատարում

Հուլիսի 20-ին՝ ժամը 16։20-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճքվազ գյուղի խաչմերուկում այրվում է բեռնատար ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 30-րդ կմ-ին՝ «Scania» մակնիշի բեռնատարում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:36-ին, մարվել՝ […] ...

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

23:27 20.07.2025

Ճապոնիայի իշխող կոալիցիան կորցրել է մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) և «Կոմեյտո» կուսակցության իշխող կոալիցիան կորցրել է իր մեծամասնությունը խորհրդարանի վերին պալատում ընտրություններից հետո` ըստ տարածաշրջանային և շրջանային ընտրական հանձնաժողովների տվյալների, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Այս տվյալների համաձայն՝ ԼԴԿ-ն և «Կոմեյտոն» չեն կարողանա ստանալ անհրաժեշտ քանակությամբ մանդատներ՝ վերին պալատում կոլեկտիվ մեծամասնությունը պահպանելու համար։ Կոալիցիոն մեծամասնությունը պահպանելու համար նրանք պետք է ստանային 124 […] ...

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

23:00 20.07.2025

Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել, որում ասվում է. «Ուրախ ենք հայտարարել, որ Կենսաբազմազանության COP17 համաժողովի ամսաթվերը հաստատված են։ Այն տեղի կունենա Երևանում՝ 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը։ Անհամբեր սպասում ենք բոլոր մասնակիցներին և շահագրգիռ կողմերին Հայաստանում՝ կենսաբազմազանության պահպանման ջանքերն առաջ մղելու համար»: ...

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

22:35 20.07.2025

Հայաստանը՝ Կենսաբազմազանության համաշխարհային օրակարգի կենտրոնում. հայտնի են COP17-ի անցկացման օրերը

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ հայտնի են COP17-ի անցկացման օրերը: «Հպարտությամբ հայտնում ենք, որ 2026 թվականի հոկտեմբերի 18-ից 30-ը Հայաստանը կընդունի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Այս տասնմեկ օրերի ընթացքում մեր երկիրը կընդունի համաշխարհային բնապահպանական համայնքի ուշադրությունը՝ հյուրընկալելով պետական, գիտական և քաղաքացիական ոլորտի հարյուրավոր ներկայացուցիչների աշխարհի բոլոր անկյուններից։ Երևանը կվերածվի գլոբալ […] ...

BACK_TO_TOP