10:53 17.07.2018
Ցանկացած դատավոր, եթե իր պարտականությունների մեջ թերանում է կամ իր լիազորություններն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում է թույլ տվել, առնվազն նրա նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել և ընդհուպ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, լիազորությունները դադարեցվել: Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում նշել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանն՝ անդրադանալով Բարձրագույն դատական խորհրդի վերջին մի քանի որոշումների վերաբերյալ դատավորների դժգոհություններին, ոլորտի խնդիրներին:
-Պարոն Հարությունյան, մամուլում հրապարակումներ եղան Բարձրագույն դատական խորհրդի վերջին մի քանի որոշումների վերաբերյալ դատավորների դժգոհությունների մասին, ինչպե՞ս եք դրան վերաբերվում:
-Պատասխանս կարող է Ձեզ քիչ շփոթեցնել, սակայն ես դա դրական եմ գնահատում և գտնում եմ, որ դատավորների նման ակտիվությունն արդեն իսկ վկայում է, որ նրանց անկախությունն իրողություն է դառնում: Նախկինում դատավորների անկախության տարաբնույթ դրսևորումները հաճախ ավարտվում էին կարգապահական վարույթներով:
Դրական է նաև այն, որ ուշադրություն է հրավիրվում «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի մի շարք խնդրահարույց դրույթների վրա, որոնք մեր կողմից նույնպես քննարկման առարկա են և արդեն իսկ նախապատրաստվել են մի շարք առաջարկություններ դրանց փոփոխությունների վերաբերյալ:
Սակայն ինչպես ասում են, մեդալն ունի նաև երկրորդ երեսը: Կարծում եմ՝ դժգոհությունները զգալի չափով պայմանավորված են Դատական օրենսգրքով նախատեսված այն վերափոխումներով, որոնք այս 3-4 ամիսների ընթացքում իրականացվում են: Մասնավորապես, նախկինում դատարանների նախագահների նշանակումներն իրականացվում էին, այսպես կոչված, նախապես «համաձայնեցված» մեկ թեկնածու առաջադրելով: Ներկայումս պատկերն արմատապես փոխվել է: Վերջին երեք ամսում Բարձրագույն դատական խորհրդում տարբեր նշանակումների համար որպես թեկնածու քննարկվել և քվեարկվել է շուրջ 300 անձ: Նրանցից ընտրության կամ նշանակման են առաջադրվել 30-ից պակաս հավակնորդներ: 270 դեպքերում քվեարկության մասնակիցները, ովքեր Բարձրագույն դատական խորհրդի 6 և ավելի անդամների ձայները չեն ստացել, գուցե նաեւ այս կամ այն չափով անբավարարության զգացողություն են ունեցել: Ես նրանց նույնպես փորձում եմ հասկանալ, սակայն բարեփոխված ընտրակարգը Սահմանադրության 215-րդ և Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածի 29-րդ մասի պահանջների իրացումով է պայմանավորված, և այդ ահռելի ծավալի աշխատանքները պետք է կատարվեին շատ սեղմ ժամկետներում:
–Դժգոհությունը, որքան տեղեկացած եմ, պայմանավորված է նաև նրանով, որ վերաքննիչ դատարաններում դատավորների առաջխաղացման ցուցակները կազմելիս դրանցում գործող դատավորներից որևէ մեկը չի ընդգրկվել: Արդյո՞ք դա արդարացի է:
-Այս հարցում նույնպես պետք չէ պատասխանը փնտրել սևի ու սպիտակի միջակայքում: Դատական օրենսգրքով առաջին անգամ նախատեսվեց, որ որոշակի պայմանների բավարարող իրավաբան գիտնականները նույնպես կարող են ներառվել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում: Նման նորամուծությունն Օրենսգրքի հեղինակները հիմնավորում են միջազգային փորձով, երբ բարձր դատական ատյաններում մինչև 1/3-ի չափով գիտնականների ներգրավումը էապես նպաստում է արդարադատության արդյունավետության և որակի բարձրացմանը, դատարանի նկատմամբ հանրային վստահության մեծացմանը: Սակայն ես կարծում եմ, որ նման հնարավորությունը պետք է այնպես կանոնակարգվեր, որպեսզի գործող դատավորների համար առաջխաղացման հեռանկարը տեսանելի լիներ: Իմ անձնական կարծիքն այն է, որ Օրենսգրքով պետք է հստակ քվոտա սահմանվի, որ առաջխաղացման ցուցակներում գիտնական անդամները չեն կարող ընդհանուր թվի ½-ից ավելին լինել:
Քանի դեռ մենք ունենք հիշյալ ցուցակների լրացման հնարավորություն, կփորձենք հետագայում այս հանգամանքը հաշվի առնել: Ավելացնեմ նաև, որ ցուցակ կազմելը դեռ դատավոր նշանակել չէ: Պետք է նախ Դատական օրենսգրքի 124-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա այդ ցուցակները մինչև օգոստոսի 1-ը հաստատվեն, իսկ նշանակումների համար հնարավոր առաջադրումները պետք է լինեն 2019-2020 թվականների ընթացքում, երբ հնարավոր կլինեն նաև նոր համալրումներ:
-Տարբեր դատարանների հետ Ձեր հանդիպումների ժամանակ հաճախ է անդրադարձ լինում նաև դատական համակարգում կոռուպցիայի հաղթահարման հիմնախնդրին: Արդյո՞ք հեղափոխությունից հետո այս խնդրի հրատապությունը պահպանվում է:
-Ձեր հարցի պատասխանը կարող է տալ այն հազարավոր նամակների ուսումնասիրությունը, որոնք մենք ստանում ենք տարբեր քաղաքացիներից: Կատարվել է նաև ընդհանուր իրավիճակի առարկայական գնահատում: Ես կոնկրետ տեղեկատվություն չեմ կարող հրապարակել, քանի որ այս պահին դրա իրավասությունը չունեմ, սակայն պետք է փաստեմ, որ խնդիրը դեռևս մտահոգիչ է ու նաև դրա հաղթահարմանն են ուղղված այս ոլորտում իրականացվող բարեփոխումները:
-Իսկ Ձեր կարծիքով Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորների գնահատման չափանիշները հստակ ու թափանցի՞կ են:
– Դատական օրենսգրքի 166-րդ հոդվածի 27-րդ մասը սահմանում է, որ դատավորների առաջին հերթական գնահատումն իրականացվում է 2019 թվականի հունվարի 1-ից 2024 թվականի հունվարի մեկն ընկած ժամանակաշրջանում: Այդ ընթացքում, նաև մշտադիտարկման արդյունքների հիման վրա, կիրականացվի նաեւ կոնկրետ ռեյտինգավորում, որին հետագայում կփորձեմ մանրամասն անդրադառնալ:
Օրենսգրքի 18-րդ գլուխն ամբողջությամբ վերաբերում է դատավորների գործունեության գնահատման կանոնակարգմանը, որտեղ հստակեցված են գնահատման տեսակները, չափանիշները, կարգը և արդյունքների ամփոփման ընթացակարգը:
Միաժամանակ, Օրենսգրքի 139-րդ հոդվածով՝ Բարձրագույն դատական խորհրդին իրավասություն է վերապահվել սահմանել դատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը, անհրաժեշտ տվյալների հավաքման կարգը և այլ մանրամասները: Այդ բոլորի ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն ինտենսիվ տարվում են, և Խորհուրդը համապատասխան որոշումները կընդունի աշնանը ու հետագայում դրանք հիմք կծառայեն դատավորների օբյեկտիվ գնահատումը երաշխավորելու համար:
– Արդյո՞ք կա հնարավորություն ոչ արժանի դատավոր նշանակվելու դեպքում վիճակի շտկման:
-Ցանկացած դատավոր, եթե իր պարտականությունների մեջ թերանում է կամ իր լիազորություններն իրականացնելիս նյութական կամ դատավարական իրավունքի նորմի խախտում է թույլ տվել, առնվազն նրա նկատմամբ կարգապահական վարույթ կարող է հարուցվել և ընդհուպ՝ համապատասխան հիմքերի առկայության դեպքում, լիազորությունները դադարեցվել: Իսկ դատավորի թեկնածուի նշանակման դեպքում հակակշռող կարևոր դերակատարություն ունի Հանրապետության նախագահը, ով օրենքով սահմանված կարգով կարող է առաջադրման վերաբերյալ առարկություն ներկայացնել և չնշանակել:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...