Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն. պաշտպանի դիրքորոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Ընտրությունները պետք է դառնան համախմբող ու ձեռքբերումներն արժևորող գործոն. պաշտպանի դիրքորոշումը

11:57 19.09.2018

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն է տարածել` ներկայացնելով իր դիրքորոշումը ընտրական գործընթացների վերաբերյալ:

«Ընտրական իրավունքի երաշխավորման հարցում Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության առանցքն է կազմում յուրաքանչյուր քաղաքացու ընտրական իրավունքի երաշխավորումը: Այս իրավունքի իրացման շնորհիվ են երկրում ձևավորվում ժողովրդավարական ինստիտուտներն ու երկրի կառավարման համակարգը: Որքան ազատ ու անխոչընդոտ է ընտրական իրավունքի իրացման հնարավորությունն, այնքան մեծ է քաղաքացու կամքի հրապարակային արտահայտման արդյունքում նոր ձևավորված մարմնի նկատմամբ վստահությունը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվում է Երևանում տեղի ունեցող ընտրական գործընթացի անկախ դիտարկում, որը հիմնված է անաչառ ու ապաքաղաքական աշխատանքի հիմնարար սկզբունքների վրա: Այդ դիտարկման շրջանակներում արձանագրվել են հարցեր, որոնք առաջ են բերում դրանց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումն արտահայտելու անհրաժեշտություն:

Մասնավորապես՝
1. Այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին երկրում տեղի ունեցած ժողովրդավարական զարգացումների ընթացքում Հայաստանի քաղաքացին հնարավորություն ունեցավ իր կամքի իրացման շնորհիվ ապահովել հիմնարար փոփոխություններ: Ընդ որում, հավաքների խաղաղ բնույթը պահպանելու հարցում անփոխարինելի եղավ շարժման առաջնորդ, այդ պահին Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դերը:

2. Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունեցած ժողովրդավարական այդ գործընթացների արդյունքներն ամրագրելու ու ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու իրական հնարավորություն են: Արձանագրված ձեռքբերումները պետք է պահպանել և ուղղել մեր երկրում ժողովրդավարության վերջնական կայացմանը: Այն այլընտրանք չունի:

3. Այդ իրադարձություններն ակնհայտորեն բարձրացրին քաղաքացիների վստահությունը հանրային իշխանության նկատմամբ: Դրանց արդյունքում արձանագրվեցին կարևոր դրական զարգացումներ՝ հստակեցվեցին ընտրակաշառքների կամ ընտրողների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու արատավոր դեպքերի դեմ պայքարի ուղղությունները, հռչակվեց քաղաքական գործընթացներին դպրոցների ու մանկապարտեզների ներգրավումը բացառելու հրամայական, այս պահի դրությամբ զգալիորեն նվազել են ընտրական գործընթացի հետ կապված Ոստիկանության գործողությունների դեմ բողոքները և այլն:

4. Դրա հետ միասին, մշտադիտարկումը հնարավորություն է տվել առանձնացնել Երևանի ավագանու ընտրական գործընթացի շրջանակներում ի հայտ եկած մի շարք խնդիրներ, որոնք վերացնելու ուղղությամբ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել: Հակառակ իրավիճակը վտանգավոր կլինի իրավունքների պաշտպանության ողջ համակարգի համար:

5. Արձանագրվում են անհանդուրժողականության, վիրավորանքի ու նույնիսկ սպառնալիքների ակնհայտ աճի միտումներ, որոնք առավել ցայտուն արտահայտված են սոցիալական ցանցերում։ Դա բացասական է ազդում համերաշխության մթնոլորտի վրա: Ընդ որում, զգալիորեն ավելացել են վիրավորանք պարունակող այնպիսի մեկնաբանություններ, որոնք արվում են առերևույթ կեղծ օգտատերերի կողմից: Այդ մեկնաբանություններն աչքի են ընկնում առավել ագրեսիվությամբ ու անհանդուրժողականությամբ:

6. Այս վիճակը դժվարացնում է նաև լրագրողների աշխատանքը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի արձանագրած՝ լրագրողների մտահոգությունների ուսումնասիրությունը վկայում է, որ սոցիալական մեդիայի այն տիրույթներում, որտեղ հրապարակվում են այլ կարծիք կամ դիրքորոշում պարունակող նյութեր, առկա են այդպիսի հրապարակումներին առնչվող՝ անհանդուրժողականության մասին վկայող ու վիրավորանք պարունակող մեկնաբանություններ՝ այդ թվում ուղղված լինելով լրագրողներին:

7. Արձանագրվել է ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրած առանձին անձանց կամ նրանց առանձին կողմնակիցների կողմից անհանդուրժողական վերաբերմունք իրար հանդեպ, որն արտահայտվում է նաև վիրավորական բնույթի մեկնաբանություններով, անձի արժանապատվությունը ոտնահարող նյութեր տարածելով: Դա արվում է նաև առերևույթ կեղծ կամ անանուն աղբյուրներից տարածվող տեղեկությունների միջոցով: Օրինակ՝ մտահոգիչ է Ազգային ժողովի պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանին ուղղված վիրավորական խոսքն ու նույնիսկ սպառնալիքները: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է Ն. Զոհրաբյանի մտահոգությունները, այդ թվում՝ կապված պետական որոշ կառույցների աշխատակիցների կողմից սոցիալական ցանցերում իրեն ուղղված վիրավորանք պարունակող մեկնաբանություններ անելու հետ: Այս պնդումները պետք է անմիջապես դառնան առանձին ստուգման առարկա՝ երաշխավորելու համար, որ ընտրական գործընթացն իրականացվում է ՀՀ Սահմանադրության ու օրենքների խստիվ պահպանմամբ:

Ուստի, կարևոր են ընտրական գործընթացի բոլոր այն մասնակիցների ու հանրային գործիչների կոչերը, որոնք ուղղված են համերաշխության մթնոլորտի ապահովմանը, անհանդուրժողական վերաբերմունքի բացառմանը:

8. Պետք է ի սպառ վերացնել հասարակությունը խմբերի բաժանելու միտումները: Առավել վտանգավոր է, երբ դա արվում է հանրային գործիչների կողմից: Այս երևույթը խնդրահարույց է երկրում մարդու իրավունքների պաշտպանության ողջ համակարգի տեսանկյունից:

9. Ընտրական գործընթացը պետք է ընթանա բացառապես հանդուրժողականության ու համերաշխության մթնոլորտում: Երևանի ավագանու ընտրություններն առաջին միջանկյալ հնարավորությունն են անցում կատարելու ժողովրդավարական զարգացման որակապես նոր փուլի: Այս ընտրությունները պետք է դառնան հասարակությանը համախմբող, մեզ առավել միասնական դարձնող ու արձանագրած ձեռքբերումներն արժևորող երևույթ:

Հանդուրժողականությունն ու փոխադարձ հարգանքն ընտրական իրավունքների արդյունավետ իրացման և երկրի իրավապաշտպան համակարգի ամրության երաշխիք է՝ կոչված լինելով ապահովել համերաշխություն սերունդների միջև»,- նշված է հայտարարության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետ

18:44 02.05.2025

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետ

Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...

Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ

18:35 02.05.2025

Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներ

Մայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն

18:27 02.05.2025

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն

«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...

Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»

18:19 02.05.2025

Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...

Նոր նշանակում` Մայր Աթոռում

18:09 02.05.2025

Նոր նշանակում` Մայր Աթոռում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...

SHANTNEWS

18:00 02.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP