Կառավարությունը երկար ու հակասական քննարկումներից հետո էլեկտրամոբիլներին վերաբերող որոշում կայացրեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

Կառավարությունը երկար ու հակասական քննարկումներից հետո էլեկտրամոբիլներին վերաբերող որոշում կայացրեց

15:22 17.01.2019

ՀՀ կառավարությունն այսօր քննարկել է «ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» հարցը:

«Առաջարկվում է ՀՀ Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ից ազատված գործարքների ու գործառնությունների ցանկում ընդգրկել նաև բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող տրանսպորտային միջոցների ներմուծումը՝ մինչև 2022 թվականի հունվարի 1-ը: Արտոնությունը, փաստացի, կգործի 2.5 տարի»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

Ըստ Ղափլանյանի՝ նախագծի ընդունումը կնպաստի էլեկտրական շարժիչով մեքենաների ձեռքբերմանն ու կիրառմանը, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանը, իսկ էլեկտրական շարժիչով մոտոցիկլետների, ներառյալ՝ մոպեդների, կիրառման ավելացումը կնպաստի նաև խցանումների նվազմանն ու երթևեկության անվտանգության մեծացմանը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը նաև որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացել, ըստ որի՝ 2017 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ ներկրվել է 28 մեքենա, իսկ 2018 թվականին՝ 33 մեքենա:

«Համեմատության համար նշենք, որ Վրաստանում, կիրառելով ակցիզային հարկից ազատման մեխանիզմը, 2017 թվականին էլեկտրամոբիլների թիվը մոտ 300 ավելի էր՝ նախորդ տարվա համեմատությամբ, 2016 թվականին 34 մեքենա է ներկրվել, 2017 թվականին՝ 328»,- հավելել է Ղափլանյանը:

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալն ասել է, որ այն երկրներում, որտեղ խրախուսվում է էլեկտրամոբիլների կիրառությունը, հարկային արտոնություններից զատ նաև սուբսիդիա է տրամադրվում, ազատում են գույքահարկից: Այդ արտոնությունը կիրառող երկրներից առաջատարներն են Նորվեգիան և Իսլանդիան:

«Երեկ նաև կարծիք-առաջարկ ենք ստացել, որ «ներմուծում» բառին ավելացվի նաև «իրացում» բառը»,- ասել է Ղափլանյանը:

ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը խոսել է այն մտահոգություններից, որոնք ունի Ֆինանսների նախարարությունը.

«Առաջարկում եմ քննարկման առարկա դարձնել դրանք, որովհետև տրանսպորտային միջոցի ավելացումը այս կամ այն տեսակի, միայն նպատակ դարձնել և դրա համար կիրառել հարկային արտոնություն, մեր կարծիքով առնվազն լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, որովհետև էդ տրանսպորտային միջոցի քանակի ավելացումն ինքնանպատակ է դառնում: Նախ՝ դեռ միանշանակ չէ, որ սպառողի վարքագծի վրա ամենամեծ ազդեցություն ունեցող գործոնն ենք մենք հիմա փորձում կառավարել, այսինքն՝ եթե չլիներ ԱԱՀ ենթադրությունը, որ մենք կունենայինք 33 մեքենայից փոխարեն 333 մեքենա, ընդամենը ենթադրություն է, որովհետև այսօր, եթե առաջնորդվում ենք նրանով, որ շահագործման ժամանակ ծախսերն ընթացիկ էապես ավելի ցածր են, ապա, եթե ռացիոնալ սպառողի մասին է խոսքը, ապա այսօր էլ, չնայած ԱԱՀ-ի առկայությանը, մենք կարող էինք ունենալ ավելի շատ տրանսպորտային միջոցներ, որոնք էլեկտրական շարժիչներով են շահագործվում մի կողմից և մյուս կողմից՝ ամենևին միանշանակ չի այն, որ նույն շրջական միջավայրի տեսակետից մենք լուրջ ձեռքբերում ենք ունենում երկու պատճառով՝ մենք, այնուամենայնիվ, էներգակիրների համար զգալի մասով օգտագործում ենք ներմուծվող և ոչ էկոլոգիապես այդքան մաքուր միջոցներ այդ էլեկտրաէներգիայի արտադրության համար, և մյուս կողմից էլ այդ շարժիչները, որոնք աշխատում են էլեկտրական մարտկոցներով, որոշ ժամանակ անց այդ մարտկոցները ուտիլիզացնելու խնդիր է առաջանում, որի գնահատականներն ուղղակի բացակայում են, այսինքն՝ մենք ավելի շատ տպավորություն ենք ստացել, որ առաջնորդվում են ավելի շատ ժամանակակից թրենդով, քան թե ունենք հստակ հաշվարկ, թե ինչ ենք ակնկալում այս ամենի արդյունքում»,- ասել է ՀՀ ֆինանսների նախարարը:

Ատոմ Ջանջուղազյանը խնդրել է հարկային արտոնությանը վերաբերվել խնամքով: Գնահատված ծախսը 2019 թվականի համար մոտավորապես 444 մլրդ դրամ է:

«Դա նշանակում է՝ մենք այդքան հարկային արտոնությունների արդյունքում չենք ստանալու պետական բյուջեի եկամուտներ, բայց դրա դիմաց ինչ ենք ստանալու մենք, ավաղ, չունենք գնահատական»,- հավելել է Ջանջուղազյանը՝ նաև նշելով, որ վերագնահատելու առաջարկ են անում:

Ինչ վերաբերում է ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատարի պնդմանը.

«Այս հարցով ես կուզենայի տեխնոլոգիական տեսանկյունից մեկնաբանել խնդրի կարևորությունը՝ համաձայն լինելով ֆինանսների նախարարի այն գնահատականի հետ, որ մենք բազմաթիվ ոլորտներ ունենք, որտեղ արտոնություններ ունենք, այնուամենայնիվ, կուզենայի նշել, որ էլեկտրական մեքենաները և դրանց շուրջ ստեղծված էկոհամակարգը հիմնականում տեխնոլոգիական էկոհամակարգ է: Նախորդ 10 տարիներին ինդուստրիան առաջ տանող թրենդը սմարթֆոններն են եղել, համաձայն միջազգային կողմից տրված գնահատականների՝ ապագա 10 տարիների առաջանցիկ թրենդը լինելու է մեքենաշինությունը: Կարծում եմ, որ ԲՆ նախաձեռնությունը շատ լավ նախաձեռնություն է, և Վրաստանի օրինակն էլ, որ արտոնությունից հետո մեքենաների թիվը տասնապատկվել է, կարծում եմ, որ բավականին լավ փաստարկ է», – ասել է Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ իրենք դեմ են արտահայտվել արտոնությունն ավելի երկար ժամկետով տալ, քանի որ համարում են, որ եթե խոսքը ինդուստրիա զարգացնելուն է վերաբերում, ապա արտոնությունը չպետք է լինի այնքան երկար, որ խոչընդոտ դառնա:

Կարծում են, որ 2.5 տարին մեծ թիվ չէ արտոնություն տալու  և էկոհամակարգը զարգացնելու համար:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ իրենք ևս կողմ են արտահայտվել արտոնության սահմանմանը:

«Փաստարկները հետևյալն են՝ գործնականում մեր մոտ էլեկտրամեքենաները բացակայում են, բացակայում են ոչ միայն այն պատճառով, որ իրենք նոր են, թանկ են, այլ այն պատճառով, որ դրանց սպասարկման ենթակառուցվածքները գոյություն չունեն: Այն անձիք, ովքեր կորոշեն մշակույթ փոխել և բնապահպանական տեսակետից ավելի քիչ վնաս պատճառող մեքենաներ ներկրել Հայաստան և շահագործել, առաջիկա տարիների ընթացքում կրելու են ավելացված ծախսեր: Այն պատճառով, որ եթե այդ մեքենաները շահագործելու համար, եթե ինչ-որ բան նորոգելու լինեն, պիտի գնան Վրաստան, որտեղ այդ ենթակառուցվածքներն ձևավորվում են՝ առնվազն: Մենք կարծում ենք, որ կառավարությունն այդ ժամանակահատվածում նաև ֆինանսապես պետք է աջակցի այդ առաջամարտիկներին, մենք նույնպես կողմ ենք եղել, որ այդ արտոնության ժամկետը կրճատվի, քանի որ մինչև 2030 թվականն էր սահմանված, և հասկացվի, որ մենք խթանում ենք հենց այն անձանց, ովքեր առաջիններ են լինելու: Ովքեր ստեղծելու են մշակույթ և ովքեր կրելու են այդ ավելացված ծախսերը, ենթակառուցվածքների չլինելու պատճառով, մենք իրենց հետ կիսելու ենք իրենց ծախսերը: Կարծում ենք, որ 2022 թվականի հունվարի 1-ը խելամիտ ժամկետ է»,- ասել է Խաչատրյանը:

Հարցի վերաբերյալ տեսակետ է հայտնել նաև ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը.

«Ֆինանսների նախարարության տեսակետը հասկանալի է շատ կարևոր ենթատեքստում, որ 2019 թվականը Հարկային օրենսգրքի բարեփոխումների շրջանակում մենք հայտարարել ենք ուղղակի հարկման բեռի նվազման և անուղղակի հարկման բեռի ավելացման կամ սպառման հարկման ավելացման եղանակով ուղղակի հարկման բեռի նեգատիվ  ազդեցության չեզոքացման միջոցառումներ, ինչը ենթադրում է, որ բավականին ռիսկային տարի է 2019 թվականը բյուջետային ծրագրային ցուցանիշներն ապահովելու տեսանկյունից: Մի կողմից ունենալու ենք եկամտային հարկի դրույքաչափի նվազում, ունենալու ենք նաև շահութահարկի բեռի նվազեցում, մյուս կողմից՝ մենք փորձում ենք անուղղակի հարկման համակարգերով կամ հարկման բեռի ավելացմամբ չեզոքացնել այդ բացասական ազդեցությունը»:

Դավիթ Անանյանն առաջարկել է հետաձգել այս հարցի քննարկումը  առնվազն մեկ տարով:

«Մեքենաների ներմուծման դրույքաչափերի, մաքսատուրքերի առումով մեր բացառությունները ԵԱՏՄ կարգավորումների շրջանակներում սպառվում են 2020 թվականի հունվարի 1-ին: Օրինակ՝ էլեկտրամոբիլների դրույքաչափը սահմանված է 15 տոկոս: Մեր ներպետական դրույքաչափը գործելու է մինչև 2020 թվականը՝ 10 տոկոս: Այստեղ կա 5 տոկոսի տարբերություն: Մյուս կողմից, օրինակ՝ Ղազախստանի օրենսդրությամբ ոչ բիզնես նպատակով  ներմուծվող առաջին էլեկտրամոբիլները ազատվում են ԱԱՀ-ից, այնուհետև վճարվում է 18 տոկոս ԱԱՀ:  Ըստ էության՝ կարող է ստացվել այնպես, որ նպաստում են Ղազախստանի բնապահպանական խնդիրներին», – ասել է Անանյանը, ինչին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատակով արձագանքել է, որ գլոբալ բնապահպանական խնդիրներին էլ է պետք նպաստել:

ՀՀ վարչապետը հետաքրքրվել է ՊԵԿ նախագահից, թե ինչ կշահի ՀՀ-ն, եթե էլեկտրամոբիլ ներկրվի և տարվի երրորդ երկիր.

«Ես առաջարկում եմ բովանդակային առումով այս լավ նախաձեռնությունը հետաձգել մեկ տարի, երբ բոլոր բացառությունները կվերանան, և մենք կունենանք մաքսատուրքի միասնական դրույքաչափ»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ նաև պարզաբանելով, որ էլեկտրամոբիլի համար վճարվող 10 տոկոս մաքսատուրքը  ոչ թե ՀՀ բյուջե է գնալու, այլ ԵԱՏՄ բյուջե, որտեղ Հայաստանը մասնաբաժին ունի:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ նկատել է, որ հարցը երկար է քննարկվել նաև կոմիտեի նիստում:  ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը նկատել է, որ ինքը, փաստորեն, շարունակում է մնալ բացարձակ փոքրամասնություն ներկայացնող:

Իրինա Ղափլանյանն ընդունել է, որ կա մարտկոցների ուտիլիզացման հարց, բայց նաև ասել է, որ այդ ուղղությամբ ևս ծրագիր է մշակվում: Ըստ դրա՝ ցանկացած ներմուծվող ապրանքի գնի մեջ պետք է ներառվի նաև դրա ուտիլիզացումը: Բացի դրանից՝ Հայաստանը CO2-ի նվազեցման պարտավորություններ է ստանձնել:

ՀՀ վարչապետն էլ հավելել է, որ թրենդին հետևելն ամենևին վատ բան չէ, բոլորովին հակառակը: Փաշինյանն այն կարծիքին է, որ այդ մեքենաների ներկրման արդյունքում ոչինչ չենք կորցնում: Եթե մարդիկ սիրեն և մեծ քանակներով ներկրեն էլեկտրամոիլներ, մենք կունենանք եկամուտների նոր աղբյուր:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանն ասել է, որ լիցքավորման կայաններ ունենալու համար իրենք ևս աշխատում են. բանակցություններն ընթացքի մեջ են՝ դրամաշնորհ ստանալու համար:

«Որ ուտիլիզացիայի վրա շատ կենտրոնանաք, պիտի գնանք ձիերով երթևեկելուն: Որովհետև ամենահեշտ ուտիլիզացիան իրանց պարագայում է արվում: Դուք եք ասում, որ թրենդ է դա, աշխարհը գնում է այդ ճանապարհով և ակնհայտ է, որ 20-30 տարի հետո տրանսպորտային միջոցների կեսից ավելին լինելու են էլեկտրամոբիլները:

Մենք ուզում ենք դա խթանել և նույնիսկ թակարդ ենք լարում ներկրողների նկատմամբ, ասում ենք՝ երկու տարի հարկային արտոնություն կա, ներկրեք, որովհետև հետո 20 տոկոս ԱԱՀ հարկելու ենք: Ցանկացած փուլում կառավարությունը կարող է հետ կանչել էդ նախագիծը, եկեք անենք այդ հաշվարկները, բայց չեմ կարծում, որ ասելու ենք՝ վայ, էս ինչ վատ օրենք ենք ընդունել: Մինչև գլխի ընկնեն մարդիկ, երկու տարին կանցնի»,- ասել է վարչապետը՝ ծիծաղելով, որ հարցը դնում է քվեարկության՝ իմանալու, թե ով է դեմ:

Պարզվել է՝  այլ դեմ չկա, ուստի որոշումն ընդունվել է:

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է

17:30 16.06.2025

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա պատանին հայտնաբերվել է

Հունիսի 13-ին՝ ժամը 16:43-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել էր, որ ժամը 14․00-ի սահմաններում 13-ամյա տղան դուրս է եկել Վանաձորի ավտոկայանից, և նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի։ Տարոնի և Բազումի բաժինների համայնքային ոստիկանների, Լոռու մարզի գումարտակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ժամը 17:20-ին, Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի վերջնամասում 13-ամյա պատանին հայտնաբերվել ու ներկայացվել է Տարոնի […] ...

Վարքագծի կանոնները՝ ուժեղ քամու դեպքում

17:21 16.06.2025

Վարքագծի կանոնները՝ ուժեղ քամու դեպքում

ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է ուժեղ քամու դեպքում խստորեն պահպանել անվտանգության կանոնները: Ուժեղ քամու դեպքում խորհուրդ է տրվում՝ ▫️Խուսափե՛լ բաց տարածություններից, հատկապես՝ այն վայրերից, որտեղ կան բարձր ծառեր ▫️Եղե՛ք զգոն շինությունների մոտ՝ չամրացված կամ թույլ ամրացված կառուցատարրերը կարող են ընկնել Եթե գտնվում եք անկայուն շինության մեջ՝ Արագ տեղափոխվե՛ք դեպի ավելի ամուր կառույց՝ հնարավորինս մնալով ներսում […] ...

1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

17:14 16.06.2025

1 արծաթ, 3 բրոնզ և 4-րդ տեղը թիմային պայքարում․ ազատ ոճի ըմբշամարտի Մ17 ԵԱ

Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտված ազատ ոճի ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից Արեն Փիրուզյանը (45 կգ) և Ռազմիկ Ոսկանյանը (60 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ։ Փիրուզյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 12-2 հաշվով հաղթել է ադրբեջանցի Օմեր Ուսուբովին։ Ոսկանյանը 6-4 հաշվով հաղթանակի է հասել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ։ Հայաստանը ներկայացնող ազատոճայիններից […] ...

Կապանցի տղամարդը հետախուզվում էր պատժից խուսափելու համար․ խափանման միջոցը՝ կալանք

17:07 16.06.2025

Կապանցի տղամարդը հետախուզվում էր պատժից խուսափելու համար․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 12-ին Կապանի Մուշեղ Հարությունյան փողոցում հայտնաբերվել է 36-ամյա տղամարդ, որը հունիսի 10-ից հետախուզվում էր բնակարանային գողության մեղադրանքով պատժից խուսափելու համար, խափանման միջոցը` կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...

ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ավարտի համար վերջնաժամկետ չկա

17:00 16.06.2025

ՌԴ-ում Իսրայելի դեսպանը հայտարարել է, որ Իրանի դեմ գործողությունների ավարտի համար վերջնաժամկետ չկա

Իսրայելը չի ​​սահմանում Իրանի դեմ գործողության ժամկետ, ինչպես նաև չի սահմանափակում դրա իրականացման տարածքը, լրագրողներին ասել է Ռուսաստանում Իսրայելի դեսպան Սիմոնա Գալպերինը։ «Իսրայելը իր համար որևէ սահմանափակում կամ ժամկետ չի սահմանում։ Մենք կաշխատենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է», – ասել է դեսպանը։ Նա հավելել է, որ Իսրայելը հարվածում է բոլոր օբյեկտներին և այն անձանց, որոնք […] ...

Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը

16:53 16.06.2025

Տեղի է ունեցել Ազգային ժողովի խորհրդի նիստը

Ազգային ժողովի խորհրդի նիստը տեղի է ունեցել հունիսի 16-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 17-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է […] ...

BACK_TO_TOP