16:53 27.11.2017
Հայաստան-Եվրոմիություն համաձայնագրի դրույթները սահմանում են այնպիսի պայմաններ ու բարեփոխումներ, որոնցով հայկական կողմը կտեղայնացնի եվրոպական կարգեր, որոնք էլ եվրոպացի ներդրողին վստահություն կներշնչեն։ Դրանց թվում են մասնավորապես մրցակցության ապահովումն ու կադրերի պատրաստումը։ Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարի խոսքով՝ սա օգուտներից միայն մեկն է, որ համաձայնագրից կարող է ակնկալել Հայաստանի քաղաքացին։
— Այս տարրերը եվրոպական բիզնեսներին կարող են խրախուսել ավելի շատ ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Այս դրույթները եվրոպական ընկերություններին կարող են խրախուսել ավելի շատ առևտուր անել, որովհետև այդ դրույթները հաստատելու են երաշխիքներ, որ Հայաստանում կիրառվում են բիզնեսի ժամանակակից, ավելի ճիշտ՝ արևմտյան ստանդարտներ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է։ Որևէ բան մի սպասեք վաղ, կամ մյուս օրը։ Բայց ես ավելի քան վստահ եմ, որ այս համաձայնագրի շուրջ բանակցությունների ժամանակ ցուցաբերված համագործակցության ոգին ավելի կընդգծվի կիրառման ընթացքում։ Եւ հավատացած եմ, որ իրական փաստերը ցույց կտան, թե որքան օգտակար է այս համաձայնագիրը Հայաստանի ու Եվրոմիության համար,ինչպես նաև այլ երկրների համար, — հայտարարել է Հայաստանում Եվրոմիության ներկայացուցչության ղեկավարը։
Երևանն այս փաստաթղթի իրագործման դեպքում կարող է նաև կապող օղակ լինել եվրոպական ու եվրասիական տնտեսական կառույցների միջև, քանի որ այստեղ հաշվի են առնված նաև ԵԱՏՄ-ում Հայաստանի պարտավորությունները։ Ավելին, դեսպանի խոսքով՝ եվրոպական կողմը ուրախ կլինի, եթե Հայաստանը կարողանա կապող կամուրջ դառնալ երկու գոտիների միջև։
Նույն տրամաբանության մեջ է Պյոտր Սվիտալսկին ներկայացրել նաև վիզաների հարցը՝ եվրոպացին պետք է վստահ լինի, որ Հայաստանից Եվրոպա եկողը կրում է նույն արժեքները։ Թեև այս պայմանները բավարարելու դեպքում եվրոպական կողմը պատրաստ է անմիջապես ձեռնարկել վիզային ռեժիմի ազատականացում, սակայն դեսպանի խոսքով՝ դրան հասնելու համար երկար աշխատանք է պետք։
— Վիզաների ազատականացումը իրավունք չէ, դա արտոնություն է։ Եվ եվրոպացի քաղաքացիները պետք է իմանան, որ վիզաների ազատականացման ձգտող երկրներն ունեն եվրոպական կողմնորոշում, նրանք հավատում են Եվրոպային, նրանք ուզում են դիտարկվել որպես իսկական եվրոպացիներ, նրանք ուզում են ապրել եվրոպական ստանդարտներով ու նորմերով և նրանք մտածում են ինչպես եվրոպացի, — նշել է դեսպանը։
Սվիտալսկին խոսել է նաև ԵԱՏՄ գծով Հայաստանի հանձնառությունների մասին ու նշել, որ Եվրոմիությունը նման համաձայնագիր ունի նաև Ղազախստանի հետ։ Ու թեև Հայաստանի հետ համաձայնագիրը ավելի ընդգրկուն է, սակայն այն չի խանգարում Հայաստանի եվրասիական հանձնառությունների կատարմանը։ Ավելին, Հայաստանը կարող է կապող կամուրջ լինել, ինչի համար Եվրոմիությունը նույնիսկ ուրախ կլինի։
16:07 24.11.2017
Ռուսական պետական Russia Today ալիքի կայքը, որ համարվում է Ռուսաստանի պետական քարոզչության առացնքներից մեկը, վերլուծություն է թողարկել ԵՄ Արևելյան գործընկերության գագաթաժողովի մասին, որում հիշատակվում է նաև Հայաստանի և Եվրոմիության միջև ստորագրվելիք համաձայնագիրը։
Վերլուծության հիմքում դրված է այն կանխակալ պնդումը, թե այս ծրագիրը՝ Արևելյան գործընկերությունը, չի հաջողվելու, քանի որ ԵՄ անդամ պետություններ ու Արևելյան հարևաններն ունեն հակադիր դիրքորոշումներ։ Առանցքային քարոզչական ուղերձն այն է, թե Եվրոմիությունը մտադիր է հետխորհրդային հարևանների՝ Հայաստանի, Ադրբեջանի ու Բելառուսի հետ ջերմացնել իր հարաբերությունները, բայց ուզում է դա անել հենց հետխորհրդային պետությունների հաշվին, առանց նրանց որևէ կարգավիճակ տալու։
Հայաստանը նույնպես անմասն չի մնացել հոդվածում հիշատակումից։ Այստեղ, սակայն, շեշտը դրված է հայ-ադրբեջանական հակամարտության վրա։ Խնդիրն այն է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետ ստորագրվելու է նաև դրա վերաբերյալ հռչակագիր, որում հիշատակվելու են նաև սահմանային հարցեր։ Արցախյան հակամարտության համատեքստում Հայաստանն ու Ադրբեջանը, բնականաբար, տարբեր դիրքորոշումներ ունեն այս հարցում։ Եվ ձևակերպումների հարցը բանակցությունների թեմա էր մինչև վերջին օրերը։
Հենց սրա վրա են շեշտը դրել ռուսական քարոզչության մասնագետները՝ ակնարկելով, որ եթե համաձայնագրի ստորագրումը կարող է հետաձգվել, եթե կոնսենսուսային ձևակերպումները չգտնվեն։ Հոդվածի հիմնական նպատակն, այսպիսով, համաձայնագրի առաջիկա ստորագրումը կասկածի տակ դնելն է ու դրա նշանակությունը նվաստացնելը։
15:20 17.11.2017
Հայաստանի արտգործնախարարն այսօր անդրադարձել է Եվրոմիության հետ Հայաստանի նոր համաձայնագրի վերաբերյալ ստորագրվելիք հռչակագրի այն կետին, որը վերաբերում է Արցախյան հակամարտությանը։ Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ այս հարցում Ադրբեջանի դիրքորոշման հետ չեն համընկնում ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանրապես միջազգային հանրության դիրքորոշումները։ Սակայն համաձայնագիրն ու դրա վերաբերյալ հռչակագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին, և հարցի վերաբերյալ բանակցությունները դեռ շարունակվում են։
— Եվրոմիության դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մշտապես նույնն է եղել՝ ի աջակցություն եռանախագահող երկրների ջանքերին և մոտեցումներին։ Այնպիսի մոտեցում է, որ վնաս չհասցնեն Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը։ Ինչ վերաբերում է այդ հռչակագրին, ապա բանակցությունները շարունակվում են, և մինչև որ բանակցությունները չեն վերջացել, ինչ-որ բանի մասին այսօր հայտարարելը այդ հայտարարության, հռչակագրի վերաբերյալ դեռ վաղաժամ է․ մի քանի օր դեռ կա, տեսնենք, — նշել է Էդվարդ Նալբանդյանը։