Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+21.09 oC

Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ

16:22 09.08.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Վսեմաշո՛ւք Պրն. Վարչապետ,

Քրիստոնէական սիրով ու Հայրապետական օրհնութեամբ կ’ողջունենք Ձեզ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն: Կը շնորհաւորենք Ազգային Ժողովին ընտրութիւնը, ինչպէս նաեւ Ձեր նշանակումը, որպէս Վարչապետ Հայաստանի Հանրապետութեան ու նոր կառավարութեան կազմութիւնը:

Արդարեւ, հայ ժողովուրդի ու Հայաստանի պատմութեան վճռադրոշմ մէկ հանգըրուանին, դուք վերստին կը կոչուիք վարչապետի ծանր ու պատասխանատու պաշտօնին: Պաշտօն մը, որ սովորական իմաստով դիրք ու պատիւ չէ, այլ իր էութեամբ ու նպատակով հայրենակերտումի առաքելությիւն է: Այսօր, ինչպէս գիտէք, մեր հայրենիքը լուրջ տագնապներով շրջապատուած է՝ ներքին թէ արտաքին: Անոր պետականութեան հիմքերը վտանգուած են: Յուսախաբութիւնն ու անորոշութիւնը դարձած են տիրական Հայաստանի ու Արցախի ժողովուրդի կեանքէն ներս: Հետեւաբար, ժողովուրդը կը սպասէ որ դուք հայրենիքի վերականգնումի ու վերածաղկումի առաքելութեան լծուիք՝ բարձրագոյն աստիճանի նպատակասլաց պատասխանատվութեամբ ու յանձնառութեամբ: Այս սպասումէն մեկնելով ու այս հեռանկարով, կ’ուզենք Ձեր ազնիւ ուշադրութեան յանձնել հետեւեալ կէտերը.

ա) Ազրպէյճանի ու Թուրքիոյ միացեալ ուժերով Արցախին դէմ շղթայազերծըւած պատերազմը եւ անոր յառաջացուցած մարդկային մեծաթիւ զոհերը, մեր նահատակներու արիւնով ազատագրուած հողերու գրաւումը, հոգեւոր կառոյցներու քանդումը ու հազարաւոր ընտանիքներու տեղահանումը մեր ժողովուրդին մօտ յառաջացուցած են խոր ընդվզում ու յուսաբեկում: Կարելի չէ առանց հաշուետուութեան, մեր ժամանակակից պատմութեան այս դառն ու մռայլ էջը դարձնել: Հարցումներ կան, որոնք պատասխանի կը սպասեն: Անորոշութիւններ գոյութիւն ունին, որոնք կը կարօտին յստակացման: Փոխադարձ մեղադրանքներ կը կատարուին, որոնք կարիքը ունին լուսաբանութեան: Հետեւաբար, Մեր սպասումն է, որ նոր ընտրուած Ազգային Ժողովը իր օրակարգի առաջնահերթ հարցերէն մէկը դարձնէ բոլոր խմբաւորումներէն բաղկացած յանձնաժողովի մը նշանակումը, որպէսզի ան կարենայ պատերազմին առնչուած բոլոր խնդիրները համապարփակ կերպով ու իրապաշտ մօտեցումով քննել եւ հրապարակային հաշուետուութիւն կատարել մեր ժողովուրդին:

բ) Մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը յատկապէս ներկայ տագնապալից ժամանակներուն անյետաձգելի հրամայական է: Իրաւ միասնականութիւնը տեսակէտներու միատեսակութիւն չէ, այլ բազմակարծիքութեան ներդաշնակումն է՝ ի սպաս ազգին ու հայրենիքին գերագոյն շահերուն: Նման միասնականութիւն կը դառնայ ամուր կռուան Հայաստանի պետութեան ամրացման, տոկուն յենարան իշխանությիւն-ժողովուրդ յարաբերութեան և զօրեղ նեցուկ՝ Հայաստանի արտաքին յարաբերութեան: Անհրաժեշտ է, որ ընտրապայքարի օրերուն ծաւալած քաղաքական վատառողջ մշակոյթն ու ներքաղաքական լարուածութիւնը տեղի տան իշխանութիւն-ընդդիմութիւն առողջ ու շինիչ քննադատութեան: Ա՛յս կը պահանջէ հայրենիքին շահը:

գ) Հայրենիքին նկարագիր ու դիմագիծ տուողը ժողովո՛ւրդն է, եւ ժողովուրդը իր իւրայատուկ ինքնութիւնը կ’արտայայտէ ու զայն կը պահէ անեղծ ժամանակի փոշիին դէմ՝ իր բարոյական, հոգեւոր ու ազգային արժէքներով: Ա՛յս կը յիշեցնէ մեզի մեր ”փոքր ածու“ին գոյատեւումը պատմութեան ահաւոր փոթորիկներուն դիմաց: Ներկայ ժամանակներուն, երբ համաշխարհային մշակոյթի ապազգային ”արժէքները“ սկսած են թափանցել ամէն տեղ, Մեր սպասումն է, որ Հայաստանի իշխանութիւնը, յատկապէս կրթական ու մշակութային կառոյցներու ճամբով մեր ժողովուրդը մղէ ամրօրէն կառչելու մեր ազգի ինքնութիւնն ու հզօրութիւնը երաշխաւորող արժէքներուն:

դ) Արցախը այսօր վիրաւոր է: Անոր ցաւը մեր ողջ ազգին ցաւն է: Մեր հաւաքական յանձնառութիւնը Արցախի անկախութեան նկատմամբ հարկ է պահել ամուր: Արցախի անկախութեան միջազգային ճանաչումը ո՛չ միայն Հայաստանի իշխանութեան առաջնահերթ հարցերէն մէկը պէտք է դառնայ, այլ նաեւ Սփիւռքին: Մեր ազգին հաւաքական ներուժը հարկ է ի սպաս դնել Արցախի անկախութեան ամրապնդման:

ե) Հայաստան-Սփիւռք գործակցութիւնը կենսական կարեւորութիւն ունի թէ՛ Հայաստանին, թէ՛ Արցախին եւ թէ Սփիւռքին համար: Մեր ազգի այս երեք միաւորներուն ներդաշնակ ու սերտ գործակցթուիւնը, բնականաբար դերերու բաժանումով ու առաջնահերթութիւններու յստակեցումով, կը նկատենք հրամայական: Այս շրջագծէն ներս համահայկական օրակարգի մշակումը Սփիւռքի գործօն մասնակցութեամբ կը նկատենք էական ու առաջնային:

զ) Արցախի պատերազմը եւ անոր հետեւող Հայաստան-Ազրպէյճան-Ռուսիա զինադադարի ստորագրութիւնը փաստօրէն ցուցանիշ է Կովկասէն ներս ստեղծուած աշխարհաքաղաքական նոր իրավիճակին: Ներկայ վտանգալից կացութիւնը կը պահանջէ, որ Հայաստանի անվտանգութեան ու հողային ամբողջականութեան նկատմամբ իշխանութիւնը ըլլայ զգօն ու անտեղիտալի: Հայաստանին համար վտանգաւոր զարգացումներով յղի շրջանի պարզած ներկայ իրավիճակը նաեւ կը պահանջէ ”Ո՛չ“ ըսելու վճռակամութիւն: Արդարեւ, պատմութեան ընթացքին մեծ կայսրութիւններու շահերու խաչմերուկին կռուախնձոր դարձած Հայաստանը իր գոյութիւնը պահեց, թէկուզ երբեմն վիրաւոր, ”Ո՛չ“ ըսելու իր հաւաքական քաջութեամբ:

է) Երբ այսօր Հայաստանը շրջապատուած է հին ու նոր ժամանակներու ցեղասպաններով, որոնք կը շարունակեն իրենց ծաւալապաշտական նկրտումները Հայաստանի ու Արցախի նկատմամբ՝ անտեսելով իրենց յանձնառութիւնները ու միջազգային օրէնքի տրամադրութիւնները, անհրաժեշտ է որ հայոց բանակը դառնայ աւելի կազմակերպ ու մարտունակ: Նաեւ անհրաժեշտ է որ կարենանք մեր ռազմավարական բարեկամներու ու գործընկերներու ծիրը ընդլայնել:

Մեր սպասումն է, Պրն. Վարչապետ, որ հակիրճ կերպով Ձեզի պարզած Մեր մտահոգութիւններն ու մտածումները կարեւորութեամբ նկատի ունենաք, որպէզի կարելի ըլլայ հաւավաքական ու հետեւողական ճիգով, խոհեմ ու պատասխանատու ոգիով մեր հայրենիքը առաջնորդել դէպի պայծառ ապագայ:

Կ’աղօթենք առ Բարձրեալն Աստուած, որ անսասան ու ապահով պահէ Հայաստանի ու Արցախի Հանրապետութիւնները եւ Ձեզի պարգեւէ իմաստութիւն ու կորով՝ Ձեր դժուար առաքելութեան մէջ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

11:12 23.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 23-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 446 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․87 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.96 դրամ:   ...

«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

11:07 23.06.2025

«Մանչեսթեր Սիթին» դուրս է եկել փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության G խմբի երկրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 6-0 հաշվով հաղթել է «Ալ Աինին»։ Գվարդիոլայի թիմից դուբլ են գրանցել Իլկայ Գյունդողանը, դարպասի մեկական գրավմամբ աչքի են ընկել Կլաուդիո Էչևերին, Էռլինգ Հոլանդը, Օսկար Բոբն ու Ռայան Շերկին։ «Մանչեսթեր Սիթին» 6 միավորով G խմբի երկրորդ տեղում է ու ապահովել է տեղը փլեյ-օֆֆում, իսկ «Ալ Աինը» երկրորդ […] ...

Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

11:00 23.06.2025

Հետախուզվող 24-ամյա երևանցին հայտնաբերվեց․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 19-ին Կոտայքի մարզի Արզական գյուղում հայտնաբերել և վարչություն է ներկայացվել Երևանի բնակիչ 24-ամյա մի երիտասարդ: Նա հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք: ...

Հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել

10:52 23.06.2025

Հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել

Մայրաքաղաքում հասարակական տրանսպորտի աշխատանքը շարունակաբար բարելավելու նպատակով երթևեկության կազմակերպման մեջ մի շարք փոփոխություններ են կատարվել։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Դրանց նպատակը հասարակական տրանսպորտին առաջնահերթություն տալն է՝ այն դարձնելով ավելի արդյունավետ և ժամանակին հասանելի։ Փոփոխությունների արդյունքում որոշ հատվածներում երթևեկությունը դարձել է ավելի հագեցած, ինչը բնական է նման […] ...

Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով

10:30 23.06.2025

Արաղչի. Իսրայելի և ԱՄՆ-ի ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով

Իսրայելի և Միացյալ Նահանգների ագրեսիան Իրանի դեմ հղի է լուրջ հետևանքներով ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև ամբողջ աշխարհի համար: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Մոսկվա ժամանելուն պես։ «Իսրայելի և ԱՄՆ-ի գործողությունները լուրջ հետևանքներ ունեն և խնդիրներ են ստեղծում ոչ միայն Իրանի, այլև տարածաշրջանի, միջազգային հանրության և միջազգային իրավունքի համար», […] ...

Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆ

10:17 23.06.2025

Թեհրանը կշարունակի ուրանի հարստացումը խաղաղ նպատակներով․ Իրանի ԱԳՆ

Իրանը չի պատրաստվում հրաժարվել խաղաղ նպատակներով ուրանի հարստացումից՝ շարունակելով հետևել միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով ստանձնած իր պարտավորություններին, մյուս պետությունները իրավունք չունեն այս հարցում սահմանափակել Թեհրանին: Այս մասին հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին: «Մենք միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի բարեխիղճ մասնակից ենք, այդ հիմքի վրա մենք ուրան ենք հարստացնում խաղաղ նպատակներով, մեր երկրի բարօրության […] ...

BACK_TO_TOP