Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+19.09 oC

Տեղի է ունեցել «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը

18:25 07.05.2024

ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Եվրոպական միության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ Հայաստանում կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսության հարթակի շրջանակում այսօր կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը:

Համաժողովին ներկա են եղել և ելույթներով հանդես եկել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատների, կրթության ոլորտի ներկայացուցիչներ:

«Համաժողովի ընթացքում քննարկվել են կրթության համակարգի բարեփոխումները, հիմնախնդիրներն ու հնարավորությունները՝ ներկայացնելով կրթության ոլորտում համագործակցության հիմնական ուղղությունները: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի ռազամավարությունից բխող միջոցառումների պլանի կատարմանը:

Կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման ռազմավարության ընթացքի քննարկում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նմանօրինակ հարթակը, որտեղ Եվրամիության, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և մյուս միջազգային գործընկերների հետ ռազմավարական երկխոսության և գործընկերության շրջանակում քննարկվում են կրթության ոլորտում համատեղ աշխատանքներն ու անելիքները:

«Ուրախ եմ, որ կրթական բարեփոխումների երկար ու բարդ ճանապարհին ունենք հուսալի գործընկերներ, որոնց շարունակական աջակցությամբ և համագործակցությամբ կյանքի ենք կոչում փոփոխությունները: Առանց նման համագործակցության՝ չէինք ունենա այն դրական ձեռքբերումները, որոնք արձանագրել ենք համատեղ աշխատանքի արդյունքում: Կրթության ոլորտում քննարկումների ակնկալիքը մեկն է՝ իրականացվող գաղափարներն ու ծրագրերը ևս մեկ անգամ դարձնել քննության առարկա, լսել առաջարկներ և դիտարկումներ, քանի որ կրթության ոլորտն առնչվում է մեր հասարակության տարբեր խմբերին, և գործ ունենք մեծ թվով մարդկանց հետ»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ բարեփոխումների իրականացումը նաև բավարար ճկունություն է պահանջում՝ ճիշտ արձագանքելու փոփոխությունների ընթացքին:

Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նախորդ տարի հաստատվել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը, և այս փուլում կարևոր է լսել, թե ինչպես է ընթացել կրթության ռազմավարության իրականացումը, ինչ բարեփոխումներ են տեղի ունեցել հանրակրթության, մասնագիտական կրթության և բարձրագույն կրթության ոլորտներում:

Բարեփոխումներն ընդգրկում են կրթության բոլոր մակարդակները

«Ռազմավարությունը վերաբերում է կրթության բոլոր մակարդակներին՝ սկսած նախադպրոցական կրթությունից մինչև հանրակրթություն, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն, ոչ ֆորմալ կրթական համակարգ: Կրթության ոլորտի փոփոխություններում չկան առավել կամ պակաս կարևորության հարցեր: Եթե ուզում ենք հասնել որակական փոփոխության, ապա համակարգային բարելավում պետք է ապահովենք կրթության յուրաքանչյուր մակարդակում՝ որպես շղթա, որի ամեն օղակը պիտի շարունակի նախորդին: Հնարավոր չէ փոխել հանրակրթությունը, բայց չփոխել մասնագիտական կրթության համակարգը և այսպես շարունակ»,- ասել է նախարարը:

Կրթությանը հատկացվող պետական միջոցների աճ

Չնայած բոլոր դժվարություններին՝ ՀՀ կառավարությունը վերջին տարիներին կրթությանն ուղղված բյուջեն չի չնվազեցրել, այլ հակառակը՝ շարունակաբար կրթությանը հատկացվող պետական միջոցների աճ է գրանցվում:

«Այս տարի կրթության բյուջեն ավելի է նախորդ տարվանից ավելի քան 38 տոկոսով, ինչը ցույց է տալիս, թե որքան ենք կարևորում կրթության ոլորտը՝ որպես պետության զարգացման անկյունաքար: Կարևոր է, որ այս ոլորտում գրանցենք որակական փոփոխություն, որը, վստահաբար, բարձրացնելու է մեր պետության դիմակայունությունը»,- նշել է Ժաննա Անդրեասյանը

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրեր

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերին՝ նշելով, որ Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ: Նա առանձնացրել է ուսուցիչներին ուղղված աջակցությունը, որի արդյունքում այսօր արդեն ավելի քան 500 ուսուցիչ աշխատում է ՀՀ ուսումնական հաստատություններում:

«Քայլեր են ձեռնարկվել ուսանողների և աշակերտների կրթության իրավունքի ապահովման ուղղությամբ. Կառավարությունը որոշում է ընդունել ուսանողների ուսման վարձի փոխհատուցման վերաբերյալ, և կարիք ունենք քննարկելու դրա հետագա շարունակության հարցը: Բռնի տեղահանված երեխաների դպրոցական կրթությունը, իհարկե, ապահովված է, բայց այստեղ էլ լրացուցիչ սոցիալ- հոգեբանական ծրագրերի, այլ ծառայությունների ուժեղացման կարիք կա: Միջազգային որոշ գործընկերների հետ համատեղ ծրագրեր են նախատեսվում նաև այլ ուղղություններով»,- ասել է նախարարը:

ԵՄ-ն աջակցում է կրթության ռազմավարության իրականացմանը

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և կարևորել Հայաստան-ԵՄ համագործակցությունը. «Կրթության ոլորտում Եվրոպական միության և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցությունը մեկնարկել է 2019 թվականին՝ քաղաքականության համապարփակ երկխոսության միջոցով։ Այս ոլորտում մեր պորտֆոլիոն 70 միլիոն եվրոյից ավելի է։ ԵՄ-ն աջակցում է վերջերս հաստատված Կրթության ռազմավարության իրականացմանը, որը ներառում է կարևոր բարեփոխումներ, այդ թվում՝ տարբեր մարզերում ԳՏՃՄ լաբորատորիաների ստեղծում և ուսումնական ծրագրերի ներդրում, դպրոցաշինություն և դպրոցների կառավարման համակարգի զարգացում, տնօրենների նշանակման սկզբունքների մշակում, մասնագիտական կողմնորոշման հնարավորություն, կանաչ տնտեսության ուղղությամբ հետազոտություններ և դպրության արդյունքների գնահատում,- նշել է Հայաստանում ԵՄ դեսպան պրն Վասիլիս Մարագոսը և շարունակել,- ԵՄ-ն աջակցում է նաև ոչ ֆորմալ կրթությանը։ Այդ ոլորտում ԹՈՒՄՈ-ի և ՔՕԱՖ-ի միջոցով արդեն շատ ծրագրեր ենք իրականացնում։ Սյունիքում պատրաստվում ենք հիմնադրել երկու ՔՕԱՖ կենտրոններ, որի ընդհանուր ներդրումը կազմում է շուրջ քսան միլիոն եվրո՝ նպատակ ունենալով ամրապնդել այս մարզի դիմակայունությունը։ Լայն առումով, մարդկային կապիտալի ուղղությամբ ներդրումները էապես կարևոր են Հայաստանի հասարակության մրցունակության և դիմակայունության համար՝ բազմազանեցնելու տնտեսությունը, ինչպես նաև խթանելու հաստատությունների աշխատանքն ու նորարարությունները։ Կրթական բարեփոխումների վերաբերյալ քաղաքականության երկխոսությունը միավորում է շահագրգիռ կողմերին և գործընկերներին, որպեսզի միասին առավելագույնի հասցնենք համատեղ ջանքերը»։

