17:48 17.04.2024
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ՝ Մամուլի ազգային ակումբում տեղի է ունեցել ասուլիս՝ «Հայաստանի և Արցախի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության խոչընդոտները և հնարավորությունները» թեմայով:
Ասուլիսի բանախոսներն էին՝ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը և «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը:
Հուշարձանապահպանությունը՝ առաջնահերթություն
Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի տեղեկացմամբ՝ Հայաստանում հուշարձանների պետական ցուցակը կազմվում է ՀՀ կառավարության որոշումներով՝ յուրաքանչյուր մարզի և Երևանի համար առանձին. դրանք ընդհանուր առմամբ 25000 են՝ ներառյալ նորահայտ հուշարձանները:
Հուշարձաններին հատկացվող ֆինանսական միջոցները տարեցտարի ավելացվում են, և ըստ այդմ՝ բազմապատկվում են հուշարձանների թե՛ ուսումնասիրման, թե՛ պահպանության, թե՛ վերականգնման ու ամրակայման աշխատանքները: «Այս ոլորտում բյուջեն վերջին տարիների համեմատ մոտ 6 անգամ աճել է՝ կազմելով 1 մլրդ 150 մլն դրամ: Ուշադրության կենտրոնում են ոչ միայն կրոնական, այլև պետական, հասարակական, պաշտպանական կարևորության հուշարձաններ»,- ասել է Հարություն Վանյանը՝ նշելով, որ որոշ հուշարձանների ամրակայման և վերականգնման մրցույթներ արդեն կայացել են, որոշ դեպքերում էլ պարզապես դիմող շինկազմակերպություններ չեն լինում, ինչը մտահոգիչ խնդիր է:
Իրազեկման կարևորության մասին
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանի խոսքով՝ հուշարձանների ուսումնասիրման, վկայագրման, պահպանական գոտիների կազմման և միջազգային ասպարեզում հանրահռչակման առումով նախորդ տարի իրականացվել է բավականին արդյունավետ աշխատանք, որն այս տարի կլինի շարունակական: Հուշարձանների պահպանման գործում նա կարևորել է հանրության իրազեկվածության և քաղաքացիների իրավագիտակցության բարձրացումը նաև ոչ ֆորմալ կրթական գործիքների միջոցով:
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը կնշվի մի շարք միջոցառումներով
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի տեղեկացմամբ՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առիթով 2023 թվականին անցկացվել է 190 միջոցառում՝ կրթական ծրագրեր, մաքրման աշխատանքներ, սեմինարներ ու բաց դասեր: Դրանց թիվն այս տարի կավելանա:
Հարությունն Վանյանն էլ իրազեկել է, որ օրվա շրջանակում Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը կպարգևատրեն «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին:
Մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը. այն ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացրել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:
«Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում։ Հայաստանը մրցույթին ներկայացել է 11-17 տարիքային խմբում։ Մրցույթում ներկայացվել է 41 աշխատանք. պատանեկան խմբերն ու անհատները մրցել են ազգային ժառանգության մասին իրենց պատկերացումներով՝ ներկայացնելով տեսասահիկներ, կոմիքսներ, անիմացիոն սյուժեներ, նկարչական աշխատանքներ, մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։ Ներկայացված աշխատանքներից 6-ն ընդգրկվել է եզրափակիչ փուլում»,-ասել է Հարություն Վանյանը՝ նշելով, որ այն հուշարձանները թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակում հանրահռչակելու լավ հարթակ է:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում նոր հուշարձաններ ընդգրկելու մասին
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում ընդգրկված են երեք հուշարձանախմբեր՝ Սանահինի և Հաղպատի վանական համալիրները, Գեղարդի վանքը և Ազատ գետի հովիտը, Էջմիածինը՝ իր եկեղեցիներով և Զվարթնոցի տաճարը:
Նախնական ցանկում 4 հուշարձանախումբ են՝ Դվին հնավայրը, Նորավանքն ու Ամաղուի ձորահովիտը, Երերույքի տաճարը, Տաթև վանական համալիրն ու Տաթևի անապատը։ Նրա տեղեկացմամբ՝ Տիրինկատար լեռան վրա գտնվող վիշապաքարերը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում ընդգրկելու նպատակով պատրաստվում է հայտ՝ որպես Հայկական լեռնաշխարհին բնորոշ բացառիկ մշակութային երևույթ, որն այլ տեղ չի հանդիպում:
Ընթացակարգը ներկայացնելիս Խաչիկ Հարությունյանն ասել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկելու չափանիշներն այս տարիների ընթացքում ընդլայնվել են և խստացվել: Պահանջում է համալիր ուսումնասիրություն և հուշարձանի՝ համաշխարհային արժեք ունենալու հիմնավորում: «2021 թվականից իրականացնում ենք համաշխարհային ցանկում ընդգրկված երեք անվանակարգերի ուսումնասիրություն և դրանց կառավարման պլաններ, ինչպես նաև միջանկյալ զեկույցների պատրաստում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընկերների հետ մշտական կապը ստեղծվել է. նախորդ տարի Հայաստան են ժամանել փորձագետներ Հունաստանից, Իտալիայից, Շրի Լանկայից, ինքներս մասնակցել ենք միջազգային գիտաժողովների: 2023 թ. դեկտեմբերին Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ից ևս մեկ դրամաշնորհ ստացավ, և այս պահին նախապատրաստական աշխատանքներ են ընթանում Տաթևի և Տաթևի Մեծ անապատ վանական համալիրները 1954 թ. Հաագայի կոնվենցիայի շրջանակում ուժեղացված պաշտպանության տակ առնելու համար հայտ պատրաստելու նպատակով»,- իրազեկել է Խաչիկ Հարությունյանը:
Հուշարձանների վնասումը կանխող միջոցառումների մասին
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանի խոսքով՝ 2023 թ. հուշարձանների տարածքներում արձանագրվել է 85 իրավախախտում, որից երեքը՝ վանդալիզմի դեպք, 30-ի մասով հարուցվել է քրեական գործ:
«Դեպքերը կանխելու նպատակով տարբեր միջոցառումներ են իրականացվում, այդ թվում՝ համայնքային հուշարձանապահպանության աշխատանքներ, սեմինարներ, բաց դասեր: Քաղաքացին հաճախ վնաս է հասցնում հուշարձանին՝ առանց իրազեկված լինելու այդ մասին՝ իրականացնելով հողահարթեցման, շինարարական աշխատանքներ: Իրազեկման աշխատանքներով փորձում ենք ճանաչելի դարձնել և հնարավորինս կանխել դեպքերը»,- ասել է Արմեն Հովհաննիսյանը և նշել, որ 600-ից ավելի վտանգված հուշարձան կա ՀՀ տարածքում:
Հողաքանդման, վանդալիզմի դեպքերին անդրադառնալով՝ Վանյանը նշել է, որ դրանք արձանագրելիս նախարարությունը դիմում է իրավապահ մարմիններին: ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը կարծում է՝ արձանագրված դեպքերը պետք է պատժիչ արդյունք ունենան, որպեսզի գանձագողությունն ու հուշարձանների վնասումը հնարավորինս կանխվեն:
Ըստ Հարություն Վանյանի՝ կանխող միջոցառում իրականացնելիս նախ պետք է տարորոշել՝ ինչ բնույթի հուշարձան է և ինչ վնասվածք է հասցվել. «Հնավայրերի ու դամբարանադաշտերի դեպքում հրատապ պեղումներ պետք է իրականացվեն՝ փրկելու մնացած՝ չվանսված արժեքները՝ հնագիտական շերտերն ու առարկաները: Կարծում եմ՝ ավելի կոշտ դիրքորոշում պետք է ունենանք ժառանգությունը գիտակցաբար վնասող անձանց նկատմամբ՝ իրավական դաշտում: Ճարտարապետական հուշարձանների դեպքում, երբ ինքնագործունեությամբ երեսապատում են արել, ներկել են կամ, օրինակ, երկրորդ հարկ են ավելացրել, նման դեպքերը հնարավոր է վերացնել՝ հուշարձանը բերելով նախկին տեսքի: Իսկ եթե անդառնալի է վնասը, դա պատժելի է իրավական ընթացակարգով»:
Կոնդի հուշարձանների պահպանությունը օրենքի պահանջ է
«Կոնդը երբևէ գրանցված չի եղել իբրև պատմամշակութային հուշարձան: Կոնդում կան առանձին գրանցված շենքեր, կառույցներ և շինություններ, որոնք ունեն հուշարձանի կարգավիճակ և պետական ցուցակում ընդգրկված են կամ նորահայտ հուշարձանների կարգավիճակում են: Վերջին տարիներին հենց մեր ուսումնասիրությունների հիման վրա 10 նորահայտ օբյեկտ ընդգրկվել է նորահայտ հուշարձանների ցուցակում»,- հայտնել է Հարություն Վանյանը:
Խոսելով Կոնդի վերակառուցման մրցույթի մասին՝ Վանյանը նշել է, որ օրենքից բխող հիմնական պահանջը եղած հուշարձանների և դրանց պահպանական գոտիների ու միջավայրի պատշաճ պաշտպանությունն է:
«Բոլոր հուշարձանները պետք է պահպանվեն. դրանք պատշաճ ձևով ընդգրկված են մրցույթի տեխնիկական հայտերի մեջ: Մրցույթի մասնակիցները տեղեկացված են, թե որոնք են պատմամշակութային հուշարձանները, և որ դրանք պաշտպանված են օրենքով: Ցանկացած նախագիծ-առաջարկ պիտի ներառի դրանց բոլորի պահպանությունը՝ անկախ նրանից, թե ինչպիսի քաղաքաշինական ծրագիր կհաստատվի»,- նշել է Վանյանը՝ ընդգծելով հուշարձանների պահպանման վերաբերյալ ոչ ֆորմալ կրթության դերը. պատրաստվում են հոլովակներ երիտասարդների ու դպրոցականների համար:
ԼՂ պատմամշակութային ժառանգությունը վտանգված է
