19:16 28.09.2021
Սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվեց ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման ու ձևավորման մարմինների օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների պլանով նախատեսված «ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողությունը։
Գործողության ակտիվ փուլը սեպտեմբերի 28-ին էր՝ ՀՀ պաշտպանության նախարարության «Մարշալ Բաղրամյան» զորավարժարանում։
Զորավարժությունն անցկացվում էր ՀԱՊԿ Միացյալ շտաբի և Քարտուղարության մասնակցությամբ ու փոխգործակցությամբ։
Վարժանքներին, որոնց նպատակը լեռնային բարդ տեղանքում հակաթմրանյութային գործողության իրականացումն ու հատուկ նշանակության ստորաբաժանումների պատրաստականության աստիճանի բարձրացումն էր, մասնակցում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Բելառուսի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունների, ինչպես և Տաջիկստանի Հանրապետության նախագահին կից Թմրանյութերի վերահսկողության գործակալության հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ներգրավված էին ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայության ստորաբաժանումները` ավիացիայի, ռազմական և հատուկ տեխնիկայի կիրառմամբ։
Վարժանքներին ներկա էին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը, արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, ստորաբաժանումների ղեկավարներ ու հրամանատարներ։
Ըստ սցենարի՝ հանցավոր մեծ խումբ է ներթափանցել Հայաստան, որի անդամները մեծաքանակ՝ 1 տոննայից ավելի թմրանյութ են ցանկանում հանրապետության տարածքով անցկացնել մեկ այլ երկիր։ ՀԱՊԿ անդամ-երկրների համապատասխան ստորաբաժանումները ձեռնարկում են միջոցառումներ։ Վնասազերծում, զինաթափում և ձերբակալում են հանցավոր խմբի անդամներին։
Զորավարժությանը մասնակցում էին ՀԱՊԿ անդամ-պետությունների մոտ 350 ծառայող, 49 միավոր տեխնիկա, 3 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր։
«ԳՌՈՄ-2021» համատեղ հատուկ հակաթմրանյութային գործողության ավարտին եզրափակիչ խոսքով հանդես եկան ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը։
«Հարգարժա՛ն Վալերի Անատոլևիչ, հարգելի՛ գեներալներ, ենթասպաներ, սերժանտներ։
Մենք այսօր հետևում էինք համատեղ հատուկ հակաահաբեկչական «ԳՌՈՄ-2121» գործողության վարժանքներին, որի նպատակը ՀԱՊԿ անդամ պետությունների կոլեկտիվ ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների փոխգործակցության ամրապնդումն ու մարտական պատրաստականության մակարդակի բարձրացումն էր։
Մեր գերատեսչությունների հատուկ նշանակության ստորաբաժանումները գործում էին ներդաշնակ ու բարձր պրոֆեսիոնալ մակարդակով. մարտիկները հաշված րոպեների ընթացքում կատարեցին առաջադրված խնդիրը` վնասազերծելով հանցավոր խմբերը և փակելով թմրամիջոցների առաքման ուղիները։
Այսօրվա զորավարժությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ ի զորու ենք մշակել և իրականացնել հանցավորության դեմ արդյունավետ պայքարի փոխհամաձայնեցված մարտավարություն ու ռազմավարություն։
Այսօրվա վարժանքներին մասնակցած ՀԱՊԿ անդամ պետությունների հատուկ նշանակության ստորաբաժանումների սպաներին, ենթասպաներին և սերժանտներին հայտնում եմ իմ շնորհակալությունը` համոզված, որ արդյունավետ համագործակցությունն այսուհետ ևս կշարունակվի ու կխորանա։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ Քարտուղարությանը` զորավարժության կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար»,- իր խոսքում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանը։
«Հարգարժա՛ն Վահե Ռոբերտովիչ, զորավարժության հարգելի՛ մասնակիցներ:
Վարժանքների մտահղացմամբ նախատեսված խնդիրների մշակման ու լուծման ուղղությամբ իրականացված գործողություններն արժանի են բարձր գնահատականի։ Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ հատուկ գործողությունների և ՀԱՊԿ կոլեկտիվ ուժերի համալիր ռազմավարական գործողությունների ընթացքում, զորավարժությունից զորավարժություն, տարեցտարի աճում է օպերատիվ արձագանքման կոլեկտիվ ուժերի կազմի մեջ մտնող հատուկ նշանակության ստորաբաժանումների պրոֆեսիոնալիզմն ու փոխգործակցության կազմակերպումը, ինչը կարևոր ցուցիչ է, որ ունենք բոլոր ուժերն ու միջոցները՝ առաջադրված խնդիրները լուծելու համար։
Այսօր ռազմաքաղաքական իրավիճակը մեր պատասխանատվության գոտում մեզնից պահանջում է առավելագույն պատրաստականություն՝ կազմակերպության անդամ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ռազմական ու ռազմավարական անվտանգության ապահովման գործում։
Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների կողմից մեր առջև խնդիր է դրվել ամրապնդել կոլեկտիվ անվտանգության համակարգը, այդ թվում` կատարելագործել կոլեկտիվ ուժերի պատրաստությունն ու հագեցումը ժամանակակից սպառազինությամբ ու հատուկ տեխնիկայով։ Պետությունների ղեկավարները դրա վերաբերյալ ընդունել են համապատասխան որոշումներ։ Այդ առումով չեմ կարող չնշել այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության վարչապետն ընդգծել է մեր գործունեության այդ ուղղության առաջնահերթությունը՝ կազմակերպությունում ՀՀ նախագահության ողջ ընթացքում։
Ավարտելով խոսքս` ցանկանում եմ ընդգծել կազմակերպչական այն մեծ աշխատանքը, որն իրականացրել են ՀՀ նախարարություններն ու գերատեսչությունները՝ զորավարժության նախապատրաստման և անցկացման ուղղությամբ։
Հատուկ շնորհակալություն ու երախտագիտություն եմ հայտնում ՀՀ ոստիկանության ղեկավարությանը՝ հանձին ոստիկանության պետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանի և ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Մովսիսյանի։
Կրկին խորին շնորհակալություն զորավարժության մասնակիցներին՝ առաջադրված խնդիրների լուծման ուղղությամբ ցուցաբերած ջանադրության համար, ինչն ընդգծվել է բոլոր դիտորդների կողմից»,-իր խոսքում ասաց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Զորավարժության ավարտին աչքի ընկած լավագույն ծառայողները պարգևատրվեցին մեդալներով, կրծքանշաններով ու պատվոգրերով։ Պարգևատրվեցին նաև «ԳՌՈՄ-2021» զորավարժության շրջանակում անցկացված տակտիկական հրաձգության մրցումների հաղթողները։ Մրցումների նպատակը մասնակից երկրների լավագույն հրաձիգներին որոշելն էր, ծառայողների կրակային ու տակտիկական պատրաստականության մակարդակի բարձրացումն ու ծառայողական պարտականությունները կատարելիս զենքի տիրապետման անվտանգության հմտությունների բարելավումը։
14:39 08.06.2025
Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, հունիսի 8-ին՝ ժամը 13:10-18:00-ն, կդադարեցվի Մեծամոր քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
14:17 08.06.2025
Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը. ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այցելեք Գորիս և զգացեք քաղաքի ջերմությունը»: Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է վարչապետը զբոսնում Գորիսում, զրուցում քաղաքացիների հետ: Նիկոլ Փաշինյանին ուղեկցում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
14:01 08.06.2025
Հրդեհ Կառնուտ գյուղում․ տուժածներ չկանՀունիսի 8-ին, ժամը 08:49-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կառնուտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կառնուտ գյուղի Կամոյի խճուղու տներից մեկում գազաբալոնից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի […] ...
13:43 08.06.2025
Գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած գալա համերգով ամփոփվել են Հայաստանում Վրաստանի մշակույթի օրերը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Վրացական հանրահայտ «Էրիսիոնի» ֆոլկ-անսամբլը ներկայացրել է վրացական ավանդական պարերն ու երաժշտությունը։ ...
12:53 08.06.2025
Իսրայելական բանակը Գազայում սպանել է «Մոջահեդների բրիգադների» հրամանատարինԻսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազա քաղաքում «Մոջահեդների բրիգադներ» արմատական խմբավորման հրամանատարի ոչնչացման մասին։ «Իսրայելի պաշտպանության ուժերի և Գազա քաղաքում Ընդհանուր անվտանգության ծառայության համատեղ գործողության ընթացքում վերացվել է ահաբեկիչ Ասադ Աբու Շարայան, որը վերջին տարիներին ղեկավարել է «Մոջահեդների բրիգադներ» ահաբեկչական կազմակերպությունը Գազայի հատվածում», – ասվում է IDF-ի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Գերատեսչությունը հավելել է, […] ...
12:18 08.06.2025
Սիսիանում տեղի է ունեցել «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբՍիսիանում տեղի ունեցավ «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը` լեփ-լեցուն դահլիճով ու մասնակիցների ակտիվ ներգրավվածությամբ: Այդ մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը: Կրթության մասին խոսելը, կրթությունը` որպես նորաձև երևույթ ընկալելը և այն հանրային օրակարգում պահելը այսօր ավելի քան անհրաժեշտություն է։ Եվ եթե կարողանանք կրթվելը իսկապես դարձնել նորաձև, դրանից կշահի ողջ հասարակությունն ու պետությունը։ Եթե դուք […] ...