Երկրի պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով. Մարդու իրավունքների պաշտպան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+26.09 oC

Երկրի պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով. Մարդու իրավունքների պաշտպան

15:12 31.12.2020

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրել է․
«Սկզբունքային առումով անթույլատրելի է այն մոտեցումը, որով Հայաստանի պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կապվում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի հետ: Մարդու իրավունքների տեսանկյունից այս պնդումն ունի հետևյալ հիմքերը.
1. Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին կարգավորումներն ու պետական սահմանի որոշման հարցերը միանգամայն տարբեր երևույթներ են:
Դրանք չի կարելի նույնացնել ու առավել ևս երկրի պետական սահմանը չի կարող որոշվել վարչատարածքային բաժանման կանոններով կամ անգամ հիմք ընդունել այդ կանոնները:
2. Այս մոտեցումն այլ հարցերի թվում մինչ այս պահը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել  մեր երկրի սահմանային բնակիչներին, լրջորեն վտանգել է ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդկանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, տնտեսական գործունեությամբ զբավելու և կենսական կարևորության այլ իրավունքներ կամ արդեն իսկ կոպտորեն խախտել է նրանց իրավունքները: Այդ մոտեցումը վտանգել է նաև ՀՀ պետական սահմանների անվտանգությունը:
3. Վերջապես, պետական սահմանի որոշման հարցերում որևէ մոտեցում կամ սկզբունք ընտրելիս պետք է պատասխանել առնվազն երկու ստուգող հարցի ՝ 1) արդյոք կիրառվող մոտեցումը վտանգում է Հայաստանի պետական սահմանների անձեռնմխելիությունն ու երկրի անվտանգությունը, 2) արդյոք կիրառվող մոտեցումը վտանգում կամ խախտում է մեր երկրում ապրող մարդկանց ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքներն ու արդյոք բխում է իրավունքի գերակայության պահանջից:
4. Նախ, ակնհայտ է, որ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքի կարգավորումները վերաբերում են վարչատարածքային միավորների ներքին սահմանագծմանը և չեն կարող իրավական հիմք ծառայել այլ պետությունների հետ սահմանների որոշման գործընթացների համար:
Այսինքն՝ այս օրենքը պարզապես վերաբերում է Հայաստանի մարզերի կամ համայնքների  վարչական սահմանների որոշմանը:
5.  Հետևաբար, վարչատարածքային բաժանումը իրավական նշանակություն կարող է ունենալ, երբ անհրաժեշտ է սահմանազատել, օրինակ, համայնքային մարմինների կամ մարզերում տարածքային կառավարման մարմինների իրավասությունները իրենց վերաբերող հարցերում:
6. Երկրի ներսում վարչատարածքային միավորների սահմանների որոշումը կամ կոնկրետացումը կարևոր է այն դեպքերի համար, երբ, ասենք, կատարվել է հանցանք ու անհրաժեշտ է որոշել, թե, օրինակ, քննչական մարմնի որ մարզային ստորաբաժանումը պետք է գործը քննի կամ որ դատարանի դատական տարածքին է գործը վերաբերում:
7.  «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը չի կարող մեկնաբանվել ու առավել ևս վկայակոչվել` որպես իրավական հիմք այլ պետության հետ մեր երկրի սահմանների տեղորոշման ու փոփոխության համար:
 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը վկայակոչելը հիմնավորելու համար ճիշտ չէ օգտագործել փաստարկ այն մասին, թե այն կիրառելի է օտար պետության հետ ՀՀ սահմանների որոշման գործընթացում, քանի որ մեր երկրի վարչատարածքային միավորների արտաքին սահմանները նկարագրելիս օգտագործված են «Ադրբեջանի Հանրապետություն» բառերը կամ խոսք է գնում այդ երկրի հետ սահմանների մասին: ՀՀ սահմանների որոշման գործընթացում սա առավելագույնը կարող է լինել օժանդակող, երկրորդական նշանակության գործոն:
Ադրբեջանի դեպքում առավել ևս մեր երկրի պետական սահմանների որոշման իրավական հիմքերի թվում այդ օրենքը հիմք ընդունելը ու այն էլ հրապարակային վկայակոչելը լուրջ վտանգներ է պարունակում, անգամ եթե օրենքն ունի թերություններ, որոնք այդպես էլ ժամանակի ընթացքում չեն շտկվել: Դա չի բխում թե՛ մեր երկրի անվտանգության ու սահմանների անխախտելիության, թե՛ մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության հրամայականից:
8. Ըստ այդմ, Հայաստանի պետական սահմանի տեղորոշման ու փոփոխության, սահմանակից պետությունների, սահմանամերձ շրջանների ու միջազգային հաղորդակցության ուղիների հետ կապված հարցերն արդեն բոլորովին այլ նշանակություն ունեն և դրանց հիմնական սկզբունքները կարգավորվում են «Պետական սահմանի մասին» օրենքով:
Այս օրենքը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցնում է նշված հարցերը լուծելիս, ի թիվս այլնի, ղեկավարվել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության ու անվտանգության ղեկավար սկզբունքներով: «Պետական սահմանի մասին» օրենքը նաև ամրագրում է, որ պետական սահմանի պահպանությունը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ապահովման համակարգի անբաժանելի մասն է, որը երաշխավորում է պետական սահմանի անձեռնմխելիությունը:
9. Պետական սահմանների որոշման հետ կապված՝ պետության գործողությունների հիմքում պետք է լինի նաև մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի ու իրավունքի գերակայության երաշխավորման հիմնարար սկբունքը:
Այս մասին են վկայում միջազգային չափանիշներն ու փորձը:
10. Առհասարակ, սահմանների որոշման գործընթացը պետք է նախապատրաստվի ու իրականացվի հատուկ աշխատանքային խմբի կամ հանձնաժողովի կողմից, դրանք պետք է աշխատանքներ տանեն տեղերում, պետք է հատուկ այդ նպատակի համար լինեն պատշաճ իրավական հիմքեր, ներգրավվեն հատուկ մասնագետներ և այլն: Ընդ որում, այն սահմանակից երկու պետությունների մասնակցությամբ երկկողմ գործընթաց, որը պետք է լինի կանխատեսելի ու հստակ:
11. Միջազգային պահանջների համաձայն՝ երկրի պետական սահմանները որոշելու ժամանակ առաջնահերթ ուշադրություն պետք է դարձվի սահմանային բնակիչների իրավունքներին, նրանց անշարժ գույքին կամ այլ սեփականությանը, սահմանային բնակավայրերի կադաստրային տեղեկատվությանը վերաբերող հարցերին և այլն: Անհրաժեշտ է նախապես պարզել այն մասնավոր սեփականատերերին, որոնք սահմանների որոշման գործընթացի պատճառով զրկվելու են իրենց սեփականությունից (բնակարան, հողատարածք, ձեռնարկատիրական մասնավոր օբյեկտ և այլն): Պետք է նկատի ունենալ, որ նրանք ունեն հատուցում ստանալու արդարացի իրավունք:
12. Միջազգային պրակտիկայի համաձայն՝ սահմանների որոշման գործընթացում պետության առաջնահերթ խնդիրներից է լուծել սահմանային բնակիչների համար արտովայրերի ու անտառների, ջրային պաշարների անվտանգ օգտագործման երաշխավորման հարցերը:
 Այլ կերպ՝ գլխավոր չափանիշներից է այն, թե արդյոք սահմանների որոշման գործընթացի արդյունքում երաշխավորվում են սահմանային բնակչության կյանքի բնականոն պայմաններ, արդյոք լուծվում են բնակչության համար կենսական նշանակության օբյեկտների օգտագործման կամ հասանելիության հարցերը:
13. 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմից հետո Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուսումնասիրությունները Հայաստանի սահմանային բնակավայրերում (Սյունիքի դեպքում՝ Տեղ, Խնածախ, Որոտան, Խոզնավար, Արավուս, Ներքին Խնձորեսկ, Կապան և այլ համայնքներ, Գեղարքունիքի դեպքում՝ Գեղամասար, Սոթք, Կութ, Նորաբակ, Տրետուկ և այլ համայնքներ), համայնքային մարմինների ու բնակիչների հետ քննարկումները հաստատում են, որ լուրջ խնդիրներ կամ վտանգներ են առաջ եկել մարդկանց իրավունքների, կենսական ապրուստը հոգալու տեսանկյունից:
Օրինակ՝ մի դեպքում մարդիկ զրկվել են գյուղատնտեսական նշանակության մասնավոր ու համայնքային հողատարածքների, արոտավայրերի օգտագործման հնարավորությունից, մեկ այլ դեպքում՝ վտանգվել է նրանց կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության իրավունքները, երրորդ դեպքում՝ բոլոր խնդիրները առկա են միաժամանակ:
Ընդ որում, խնդիրները բնույթով այնպիսին են, որ առաջացնելու են մեր ողջ ժողովրդի համար ակնհայտ երկարաժամկետ բացասական հետևանքներ:
14. Ադրբեջանի դեպքում այդ երկրի հետ Հայաստանի սահմանների որոշման հարցերը պետք է պարտադիր դիտարկել  սահմանային բնակիչների ու նաև, առհասարակ, Հայաստանի ողջ ժողովրդի ֆիզիկական անվտանգության ու գոյության, կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու կենսական կարևորության մյուս իրավունքների երաշխավորման համատեքստում:
Հարցն այն է, որ Ադրբեջանում ոչ միայն չի դադարել կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի պետական քաղաքականությունը, այլ նաև ավելի զարգացել ու նոր դրսևորումներ է ստացել՝ Հայաստանի տարածքին ու ողջ բնակչությանն ուղղված բացահայտ սպառնալիքներով:
Ավելին, այդ երկրի նախագահի ելույթների ու հռետորաբանության ուսումնասիրությունը վկայում է ցեղասպանության սպառնալիքների մասին:
Այս պնդումները հաստատվում են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններով ու մեր հայրենակիցների իրավունքների կոպիտ խախտումների մասին ապացույցներով, դրանց վերաբերյալ կազմված զեկույցներով:
15. Հետևաբար, սահմանների որոշմանը վերաբերող բոլոր հարցերը պետք է մանրամասն հետազոտվեն, գնահատվեն մասնագետների կողմից, ենթարկվեն իրավական վերլուծության, ամրագրվեն անհրաժեշտ իրավական հիմքերով:
Այդ ամենից հետո էլ արդեն կատարված աշխատանքի արդյունքները պետությունը պետք է օգտագործի քաղաքական կամ այլ տեսակի բանակցություններում՝ անհրաժեշտ լուծումների հասնելու նպատակով:
16. Ուստի, սահմանային նշված հետազոտությունների ու բանակցությունների առանցքում մեր պետության անվտանգության ու պետական սահմանների անձեռնմխելիության երաշխավորման հարցերից բացի, պետք է լինեն Հայաստանի ողջ բնակչության իրավունքների ու այդ գործընթացներում իրավունքի գերակայության ապահովման պահանջները:
 Այս ամենի լեգիտիմությունն էլ բխում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության բարձր տիտղոսից ու այն երաշխավորելու հրամանայականից»:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է

13:56 25.06.2025

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է

«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։ Նա հայտնել է, որ դատարանի որոշմամբ իրավապահները խուզարկություն են իրականացրել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կեցավայրում, որից հետո նրան ձերբակալել են և տարել քննչական կոմիտե։ Ավելի վաղ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել՝ հայտնելով, որ «Սրբազան […] ...

Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվել

13:55 25.06.2025

Սպորտում գերխոշոր՝ 4 300 000 000 եվրոյի գործարք է համաձայնեցվել

Ֆորմուլա 1-ի ղեկավարները մեծացնում են իրենց ազդեցությունը ավտոմոտոսպորտում, հայտնում է Тhe Race-ը: Liberty Media-ն սկզբունքային համաձայնության է հասել MotoGP-ի ղեկավարների հետ՝ մոտոսպորտային սերիան գնելու հարցում: Ամերիկյան կազմակերպության գործադիր տնօրեն Դերեկ Չանգը հայտնել է, որ եվրահանձնաժողովը համաձայնություն է տվել գործարքին, որն ուժի մեջ կմտնի հունիսի 30-ից: Liberty-ն կգնի բաժնետոմսերի 84 տոկոսը Dorna Sports ընկերությունից: Սերիայի գործադիր […] ...

Ռուբիո. Թրամփն ինքը կորոշի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ժամանակը

13:47 25.06.2025

Ռուբիո. Թրամփն ինքը կորոշի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ժամանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ինքը կորոշի, թե երբ և ինչ ձևով պետք է նոր պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանի դեմ, եթե անհրաժեշտ լինի, Politico-ին տված հարցազրույցում ասել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Թրամփը կորոշի նոր տնտեսական միջոցառումներ մտցնելու համար համապատասխան ժամանակն ու վայրը», – ասել է Ռուբիոն ՝ հավելելով, որ վարչակազմը համագործակցում է Կոնգրեսի հետ՝ այս հարցում նախագահի […] ...

Հունիսի 28-30-ին Երևանում և առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

13:38 25.06.2025

Հունիսի 28-30-ին Երևանում և առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20 մ/վրկ։ Մարզերում հունիսի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-30-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ […] ...

«Լիոնը» որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2

13:30 25.06.2025

«Լիոնը» որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2

«Լիոնը» ֆինանսական խնդիրների պատճառով որակազրկվել ու իջեցվել է Լիգա 2։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ RMC Sport-ի տեղեկություններով` որոշումը կայացրել է Ֆրանսիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգան (LFP)։ Որոշումը «Լիոնը» կարող է բողոքարկել։ L’Équipe-ի տվյալներով էլ` «Լիոնը» 505,1 մլն եվրոյի պարտք ունի։ Ակումբին մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտն իրավիճակը կարգավորելու ժամանակ էր տրվել, նաև զգուշացվել , […] ...

Թրամփը հոլովակ է հրապարակել «Ռմբակոծել Իրանը» երգի ներքո

13:23 25.06.2025

Թրամփը հոլովակ է հրապարակել «Ռմբակոծել Իրանը» երգի ներքո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է B-2 ռմբակոծիչի թռիչքի տեսանյութ՝ «Bomb Iran» երգի ներքո։ «Գնացի մզկիթ, գնում եմ քարեր նետելու, ասեք այաթոլլահին. «Ես ձեզ դագաղի մեջ եմ դնելու»։ Ռմբակոծել Իրանը ։ Ռմբակոծել Իրանը», – հնչում է B-2-ների կողմից ռումբեր նետելու ընթացքում։ Հունիսի 22-ի գիշերը Միացյալ Նահանգները հարվածներ հասցրեցին Իրանի երեք միջուկային […] ...

BACK_TO_TOP