Հարություն Վանյանի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերի վերաբերյալ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունները միջազգային գործընկերների հետ պարբերական աշխատանքներ են իրականացնում՝ օգտագործելով բոլոր խողովակները: «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանն իր հերթին հայտնել է, որ գործում է Լեռնային Ղարաբաղի հուշարձանների մշտադիտարկման խումբ, որն արձանագրում և փաստագրում է այն բոլոր տեսանելի, երբեմն նաև ոչ տեսանելի վանդալիզմի դեպքերը և դրանք փոխանցում համապատասխան կառույցներին: Մշտադիտարկմամբ արձանագրվում են ամենօրյա փոփոխությունները:
2020 թ․ 44-օրյա պատերազմից և 2023 թ․ սեպտեմբերի 19-ի դեպքերից հետո տարբեր միջազգային հարթակներում (ՅՈՒՆԵՍԿՕ, Եվրոպայի խորհուրդ և այլն) նիստերի, համաժողովների, գիտաժողովների ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները մշտապես բարձրացնում են Լեռնային Ղարաբաղի պատմության և մշակույթի հուշարձանների հետագա պահպանության հարցերը, վերհանում Ադրբեջանի կողմից իրականացված վանդալիզմի փաստերը և հրավիրում միջազգային կազմակերպությունների ուշադրությունը:
18:22 03.05.2025
Սլովակիայի վարչապետը չի չեղարկել Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցըՍլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի՝ Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա կատարվելիք այցը ուժի մեջ է, և նա լավ մարզավիճակում է, ասել է նրա կուսակցության պատգամավոր Յան Ռիխտերը։ Ավելի վաղ սլովակական Markíza հեռուստաալիքը ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ֆիցոն վերջին օրերին մի քանի անգամ առանց բացատրության չեղարկել է իր աշխատանքային ծրագիրը։ Հեռուստաալիքը հիշեցրել է, թե ինչպես […] ...
18:10 03.05.2025
Պեսկովը հայտնել է, որ տեղեկություն չունի Ռուբիոյի՝ Մոսկվա հնարավոր այցի մասինՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի մայիսի 9-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հնարավոր ժամանման մասին Մոսկվա։ «Ես նման տեղեկություն չունեմ։ Հիմա ամերիկյան լրատվամիջոցները շատ տարբեր հաղորդումներ են տալիս։ Երբեմն զարմանում ես, երբեմն՝ չես կարողանում հասկանալ, թե ինչի մասին են խոսում։ Բայց, այս դեպքում, ես պարզապես նման տեղեկություն չունեմ»,- լրագրողներին ասել […] ...
17:50 03.05.2025
Ինդոնեզիայում 6,0 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի Գորոնտալո շրջանում 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի BMKG սեյսմոլոգիական և օդերևութաբանական գործակալությունը: «Ցնցումները զգացվել են Գորոնտալոյի տարբեր հատվածներում, նույնիսկ հեռավոր շրջաններում, ինչպիսիք են Հյուսիսային Սուլավեսին, Հյուսիսային Կալիմանտանը և Կենտրոնական Սուլավեսին», – ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Երկրաշարժի օջախի խորությունը եղել է 97 կիլոմետր։ Երկրաշարժի հետևանքով ավերածությունների և զոհերի մասին […] ...
17:42 03.05.2025
Spiegel. Թրամփը կարող է չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե ԵՄ-ն չավելացնի պաշտպանական ծախսերըԱմերիկյան կողմը սպառնացել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է չմասնակցել հունիսին Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե Եվրոպայում դաշնակիցները չմեծացնեն իրենց պաշտպանական ծախսերը։ Այս մասին հայտնում է Der Spiegel ամսագիրը։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիտակերը պահանջում է, որ եվրոպական երկրները Բրյուսելում գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժամանակ համաձայնեն պաշտպանական ծախսերը հասցնել իրենց ՀՆԱ-ի 5%-ին։ Ավելի […] ...
17:32 03.05.2025
Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում․ Նազելի ԲաղդասարյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրվա խորհրդով շնորհակալություն եմ հայտնում բոլոր անկախ, անկողմնակալ և սկզբունքային լրագրողներին, խմբագիրներին, մեդիամասնագետներին և, առհասարակ, ազատ խոսքի ջատագովներին։ Ակնհայտ է, որ Հայաստանը շարունակաբար առաջընթաց է գրանցում մամուլի ազատության ապահովման գործում։ Հպարտությամբ կարող եմ նշել, որ օրերս «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) հեղինակավոր կազմակերպության […] ...