12:28 22.08.2018
«Հետք» լրատվականն սկսել է գործող ու նախկին պաշտոնյաների և վերջիններիս որդիների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի ուսումնասիրությունը:
Լրատվականին հայտնի էր դարձել, որ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ են սկսվել բարձրաստիճան պաշտոնյաների զավակների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը պարզելու համար, ինչը և վարչապետի մամուլի քարտուղարը հաստատել էր: Իսկ ավելի վաղ նաև դիմել են ՊՆ՝ մի քանի հարյուր նախկին ու ներկա պաշտոնյաների և նրանց որդիների` ծառայությունից ազատման և ծառայություն անցնելու մասին տեղեկություն ստանալու համար:
Երբ հրապարակել են հարցման ցուցակի մի մասը, մի շարք պաշտոնատար անձանց որդիներ պարզաբանել են, որ զինվորական ծառայությունից օրինական հիմքով են ազատվել՝ ունեցել են կամ ունեն առողջական խնդիր: Իսկ օգոստոսի 11-ին էլ ՀՀ զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ այս տարվա զորակոչի շրջանակում նախկինում առողջական խնդիրների պատճառով տարկետում ստացած 600 քաղաքացի զորակոչվել է բանակ:
Շարքն սկսել է գործող կառավարության կազմից և հարցումներով դիմել են կառավարության բոլոր այն անդամներին, որոնք, ըստ Պաշտպանության նախարարության տրամադրած տեղեկատվության, ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից:
Շարքն սկսել են կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանից, վերջինս պարտադիր զինվորական ծառայություն չի անցել: Փաշինյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, քանի որ այդ տարիներին, գործող օրենսդրության համաձայն՝ եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են, ապա երրորդն ազատվել է ծառայությունից, իսկ Փաշինյանի ավագ եղբայրները ծառայել են:
Պարտադիր զինվորական ծառայություն չի անցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Ըստ վերջինիս կենսագրական տվյալների՝ նա պատմական գիտությունների թեկնածու է, և պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքը ակադեմիական տարկետումն է:
Մյուս փոխվարչապետի` Տիգրան Ավինյանի գրասենյակից հայտնել են, որ Ավինյանը Սլավոնական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա»-ի ֆակուլտետում ուսումնառության ընթացքում՝ 2005-2009 թվականներին, ակադեմիական տարկետում է ստացել: Նշվում է, որ Ավինյանն ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից «Զինապարտության մասին» օրենքի հոդված 12-ի ա կետի համաձայն: Տեղեկացնենք, որ փոխվարչապետ Ավինյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով, այդ կետի համաձայն՝ հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից առողջական վիճակի պատճառով զինծառայության համար ոչ պիտանի ճանաչված քաղաքացին հանվում է զինվորական հաշվառումից:
«Միաժամանակ տեղեկացնում ենք, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պատրաստակամ է օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներկայանալ համապատասխան պետական մարմիններ և անցնել անհրաժեշտ ընթացակարգերով»,- ասված է «Հետք»-ի հարցման պատասխանում:
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ևս առողջական հիմքով է ազատվել ծառայությունից` համաձայն Պաշտպանության նախարարի 2006 թվականի 378 հրամանի: Նախարարության մատնանշած առողջական խնդրի դեպքում զորակոչիկներին տրվում է տարկետում, ըստ որի` զինծառայողները խաղաղ ժամանակ պիտանի չեն, պատերազմական ժամանակ պիտանի են ոչ շարային ծառայության համար: Հարցման պատասխանում նախարարությունից հիշեցրել են, որ Արայիկ Հարությունյանը ենթակա չէ զորակոչի, ուստի կրկնակի փորձաքննության անհրաժեշտություն չկա:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել են սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը, փոխնախարարներ Արամայիս Գրիգորյանն ու Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Նախարարի և փոխնախարար Արամայիս Գրիգորյանի՝ ծառայությունից ազատման հիմքերի մասին տեղեկատվություն նախարարությունից հրաժարվել են տրամադրել՝ նշելով, որ պահանջվող տեղեկությունը խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը:
Սփյուռքի մյուս փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանի՝ ծառայությունից ազատման հիմքը նախարարությունը տրամադրել է: Բաբկեն Տեր-Գրիգորյանը ծնվել է 1985 թվականին Փարիզ քաղաքում, ապա տեղափոխվել ԱՄՆ, որտեղ էլ 2007 թվականին ԱՄՆ քաղաքացիություն է ստացել:
«ՀՀ քաղաքացիություն ստանալու համար Բաբկեն Տեր-Գրիգորյանը դիմել է Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն 2014 թվականի օգոստոսի 2-ին, այսինքն` երբ լրացած է եղել նրա 28 տարի 10 ամիսը և օրենքի համաձայն` զորակոչի ենթակա չի եղել: ՀՀ քաղաքացիությունը Բաբկեն Տեր-Գրիգորյանին շնորհվել է 2015 թվականի ապրիլի 1-ին, և նա սահմանված կարգով ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր»,- ասված է հարցման պատասխանում:
