Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս. Լուիս Բոնո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լինի խաղաղ գործընթացի մաս. Լուիս Բոնո

16:39 08.03.2023

Բաքվում հանդիպումներից հետո երեքշաբթի օրը Երևան ժամանեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուիս (Լու) Բոնոն: Երկու մայրաքաղաքներում ամերիկացի դիվանագետի հանդիպումների նպատակը, ինչպես շեշտում են ԱՄՆ դեսպանատնից, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն առաջ մղելն է։

Լուիս Բոնոն Երևանում բացառիկ հարցազրույց է տվել «Ազատության» հայկական ծառայությանը.

«Ազատություն». – Ձեր առաջին այցը տարածաշրջան բարդ ժամանակահատվածում է։ Շուրջ երեք ամիս է՝ արգելափակված է Լաչինի միջանցքը, հայկական կողմը հաղորդեց Ղարաբաղում ադրբեջանական արյունալի սադրանքի մասին։ Մյուս կողմից՝ Բաքուն խոսում է վերաինտեգրման մասին՝ զգուշացնելով ավելի «կոշտ և կտրուկ» քայլերով։ Արդյո՞ք սա այն ուղիղ բանակցությունն է, որն առաջ է մղում Վաշինգտոնը, և հնարավո՞ր է խաղաղության հասնել այս կերպ, նման մթնոլորտում:

Լուիս Բոնո. – Ես ժամանել եմ Բաքու կիրակի երեկոյան: Ու երբ ինքնաթիռից դուրս եմ եկել, իմացել եմ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած ողբերգության՝ շատ անհանգստացնող լուրը: Բայց ինձ համար այն միայն ամրապնդեց իմ առաքելության կարևորությունը, այս հակամարտությունը վերջ տալու անհրաժեշտությունը: Մենք այլ ճանապարհ չենք տեսնում, քան այն, որ պետք է սերտ համագործակցենք կողմերի հետ՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ղեկավարների հետ, խաղաղություն հաստատելու համար, խաղաղություն, որը կլինի երկարատև և հավասարակշռված:

«Ազատություն». – Ստեփանակերտ-Բաքու շփումները ռուսական միջնորդությամբ կանվանեի՞ք անհրաժեշտ երկխոսության սկիզբը:

Լուիս Բոնո. – Իմ լիազորությունը չէ մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ երկխոսությունը:

«Ազատություն». – Այդ դեպքում, Միացյալ Նահանգները պատրա՞ստ է Բաքվի և Ստեփանակերտի երկխոսության միջնորդությունը ստանձնել։ Եթե այո, ի՞նչ կարգավիճակով:

Լուիս Բոնո. – Այս գործընթացում մեր դերը միջնորդությունը չէ: Մենք այստեղ չենք տեքստ պարտադրելու, կողմերից որևէ մեկի վզին պայմաններ փաթաթելու համար: Այն, ինչ մենք փորձում ենք անել, խաղաղությունը հեշտացնելն է: Նկատի ունեմ, որ մենք ուզում ենք՝ կողմերն իրենք մշակեն տեքստն ու պայմանները և միասին ընդունեն դրանք: Նրանք պետք է դրա վրա միասին աշխատեն, որովհետև ցանկացած երկարատև, կայուն և հավասարակշռված խաղաղություն պետք է կողմերից գա: Այն չի կարող գալ երրորդ՝ դրսի կողմից։

«Ազատություն». – Բայց թույլ տվեք հիշեցնել՝ վերջին մի քանի ամիսներին Երևանը պնդում է, որ ամենակարևոր խնդիրն է՝ հասցեագրել Ղարաբաղում ապրող հայերի անվտանգությունն ու իրավունքները։ Արդյո՞ք դա ապահովելու համար Վաշինգտոնը դիտարկում է նման մեխանիզմի գործարկումը։ Եթե այո, ապա որո՞նք են հնարավոր տարբերակները:

Լուիս Բոնո. – Կարծում ենք, որ սա շատ կարևոր է: Ես դա չեմ ժխտում: Կայուն, երկարատև և հավասարակշռված խաղաղության պայմանագիր ունենալու համար այն պետք է ներառի Լեռնային Ղարաբաղը: Եվ մենք հանձնառու ենք դա ավարտին հասցնել: Մենք գիտակցում ենք դրա կարևորությունը:

«Ազատություն». – Բայց կարո՞ղ եք նշել որևէ մեխանիզմ:

Լուիս Բոնո. – Ես հիմա լիազորված չեմ քննարկելու մեխանիզմը: Ես նոր եմ այս պաշտոնում, ընդամենը մի քանի շաբաթ: Սա իմ առաջին ուղևորությունն է տարածաշրջան: Եվ ես ներգրավված եմ Մյունխենից հետո կողմերի հետ իմ առաջին բանակցություններին։

«Ազատություն». – Եվ երբ ասում եք, որ Ղարաբաղի խնդիրը կարտացոլվի խաղաղության պայմանագրում, հետաքրքրիր է՝ Վաշինգտոնը կամ կողմերը՝ Երևանը և Բաքուն, ի՞նչ պատկերացում ունեն, դա ինչպե՞ս է տեղի ունենալու:

Լուիս Բոնո. – Նախևառաջ Լեռնային Ղարաբաղը կլինի խաղաղ գործընթացի մի մասը: Կարծում եմ, որ երկու կողմերն էլ դա ճանաչել են: Բայց, ինչպես ես արդեն ասացի, մենք այստեղ չենք որևէ համաձայնագրի կամ պայմանավորվածության շուրջ պայմաններ պարտադրելու համար: Կարևոր է, որ կողմերն իրենք համաձայնության գան: Իսկ մենք կաշխատենք երկու կողմերի հետ: Նախագահ Ալիևը Մյունխենում ասել է, որ ինչ-որ մեկին կնշանակի, որը կգործակցի Ղարաբաղի ներկայացուցիչների հետ: Կարծում եմ՝ դա արդեն տեղի է ունեցել անցած շաբաթ: Եվ ինձ հետ զրույցի ընթացքում նա նշեց, որ պատրաստ է շարունակել այդ քննարկումները: Այնպես որ, մենք լավատես ենք, որ կարող ենք կողմերի հետ աշխատել այդ ուղղությամբ: Բայց դա հեշտ չի լինելու: Այն բոլոր կողմերից կպահանջի շատ ծանր աշխատանք և հանձնառություն։

«Ազատություն». – Ռուսաստանն անընդհատ քննադատում է Վաշինգտոնի և Եվրամիության ներգրավվածությունը՝ դա ընկալելով որպես տարածաշրջանում իր ներկայությունը մարգինալացնելու փորձ։ Այս հարցում Ռուսաստանի հետ համագործակցության հնարավորություն տեսնու՞մ եք։ Նաև հաշվի առնելով այն, որ Մինսկի խումբը փաստացի չի գործում։

Լուիս Բոնո. – Մենք պատրաստ ենք աշխատել ցանկացած և բոլոր կողմերի հետ, որոնք հետամուտ են առաջ տանելու այս գործընթացը: Իրականում ես շփվել եմ Մինսկի խմբի իմ ռուս գործընկերոջ հետ: Որևէ մեկնաբանություն չեմ անելու: Մենք այստեղ ենք ոչ թե կողմերին քննադատելու կամ աշխարհաքաղաքական որևէ այլ խնդրի անդրադառնալու համար, այլ ես այստեղ եմ, որպեսզի օգնեմ և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին՝ գտնելու այս հակամարտության լուծումը: Մենք պետք է այս հակամարտությանը վերջ դնենք: Ահա թե ինչու եմ ես այստեղ:

«Ազատություն». – Պատրա՞ստ եք նաև հանդիպել ռուսաստանցի համանախագահ Խովաևի հետ:

Լուիս Բոնո. – Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած մեկի հետ, ով պատրաստ է աշխատել ինձ հետ, Միացյալ Նահանգների հետ՝ այս գործընթացը առաջ տանելու գործում: Ինչպես ասացի, այս տարածաշրջանում մենք ավելի լայն օրակարգ չունենք: Դա միայն խաղաղությունը խթանելն է: Այս հակամարտությունը շատ երկար տևեց: Շատ մարդիկ են տուժել: Շատ մարդիկ են զոհվել: Այն պետք է ավարտվի:

«Ազատություն». – Վերադառնալով Լաչինի միջանցքին: Չնայած Միջազգային դատարանի որոշմանը և միջազգային բազմաթիվ կոչերին, այդ թվում՝ Վաշինգտոնից, Ադրբեջանը չի բացում Լաչինի միջանցքը: Դուք ի՞նչ գործուն լուծում եք տեսնում:

Լուիս Բոնո. – Մենք դա շեշտել ենք: Պետքարտուղար Բլինքենը Մյունխենում երկու կողմերի հետ հանդիպմանը պարզ ասաց, ու կարծում եմ՝ նա նաև հրապարակային է հայտարարել, որ Լաչինի միջանցքը պետք է լինի բաց ու ազատ առևտրային և մասնավոր տրանսպորտի համար:

«Ազատություն». – Ցավոք, կոչերը չեն աշխատում:

Լուիս Բոնո. – Մենք կշարունակենք առաջ տանել այս հարցը:

«Ազատություն». – Գուցե պատժամիջոցնե՞ր Բաքվի նկատմամբ։

Լուիս Բոնո. – Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ: Ես այստեղ եմ՝ երկու կողմերի հետ աշխատելու, նրանց խաղաղության տանելու համար: Պատժամիջոցները հակառակ արդյունքը կտան: Սա նույնիսկ չի էլ քննարկվում այս պահին:

«Ազատություն». – Երևանում և Բաքվում հանդիպումների արդյունքներով ի՞նչ ուղերձ եք տանում Վաշինգտոն։​

Լուիս Բոնո. – Վաշինգտոնում կհայտնեմ, որ այստեղ կան հեռանկարներ խաղաղության համար: Բայց դա հեշտ չի լինելու: Դա երկու կողմից էլ հանձնառություն կպահանջի: Դրա համար պետք է լինելու փոխվստահություն, կողմերը պետք է վստահություն ձեռք բերեն միմյանց նկատմամբ, վստահեն, որ պարտավորությունները կկատարվեն, վստահեն, որ մյուս կողմն էլ հավատարիմ է խաղաղությանը: Սա այն է, ինչի ուղղությամբ մենք աշխատում ենք: Դա հեշտ գործընթաց չի լինելու: Բայց ես վստահ եմ: Հակառակ դեպքում ես այստեղ չէի լինի:

«Ազատություն». – Բայց Դուք կարո՞ղ եք նշել, որ կողմերն ուզում են խաղաղություն:

Լուիս Բոնո. – Այո՛։

«Ազատություն». – Կրկին շնորհակալ եմ:

Լուիս Բոնո. – Շնորհակալություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

22:07 06.06.2025

Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են ՀՀ-ում․ ԱԱԾ

ԱԱԾ-ն հայտարարել է, որ Սյունիքի մարզից մոլորված անչափահասներն այժմ ՀՀ-ում են։ «Ի լրումն այսօր տարածած հաղորդագրության, հայտնում ենք, որ Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: Լրացուցիչ տեղեկությունները կհաղորդենք հաջորդիվ»,- նշվում է հաղորդագրության մեջ: ...

SHANTNEWS

22:00 06.06.2025

SHANTNEWS

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

21:52 06.06.2025

Դևիդ Բեքհեմն ասպետի կոչում կստանա

Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին կշնորհվի ասպետի կոչում, հաղորդում է The Sun-ը։ Բեքհեմը ասպետական կոչում ստանալուց հետո կստանա Սըր Դեյվիդ կոչումը, իսկ նրա կինը՝ Վիկտորիան՝ Լեդի։ Կոչման մասին պաշտոնապես կհայտարարվի 2025 թվականի հունիսի վերջին։ Բեքհեմն իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Մանչեսթեր Յունայթեդում»։ Ակումբի հետ միասին նա վեց անգամ հաղթել է Անգլիայի Պրեմիեր լիգան […] ...

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

21:44 06.06.2025

Թբիլիսիի հայկական թատրոնի վերակառուցված շենքը շահագործման կհանձնվի այս տարի

Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն այցելել է հայաշատ Հավլաբար թաղամաս, տեղում ծանոթացել Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցման աշխատանքների ընթացքին։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Պատմական թատրոնը տարիներ շարունակ գտնվել է վթարային վիճակում, այն այժմ ամբողջությամբ վերանորոգվում և վերակառուցվում է՝ «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի անձնական նախաձեռնությամբ։ […] ...

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

21:35 06.06.2025

CNN. Թրամփի վարչակազմը պատրաստվում է կրճատել Կալիֆորնիայի դաշնային ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է զգալիորեն կրճատել Կալիֆորնիա նահանգի դաշնային ֆինանսավորումը։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Տվյալների համաձայն՝ արդեն հունիսի 6-ին դաշնային գործակալությունները կարող են սկսել չեղարկել որոշ սուբսիդիաներ և դրամաշնորհներ։ Աղբյուրները պնդում են, որ գործակալություններին հանձնարարվել է որոշել, թե որ ֆինանսավորման ծրագրերը կարող են դադարեցվել։ Միևնույն ժամանակ, աղբյուրի […] ...

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

21:29 06.06.2025

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը կրկին վիրավորել է հայոց եկեղեցուն ու Վեհափառին

Ադրբեջանցիների հոգևոր առաջնորդ Ալահշուքյուր Փաշազադեն կրկին անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայ առաքելական եկեղեցուն ու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայոց Վեհափառը չի վերանայել իր մոտեցումները, հրաժարվելու է նրա հետ հանդիպելուց: Իսկ արդյոք Վեհափառը Փաշազադեի հետ հանդիպելու այդքան մեծ ցանկություն է ունեցե՞լ, արդյոք նկատե՞լ են աշխարհի հոգևոր առաջնորդները Փաշազադեի այս […] ...

BACK_TO_TOP