Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+22.09 oC

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագիրը

20:45 18.08.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստին վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության հնգամյա ծրագիրը:

Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունը.

«Հարգելի գործընկերներ,

առաջին հարցով ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը:

Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն` կառավարությունն իր ձևավորումից հետո, 20-օրյա ժամկետում, պետք է Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնի կառավարության գործունեության ծրագիրը: Հիմա կառավարության նիստում պետք է ընդունենք ծրագիրը, որից հետո՝ մյուս շաբաթվա սկզբին, տեղի կունենա քննարկում Ազգային ժողովում: Իհարկե, Ազգային ժողովում, համոզված եմ, շատ մանրամասն և մանրակրկիտ քննարկում կունենանք:

Ես այսօր համառոտ կներկայացնեմ ծրագիրը:

Ծրագիրը բաղկացած է 6 բաժնից: Այդ բաժիններն են՝ անվտանգություն և արտաքին քաղաքականություն, երկրորդ բաժինը՝ տնտեսություն, երրորդը՝ ենթակառուցվածքների զարգացում, չորրորդը՝ մարդկային կապիտալի զարգացում, հինգերորդը՝ իրավունք և արդարադատություն և վեցերորդ բաժինը՝ ինստիտուցիոնալ զարգացում:

Մեր հիմնական քաղաքական ուղերձը, որը ներառում է այս ծրագիրը, կարծում եմ՝ ընդգրկված է ծրագրի նախաբանի մեջ, և ես ուզում եմ նախաբանի տեքստը մեջբերել: Եվ այսպես.

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը հիմնված է 2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, քարոզարշավի ընթացքում ՀՀ քաղաքացիների առաջ ստանձնած պարտավորությունների, նրանց տրված նախընտրական խոստումների, Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարության վրա:

2021 թվականի արտահերթ ընտրություններն ի ցույց դրեցին ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը Հայաստանի Հանրապետությունում: Դրանք արդեն երկրորդ անընդմեջ համապետական ընտրություններն էին, որ միջազգային հանրության կողմից արժանացան բարձր գնահատականի:

Ըստ միջազգային դիտորդական առաքելությունների՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները եղել են մրցակցային, հիմնական իրավունքներն ու ազատությունները հարգվել են, ընտրությունները եղել են ազատ, քարոզարշավի իրականացման հնարավորությունները՝ հավասար, ապահովվել է լուսաբանման հավասարության սկզբունքը, ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարության սկզբունքներին։

2021 թվականի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրությունները բացառիկ նշանակություն ունեցան նաև հանրային համերաշխության վերականգնման համար. դեռևս 2020 թվականի նոյեմբերին սկիզբ առած հանրային և քաղաքական հուզումների մթնոլորտը ընտրությունների արդյունքներով հաղթահարվեց:

Այսուհանդերձ, Հայաստանի Հանրապետությանը սպառնացող բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված: 2020 թվականի 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էականորեն փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը: Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային և միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում են մնալ առաջնային:

Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվեն ստացած կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ: Օրենքի և իրավունքի, փոխադարձ հարգանքի, ատելության ու արժանապատվությունը նվաստացնող խոսքի բացառման վրա հիմնված ազգային միասնության հաստատումը կառավարության առաջնահերթ խնդիրներից է:

Միաժամանակ ժողովրդավարության թյուրընկալումը՝ որպես պարարտ հող ամենաթողության և անպատժելիության համար, լրջագույն սպառնալիքներ է ստեղծում իրավակարգի, հանրային անվտանգության, օրենքի և իրավունքի գերակայության համար: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, նրա ձևավորած Կառավարությունը Հայաստանում օրենքի և իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի է կոչելու այդ մանդատը:

Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առաջ Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն Հայաստանի Հանրապետությունից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից: Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնում է տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու իր բաժին անելիքը և պատասխանատվությունը»:

Սա է մեր հիմնական քաղաքական ուղերձը, որն արտահայտված է ծրագրի նախաբանում: Բայց այդտեղ առանձնակի ուշադրություն է հրավիրված նաև մեր անվտանգության մարտահրավերներին: Եվ ծրագրի առաջին բաժինը կոչվում է անվտանգություն և արտաքին քաղաքականություն, որտեղ արձանագրվում է, թե որոնք են Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման առանցքային գործոնները:

Առաջինը՝ որպես այդպիսին, նշվում է Հայոց արդիականացվող բանակը: Դուք գիտեք, որ Հայաստանում սկսվել և մեծ ծավալով ընթանում է զինված ուժերի բարեփոխման գործընթացը, և այս առումով, իհարկե, բանակը, բարեփոխված զինված ուժերը պետք է լինեն մեր արտաքին անվտանգության ապահովման հիմնական գործոնը:

Պիտի ընդգծեմ ակտիվ արտաքին քաղաքականությունը՝ որպես անվտանգության ապահովման հաջորդ կարևորագույն գործոն: Մենք ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի վարի ակտիվ և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն՝ աշխատելով բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ ունենալ աշխատանքային արդյունավետ հարաբերություններ:

Հայաստանի անվտանգության ապահովման հաջորդ կարևոր գործոնը հայ-ռուսական ռազմավարական դաշինքն է՝ ընդգծված մեր ծրագրում, և Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը:

Ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ մեր ծրագրում՝ որպես անվտանգության ապահովման կարևորագույն գործոն, ընդգծվել է տարածաշրջանային կայուն միջավայրի ձևավորումը և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը: Կարծում եմ՝ սա կարևոր նրբություն և նորամուծություն է, որովհետև մեր արտաքին քաղաքական ուղղությունների մեջ առանձնահատուկ տեղ ենք տալիս տարածաշրջանային արտաքին քաղաքականությանը: Եվ պիտի ընդգծեմ, որ ինչպես կառավարության նախորդ նիստերում առիթ եմ ունեցել ասել՝ տարածաշրջանի խաղաղության և կայունության համար էական ենք համարում թշնամության մթնոլորտի կառավարումը և հաղթահարումը մեր տարածաշրջանում: Եվ տարածաշրջանի խաղաղությունը և կայունությունն արձանագրում ենք որպես մեր երկարատև ռազմավարություն:

Հաջորդ գործոնը, որը էական ազդեցություն կարող է ունենալ մեր անվտանգության համակարգում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է: Մենք ընդգծում ենք համանախագահության դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցման գործում: Մեր դիրքորոշումն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով խաղաղ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնումն էական գործոն է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման իմաստով:

Այս առումով, հարգելի գործընկերներ, ուզում եմ ընդգծել, որ կառավարության ծրագիրը, ըստ էության, որոշակի դիրքավորում է ձևակերպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության նկատմամբ՝ այն առումով, որ ծրագիրը և ծրագրային դրույթները ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն մաքսիմալ համարժեք լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերականգնման վերաբերյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոչերին:

Ուզում եմ հիշեցնել, որ հուլիսի 29-ի հայտարարության մեջ համանախագահները վերահաստատել են հակամարտության բոլոր մնացած հիմնական հարցերի՝ բանակցված, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը, և կողմերին կոչ են արել հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին՝ համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնել են իրենց հովանու ներքո երկկողմ ուղղակի խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն բանակցությունների կառուցվածքային օրակարգը՝ արտացոլելով իրենց առաջնահերթությունները՝ առանց նախապայմանների: Հետևաբար՝ կառավարության ծրագիրը ձևակերպելիս հաշվի ենք առել համանախագահության այս առաջարկը և ծրագիրը ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն համահունչ լինի բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու համանախագահների կոչին: Նախապայմաններ չենք առաջադրել և ընդհակառակը՝ ամեն ինչ արել ենք, որպեսզի բանակցային պատշաճ միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ մեր անելիքները ձևակերպենք և բանակցային գործընթացը որևէ կերպ խոչընդոտելու որևէ դրսևորում և միտում արտահայտված չլինի կառավարության ծրագրում:

Անվտանգության ապահովման հաջորդ ուղղությունն ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգի ձևավորումն է: Մենք արդեն բավական երկար ժամանակ խոսում ենք նաև ազգային անվտանգության ծառայության և ազգային անվտանգության համակարգի բարեփոխումների մասին: Մեր ծրագիրը և պլանն այն է, որ առաջիկայում ՀՀ սահմանապահ զորքերն ավելի ու ավելի շատ տեղամասեր ընդունեն Հայաստանի զինված ուժերից: Այսինքն՝ սահմանապահ ծառայության պատասխանատվության տարածքները կընդլայնվեն: Այս առումով՝ սահմանապահ զորքերը պիտի ընդլայնվեն, վերափոխվեն, բարեփոխվեն: Իմիջայլոց՝ սա նաև խաղաղ տարածաշրջանային օրակարգն առաջ մղելու մեր նկատառումը և նպատակադրումն է արտահայտում: Որովհետև, ինչպես գիտեք, սովորաբար, սահմանապահները ստանձնում են այն տեղամասերի պատասխանատվությունը, որը համարվում է ոչ պատերազմական, այսինքն՝ խաղաղ գոտի:

Նաև ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ ինչպես նշել ենք մինչև 2050թ. Հայաստանի վերափոխման ռազմավարության մեջ, և մենք այս ծրագրում ընդգծել ենք, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արտաքին հետախուզական ծառայություն:

Շատ կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ մեզ համար անվտանգության ապահովման կարևորագույն գործոն է տնտեսական զարգացումը և սոցիալական կայունությունը: Այս առումով՝ մենք կարևորում ենք, որ ունենանք զարգացող և հարկունակ տնտեսություն, որը կգոյացնի այն ռեսուրսները, որոնք անհրաժեշտ են Հայաստանի և Արցախի անվտանգությունը և բնականոն կյանքն ապահովելու համար: Նման ռեսուրսներ կարող է ապահովել միայն բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական, արտադրողական, ինչպես նաև բնապահպանական բարձր չափանիշներին համապատասխանող, արտահանմանը միտված մրցունակ և ներառական տնտեսությունը:

Քաղաքացիների սոցիալական վիճակի բարելավումը, սոցիալական կայունությունը, առողջապահական և հակահամաճարակային արդյունավետ համակարգերի գոյությունը ներքին անվտանգության համար ունեն առանցքային նշանակություն:

Արդեն բուն ծրագրի մանրամասներին անցնելով՝ ուզում եմ ընդգծել, որ կառավարությունը հետևյալ կոնկրետ տնտեսական պարտավորությունները կամ հանձնառություններն է ստանձնում.

մինչև 2026 թվականը կառավարության տնտեսական թիրախներն են.
-ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը՝ 7% (բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%),
-ֆորմալ հատվածի ոչ պետական ոլորտի աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների ֆոնդը հասցնել ՀՆԱ-ի 25%-ի
-10%-ից ցածր գործազրկության մակարդակ ապահովել:

Միևնույն ժամանակ՝ անդրադառնալով քաղաքացիների սոցիալական ապահովության խնդիրներին, մենք հետևյալ թիրախներն ենք մատնանշել.
-նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը հավասարեցնել, համապատասխանաբար` պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին,
-նվազագույն աշխատավարձը սահմանել 85 000 դրամ,
-վերացնել ծայրահեղ աղքատությունը:

Սրանք, կարծում եմ, բավականին լավ թիրախներ են և մեզնաից լրջագույն ջանքեր են պահանջվելու այս թիրախները պատշաճ ձևով կյանքի կոչելու համար:

Գործազրկության վերացման մեր ռազմավարության մեջ ես ուզում եմ ընդգծել հատկապես հետևյալը. իհարկե, աշխատատեղեր ստեղծվել են Հայաստանի Հանրապետությունում և ստեղծվում են, բայց մեզ համար առանձնահատուկ նպատակ և թիրախ է, որպեսզի մենք կարողանանք առավելագույնս խթանել բարձր աշխատավարձային սեգմենտի աշխատատեղերը: Եվ այս առումով՝ շատ կարևոր ենք համարում պահպանել և արագացնել այն դինամիկան, որը մենք ունենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում: Ըստ մեր հանձնառության, բարձր տեխնոլոգիաների ոլորտում մինչև 2026թ. կառավարությունը նախատեսում է ունենալ շուրջ 35 հազար զբաղվածներ և ոլորտի շրջանառությունը հասցնել 500 մլրդ դրամի, որը կկազմի համախառն ներքին արդյունքի 6-7 տոկոսը: 2020թ. տվյալներով այս ցուցանիշը 4 տոկոս է: Այսպիսով՝ Հայաստանում առաջիկա 5 տարիների ընթացքում կստեղծվի բարձր տեխնոլոգիաների ոլորտի շուրջ 16 հազար աշխատատեղ: Իհարկե, այստեղ այս ոլորտներում աշխատատեղերի ստեղծման առումով՝ շատ կարևոր է ընդգծել, որ ոչ միայն աշխատատեղ ստեղծելը, այլ նաև նկատի ունենք աշխատողների ներգրավածությունը: Այս առումով՝ պետք է ոչ միայն աշխատատեղեր լինեն, այլև աշխատողներ լինեն: Ցավոք, Հայաստանի Հանրապետությունում – իհարկե, այդ պրոբլեմն ամբողջ աշխարհում կա – յուրաքանչյուր իքս պահի բարձր տեխնոլոգիաների ոլորտում մոտավորապես մի քանի հազար թափուր աշխատատեղ կա: Այս աշխատատեղերի լրացման առումով, ընդհանրապես բարձր որակավորում պահանջող աշխատուժի ներգրավման առումով, երկու ուղղություն եմ հատկապես ուզում ընդգծել:

Առաջինը՝ կրթության ոլորտում մեր միջնաժամկետ և երկարաժամկետ բարեփոխումներն են, և երկրորդը՝ «Աշխատիր Հայաստան» ծրագրի առավել արդյունավետ իրագործումը: Խոսքը հետևյալի մասին է՝ ինչո՞վ են տարբերվում այդ երկուսը: Կրթական համակարգը մասնագետներ պատրաստում է ավելի երկար և սովորական ցիկլով, իսկ մենք աշխատուժի շուկան առավել ակտիվ համալրելու համար, պետք է կարողանանք իրագործել վերապատրաստման ծրագրեր, մասնագիտական հմտությունների և մասնագիտական վերապատրաստման ծրագրեր: Մենք 2019 թ. ընդունել ենք արդեն «Աշխատիր Հայաստան» ծրագիրը, և այդ ծրագիրը պետք է առավել ակտիվ կյանքի կոչենք:

Հաջորդ ուղղությունը, որի մասին ես ուզում եմ նշել, նախընտրական շրջանում նույնպես դրա մասին շատ ակտիվ խոսել ենք՝ մենք առաջիկա 5 տարվա ընթացքում պատրաստվում ենք Հայաստանում կառուցել կամ նորոգել շուրջ 500 մանկապարտեզ և 300 դպրոց: Այս առումով՝ դպրոցների մասով ես ուզում եմ հատկապես ուշադրությունը հրավիրել, որ մենք նպատակ ունենք մինչև 2026թ. հանրապետության բոլոր 1400 դպրոցներում ստեղծել ժամանակակից բնագիտական և ինժեներական լաբարատորիաներ՝ էապես բարելավելով կրթության որակը: Այսինքն՝ խնդիրն ընդհանրապես հետևյալի մեջ է. մենք սովորաբար կամ շատ հաճախ դպրոց կամ մանկապարտեզ ասելով, հասկանում ենք շենք, որն իհարկե, շատ կարևոր է, բայց շենքը՝ առանց բովանդակության և առանց կրթական պատշաճ ենթակառուցվածքների, չի կարող ունենալ այն էֆեկտը, որը պիտի ունենա: Այս առումով՝ մենք շատ կարևորում ենք, որ ոչ միայն մեր դպրոցների, նախակրթարանների և մանկապարտեզների շենքային պայմանները բարելավվեն, այլև դրանք պատշաճ բովանդակությամբ և լաբարատորիաներով, կրթական նյութերով հագեցած լինեն:

