22:56 11.06.2018
ՀՀ սահմանադրական դատարանը հայտարարություն է տարածել դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի թեկնածուի ընտրության ընթացակարգի վերաբերյալ: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրին ՀՀ սահմանադրական դատարանից՝ հավելելով. «Ինչպես հայտնի է, մայիսի 18-ին Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը, հանրության համար բացարձակ գաղտնիության և զրոյական թափանցիկության պայմաններում, իրականացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն: Առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը և վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Քվեարկության արդյունքում մեկ ձայնի առավելությամբ ընտրվում է Ելիզավետա Դանիելյանը՝ ստանալով 88 ձայն:
Դատավորների ընդհանուր ժողովը Ազգային ժողովին՝ որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրել Ելիզավետա Դանիելյանը:
Մայիսի 24-ին է Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվեց համապատասխան հայտարարություն առ այն, որ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը և Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 12-ին գումարվող Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին նիստում:
Հիշյալ գործընթացում Դատավորների ընդհանուր ժողովն անտեսել է Սահմանադրական դատարանի 2017թ. հունիսի 20-ի թիվ ՍԴՈ 1374 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մասնավորապես՝ ժողովրդավարական և իրավական պետության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության համատեքստում, պետության և հասարակության կյանքում հասարակական կազմակերպություններին վերապահված հանրային վերահսկողության դերը: Անտեսվել են հանրության վստահությունը երաշխավորող ընթացակարգերը՝ վնասելով թե՛ դատավորների ընդհանուր ժողովի, թե՛ Սահմանադրական դատարանի և թե՛ առաջադրվող դատավորի հեղինակությանը (տես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի հայտարարությունը, որով մտահոգություն էր արտահայտվել հիշյալ գործընթացի վերաբերյալ):
Միայն վերը շարադրվածը, ինչպես նաև այդ կապակցությամբ Ելիզավետա Դանիելյանի անտարբերությունը բավարար է այն համոզմունքի համար, որ վերջինիս չի կարելի վստահել Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնը, որին հավակնողը, ըստ էության, պետք է լինի հանրության խղճի կրողը:
Բացի վերոգրյալից, անհրաժեշտ և էական ենք համարում անդրադառնալ նաև այն հանգամանքին, թե տիկին Ելիզավետա Դանիելյանն իր մասնագիտական և անձնական հատկանիշներով որքանով է համապատասխանում Բարձր դատարանի դատավորի պաշտոնին:
Այսպիսով, տիկին Ելիզավետա Դանիելյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր է նշանակվել ՀՀ նախագահի 2009 թվականի հունվարի 15-ի հրամանագրով և պաշտոնավարում է մինչ օրս: Մինչ այդ նա զբաղեցրել է ՀՀ Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնը:
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի պաշտոնում իր մասնագիտական և անձնական հատկանիշները դրսևորել է հենց պալատի կազմում՝ Վճռաբեկ դատարանի գործունեության, ինչպես նաև, դատական ակտերի շրջանակներում իր դիրքորոշումն արտահայտելու կամ չարտահայտելու միջոցով:
2009 թվականից առայսօր, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը որոշումներ է կայացրել դատարան բերված բազմաթիվ վճռաբեկ բողոքների կապակցությամբ, ՄԻԵԴ-ի վճիռների արդյունքում արձանագրված իրավունքի խախտման գործերի վարույթների վերաբացման վերաբերյալ, դրսևորել է Սահմանադրության և օրենքների սահմանադրաիրավական բովանդակության նկատմամբ անհաղորդ դիրքորոշումներ, որոնք ի հայտ են գալիս Սահմանադրական դատարանի որոշումների և Սահմանադրական դատարանի տարեկան հաղորդումների ուսումնասիրությունից: Սահմանադրական դատարանի որոշումների կատարման բազմաթիվ ձախողումների հիմնական պատճառը հանդիսացել է հենց Վճռաբեկ դատարանը:
Հիշյալ դրսևորումների լիիրավ մասնակից է եղել վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր, այժմ՝Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի թեկնածու տիկին Ելիզավետա Դանիելյանը:
Նկատի ունենալով, սակայն, որ վճռաբեկ դատարանի հիշյալ գործունեության վերլուծությունը չափազանց ընդգրկուն և ծավալուն պրոցես է, անդրադառնանք ամենացայտուն և հանրային առավել մեծ հնչեղություն ստացած այն գործերին և դրանց կապակցությամբ կայացված որոշումներին, որոնց մասնակցել կամ չի մասնակցել դատավոր Ելիզավետա Դանիելյանը:
Այսպիսով, 2009 թվականից Վճռաբեկ դատարանը եղել է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության այն ատյանը, դատական կարգով վերանայել է․
ա) «Մարտի 1-ի» գործերը[1], բ) Վահե Ավետյանի՝ «Հարսնաքարի գործ» անվանումը ստացած գործը, գ) Հայկ Կյուրեղյանի նկատմամբ իրականացված խոշտանգումների գործը և նրա վերաբերյալ կայացված մեղադրական դատավճռի վերաբերյալ բողոքը, դ) Շանթ Հարությունյանի և ընկերների գործը, ե) Գևորգ Սաֆարյանի «տոնածառի» գործը, ը) Վարդգես Գասպարիի նկատմամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում իրականացված խոշտանգումների վերաբերյալ գործը[2] և ըստ էության, այդ գործով բողոքը, որով օրենքի սահմանադրաիրավական բովանդակության սխալ ընկալման և կիրառման արդյունքում այն համարվել է ժամկետի բացթողմամբ ներկայացված[3], թ) Արթուր Սարգսյանի՝ «Հաց բերող» խափանման միջոցի գործերը, որոնք Վճռաբեկ դատարան են հասել այն ժամանակ, երբ վերջինիս նկատմամբ ընտրված կալանքը՝ որպես խափանման միջոց, արդեն փոփոխված է եղել դատախազության կողմից, սակայն վճռաբեկ դատարանը նույնիսկ վարույթ չի ընդունել բերված բողոքները:
Վերը նշված գործերը հանրային ուշադրության տակ եղած գործերի ոչ սպառիչ ցանկն է, որոնցով Վճռաբեկ դատարանի անգործությունը վկայում է բազմաթիվ այն գործերի, որոնք չեն եղել մեծ ուշադրության ներքո, էլ ավելի անմխիթար ճակատագրի մասին:
Բացի վերոգրյալից, լրջագույն հարց է նաև ինչպես ազգային այնպես էլ միջազգային մակարդակում բարձրացված՝դատարանների կողմից կալանքների միջնորդությունների գրեթե տոտալ բավարարման և այդ կապակցությամբ Վճռաբեկ դատարանի անգործության հարցը, որը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի յուրաքանչյուր դատավորի անկախության բացակայության ամենաուղղակի ցուցիչն է:
Գործելով Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կազմում՝ դատավոր Ելիզավետա Դանիելյանը, բացի գործերի քննությանը մասնակցելուց կամ որոշումներ ստորագրելուց, այլ գործունեությամբ աչքի չի ընկել, մասնավորապես՝ նա երբևէ հանդես չի եկել հատուկ կարծիքով , չի մատնանշել այս կամ այն գործի քննության ընթացքում տեղ գտած մարդու իրավունքների խախտման դեպքերը: Սա վկայում է մեծամասնության դիրքորոշումից տարբերվող դիրքորոշման բացակայության կամ այդ դիրքորոշումը հրապարակելու համարձակության բացակայության մասին:
Վերոնշյալ երկու հանգամանքներից որևէ մեկի առկայության դեպքում անգամ, ակնհայտ է դառնում, որ այս թեկնածուն անկարող է ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի բարձր պաշտոնը, եթե չասենք, որ այդ պաշտոնը նրան վստահելը վտանգավոր է:
Այս ամենից բացի, Վճռաբեկ դատարանի կազմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածության ընտրության հարցի շրջանակներում չափազանց կարևոր է անդրադառնալ Մարդու իրավունքների պաշտպանի 2013 թվականի զեկույցին, որն այդպես էլ հավուր պատշաճի քննարկման առարկա չդարձավ: Զեկույցը վեր է հանել դատական համակարգի՝ մասնավորապես, Վճռաբեկ դատարանի կոռումպացվածության վերաբերյալ ծայրահեղ մտահոգիչ հանգամանքներ և տվել վկայություններ:
Հիշյալ հանգամանքների լույսի ներքո, ոչ միայն լրջագույն վտանգ է այդ հրապարակումներով բարձրացված խնդիրներով արատավորված դատավորների կազմից Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրությունը, այլ առհասարակ նրանց՝ դատավորի պաշտոնում, պաշտոնավարելու հեռանկարը:
Սույնով հիշեցնում ենք, որ տիկին Ելիզավետա Դանիելյանը 2015թ․ մասնակցել է նաև ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների մրցույթին, որի ընթացքում իր մասնագիտական և անձնական հատկանիշների գնահատման արդյունքներով չի ընդգրկվել Եվրոպայի խորհրդարանական վեհաժողով ներկայացվող երեք թեկնածուների ցուցակ: Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության համար շատ ավելի բարձր դատական մարմին է, որը պետք է համալրեն լավագույն և ամենաարժանի թեկնածուները:
Անհրաժեշտ ենք համարում ուշադրություն հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի՝ հունիսի 5-ի Բարձրագույն դատական խորհրդին ներկայացրած հրաժարականի դիմումից հետո, Բարձրագույն դատական խորհուրդն 2018թ. հունիսի 7-ի նիստում, արձանագրելով Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում դատավորի թափուր տեղի առկայությունը և հաշվի առնելով ներկայացված իրավակարգավորումները, կազմակերպել է գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով, Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղի համար առաջադրված 15 թեկնածուներից միայն չորս են ստացել 2-ական ձայն, մնացած 11 թեկնածուները, որոնց թվում է եղել նաև Ելիզավետա Դանիելյանը, որն ստացել է 0 ձայն:
Քվեարկության արդյունքով, ըստ այդմ, Ելիզավետա Դանիելյանը Բարձրագույն դատական խորհրդի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնի համար համարվել է անհամապատասխան թեկնածու՝ ստանալով 0 ձայն։ Սակայն, ինչն ավելի կարևոր է, Ելիզավետա Դանիելյանը, առաջադրված լինելով որպես Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու, չի հրաժարվել իր հնարավորությունները Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մրցույթում փորձելուց, ինչն ակնհայտ է դարձնում նրա՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնին անհամատեղելի անձնական հատկանիշները, քանի որ պարզ է, որ ընտրվելով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում, վերջինս պետք է հրաժարվեր կա՛մ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից կա՛մ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնից: Առաջին հայացքից անմեղ թվացող գործընթացը վկայում է Սահմանադրական և Վճռաբեկ դատարանի նկատմամբ Ելիզավետա Դանիելյանի բավական անլուրջ և միայն սեփական, մասնավոր նպատակահարմարության տեսանկյունից ցուցաբերած մոտեցման մասին:
Ելնելով վերը նշվածից՝ «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ակնկալում է, որ այս փուլում, Ազգային ժողովը հաշվի կառնի վերը նշված մտահոգությունները և իր քվեարկությամբ կստեղծի Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար արդարության, հավասարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ մրցույթային ընթացակարգով նոր թեկնածուի ընտրության և առաջադրելու պայմաններ»:
10:00 02.05.2025
Reuters. ՄԱԿ-ը լուրջ բարեփոխումներ է նախապատրաստում ֆինանսավորման կրճատման պատճառովՄիավորված ազգերի կազմակերպությունը դիտարկում է արմատական վերակազմավորման, հիմնական ստորաբաժանումների միավորման և ռեսուրսների վերաբաշխման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի աշխատանքային խմբի կողմից պատրաստված վեց էջանոց գաղտնի հուշագիրը։ Փաստաթղթով առաջարկվում է տասնյակ գերատեսչություններ համախմբել չորս հիմնական ոլորտներում՝ խաղաղություն և անվտանգություն, հումանիտար հարցեր, կայուն զարգացում և մարդու իրավունքներ: Հատուկ միջոցառումները ներառում […] ...
09:55 02.05.2025
Երկրաշարժ Գավառ քաղաքից 12 կմ հարավՄայիսի 2-ին` տեղական ժամանակով ժամը 09:12-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05։12-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.24⁰ և արևելյան երկայնության 45․10⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գավառ քաղաքից 12 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ 2․0 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է […] ...
09:48 02.05.2025
Ռուբիո. ԱՄՆ-ը և Չինաստանը շուտով կարող են առևտրային բանակցություններ վարելԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հնարավոր է համարել շուտով Չինաստանի հետ առևտրային բանակցություններ վարելը։ «Նրանք ցանկանում են հանդիպել: Նրանք ցանկանում են խոսել: Մենք ունենք մարդիկ, ովքեր դա անում են: Ակնհայտ է, որ մեր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը ներգրավված է այդ ջանքերում, և այդ բանակցությունները շուտով տեղի կունենան»,- ասել է Ռուբիոն Fox News-ին տված հարցազրույցում: Միևնույն ժամանակ, […] ...
09:40 02.05.2025
Նեթանյահուն հայտարարել է Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը համատեղ հայտարարություն են տարածել՝ հայտարարելով Դամասկոսի նախագահական պալատի մոտ գտնվող թիրախի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնում է Times of Israel թերթը։ «Սա հստակ ազդանշան է սիրիական ռեժիմին, մենք թույլ չենք տա զորքեր ուղարկել Դամասկոսից հարավ կամ որևէ սպառնալիք դրուզների համայնքի համար», – մեջբերում է հրատարակությունը […] ...
09:30 02.05.2025
Ֆրանսիայի ԱԳՆ. Եվրոպան ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստումԵվրոպական երկրները ծրագրում են հակառուսական պատժամիջոցների ևս մեկ փաթեթ ներմուծել, եթե երկիրը հրաժարվի Ուկրաինայում կրակը դադարեցնելուց և հույս ունենա ստանալ ԱՄՆ աջակցությունն այս հարցում։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն Agence France Presse-ին տված հարցազրույցում։ «Մենք՝ եվրոպացիներս, պատրաստվում ենք աջակցել ամերիկյան այս նախաձեռնությանը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթով, և չորեքշաբթի ես ասել […] ...
09:25 02.05.2025
Պետքարտուղարություն. ՌԴ-ի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև անձնական շփումն անհրաժեշտ էՈւկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում անհրաժեշտ է անձնական շփում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների միջև։ Այս մասին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմմի Բրյուսը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի շփումների վերաբերյալ քննադատություններին։ «ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի դիրքորոշումն այս հարցում շատ մոտ է նախագահ Թրամփի […] ...