Լրատվականի հետ զրույցում սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ասել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով: Նաև` տրամադրել է իր հիվանդության պատմության եզրակացությունը (էպիկրիզ):
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, ինչպես մեզ են փոխանցել նախարարությունից, 1995 թվականին ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, իսկ 1995-1998թթ. սովորել է ԵՊՀ-ի ասպիրանտուրայում: Մինասյանն իր զինվորական պատրաստությունն ստացել է ԵՊՀ զինվորական ամբիոնում: Ունի լեյտենանտի զինվորական կոչում, պահեստազորի սպա է:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը վաղաժամ է զորացրվել: Թորոսյանը զորակոչվել է բանակ 2015-ի դեկտեմբերին՝ 33 տարեկան հասակում՝ որպես բուժծառայության լեյտենանտ:
«10 ամիս պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով Արսեն Թորոսյանը վաղաժամկետ զորացրվել է առողջական խնդիրների պատճառով: Մինչ 33 տարեկանը նույն հիվանդության կապակցությամբ Թորոսյանն ստացել է տարկետում»,- ասված է նախարարության պատասխանում:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյաների թվում է արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը: Վերջինս փոխնախարարի պաշտոնն զբաղեցնում է 2016 թվականից, երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր: Արդարադատության նախարարությունը մերժել է տեղեկության տրամադրումը՝ վկայակոչելով մի շարք իրավական կարգավորումներ, ըստ որոնց` «Արդարադատության նախարարությունը չի կարող հանդիսանալ մեր կողմից խնդրարկված տեղեկատվության տրամադրման պահանջի հասցեատեր, քանի որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի իմաստով պահանջվող տեղեկատվության տնօրինողը չէ»:
Բնապահպանության նորանշանակ փոխնախարար Գնել Սանոսյանն ամուսնացել և զավակներ է ունեցել դեռևս ուսումնառության տարիներին: 2006 թվականին Սանոսյանն ավարտել է մագիստրոսական ուսումնառությունը, հենց այդ թվականի ապրիլին էլ ծնվել է նրա երկրորդ զավակը: «Զինապարտության մասին» օրենքի համաձայն՝ ընտանեկան դրությամբ տարկետման իրավունք տրվում է երկու և ավելի երեխա ունեցող զինապարտին:
Պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: Ինչպես փոխանցել են կառավարությունից՝ առողջական հիմքով:
«Անհրաժեշտության դեպքում պարոն Աղաջանյանը պատրաստ է կրկին անցնել համապատասխան բուժզննում և տրամադրել տեղեկանք»,- ասված է պատասխանում:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը ևս ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից: Մեր հարցմանն ի պատասխան` Խանդանյանը հայտնել է, որ պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական խնդրի պատճառով:
«Եթե անհրաժեշտություն ծագի, օրենքով սահմանված կարգով պատրաստ եմ անցնել բուժզննում և արդյունքների վերաբերյալ տեղեկացնել հանրությանը»,- ասված է հարցման պատասխանում:
Վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն ազատվել է ծառայությունից «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքի դրույթներին համապատասխան: Խառատյանը մինչև 2008 թվականն օգտվել է ակադեմիական տարկետման իրավունքից և ուսանել ասպիրանտուրայում: 2008 թվականի մայիսի 28-ին անհայտ անձանց կողմից հարձակման ենթարկվելու դեպքից հետո Խառատյանը արտերկիր է մեկնել, այդ ժամանակ նա եղել է 26 տարեկան: Զորակոչին չներկայանալու համար Խառատյանը վճարել է օրենքով նախատեսված տուրքը և ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:
Պետական եկամուտների նախագահ Դավիթ Անանյանը ևս պարտադիր զինվորական ծառայությունից ազատված պաշտոնյա է: ՊԵԿ-ը վկայակոչել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 1991 թվականի դեկտեմբերի 9-ի 23-րդ հոդվածի երկրորդ մասը, որի համաձայն` եթե ընտանիքի երկու արու զավակները ծառայել են բանակում, ապա երրորդ եղբայրն ազատվում է զինվորական ծառայությունից։
«Դավիթ Անանյանի երկու ավագ եղբայրները ծառայել էին բանակում (միջնեկ եղբայրը եղել է նաև ազատամարտիկ՝ «Սասուն» ջոկատի կազմում՝ շուրջ չորս տարի մասնակցելով Արցախյան հերոսամարտին»,- ասված է հարցման պատասխանում:
Վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնական Արեն Մկրտչյանը պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
Վարչապետի մեկ այլ օգնական` Նաիրի Սարգսյանը ևս պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է առողջական հիմքով:
Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավար Վահան Կոստանյանը, ըստ ՊՆ-ի պարզաբանման, ներգրավված է 2018 թվականի ամառային զորակոչային միջոցառումներում:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...