Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը

19:50 22.11.2024

Իսպանիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 21-22-ը Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանում անցկացվել է օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների անդրանիկ համաժողովը:

Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանը, Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը, օտարերկրյա համալսարանների հայագիտական ամբիոնների և կենտրոնների ղեկավարներ: Համաժողովին ներկա են եղել նաև Մատենադարանի, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչներ: Համաժողովը վարել է Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը:

2022 թվականից Կոմպլյուտենս համալսարանում ՀՀ պետական ֆինանսավորմամբ գործում է Իսպանիայում առաջին հայագիտական ամբիոնը՝ Աշխարհագրության և պատմության ֆակուլտետի կառուցվածքում, որը ղեկավարում է պրոֆեսոր Ֆրանցիսկո Զորյանը:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ Արթուր Մարտիրոսյանը խորհրդանշական է համարել, որ առաջին անգամ կազմակերպվող հայագիտական համաժողովն անցկացվում է հենց Կոմպլյուտենս համալսարանում, որը բոլորովին վերջերս է համալրել պետական բյուջեի ֆինանսավորմամբ ստեղծված հայագիտական կենտրոնների ցանկը: Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել բուհի ղեկավարությանը և Իսպանիայում ՀՀ դեսպանատանը՝ համաժողովի անցկացման հնարավորության համար:

«Գաղտնիք չէ, որ կրթությունը, գիտությունը և մշակույթը եղել և մնում են այն հիմնասյուները, որոնց վրա կառուցվում է հայ ժողովրդի ապագան, և ակնհայտ է, որ պետությունն աստիճանաբար էլ ավելի մեծ ֆինանսական ռեսուրսներ է տրամադրում հայագիտության զարգացմանը: Արտերկրում գործող հայագիտական կենտրոնները մեծ դեր ունեն հայագիտության զարգացման մեջ, քանի որ դրանց գլխավոր առաքելությունն է ապահովել հայագիտության կայուն զարգացումը բոլոր ուղղություններով՝ համընթաց քայլելով համաշխարհային գիտության ձեռքբերումների և նոր մարտահրավերների հետ: Հայագիտական կենտրոնների ընդլայնման քաղաքականությունն իրականացվում է 2012 թվականից, և ըստ տվյալ տարվա պետբյուջեի հնարավորությունների՝ տարեկան 1 կամ 2 կենտրոնով այդ թիվն ավելանում է: Այս պահին նման կենտրոններ ունենք 13 երկրի 15 համալսարանում, ընդ որում՝ դրանց մեծ մասը եվրոպական տարածաշրջանում է: ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի պետական ծրագրով ամրագրված է, որ այդ թվականին արդեն կունենանք 23 հայագիտական կենտրոն, տարեկան 12 ֆինանսավորվող հետազոտական աշխատանքներ և 8 հայագիտական միջազգային գիտաժողովներ ու կրթամշակութային միջոցառումներ: Այդ ցանկի մեջ առաջին միջոցառումը հենց այս համաժողովն է, որի թեման է՝ «Հայագիտության զարգացման տեսլականը, մարտահրավերները և հեռանկարները»: Ինչո՞ւ է այդպես կոչվել, քանի որ մեզ համար կարևոր է ոչ միայն կենտրոնների քանակական, այլ նաև որակական աճը: Այդ կենտրոնները պետք է իրար հետ գործակցեն, համատեղ հետազոտություններ անեն և տեսանելի արդյունք ցուցաբերեն նաև ցանցային համագործակցության առումով՝ գրավիչ դարձնելով հայագիտությունը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը՝ այդ համատեքստում տեղեկացնելով, որ հաստատվել է Ցանցային հայագիտական համալսարանի զարգացման հայեցակարգը:

Նա նաև տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն մշակելու է հայագիտության զարգացման ռազմավարությունը, և վերջին տարիներին գիտության ոլորտին տրամադրվող պետական բյուջեի շոշափելի միջոցների թվում պետք է դիտարկել նաև հայագիտական կենտրոններին տրամադրվող գումարները: Փոխնախարարի խոսքով՝ բացի պետբյուջեի հատկացումներից՝ հայագիտության զարգացման գործում նոր հնարավորություններ կարող են ի հայտ գալ տարբեր ծրագրերի, օրինակ՝ Էրազմուս+, «Հորիզոն Եվրոպա», ֆրանկոֆոնիայի կամ միջհամալսարանական համագործակցության շրջանակում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հայագիտական ամբիոնների ղեկավարներին և ներկայացուցիչներին՝ իրենց ներդրած ջանքերի, եռանդի ու կատարած աշխատանքի համար:

Իսպանիայի Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սոս Ավետիսյանը ողջունել է նմանօրինակ ձևաչափով անցկացվող առաջին համաժողովի մասնակիցներին՝ հաջողություն և արդյունավետ աշխատանք մաղթելով նրանց:

Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաև Մադրիդի Կոմպլյուտենս համալսարանի Աշխարհագրության և պատմության ֆակուլտետի դեկանը՝ ընդգծելով համալսարանում հայագիտական ամբիոնի գործունեության կարևորությունը և պատրաստակամություն հայտնելով աջակցելու ամբիոնի հետագա զարգացմանը: Դեկանը նաև շնորհակալություն է հայտնել պրոֆեսոր Զորյանին ներդրած ջանքերի ու աշխատանքի համար:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մովսիսյանն իր ելույթում շեշտել է Կոմպլյուտենս համալսարանի հետ գործընկերության կարևորությունը՝ ընդգծելով, որ ակադեմիական քաղաքի իրականացման գործում դիտարկվում է նաև Մադրիդի համալսարանի հետ համագործակցությունը: Համաժողովի ընթացքում առցանց զեկույցով հանդես է եկել նաև Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանույշ Դվոյանը:

Համաժողովին ներկա Վենետիկի, Հռոմի, Զալցբուրգի, Լայպցիգի, Սինալոայի, Թրակիայի Դեմոկրիտի, Քենեդիի, Ռոսարիոյի, Հալլե-Վիթենբերգի Մ. Լյութերի անվան և մի շարք այլ օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների ղեկավարները ներկայացրել են սահիկաշարեր՝ նվիրված իրենց ամբիոնների, կենտրոնների գործունեությանը և իրականացված ծրագրերին:

Համաժողովի ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, զարգացման ուղիները և համագործակցության հեռանկարները ինչպես ՀՀ կառույցների, այնպես էլ օտարերկրյա համալսարաններում գործող հայագիտական կենտրոնների միջև:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

14:39 08.06.2025

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

14:17 08.06.2025

Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

14:01 08.06.2025

Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկան

Հունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

13:43 08.06.2025

Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

12:53 08.06.2025

Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական ​​խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

12:18 08.06.2025

Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ

Սիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...

BACK_TO_TOP