Հուշարձանների հանդեպ վերաբերմունքը և ճանաչողությունը պետք է դառնան կրթության բաղադրիչ. Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Հուշարձանների հանդեպ վերաբերմունքը և ճանաչողությունը պետք է դառնան կրթության բաղադրիչ. Ժաննա Անդրեասյան

18:55 18.04.2024

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։

Ի նշանավորումն օրվա՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին: Այցին ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ և ողջունել մրցույթի մասնակից աշակերտներին՝ նշելով, որ այն ևս մեկ առիթ է՝ շեշտելու, թե որքան կարևոր է ճանաչել և պահպանել պատմական ժառանգությունը, հոգածություն ցուցաբերել շրջապատում գտնվող հուշարձանների նկատմամբ:

Ըստ նախարարի՝ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում անցկացված մրցույթը կարևոր է հայրենաճանաչության առումով.

«Երեխաներից յուրաքանչյուրը գտել էր որևէ արտահայտչամիջոց՝ կոմիքս, լուսանկար, բանաստեղծություն՝ ներկայացնելու իր վերաբերմունքը հուշարձանի նկատմամբ: Երեխաներն իրենց մոտեցումներով փաստում են, որ մեր հուշարձանների մասին կարող ենք պատմել և խոսել տարբեր ժանրերով և ձևերով, ու դրանք բոլորը կարող են լինել հետաքրքիր: Երբեմն տեսնում ենք, որ հուշարձանների տարածքները հենց մեր համաքաղաքացիների ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով աղտոտվում են: Այս առումով չափազանց կարևոր է, որ պատմական ժառանգության և հուշարձանների հանդեպ վերաբերմունքի ձևավորումը դառնա կրթական գործընթացի բովանդակային բաղադրիչ, որպեսզի երեխաները ճանաչեն և գիտակցեն հուշարձանների նշանակությունը»,- նշել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը շատ հետաքրքիր հուշարձան է նաև գեղագիտական պատկերի առումով՝ Սևանա լճի հիասքանչ տեսարանով.

«Այս հուշարձանը պետք է ավելի ճանաչելի դարձնել և նպաստել, որ այցելություններն այստեղ ավելի շատ լինեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իր համար հայտնաբերի և վերարժևորի մեր երկրի 25 հազար հուշարձանները, որոնք մեր պատմության և քաղաքակրթական ժառանգության կարևորագույն մասն են: Մեր այցերն ու ճանաչողական էքսկուրսիաները հուշարձանների տարածքներում պետք է դառնան ավելի հաճախակի»,-ասել է նախարարը:

«Բերդկունք» ամրոցի տարածքում պեղումներ են ընթանում

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ «Բերդկունք» ամրոցի տարածքում ԿԳՄՍ նախարարության հատկացումներով իրականացվում են պեղումներ, որոնց հիման վրա պատվիրվել է ամրոցի վերականգնման նախագիծ. այն նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգել-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Պեղումների ավարտից հետո կիրականացվի նաև հուշարձանի հանրահռչակում:

Հուշարձանների ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ

«Պետության վերաբերմունքը հուշարձանների ոլորտին կոնկրետ փաստերով և ֆինանսական հատկացումների ծավալով է արտահայտվում. այս տարի հուշարձանների ամրակայման և վերականգնման ոլորտին հատկացվել է 1,3 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ՝ կրկնակի ավելի է: Սակայն եթե համեմատենք, օրինակ, 5-6 տարի առաջվա տվյալների հետ, ապա հուշարձաններին հատկացվող բյուջեն ավելացել է մի քանի անգամ: Միայն այս տարի 14 հուշարձանների նորոգման և ամրակայման աշխատանքներ են իրականացվում, ևս 9 հուշարձանների տարածքներում պեղումներ և նախագծման աշխատանքներ են ընթանում, և այս ամենը մեր ամենօրյա աշխատանքի կարևոր մասն է»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ հատուկ ուշադրություն է դարձվում պետականության խորհրդանիշ համարվող հուշարձանների հանրահռչակմանը:

«Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթն ուղղված է պատմամշակութային ժառանգության հանրահռչակմանը. այն ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացրել է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը:

Մրցույթն իրականացվել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» համաեվրոպական հարթակի համատեքստում՝ «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում, որին Հայաստանը մասնակցել է առաջին անգամ։ Հայաստանը մրցույթին ներկայացել է 11-17 տարիքային խմբում, ներկայացվել է 41 աշխատանք. պատանեկան խմբերն ու անհատները մրցել են ազգային ժառանգության մասին իրենց պատկերացումներով՝ ներկայացնելով տեսասահիկներ, կոմիքսներ, անիմացիոն սյուժեներ, նկարչական աշխատանքներ, մինչև 5 րոպե տևողությամբ տեսանյութեր։ Ներկայացված աշխատանքներից 6-ն ընդգրկվել է եզրափակիչ փուլում: Հայաստանից և արտերկրից 21 հայազգի մշակույթի գործիչներից կազմված հանձնաժողովի գնահատման արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքը ներկայացնող «ՀԱՅելիցներ» թիմը՝ «Գեղարդ» տեսանյութը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը և ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը զրուցել են մասնակից երեխաների հետ, հետաքրքրվել նրանց ներկայացրած նախագծերով։ ԵՄ դեսպանը նշանավորել է երեխաների բարձր մասնակցայնությունը և հետաքրքրվածությունը մշակութային ժառանգության պահպանման գործում։

Նախարարն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը, ինչպես նաև միջոցառման մյուս մասնակիցները շրջել են ամրոցի տարածքում, ծանոթացել պատմությանը, ընթացող աշխատանքներին։

Օրվա շրջանակում պատմական հուշարձանի՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցի տարածքում տեղադրվել է տեղեկատվական ցուցանակ։

Պահպանության ավելի խիստ ռեժիմ արգելոցներում. Հայաստանում 15 արգելոց-թանգարան կա

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով՝ Հայաստանում այսօր կան շուրջ 15 արգելոց-թանգարաններ։ Յուրաքանչյուր տարի նախարարության առաջարկով և Կառավարության որոշմամբ այդ թիվը կարող է ավելանալ։

«Այս տարի, օրինակ, նախատեսել ենք ներառել Նորատուսի խաչքարերը, Բերդկունք ամրոցը, որի ուսումնասիրությունն արդեն իսկ սկսված է։ Դա ենթադրում է պահպանության ավելի խիստ ռեժիմ՝ որպես արգելոցի տարածք։ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ունենալու է հաստիքային աշխատակիցներ՝ հուշարձանի պահպանումն իրականացնելու համար,- ասել է Հարություն Վանյանը և հավելել,- նպատակն ամրոցի վերականգնումն է, ինչը կախված է պեղումների արդյունքից և ճարտարապետների ներկայացրած նախագծից։

Վերականգնումն ընդհանրապես հնարավոր է գիտական տվյալների հիման վրա. ինչքանով գիտականությունն ու աղբյուրները, բեկորները, առկա քարերը և չափագրությունները հնարավորություն տան այն իրականացնելու»։

«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ այն կոչվում է «Սպիտակ բերդ» («Իշխանաց բերդ»):

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։ Նպատակն է բարձրացնել մարդկության իրազեկվածությունը պատմամշակութային ժառանգության մասին, անհրաժեշտ ջանքեր գործադրել հուշարձանների պահպանության և հանրահռչակման համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP