Կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առթիվ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

Կաթողիկոսի պատգամը Սուրբ Հարության տոնի առթիվ

12:23 01.04.2018

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն պատգամ է հղել Սուրբ Հարության տոնի առթիվ.

 Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն: «Ե՛ս եմ յարութիւն եւ կեանք. որ հաւատայ յԻս, թէպէտ եւ մեռանի՝ կեցցէ՛» (Հովհ.11. 25-26): Սիրելի բարեպաշտ հավատացյալներ, Քրիստոսի Սուրբ Հարության հրաշազարդ տոնին ուրախությունն ու խնդությունը մեր հոգիներում՝ ձայնակից ենք հրեշտակներին՝ փոխանցելով միմյանց «Քրիստոս յարեաւ» կենարար ավետիսը: Թափուր է Տիրոջ գերեզմանը, հայտնված է Նրա աստվածային զորությունը, և իրական է մահվան պարտությունն ու կյանքի հաղթանակը: Այսօր հարություն առած Քրիստոս Իր բոլոր հետևորդներին բերում է հավիտենական կյանքի բերկրալի խոստումը. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»: Քրիստոսի Հարության  ողջույնը փոխանցելով, մենք, սիրելիներ, հաստատում ենք մեր հավատքը, որը հիմնված է Հարության տիեզերանորոգ հրաշքի վրա: Հավատում ենք, որ Քրիստոսի Հարությամբ անմահության ու հավիտենական կյանքի արշալույսը ցրել է կորստաբեր մեղքի խավարը: Հավատում ենք, որ մահվան առաջ անզոր մարդկային կյանքը վերափոխվում է երկնային զորությամբ, ժամանակավորը վերածվում է հավիտենական գոյության: Հավատում ենք, որ Փրկչին ու Նրա անմահության շնորհին հաղորդակցումը նորոգում է կյանքը, խաչերը դարձնում ծաղկյալ, գողգոթաները՝ հաղթության բարձունքներ: Հավատում ենք, այո, որ մարդկային մեր տկար ուժերին ընդառաջ եկող Աստծո Սուրբ Հոգին լուսավորում է մեր հոգևոր տեսողությունը և զորացնում մեզ՝ ընթանալու մեղքից դեպի առաքինություն, ընթանալու դեպի մեր Տերը, որպեսզի Նրա հետ կյանք ունենանք և ժառանգակից լինենք երկնային արքայությանը: Հավատալ Քրիստոսի Հարությանը նշանակում է Սիմոն Կյուրենացու պես անտրտունջ Քրիստոսի խաչը կրել կյանքի հաղթանակի աներկբա վստահությամբ, Հովսեփ Արիմաթացու նման բարեգործություններ կատարել, յուղաբեր կանանց նման հավատքն ու հավատարմությունը պահպանել և Քրիստոսի Հարության ուրախությունը սփռել, առաքյալների պես աշխարհը Քրիստոսի Հարության լույսով լուսավորել: Այսպես միայն կարելի է արժանանալ Փրկչի խոստմանը՝ հավատքի զորությամբ մահվան իշխանությունը թոթափելու և հավիտյան ապրելու: Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, Քրիստոսի Հարության հրաշազարդ իրողությունը մարդու և աշխարհի փրկության միջոցն է, աստվածային անսահման սիրո ու հոգածության վկայությունը, նեղությունների ու դժվարությունների հաղթահարման զորությունը: Թովմասի նման երկմտող աշխարհին հարուցյալ Քրիստոս ցույց է տալիս Իր վերքերը, որպեսզի բուժվեն պատերազմների ու աղետների պատճառած վերքերն աշխարհի: Ցույց է տալիս Իր չարչարանքների հետքերը, որպեսզի դադարեն մարդկային հոգու տառապանքները, լռեն ատելության ձայները, մերժվեն կործանարար ուղիները, որպեսզի գալիքի հանդեպ վստահություն փնտրող մարդկությունը ընդունի Փրկչի Հարության զորությունը՝ առաքյալի պես բացականչելով՝ Տեր իմ և Աստված իմ (Հովհ. 20. 28): Աստվածատուր այդ զորությամբ ու շնորհով է հարատևել և մեր ժողովուրդը՝ պատմության մեջ դիմակայելով դառը հարվածների ու կերտելով իր ձեռքբերումները: Քրիստոսով, հարության ու փրկության հավատքով մենք վեր հառնեցինք մեր խաչելություններից, վերահաստատեցինք մեր պետականությունը, ձեռնամուխ եղանք նեղությունները թոթափելուն,  մեր իրավունքների պաշտպանությանը և առավել բարօր գալիքի կերտմանը: Մեր ժողովրդի առաջընթացը, մեր պետության հզորացումը և ի սփյուռս աշխարհի մեր կյանքի պայծառությունը պայմանավորված են յուրաքանչյուրիս մեջ Քրիստոսի ներկայությամբ, Նրա Հարության զորության ներգործությամբ և մեր արժանավորությամբ Փրկչի խոստմանը. «Ես իսկ եմ յարութիւն եւ կեանք. ով հաւատում է Ինձ, թէպէտ եւ մեռնի, կապրի»: Սիրելի հավատավոր զավակներ Մեր, շարունակենք ապրել ու գործել Քրիստոսի հետ: Մեր ընտանիքներում խնամենք ու վառ պահենք հավատքի լույսը, հասարակական ու ազգային մեր կյանքում հաստատուն պահենք միմյանց հանդեպ հոգածությունն ու զորակցությունը, սերն ու միասնությունը: Շարունակենք ապրել հավատքով, որպեսզի այսօր հնչող «Քրիստոս յարեաւ» ավետիսը զորացնի մեզ ապագայի հանդեպ լավատեսությամբ ու վստահությամբ, կամքով ու կորովով` հակառակ ամեն արգելքի ու նեղության, ջանք թափելու, ստեղծելու, հոգալու, որ իրագործենք առաջընթացի մեր նպատակները, հայրենաշեն մեր ծրագրերն ու ազգային իղձերը: Թող մեր սրտերը քաջալերվեն այսօր մեզ հայտնվող հարուցյալ Տիրոջով` սիրով և միասնությամբ ընթանալու ազատ նոր կյանքի մեր ուղին՝ միշտ հավատարիմ մնալով մեր Տիրոջ պատվիրաններին և հաստատուն պահելով մեր ընթացքը դեպի հավիտենություն: Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հարության բերկրալի ավետիսով ողջույն ենք բերում Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին: Աղոթում ենք հիվանդության մահճում գտնվող Ամենապատիվ Տ. Մեսրոպ Արքեպիսկոպոս Մութա‎‎ֆյան Պատրիարքի համար: Ի Քրիստոս սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և նրանց հավատավոր հոտին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Սրբազան Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ Տիար Սերժ Սարգսյանին`Առաջին տիկնոջ հետ, նորընտիր Նախագահ Տիար Արմեն Սարգսյանին, ողջույն ենք հղում Արցախի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր սերն ու օրհնությունն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և հավատավոր մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս: Աղոթում ենք առ մեր Տերը Հիսուս Քրիստոս, որ մեր հայրենիքում ու ողջ աշխարհում մշտապես սփռված մնան Իր Հարության կենարար պարգևները, խաղաղությունը հաստատվի աշխարհում, մարդկանց սրտերում, մեր երկրի սահմաններում: Հայցում ենք, որ Փրկչի Հարության շնորհներով զորացած՝ Մեր զավակների ամեն գործ զարթոնք ու լուսավորություն բերի ազգային մեր կյանքին, և աստվածաշնորհ պարգևները հովանի լինեն մեր ժողովրդին՝ այսօր և միշտ ցնծությամբ ավետելու. Քրիստոս յարեաւ ի մեռելոց, Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

