ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է զինծառայողներ Մհեր Հովսեփյանին, Արամ Ճաղարյանին և սերժանտ Հայկ Քարամյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

ՀՀ նախագահը հետմահու պարգևատրել է զինծառայողներ Մհեր Հովսեփյանին, Արամ Ճաղարյանին և սերժանտ Հայկ Քարամյանին

16:41 28.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ Բանակի օրվա առթիվ հանրապետության նախագահի հրամանագրերով՝ ծառայության ընթացքում ցուցաբերած խի­զա­խու­թյան և նվիրման համար մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով:

Զինված ուժերի շարքային զինծառայողներ Մհեր Հովսեփյանը, Արամ Ճաղարյանը և սերժանտ Հայկ Քարամյանը հետմահու արժանացել են Մարտական ծառայության մեդալի:

Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Արմեն Սարգսյանը հանձնել է պետական բարձր պարգևներ և հանդես եկել ելույթով:

«Հայաստանի Հանրապետության մեծարգո՛ վարչապետ,

Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ,

Սիրելի՛ զինվորներ և սպաներ,

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հպարտության խորին զգացումով այսօր միասին նշում ենք Բանակի օրը, որի առթիվ շնորհավորում եմ բոլորիս:

Այն, ինչ այսօր զգում ենք այս մեծ տոնի առթիվ, առաջին հերթին հպարտությունն է, հպարտություն մեր անվտանգությունը և խաղաղությունը պաշտպանող բանակի հանդեպ:

Մեր բանակի ծնունդը պարզ չի եղել, բանակի ծնունդը կարելի է նմանեցնել Վահագնի ծննդին:

Հայկական բանակը նույնպես ծնվեց երկունքի միջոցով, բարդ ու ծանր ժամանակներում, ծնվեց կրակից, անհրաժեշտաբար: Եվ ինչպես Վահագնը, նա նույնպես պայքարեց հանուն ազատության, հայրենիքի և հաղթանակի:

Մեր բանակը նվիրյալ կամավորի ու պրոֆեսիոնալ զինվորականի, շարքայինի ու հրամանատարի, պետական ու քաղաքական գործչի, մտավորականի ու աշխատավորի, հայաստանցու, արցախցու և սփյուռքահայի համատեղ ջանքի, ոգու և կամքի արդյունք է: Կարճ ժամանակում նա դարձավ ամենակազմակերպվածն ու մարտունակը տարածաշրջանում, և մենք ունեցանք բազում մեծ հաղթանակներ և լեգենդար հերոսներ:

Թույլ տվեք իմ խորին երախտագիտությունը հայտնել բոլոր նրանց Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, որոնց շնորհիվ ստեղծվեց, կայացավ ու հզորացավ մեր բանակը:

Խոնարհվում եմ այն մարդկանց հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքին, երկրին, մեր ժողովրդին ու բանակին:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Նոր ժամանակների բանակը, որպես կյանքի ինքնատիպ դպրոց ու համալսարան, պետք է նաև դաստիարակի ժամանակի քաղաքացուն, մեր տղաներին ու աղջիկներին, կյանքի ուղեգիր տա նրանց:

Անկախ ծառայության տեսակից, անկախ տարիքից, զինծառայողը բանակում հմտություն ու փորձ է ձեռք բերում, դառնում ավելի կազմակերպված ու կարգապահ մարդ: Նա բանակի միջոցով նաև առաջին շփումն է ունենում իր սեփական պետության հետ: Շատ կարևոր է, որ այդ շփումը լինի ոգևորող, հույս ու հավատ ներշնչող:

Բանակն իսկապես հասարակության հայելին է: Եվ եթե հասարակության, պետության մեջ քայլեր են ձեռնարկվում բացասական երևույթների վերացման, բացառման համար, ապա, իհարկե, այն իր արտացոլումը պետք է գտնի նախ և առաջ բանակում: Բանակը պետք է լինի անբիծ, անբասիր: Իսկ բանակում ծառայելը՝ ոչ միայն պարտականություն, այլև` մեծ պատիվ:

Շնորհակալությունս եմ ուզում հայտնել կառավարությանը և պաշտպանության նախարարությանը՝ այս ուղղությամբ ձեռնարկված բոլոր քայլերի համար:

Հարգելի՛ բարեկամներ,

Բանակը ոչ միայն երկրի անվտանգության ու խաղաղության երաշխավորն է, այլև երկրի տնտեսության անբաժանելի մասը: Ընդ որում, նա ոչ միայն սպառող, այլև ստեղծող, իր հետևից տանող կառույց է: Բանակն արդյունաբերության ու գիտության համար թե՛ պատվիրատու է, թե՛ նրանց առաջընթացի մասնակից:

Ռազմարդյունաբերության ու գիտահետազոտական ոլորտի համար բանակն առաջադրում է խնդիրներ` ակնկալելով ժամանակակից ու նորարարական, նաև, հաճախ անսպասելի որոշումներ, որոնք պարտադիր չէ, որ լինեն արտատպումը կամ կրկնօրինակումն օտար լուծումների: Մենք ի վիճակի ենք խնդիրներին տալ մեր սեփական լուծումները: Ռազմաարդյունաբերական շատ խնդիրների լուծումներ ժամանակի ընթացքում կիրառվում են քաղաքացիական կյանքում: Հետևաբար, բանակը խնդիր ունի մասնակցել ոչ միայն պաշտպանությանը, այլև երկրի տնտեսության զարգացմանը՝ սերտորեն համագործակցելով և՛ գիտական մարմինների, և՛ գործարար շրջանակների, և՛ բոլոր այն քաղաքացիների հետ, ովքեր ցանկություն ունեն իրենց ներդրումը բերել:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Բանակի ու զինվորի հանդեպ առանձնահատուկ վերաբերմունքը մեր նկարագրի անբաժանելի մասն է: Բոլոր ժամանակներում այդ վերաբերմունքը դրսևորվել է առանձնահատուկ բարյացակամությամբ, սրտացավությամբ, հոգատարությամբ և սիրով:

Ինձ համար այսօր կրկնակի հաճելի է այս գեղեցիկ օրը՝ Հայրենիքի պաշտպանի օրը ձեզ հետ խոսել մի նախաձեռնության մասին. Հանրապետության նախագահի ինստիտուտը, նախագահական կառույցը, համատեղ աշխատելով կառավարության, պաշտպանության նախարարության, նաև առողջապահության նախարարության հետ, առաջարկում է ծրագիր, որը կոչվում է «Հայրենիքի պաշտպան»: Ծրագիրն ուղղված է օժանդակելու այն անձանց, ովքեր վտանգել են իրենց կյանքը ծառայության ընթացքում և դրա պատճառով հաշմանդամություն են ձեռք բերել: Այդպիսի անձանց, հայրենասեր զավակների թիվը, ցավոք սրտի, քիչ չէ: Եվ իհարկե, այդ անձինք լիիրավ իրավունք ունեն ոչ միայն հարգվելու, սիրվելու, այլև՝ շարունակելու մասնակից դառնալ մեր հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքին: Հետևաբար, «Հայրենիքի պաշտպան» նախաձեռնությունը նպատակ ունի օժանդակել զինվորական ծառայության ընթացքում հաշմանդամության կարգ ստացած զինծառայողներին, գտնել նրանց համար աշխատանք: Այսինքն՝ նախաձեռնությունը պետք է կապող օղակ լինի բանակում ծառայած, հաշմանդամություն ստացած անհատների, բանակի և, մյուս կողմից, պետական, հասարակական, բարեգործական կառույցների, բիզնեսի հետ:

Որպես օրինակ, մենք բարոյական պարտականություն ենք ստանձնել առաջիկայում Հանրապետության նախագահի աշխատակազմում աշխատանքի ընդունել մեր պանծալի զինվորներից երկու-երեք հոգու, ովքեր հաշմանդամություն ունեն: Նրանք գուցե և ֆիզիկական դժվարություններ ունեն այսօր, բայց նրանցից յուրաքանչյուրը պայծառ անձնավորություն է և համապատասխան օգնության, կրթական ծրագրի միջոցով նրանք կարող են վերադառնալ լիարժեք կյանք, ոչ միայն թոշակ ստանալ, այլև իրենց ձեռքով լուծել իրենց առջև ծառացած խնդիրները՝ սկսած նյութականից մինչև անձնական կյանք:

Եվ այդ ծրագրից մեր առաջին ծիծեռնակը, բազեն, ում ընդունել ենք աշխատանքի, Գոռ Դարմանյանն է, որը պատերազմի մասնակից է, հերոս, հաշմանդամ, ով այսօր աշխատում է Հանրապետության նախագահի աշխատակազմում:

Հույս ունեմ, որ այս օրինակն ու կոչը կոգևորի մեր բոլոր հայրենակիցներին՝ անկախ նրանից որտեղ են աշխատում՝ պետական ծառայության մեջ, թե մասնավոր, որպեսզի նրանք լիարժեք ներգրավվեն հասարակության մեջ:

Հարգելի՛ բարեկամներ,

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Բանակի օրվա առթիվ և մաղթում առողջություն, խաղաղություն և նոր հաղթանակներ:

Թող ձեր բոլորի ու մեր ողջ ժողովրդի յուրաքանչյուր առավոտ բացվի խաղաղությամբ:

Թող մեր Հայրենիքի համար յուրաքանչյուր օրը լինի ստեղծարար աշխատանքի օր:

Շնորհակալ եմ:

Շնորհավորում եմ»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP