11:57 04.06.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայանների» ղեկավարության գագաթնաժողովին: Միջոցառմանը մասնակցում են Հայաստանի, Արգենտինայի, Բրազիլիայի, Էկվադորի, Իտալիայի, Պերուի և Ուրուգվայի օդանավակայանների 120 ղեկավար անձինք և աշխատակիցներ՝ Օդանավակայանների միջազգային խորհրդի ղեկավար մարմնի նախագահ, «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերության գործադիր տնօրեն Մարտին Էռնեկյանի գլխավորությամբ:
Ողջունելով նման ներկայացուցչական հավաքի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ մեր երկրում բարձր են գնահատում Էռնեկյան ընտանիքի գործունեությունը:
«Կարող ենք միանշանակ ասել, որ առնվազն երկու ոլորտում Էռնեկյան ընտանիքի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունն ունեցել է և ունի շրջադարձային նշանակություն: Արդեն ասվեց, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կառավարումը ստանձնել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունը և միանշանակ է ու աներկբա, որ այս ընկերության գալով՝ օդային ուղևորափոխադրումների ոլորտում Հայաստանի Հանրապետությունում հիմնվել է նոր մշակույթ: Անկեղծ ասած, բոլորս հպարտ ենք մեր օդանավակայանով, որովհետև տեսնում ենք, որ այն համապատասխանում է միջազգային լավագույն չափանիշներին և համոզված ենք, որ առաջիկայում այն մեզ հպարտանալու նորանոր առիթներ կտա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, երկրորդ ոլորտը, որտեղ Էռնեկյան ընտանիքի գործունեությունը շրջադարձային նշանակություն է ունեցել, գինեգործությունն է: Կառավարության ղեկավարը հավելել է, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում գինեգործությունը բուռն զարգացում է ապրում, և այդ բնագավառում Էռնեկյան ընտանիքի ներդրումն անգնահատելի է:
«Հայաստանի Հանրապետությունում ոլորտին մեծ էներգիա հաղորդեց «Կարաս» ընկերության հիմնադրումը և «Կարաս» գինու թողարկումը ու, ըստ էության, Հայաստանում գինեգործության վերածննդի առիթ հանդիսացավ: Մենք այս գործունեության համար շնորհակալ ենք «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը և Էռնեկյան ընտանիքին: Ամենևին պատահական չէ, որ Էդուարդո Էռնեկյանը Հայաստանի Հանրապետության ազգային հերոս է: Այդ բարձր կոչումն արտահայտում է այն ներդրումը, որ նա ունեցել է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում և համոզված ենք, որ կշարունակի ունենալ:
Ուրախ եմ, որ այսօր Հայաստանի կառավարության և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջև հաստատվել է աշխատանքային շատ լավ մթնոլորտ և այդ գործում չափազանց էական է պարոն Մարտին Էռնեկյանի դերը, ով հենց առաջին րոպեներից ամեն ինչ արեց, որպեսզի կառավարության և ընկերության միջև ձևավորվի փոխադարձ վստահություն և ապագայի վերաբերյալ միասնական տեսլական: Համոզված եմ, որ այն ծրագրերը, որոնց մասին խոսվում է, անպայման իրականություն կդառնան»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծել է, որ օդային փոխադրումները Հայաստանի Հանրապետության համար ունեն ռազմավարական նշանակություն, քանի որ ցավոք մեր երկիրն իր անկախության առաջին օրերից կիսաշրջափակված իրավիճակում է, և այս պայմաններում օդային տրանսպորտը չափազանց կարևոր նշանակություն ունի:
«Ասացի, որ այս ոլորտում արդեն իսկ կան գոհացուցիչ արդյունքներ, և մենք նայում ենք ապագային, ձևավորում ենք ապագայի օրակարգը, որում կուզենայի ընդգծել մի քանի կարևոր առանձնահատկություն: Շատ կարևոր է, որ մենք ի վերջո հնարավորինս արագ ամբողջ ծավալով գործարկենք Գյումրիի օդանավակայանը, ինչն իր հերթին կնպաստի մեկ այլ կարևոր խնդրի լուծմանը՝ ավիատոմսերի գների նվազմանը, ինչը շատ կարևոր է Հայաստանում ռազմավարական նշանակություն ունեցող մեկ այլ ոլորտի՝ տուրիզմի զարգացման համար: Այս հարցերում մենք, իհարկե, ակտիվորեն համագործակցելու ենք մեր գործընկերների հետ:
Հաջորդ խնդիրը, որ ես կուզենայի ընդգծել այս ներկայացուցչական հավաքում՝ հետևյալն է. ցավոք Հայաստանի Հանրապետությունում տեղական ավիափոխադրողների գործունեությունը և ծավալներն այնպիսին չեն, ինչպիսին մենք կցանկանայինք, ինչպիսին վայել է անկախ, ինքնիշխան երկրին: Սա պետք է լինի մեր համագործակցության հաջորդ ուղղությունը, որպեսզի կառավարությունը և «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը, «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությունն իրար հետ համագործակցված կարողանան ստեղծել այնպիսի պայմաններ, որ հնարավոր լինի հայկական ավիափոխադրողի կամ ավիափոխադրողների ի հայտ գալն ու նրանց մրցունակությունն ապահովելը: Ըստ էության` սրանք են այն հիմնական, առանցքային, ռազմավարական ուղղությունները, որոնց մասին մենք պարոն Էռնեկյանի հետ արդեն մի քանի անգամ քննարկումներ ունեցել ենք, բայց դա չի նշանակում, թե Էռնեկյան ընտանիքի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գործունեությունը սահմանափակվում է միայն նշվածով»,- նշել է վարչապետը:
Գործադիրի ղեկավարը կարևորել է Հայաստանի Հանրապետությունում կատարված և կատարվելիք ներդրումները:
«Մենք այժմ խոսում ենք «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման մասին, որովհետև շատ լավ նորություն է, որ օդանավակայանն ըստ էության հասնում է իր թողունակության առավելագույն ծավալին: Սա չափազանց լավ նորություն է: Ուզում եմ ընդգծել, որ ֆինանսական ներդրումները չափազանց կարևոր են Հայաստանի Հանրապետության, մեր երկրի տնտեսության համար, բայց ես առանձնապես շատ ավելի կարևոր եմ համարում բիզնեսի, տնտեսվարման այն նոր մշակույթը, որ ընկերությունն իր հետ բերել է Հայաստանի Հանրապետություն և դեռ կշարունակի բերել: Սա, իհարկե, շատ ավելի կարևոր է, որովհետև փոխում է երկրի մթնոլորտը, իմիջը և շատ կարևոր է, որ ոչ միայն քաղաքական հարթության վրա փոխվի մեր երկրի իմիջը, պատկերը, այլև տնտեսական հարթության: Ուրախ եմ արձանագրել, որ այս առումով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունը միմյանց հետ շարժվում են համաքայլ և բոլորիս ցանկությունն ու համոզմունքն է, որ այս գործընթացը կշարունակվի, և մենք իրար հետ կաշխատենք մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության իմիջի, պատկերի, բովանդակության փոփոխության, նոր մշակույթի, նոր զարգացման վրա, որն ի վերջո պիտի պսակվի տնտեսական հեղափոխության հաղթանակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
Միջոցառման ընթացքում օդանավակայանների ներկայացուցիչները կկիսվեն ավիացիոն ոլորտի իրենց լավագույն փորձով, նվաճումներով, կքննարկեն ոլորտի առջև կանգնած մարտահրավերները, կներկայացնեն վերջիններիս լուծման մոտեցումները, կխոսեն ապագա զարգացումների, նոր տեխնոլոգիաների և նորարարությունների, ինչպես նաև ոլորտային այլ հարցերի շուրջ:
* * *
2014 թվականին Արգենտինայում մեկնարկած նման ձևաչափով հանդիպումները կրում են շարունակական բնույթ և միտված են աշխատանքներում առավել բարձր արդյունքի ապահովմանը: Վերջին անգամ հանդիպումը տեղի էր ունեցել 2016 թվականին Բրազիլիայում: Այս տարի Հայաստանն է հանդես գալիս որպես հյուրընկալող երկիր:
«Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունն աշխարհի մեծագույն ընկերություններից է մասնավոր օդանավակայանների կառավարման առումով և աշխարհում տասներորդն է՝ ուղևորների սպասարկման առումով:
2017 թվականի դրությամբ ընկերության օդանավակայանները սպասարկել են 77 միլիոն ուղևորի, որոնց մոտ 32.8 տոկոսը եղել են միջազգային փոխադրման ուղևորներ, մոտ 55.3 տոկոսը՝ ներքին չվերթերի, 11.9 տոկոսը՝ տարանցիկ չվերթերի ուղևորներ:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...