19:48 16.06.2025

2021-24 թթ.-ին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8,1% տնտեսական աճ

Կառավարությունը նախատեսում է 5 տարում 4,5 տոկոսով կրճատել պետբյուջեի պակասուրդը: Այս մասին այսօր մամուլի ասուլիսին հայտնել է Ֆինանսների նախարարը: Վահե Հովհաննիսյանն անդրադարձել է նաև Հայաստանի տնտեսության վրա իրանա-իսրայելական հակամարտության հնարավոր ազդեցությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի․ ԱԱԱ

19:32 16.06.2025

A խմբում կրկին գոլազուրկ ոչ-ոքի․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության A խմբի առաջին տուրի երկրորդ խաղում գոլազուրկ ոչ-ոքի է գրանցվել «Պալմեյրասի» ու «Պորտուի» միջև։ Այս խմբի մյուս խաղում «Ալ Ահլին» (Եգիպտոս) և «Ինտեր Մայամին» (ԱՄն) ևս 0-0 հաշիվն էին գրանցել։ B խմբի առաջին տուրի երկրորդ խաղում «Բոտաֆոգոն» 2-1 հաշվով հաղթել է «Սիեթլ Սաունդերսին»։ ...

55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը

19:25 16.06.2025

55-ամյա տղամարդը կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրազենը

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 12-ին մայրաքաղաքի 55-ամյա բնակիչը կամավոր հանձնել է որսորդական ողորկափող հրազեն։ Նա հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ Ոստիկանությունից հորդորում են կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը՝ այդ կերպ ազատվելով քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան Արտաշատում

19:16 16.06.2025

Կրթվելը նորաձև է. ովքե՞ր և ի՞նչ բանախոսություններ ունեցան Արտաշատում

Տարբեր տարիքի, մասնագիտության, հայացքների և փորձառության մարդիկ «Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակներում այս անգամ Արտաշատում են հավաքվել: Սա շարժման արդեն 41-րդ հանդիպումն է, և, ինչպես վստահ են «Իմ քայլը» հիմնադրամում, մարդիկ հավաքվել են կրթության, ինքնազարգացման և գիտակից հասարակություն ձևավորելու գաղափարի շուրջ։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

19:08 16.06.2025

Շենգավիթի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել

Հունիսի 12-ի գիշերը Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Շենգավիթի պահպանության բաժնի գործընկերների հետ համատեղ ուժեղացված ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալել և, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բաժին են ներկայացրել Արարատի մարզի Այգավան գյուղի 29-ամյա մի բնակչի։ Ավտոմեքենայի սրահում եղել է «շոկո» տեսակի թմրամիջոցով փաթեթներ և «կրիստալ» տեսակի թմրամիջոց։ Տրանսպորտային միջոցը […] ...

Իրանը սպառնում է Իսրայելին բնակելի թաղամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումներով

18:55 16.06.2025

Իրանը սպառնում է Իսրայելին բնակելի թաղամասերի և ռազմական օբյեկտների վրա հարձակումներով

Իրանը կհարվածի Իսրայելի բնակելի թաղամասերին և ռազմական օբյեկտներին, եթե Թել Ավիվը շարունակի հարվածել իրանական բնակչությանը, հաղորդում է Tasnim պետական ​​գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Եթե Իսրայելը ևս մեկ քայլ ձեռնարկի իրանական բնակելի շենքերի վրա հարձակվելու հարցում, Իսրայելում անվտանգ վայր չի մնա։ Իրանն արդեն թիրախավորել է թաքնված և բացահայտ ռազմական ռազմավարական օբյեկտներ… մենք կոչնչացնենք այդ օբյեկտները […] ...

BACK_TO_TOP