Այստեղ մենք շատ կարևորում ենք նաև մասնագետների պատրաստումը և վերապատրաստումը: Սա էլ երրորդ բաղադրիչն է, որովհետև եթե մենք ունենանք պատշաճ շենք, պատշաճ ծրագրեր, պատշաճ լաբարատորիաներ, բայց չունենանք այնպիսի մասնագետներ, որոնք ապահովեն աշակերտի և բովանդակության պատշաճ հաղորդակցությունը, մենք մեր ակնկալած արդյունքները չենք կարող ունենալ: Այս առումով՝ կրթությունը և կրթության, գիտության և բարձրագույն կրթության ոլորտում բարեփոխումները լինելու են մեր առանձնահատուկ ուշադրության կենտրոնում: Շատ կարևոր եմ համարում նաև սոցիալական ոլորտում, ժողովրդագրության ոլորտում մեր ստանձնած պարտավորությունների իրագործումը:

Դուք տեղյակ եք, որ մենք հետևյալ նախընտրական խոստումն ենք տվել և այդ կետը ներառել ենք ծրագրում և մենք պատրաստվում ենք վճռականորեն իրականացնել այդ ծրագիրը: Խոսքը հետևյալի մասին է, որ երրորդ և հաջորդ երեխաների համար մինչև 6 տարեկանը, ամսական 50 հազար դրամ ֆինանսական աջակցություն տրամադրել բոլոր ընտանիքներին: Ես ուզում եմ ընդգծել, որ խոսքը ոչ թե սոցիալապես անապահով ընտանիքների մասին է, այլև բացարձակապես բոլոր ընտանիքների մասին է: Այսինքն՝ ընտանիքում երրորդ և հաջորդ յուրաքանչյուր երեխա մինչև 6 տարեկանը կստանա 50 հազար դրամ աջակցություն: Սա ժողովրդագրության ոլորտում կարևորագույն ծրագիր է: Իմիջիայլոց, ես ուզում եմ ընդգծել, որ 2020 և 2021 թվականներին մենք ժողովրդագրական միտումների որոշակի, շոշափելի առաջընթաց ենք տեսնում. մասնավորապես, այս տարի մեր ծնված երեխաների թիվն ավելի քան 1400-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: Ես կարծում եմ, որ հիմա շատ լավ պահ է, որպեսզի մենք ժողովրդագրական ծրագրերը դնենք ինստիտուցիոնալ հենքի վրա, որպեսզի կարողանանք էական տարբերություններ ունենալ այդ ոլորտում:

Իհարկե, այստեղ մենք պետք է արձանագրենք, որ այս աջակցության ծրագիրը միայնակ չի կարող լուծել մեր առաջ առկա խնդիրը: Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2019 թվականից մինչև 18 տարեկանների հիվանդանոցային կարիքներն ամբողջությամբ հոգում ենք պետական բյուջեի հաշվին: Ուզում եմ հիշեցնել, որ շատ կարևոր և ռազմավարական նշանակության ծրագիր ենք ընդունել երեխայի մինչև 2 տարեկան խնամքի նպաստները, ծնողներին տրվող նպաստների համակարգում էական փոփոխություն ենք արել: Եվ շատ կարևոր է, որպեսզի այն երեխաները, որոնք ծնվում եմ ՀՀ-ում, իրապես պատշաճ կրթություն ստանալու հնարավորություն ունենան:

Մենք հենց այս բոլոր ծրագրերը դնում ենք նույն շղթայի մեջ, այսինքն՝ կրթություն, ժողովրդագրություն, առողջապահություն, դրանք ամենևին առանձին վերցրած ծրագրեր չեն: Իհարկե, վերջին տարիներին մենք առողջապահության ոլորտում շատ էական փոփոխություններ ենք արել, բայց, այնուամենայնիվ, մենք եկել հասել ենք մի կետի, որտեղ այլևս պետք են արմատական փոփոխություններ: Մենք պիտի քաղաքական կամք դրսևորենք և Հայաստանի Հանրապետությունում ներդնենք առողջապահության ապահովագրության ծրագիր: Պիտի ասեմ, որ ծրագրի բովանդակության հարցում, ըստ էության, արդեն կողմնորոշվել ենք, որովհետև ուզում եմ ասել, որ այնպես չի, որ նախորդ տարիներին մենք այդ թեմայով բաց ենք թողել: Ոչ: Շատ կարևոր բովանդակային աշխատանք է արվել, և մենք առաջիկայում պիտի կարողանանք մեր նախանշած ծրագրերն իրականացնել:

Հարգելի գործընկերներ,

ուզում եմ առանձնահատուկ ուշադրություն հրավիրել տրանսպորտի ոլորտում մեր կողմից նախանշված փոփոխություններին: Պիտի արձանագրեմ, որ մենք շատ կարևոր համաձայնություն ենք ձեռք բերել Հայաստանի երկաթուղային տրանսպորտը կառավարող կոնցեսիոների՝ ռուսական Հարավկովկասյան երկաթուղու հետ: Այդ փոփոխությունների համաձայնության էությունը կայանում է հետևյալում, որ մինչև 2024թ. Հայաստանի Հանրապետությունում երկաթուղու ոլորտում պետք է տեղի ունենան շուրջ 39 մլրդ դրամի ներդրումներ:

Ես ուզում եմ պատկերացնենք այս ծավալը. մինչև 2024թ. բավականին երկար և մանրամասն քննարկում ենք ունեցել Հարավկովկասյան երկաթուղիների հետ, և շատ ուրախ եմ արձանագրել, որ ձեռք է բերվել համաձայնություն, և մենք կարող ենք ակնկալել, որ իսկապես մինչև 2024թ. կունենանք բոլորովին այլ որակի երկաթուղի: Շատ կարևոր է ընդգծել, որ մենք, ինչպես տեսնում ենք, օդային տրանսպորտի ոլորտում նույնպես էական փոփոխություններ են տեղի ունենանում և նաև այս նոր ժամանակաշրջանում մենք տեսնում ենք, որ Հայաստանում հիմնադրվում է երկու, ըստ էության, տեղական հայկական ավիաընկերություն՝ իհարկե, նաև օտարերկրյա ներդրմամբ, ինչը ոչ թե վատացնում է գնահատականը, այլ ընդհակառակը՝ լավացնում է: Այսինքն՝ այստեղ օդային փոխադրումների ոլորտն օտարերկրյա ներդրումներ ներգրավելու բավականին լավ դինամիկա է ցուցաբերում, և մեր հիմնական խնդիրը պետք է լինի այնպես անել, որ այս ներդրումային հետաքրքրությունն ավելացնենք, զարգացնենք, և կարողանանք աջակցել, որ տեղի ունեցող ներդրումները լինեն արդյունավետ:

Մեր նախորդ տարիներին ձեռք բերված բավականին լավ դինամիկան ճանապարհաշինության ոլորտում մենք միանշանակ ոչ միայն կպահպանենք, այլև կավելացնենք: Նախ սովորական ընթացակարգերով մենք տարեկան 500 կմ վերանորոգված ճանապարհի նշաձողը անպայման կպահպանենք: Միևնույն ժամանակ ռազմավարական նշանակության ծրագիր ենք սկսում իրականացնել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում: Մենք առաջիկայում պիտի սկսենք Սիսիան-Քաջարան 60 կմ հատվածի շինարարությունը: Նաև հիմա լավ դինամիկայով տեղի է ունենում Թալին-Լանջիք-Գյումրի հատվածի շինարարությունը, նաև մեր ուշադրության կենտրոնում է լինելու Աշտարակ-Թալին հատվածի շինարարությունը: Եվ սա շատ կարևոր ենթակառուցվածքային ծրագիր է:

Մի հանգամանքի վրա եմ ուզում մեր ուշադրությունը հրավիրել: Շատ կարևոր է արձանագրել, որ այս ծրագրերը, բոլորս ենք հասկանում, որ ահռելի ֆինանսական միջոցներ են պահանջում և կարևոր հարց է, թե ինչպես և որտեղից ենք մենք ներգրավելու այդ միջոցները: Այս առումով՝ ես ուրախ եմ արձանագրել, որ մենք այս փուլում հնարավորություն ունենք Եվրամիության հետ համատեղ իրականացնել մեր ծրագրերը: Դուք գիտեք, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել առաջիկա 4 տարիների ընթացքում Հայաստանին հատկացնել 2.6 մլրդ եվրոյի փաթեթ: Մենք այս ընթացքում, կարծում եմ, բավական արդյունավետ աշխատանք ենք իրականացրել և որոշակիացրել ենք այն ծրագրերը, որտեղ պիտի ակնկալենք Եվրամիության գործընկերների և Եվրամիության ֆինանսների ներգրավվածությունը: Իհարկե, դրա մասին խոսել ենք:

Շատ կարևոր եմ համարում, որ այդտեղ առանձնահատուկ տեղ ունի Սյունիքի մարզում ենթակառուցվածքների և Սյունիքի մարզի դիմակայունության բարձրացման ծրագիրը: Շատ կարևոր է որ, հույս ունենք, որ հնարավորություն կունենանք այդ միջոցներից ուղղել նաև կրթության ոլորտի բարեփոխումներ իրականացնելու համար, Երևան քաղաքում տրանսպորտային կառավարման արդյունավետության և կանաչ, այսինքն՝ ավելի էկոլոգիական համակարգերի ներդրման ուղղությամբ են աշխատանքներ իրականացվելու: Մենք հույս ունենք, որ այդ ծրագրերից, այդ ֆինանսներից կներգրավվենք նաև Հայաստանում ջրամբարաշինության ոլորտում: Պիտի հիշեցնեմ, որ մենք պլանավորում ենք ՀՀ-ում առաջիկա հինգ տարիներին նախագծել և/կամ սկսել 15 ջրամբարների շինարարություն, որը ռազմավարական ուղղություն է, եթե հաշվի առնենք նաև կլիմայի այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում աշխարհում, նաև՝ մեր տարածաշրջանում: Իհարկե, եթե նույնիսկ այդ փոփոխությունները տեղի չունենային, ջրային պաշարների կուտակումը միշտ էլ եղել է ռազմավարական նշանակության խնդիր: Ես հույս ունեմ, որ մենք ժամկետին կավարտենք Վեդիի ջրամբարի կառուցումը և կսկսենք մյուս ջրամբարների կառուցումը:

Այստեղ շատ կարևոր է, որ այս տարի էլ մենք անընդհատ բախվում ենք ջրային խնդիրների և պրոբլեմներ հետ: Իհարկե, ընթացիկ ռեժիմով փորձում ենք այդ հարցերին կառավարում տալ, բայց ջրի խնդրի ռազմավարական կառավարումը, լուծումը հետևյալն է՝ ջրի խնայողությունը, ջրի արդյունավետությունը, ջրի օգտագործման արդյունավետությունը ֆունդամենտալ լուծումն է: Քանի դեռ մենք այս լուծմանը չենք հասել, առաջինը՝ կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի մասով, երկրորդը՝ նաև խմելու ջրի մեր որոշակի ռեժիմները և ինչ-որ առումով նաև մեր կուլտուրան փոխելու անհրաժեշտության առաջ ենք կանգնած, որովհետև, ցավոք, Հայաստանում ջրային պրոբլեմ կա, բայց անընդհատ կարելի է բախվել տարբեր տեղերում ջրերի, որոնք ուղղակի հոսում են՝ առանց կառավարման: Եվ սա շատ ֆունդամենտալ պրոբլեմ է, որին մենք պետք է անպայման անդրադառնանք:

Առաջ անցնելով մեր ծրագրի տարբեր դրույթների ներկայացման առումով՝ ես ուզում եմ անդրադառնալ Սահմանադրական բարեփոխումների խնդրին:

Հարգելի գործընկերներ, դուք գիտեք, որ նախկինում մենք արտահայտել ենք տեսակետներ Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, բայց 44-օրյա պատերազմը՝ ինքը, կարծես նոր խթան տվեց Սահմանադրական փոփոխությունների հետ կապված հարցին և հարցեր բարձրացրեց, թե ինչքանով է կառավարման այն համակարգը, որը մենք ունենք, համապատասխան մեր երկրում առկա մարտահրավերներին: Իհարկե, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այս առումով նախկինում արտահայտել էր դիրքորոշում, բայց մենք, նաև հաշվի առնելով մեր ծրագրի նախաբանում առկա այն դրույթները, որ մեր խնդիրն է, ընդհանուր առմամբ, ավելի ուշադիր լինեն քաղաքական-հանրային շրջանակներից հնչող տարբեր առաջարկներին, ծրագրում Սահմանադրական փոփոխությունների թեման ձևակերպել ենք որպես բաց քննարկման հնարավորություն:

Ի՞նչ նկատի ունեմ: Շատ է խոսվում այն մասին, թե արդյոք մենք պետք է փոխենք երկրում կառավարման համակարգ, թե՞ մենք պիտի չփոխենք կառավարման համակարգը, այլ կառավարման համակարգի որոշակի բարեփոխումների ճանապարհով գնանք: Մենք ծրագրում որևէ կանխավարկած չենք դրել: Մեր կանխավարկածն այն է, որ պետք է քաղաքական-հանրային տարբեր շրջանակների հետ ունենանք քննարկումներ: Իհարկե, այստեղ շատ կարևոր է լինելու իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը՝ որպես ժողովրդի վստահության քվեն ստացա քաղաքական ուժ: Բայց նաև պիտի ասեմ, որ իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը միակ գործոնը չպիտի լինի, որը ազդի այս որոշման վրա: Այն, որ Սահմանադարական կառուցակարգերի մեջ ունենք պրոբլեմներ, մենք ականատես եղանք նաև վերջին 7-8 ամիսների ընթացքում: Ես ուզում եմ ամենապարզ և ակնհայտ օրինակը բերել, երբ ըստ էության, երկրում առկա էր ռազմական հեղաշրջման վտանգ, այդ իրավիճակը կարգավորելու, կարգաբերելու համար ավելի քան մեկ ամիս ժամանակ պահանջվեց, իսկ այդ ընթացքում, թե ինչ տեղի ունեցավ և ինչ տեղի չունեցավ և որը հետագայում ինչպես ազդեց մեր երկրի անվտանգային համակարգի միջավայրի վրա, ցավոք, մենք դա տեսանք արդեն մայիս ամսվա ընթացքում: Ես կարծում եմ, որ այդ իրավիճակը ռազմական դրության պայմաններում արագ կարգաբերելու հնարավորությունների բացակայությունն այն ակնհայտ պրոբլեմն է, որ կա մեր Սահմանադրական կարգավորումներում: Բայց, արդյոք, սա նշանակո՞ւմ է, որ մենք, ընդհանուր առմամբ, պիտի գնանք կառավարման համակարգի փոփոխության, թե չի նշանակում դա, այդ հարցի պատասխանը մեզ պետք է գտնել ավելի մանրամասն քննարկումների միջոցով և քննարկումների տիրույթում: Եվ պետք է ասել, որ այստեղ մենք պետք է պատրաստ լինենք, որ հանրային կոնսեսուս չի ձևավորվելու և լինելու են ամենատարբեր կարծիքներ: Եվ մենք պետք է կարողանանք գնալ ամենառացիոնալ լուծումների: Մենք խնդիր ունենք նաև, շատ կարևոր հանձնառություն ունենք ՀՀ-ում ինստիտուցիոնալ անառարկելի արդարություն և արդարադատություն հաստատելու առումով: Մենք պիտի շարունակաբար և հետևողական շարունակենք այս ճանապարհը: Ընդ որում, ես կարծում եմ, իհարկե, շատ հարցեր լուծելու համար բավականին արդյունավետ գործիք կարող է լինել Սահմանադրական փոփոխությունները, բայց ես չեմ կարծում, թե մենք պիտի սպասենք որևէ օր, որևէ ժամ դատաիրավական համակարգի բարեփոխումներին, և հետևաբար, դա մեր անելիքն է այսօր՝ և՛ կարճաժամկետ, և՛ միջնաժամկետ և՛ երկարաժամկետ:

Ես ուզում եմ էլի ընդգծել՝ ո՞րն է մեր նպատակադրումը դատաիրավական համակարգի փոփոխություններում: Մեր կարևոր նպատակադրումն հետևյալն է, որ ի վերջո ՀՀ-ում ձևավորվի դատական վճիռների և որոշումների նկատմամբ հանրային վստահություն, որովհետև, ցավոք, մենք այդտեղ խնդիր ունենք: Եվ մեր նպատակադրումը հետևյալն է՝ երբ որևէ դատարան որևէ որոշում է կայացնում, ոչ թե հանրային քննարկումը լինի այն, թե այս ինչպես եղավ, ոնց եղավ, ամենատարբեր տեսություններ կառուցվեն այդ իրականության շուրջ, այլ լինի հստակ պարզապես դիրքավորում հետևյալ տրամաբանությամբ, որ դատարանը որոշել է, որոշումը ուժի մեջ է մտել, և հետևաբար՝ մենք այն պետք է ընդունենք ի գիտություն և ընդունենք այդ որոշման և որոշումների անառարկելությունը: Իհարկե, այն փուլում, երբ դրանք այլևս դառնում են անառարկելի: Ես նկատի ունեմ, որ մեր նպատակադրումը պետք է լինի, որ բոլորը, հանրության բոլոր շերտերն ի վերջո վստահությամբ տոգորվեն դատական որոշումների նկատմամբ:

Եվ կառավարության ծրագրում մենք շատ կարևոր հատված ունենք, որը վերնագրված է՝ «Ռազմավարական պլանավորում և քաղաքականությունների մշակում»: Մենք դեռևս 2020 թվականի մեկնարկին ազդարարեցինք ռազմավարական կառավարման անցնելու անհրաժեշտությունը: Ո՞րն էր դրա էությունը: Դրա էությունը հետևյալն էր, որ մեր բոլոր որոշումները պետք է բխեն մեր ռազմավարական փաստաթղթերից և ծառայեն այդ փաստաթղթերում արձանագրված նպատադրումներին: Հետևաբար, մեր խնդիրն է՝ յուրաքանչյուր որոշում, որ կայացվում է այս դահլիճում, կայացված որոշումներն ունենան տեսանելի և բացատրելի կապ մեր ընդունած ռազմավարությունների, պարտավորությունների, խոստումների և միջնաժամկետ ու երկարաժամկետ նպատադրումների հետ: Սա պարզ խնդիր է ձևակերպման առումով, բայց ոչ այնքան պարզ խնդիր է լուծման առումով, և սա ի վերջո պիտի դառնա մեր կարևորագույն ուղղություններից մեկը:

Ամփոփելով՝ ուզում եմ ասել, որ մեր կառավարության կարևորագույն խնդիրներից մեկը, ինչպես նախկինում, շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը և կառավարումը: Գիտեք, որ մենք վերջին ամիսներին, համաձայն նոյեմբերի 18-ին մեր հրապարակած ճանապարհային քարտեզի՝ այնտեղ կար երկու կետ, որն ուղղակիորեն առնչվում էր Լեռնային Ղարաբաղին: Առաջինը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելը և Լեռնային Ղարաբաղի բնականոն կյանքը վերականգնելը՝ այն իմաստով, ինչ իմաստով հնարավոր և իրագործելի է ներկա պայմաններում:

Պիտի արձանագրեմ, որ երկրորդ հարցում մենք բավականին ակտիվ գործունեություն ենք ծավալել: Այս ընթացքում Արցախում շուրջ 70 միլարդ դրամի ծրագրեր են արդեն իսկ իրականացվել, և շարունակվում են այդ ծրագրերի իրականացումը: Մենք այս ուղղությամբ շարունակելու ենք առաջ շարժվել: Հաշվի առնելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումները, որոնք նրանք արտահայտել են նոյեմբերի 9-ին հաջորդած մի քանի հայտարարությունների մեջ, հստակ արձանագրվում է, որ մենք շարժվում ենք դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով՝ բանակցային գործընթացի լիարժեք վերականգնում: Հայաստանի Հանրապետությունն արդեն մի քանի անգամ հայտարարել է, որ մենք ողջունում ենք համանախագահների այդ մտադրությունը և այդ առաջարկությունն ու Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է բարձր և բարձրագույն մակարդակով ներգրավվել բանակցային գործընթացում:

Իհարկե, այս ընթացքում մեզ համար կարևոր է նաև, պիտի գոհունակությամբ արձանագրեմ, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման օրակարգով աշխատող եռակողմ աշխատանքային խումբն արդեն իսկ վերականգնել է իր գործունեությունը՝ համաձայն հունվարի 11-ի Մոսկվայում ընդունված հայտարարության: Մենք շարունակելու ենք աշխատանքներն այդ ուղղությամբ: Կրկին ուզում եմ ընդգծել նախկինում մեր արտահայտած դիրքորոշումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանագծման և սահմանազատման աշխատանքների շուրջ: Այստեղ էլ մենք մեր պատրաստակամությունը մի քանի անգամ արտահայտել ենք և հույս ունենք, որ այս բոլոր ուղղություններով կկարողանանք առաջ շարժվել: Համենայնդեպս՝ Հայաստանի Հանրապետությունը բոլոր ջանքերը գործադրում է և կշարունակի գործադրել, որպեսզի նախատեսված լուծումներն այն ինչ, որ մենք նախկինում արտահայտել ենք, այդ ուղղություններով արդյունավետ կարողանանք առաջ շարժվել:

Հարգելի գործընկերներ,

այսքանը: Ես ուզում եմ նաև ասել, որ մենք ծրագրի ընդունումից հետո ունենք կարևոր աշխատանք: Ազգային ժողովում ծրագրի հավանություն արժանանալուց հետո, մենք պիտի հաստատենք կառավարության գործունեության միջոցառումների հնգամյա ծրագիրը: Կառավարության ծրագրի իրականացման միջոցառումները պիտի արտահայտվեն, շատ կարևոր է, արդեն 2022 թվականի պետական բյուջեում և դրանից հետո միջնաժամկետ ծախսերի ծրագրում:

Կառավարության ծրագրի գործառութային նշանակությունը, կարծում եմ, մենք որոշակի փոխել ենք կամ լավարկել ենք, իհարկե, այդ նպատակադրման մասին նախկինում մի քանի անգամ արտահայտել ենք: Այս փաստաթուղթը մեզ համար պիտի լինի ամենօրյա աշխատանքային փաստաթուղթ: Այսինքն՝ սա և՛ հանրության համար, և՛ միջազգային գործընկերների համար, և՛ մեզ համար, պետական կառավարման համար այս փաստաթուղթը պիտի դառնա ուղենիշ: Հետևաբար, սա մի փաստաթուղթ է, որտեղ ասվում է, թե ինչով ենք մենք զբաղվում՝ ամեն օր աշխատանքի գալով և ինչ խնդիրների լուծմամբ ենք զբաղված:

Ես բոլորիս հաջողություն եմ մաղթում այս խնդիրների լուծման ճանապարհին, որովհետև համոզված եմ, որ այս խնդիրների լուծումն ի վերջո այն ճանապարհն է, որով մենք կհասնենք Հայաստանի Հանրապետության անվտանգության, բարեկեցության ապահովմանը, կզարգացնենք մեր երկիրը և մեր քաղաքացիների համար կապահովենք ազատություն, բարեկեցություն և երջանկություն:

Շնորհակալ եմ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

16:29 02.05.2025

Գևորգ Պապոյանն ընդունել է ֆրանսիացի գործարարներին

Մայիսի 2-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է Ֆրանսիայի Լիոն քաղաքից Հայաստան ժամանած մեկ տասնյակից ավելի գործարարներից կազմված պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործարարները ներկայացրել են իրենց գործունեության ոլորտները, հետաքրքրություն հայտնել Հայաստանում ներդրումներ իրականացնելու, ինչպես նաև փոխշահավետ գործակցություն ձևավորելու վերաբերյալ։ Նախարար Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունը, ներդրումներին նպաստող օրենսդրական դաշտն ու բիզնեսին աջակցող […] ...

Քննարկման հրավեր՝ ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

16:22 02.05.2025

Քննարկման հրավեր՝ ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախաձեռնել է հանդիպում-քննարկում ֆիթնես ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Քննարկման հիմնական թեմաններն են՝ «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններ ու լրացումներ (ֆիթնես ոլորտ). Ֆիթնես կենտրոնների գործունեության համար գործող շենքային նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների համար գործող առողջապահական նորմատիվ պահանջների ներկայացում. Ֆիթնես կենտրոնների գույքի չափորոշիչներ. Ֆիթնես […] ...

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

16:14 02.05.2025

Մի խումբ ուսանողներ հյուրընկալվել են խորհրդարանում

ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողներին մայիսի 2-ին Ազգային ժողովում հյուրընկալել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը: Հանդիպումն անցել է հարցուպատասխանի ձեւաչափով: Պատգամավորը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի արտաքին քաղաքականությանը, մասնավորապես, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացմանը, «Իրական Հայաստան» հասկացությանը, Հայաստանի պետական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին, երկրի տնտեսության զարգացման խնդիրներին: Հանդիպման […] ...

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

16:06 02.05.2025

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մայիսի 4-ին Միածնաէջ Մայր Տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի կունենա քահանայական ձեռնադրություն: Քահանայական ձեռնադրության և օծման կարժանանան տարբեր եկեղեցական կառույցներում իրենց սպասավորությունը բերող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան յոթ սարկավագներ: Սուրբ Պատարագի սկիզբը` ժամը 11:00-ին: ...

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

15:57 02.05.2025

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները

Սուբվենցիոն ծրագրով ավարտվել են Վանաձորի թիվ 8 մանկապարտեզի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 306 մլն դրամ, որից 214 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից տեսանյութ հրապարակելով: ...

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

15:50 02.05.2025

Վերականգնողական կենտրոնից վերադարձված կալանավորված անձը բժշկական գոտու տակ թաքցրել էր 7 բջջային հեռախոս և բաժանորդային քարտեր

ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի և պահպանության ապահովման բաժնի ծառայողները նախապես առաջացած կասկածանքի հիման վրա խուզարկության են ենթարկել բժշկական վերականգնողական կենտրոնից հիմնարկ վերադարձված կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Խուզարկության արդյունքում Կ․Մ․-ի գոտկատեղին ամրացված բժշկական գոտու տակից ծառայողները հայտնաբերել են 7 բջջային հեռախոս և 6 բաժանորդային քարտ։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...

BACK_TO_TOP