Երեխաների և դեռահասների որակյալ կրթությունը կարևոր է

«Հայաստանի կրթության բնագավառում աշխատող կազմակերպությունների համար առաջնահերթություն է, որպեսզի երեխաները և դեռահասները կարողանան որակյալ կրթություն ստանալ, որը նրանց լավագույնս կպատրաստի ապագայի համար։ ՀՀ կառավարությունը բազմիցս ընդգծել և կարևորել է այս առաջնահերթությունը վերջին տարիներին, – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և ավելացրել,- ՅՈՒՆԻՍԵՖ-ը հույս ունի, որ այս և հետագա հանդիպումների ընթացքում շահագրգիռ կողմերը պատկերացումներ կտան կրթության վերաբերյալ հիմնավոր քաղաքական երկխոսության համար, որպեսզի Հայաստանում յուրաքանչյուր երեխայի, հատկապես առավել խոցելիներին, հասանելի լինի որակյալ կրթությունը»:

Համաժողովում ներկայացված հիմնական զեկույցները վերաբերել են Հայաստանում կրթական համակարգի բարեփոխումների առաջընթացին, Տավուշի մարզում հանրակրթության նոր չափորոշչի փորձարկման արդյունքներին, ԵՄ բյուջետային աջակցությանը և այլն:

Կրթական համակարգի բարեփոխումները. ընդհանուր անդրադարձ

Համաժողովի ընթացքում ներկայացվել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացմանը ծրագրի իրականացման զեկույցը՝ ըստ 2023 թվականի արդյունքների:

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրում

Նշվել է, որ կրթության համակարգում փոփոխությունների հիմնական ուղղությունը բովանդակային բարեփոխումներն են առաջին հերթին հանրակրթության ոլորտում: Եվրամիության և Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակվել է հանրակրթության նոր չափորոշիչը, որը 2021 թվականից փորձնական ներդրվել է Տավուշի մարզում, և այս տարի կունենանք առաջին շրջանավարտները, որոնք ուսումնառության գործընթացն անցել են նոր չափորոշչով: 2022 թվականից փուլային եղանակով այն ներդրվել է բոլոր դպրոցներում, և գործընթացը կավարտվի 2026 թվականին:

Ուսուցիչների մասնագիտական զարգացում

Բարեփոխումների հաջորդ ուղղությունը ուսուցիչների մասնագիտական զարգացման և գործունեության գրավչության բարձրացումն է: Հիմնական քաղաքականությունն ուղղված է զարգացման հնարավորությունների ընդլայնմանը և դրա փոխկապակցմանն արժանապատիվ վարձատրության հետ: Առաջինը կամավոր ատեստավորման համակարգի ներդրումն էր. 3800-ից ավելի մանկավարժներ անցել են կամավոր ատեստավորում և ստանում են բարձր աշխատավարձ: Մյուս ուղղությունը տարակարգի շնորհման մեխանիզմի վերանայումն էր, որը հնարավորություն է տալիս ուսուցչին, կախված մասնագիտական ունակություններից, հավակնել ավելի բարձր աշխատավարձի: Նման ուսուցիչների թիվը շուրջ 1600-ն է:

Ֆինանսավորման նոր մեխանիզմներ են ներդրվել մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների և բնագիտական ուսուցիչների համար, որոնք 2023 թվականի սեպտեմբերից ստանում են հավելավճար. ներկայում 16000-ից ավելի ուսուցիչներ ստանում են բարձրացված չափաքանակով աշխատավարձ:

Այս տարվանից կներդրվի կարիքների վրա հիմնված վերապատրաստման համակարգը, որը հնարավորություն է տալիս ուսուցիչներին՝ ընտրելու այն թեմատիկան և կարողությունները, որոնք ավելի առանցքային են մասնագիտական հմտությունների զարգացման տեսանկյունից:

«300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագիր

Բարեփոխումների հաջորդ ուղղությունը երեխայակենտրոն ապահով միջավայրի ստեղծումն է, որի առանցքը «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրն է: 2023 թվականին ունեցել ենք ավարտուն վերանորոգված և կառուցված 29 դպրոց և 167 մանկապարտեզ: Այս տարվանից նախատեսվում է դրանց թվի ընդլայնում՝ 264 դպրոց՝ ներառյալ 75 կրթահամալիր, որոնք ընդգրկելու են ինչպես դպրոցական, այնպես էլ նախադպրոցական կրթական ծառայություններ: Այդպիսով՝ կմեղմվի այն համայնքների խնդիրը, որտեղ նախադպրոցական ծառայություններ չկան: Միջավայրերի ստեղծումը նաև լաբորատորիաներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով հագեցումն է դպրոցներում: Անցած տարվա դրությամբ 283 դպրոցներ համալրվել են լաբորատորիաներով, և 2024թ. ևս 6 մարզում նախատեսվում է: Բոլոր նորակառույց դպրոցները և մանկապարտեզները կահավորվում են նոր գույքով:

«Դպրոցական սնունդ» ծրագիր

Կարևոր ծրագրերից մեկը, որն իրականացվում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային գրասենյակի աջակցությամբ, «Դպրոցական սնունդ» ծրագիրն է: Այսօրվա դրությամբ հանրապետության բոլոր դպրոցների, բացի Երևանից, 1-4-րդ դասարանների և նախակրթարանների երեխաները օգտվում են ծրագրից: 2025 թվականից նախատեսվում է, որ այն կգործի նաև Երևանում:

Դպրոցի տնօրենի նշանակման նոր համակարգ

Հաջորդ ուղղությունը կառավարման և ֆինանսավորման ոլորտի բարեփոխումներն են: Այստեղ առաջին կարևոր հանգամանքը դպրոցների կառավարման բովանդակային և վարչատնտեսական բաժինների տարանջատումն է: Տնօրենների համար սահմանվել է եռափուլ նշանակման համակարգ, իսկ այս տարվանից կներդրվի նաև տնօրենների ատեստավորման համակարգ: Նախատեսվում է վարչատնտեսական որոշ գործառույթներ արտապատվիրակել, որոնց թվում են հաշվապահությունը, գնումների գործընթացը և այլն:

Նախադպրոցական կրթության հասանելիություն և մատչելիություն

Նախադպրոցական կրթության համակարգում հիմնական խնդիրներից մեկը մատչելիության ապահովումն է. 200-ից ավելի համայնքներում նախադպրոցական կրթություն չի իրականացվում: 27 այլընտրանքային ծառայություններ են ներդրվել և 29 նախակրթարաններ են հիմնվել տարբեր համայնքներում:

Նախադպրոցական հաստատությունների կարողությունների զարգացման հիմնական ուղղություններն են՝ տնօրենների հավաստագրումը, մանկավարժների կանոնավոր վերապատրաստումները, վերանայված նախադպրոցական կրթության չափորոշչի փորձարկումը, որի ամբողջական ներդրումը նախատեսվում է 2026 թվականից:

2023 թվականից անցում է կատարվել նախադպրոցական կրթության համընդհանուր ներառականությանը, իսկ մանկավարժների համար ներդրվել է տարակարգի համակարգ:

Կրթություն-աշխատաշուկա արդյունավետ կապ մասնագիտական կրթության ոլորտում

Նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգում հիմնական խնդիրը կրթություն-աշխատաշուկա արդյունավետ կապի ապահովումն է: Այստեղ առանձնացվել են քաղաքականության մի քանի ուղղություններ: Դրանցից են՝ կրթական ծրագրերի և ուսումնական հաստատության համապատասխանեցումը տարածքային կարիքներին: Իրականացվել է ՄԿՈւ հաստատությունների և դրանց ծրագրերի քարտեզագրում, վերանայվել են մասնագիտական ցանկերը, դրանց տեղաբաշխման ռազմավարությունը: Նախատեսվում է ոլորտային հաստատությունների ցանցերի զարգացում. մինչև 2030 թվականը 12 կրթահամալիրների ռեսուրսային կենտրոններ կձևավորվեն: Բովանդակային առումով առաջնայինն աշխատանքի վրա հիմնված ուսուցման համակարգն է. շուրջ 10 տոկոս մասնագիտություններում այս ծրագիրն արդեն ներդրված է:

Նշված բոլոր ուղղությունների համար հիմնաքարային է լինելու «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքի ընդունումը, որի նախագիծն այժմ շրջանառվում է Ազգային ժողովում:

Առանձնացվել է նաև կրթաթոշակային նոր քաղաքականությունը, որը գերակա ճանաչված մասնագիտությունների ուսանողներին հնարավորություն է տալիս ստանալու մինչև 50.000 դրամ կրթաթոշակ: Գերակա մասնագիտություններ են սահմանվել արդյունաբերությունը, շինարարությունը և գյուղատնտեսության ոլորտի մասնագիտությունները:

«Ակադեմիական քաղաք» ծրագիր

Բարձրագույն կրթության ոլորտում հաստատվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը, մշակվել է ծրագրի գլխավոր հատակագիծը: Որպես կարևորագույն խնդիր՝ առանձնացված է գիտության և բարձրագույն կրթության միավորումը»,-նշված է ԿԳՄՍՆ հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

22:26 01.05.2025

Ամեն ինչ կենտրոնացնելով Երևանում դատարկում ենք գյուղերը․ զրույց Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանի հետ

Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա առիթով «Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Հայաստանի Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ Էլեն Մանասերյանին։ Անդրադարձ է եղել Հայաստանում գրանցված աշխատատեղերի և գործազրկության վերաբերյալ վիճակագրական տվյալներին, աշխատողների իրավունքների պաշտպանությանը, «Նվազագույն աշխատավարձը և սոցիալ-տնտեսական իրողությունները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքներին, աշխատաշուկայի անհավասար բաշխվածությանը, մասնավորապես այն փաստին, որ գրեթե ամբողջ տնտեսությունը, հիմնարկ-ձեռնարկությունները կենտրոնացած են Երևանում։ «Սա խնդիր […] ...

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերով

22:12 01.05.2025

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն ՌԴ մուտքի արգելքի հարցերով

ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում տրամադրվում է խորհրդատվություն հետևյալ թեմաներով՝ ՀՀ քաղաքացիների համար ՌԴ մուտքի արգելքի, դրա ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվություն, ՌԴ մուտքի արգելքի` ներառյալ վարչական և այլ խախտումների հետևանքով դրված արգելքների մասով հարցերի պարզաբանում, ՌԴ և ԵԱՏՄ անդամ երկրների միգրացիոն օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն։ Խորհրդատվությունը տրամադրվում է և՛ հեռախոսազանգով (098-33-40-53), և՛ գրասենյակում (Երևան, Թաիրով, 14 […] ...

SHANTNEWS

22:00 01.05.2025

SHANTNEWS

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

21:39 01.05.2025

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Զբաղվածության պետաջակցության ծրագիր` ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար: Պետությունը խրախուսում է գործատուներին աշխատանքային հարաբերությունների մեջ մտնել թիրախային խմբի ներկայացուցիչների հետ 3 բաղադրիչով՝ ուսուցում, պրակտիկա և աշխատանք: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

21:21 01.05.2025

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության Համընդհանուր պարբերական դիտարկման չորրորդ շրջանի զեկույցի քննարկումը

Մայիսի 1-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) աշխատանքային խմբի 49-րդ նստաշրջանի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 4-րդ շրջանի ազգային զեկույցի քննարկումը: Զեկույցն անդրադառնում է վերջին 4.5 տարիների ընթացքում Հայաստանում մարդու իրավունքերին առնչվող զարգացումներին, խնդիրներին և հեռանկարներին: Զեկույցի նախապատրաստման աշխատանքներն իրականացվել են ՀՀ ԱԳ նախարարության համակարգմամբ՝ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներգրավմամբ, տեղի են […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:11 01.05.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 70/2, 74 շենքեր, Ռիգայի փ. 12-14 առանձնատներ, Քոչարի փ. 41-139 առանձնատներ, Աճառյան փ. 37/7-39/8 առանձնատներ, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան՝ 10:00-16:00 Լուկաշինի 1, 2, 3 փողոցներ և հյուսիս-հարավ […] ...

BACK_TO_TOP