19:40 09.12.2021
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա առիթով անցկացվել է «Կրթության դերը ցեղասպանության ժխտման դեմ պայքարում» վերնագրով առցանց քննարկում, որի ընթացքում ելույթ է ունեցել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը․
«Հարգելի՛ գործընկերներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ողջունում եմ ձեզ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության և Պաշտպանելու պատասխանատվության գլոբալ կենտրոնի կողմից կազմակերպված առցանց քննարկմանը` նվիրված Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվան:
2015 թվականից ի վեր Հայաստանի նախաձեռնությամբ հաստատված Դեկտեմբերի 9-ի միջազգային օրը ծառայում է որպես ներառական հարթակ, որը միավորում է կառավարություններին, միջազգային կազմակերպություններին, ակադեմիական համայնքին և քաղաքացիական հասարակությանը՝ «Այլևս երբեք» խոստումը կատարելուն միտված մեթոդների շուրջ խորհելու նպատակով:
Հայաստանը (հայ ժողովուրդը), որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, երկար տարիներ եղել է միջազգային ասպարեզում այս հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկը և հետևողականորեն ընդգծել է ազգային, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում զանգվածային հանցագործությունների տանող նախազգուշացնող նշանների բացահայտման և դրանց դեմ գործելու կարողությունների հզորացման կարևորությունը:
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Ցեղասպանության կանխարգելման գործիքների շարքում կրթությունն ամենահզոր եզակի գործիքն է, որն արդիական է ինչպես երբևէ, մասնավորապես՝ ապատեղեկատվության, հրահրող հռետորաբանության և ատելության խոսքի միտումների անհանգստացնող աճի ֆոնին:
2018 թվականի դեկտեմբերի 9-ից 11-ը Հայաստանում տեղի ունեցավ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 3-րդ գլոբալ ֆորումը, որը նվիրված էր կրթության, մշակույթի և թանգարանների միջոցով ցեղասպանության կանխարգելմանը։ Այս ֆորումի կարևորագույն նպատակներից էր ուսումնասիրել ցեղասպանությունների կանխարգելման հիմնախնդիրները կրթության և գիտության միջոցով, բարձրացնել իրազեկվածությունը ցեղասպանության մասին կրթության մարտահրավերների վերաբերյալ և քննարկել ձեռնարկվելիք քայլերն ու արդյունավետ մեթոդներն այդ մարտահրավերներին դիմակայելու համար:
Նախկինում իրագործված ցեղասպանությունների վերաբերյալ ուսուցման կարևորությունն ընդգծվել է նաև ցեղասպանությունների կանխարգելման մասին Հայաստանի կողմից ներկայացված և Մարդու իրավունքների խորհրդի կողմից 2020թ․ հունիսին միաձայն ընդունված բանաձևում։ Բանաձևում ընդգծվում է նախկինում իրագործված ցեղասպանություններին առնչվող ապացույցների և արխիվային նյութերի պահպանման անհրաժեշտությունը, արտահայտում է ժամանակակից աշխարհում այս խնդրի հետ կապված զարգացումները և համահունչ է ՄԱԿ-ի կողմից սահմանված առաջնահերթություններին։ Այսպիսով, հղում անելով ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին՝ փաստաթղթում ընդգծվում է, որ դրա չորրորդ նպատակին պետք է հասնել անցյալում իրականացված ցեղասպանությունների մասին ուսուցման միջոցով։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Հիմնական պատճառներից մեկը, որը հանգեցնում է ցեղասպանության, ինչպես նաև մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների, անպատժելիությունն է։ Նախկինում իրագործված ցեղասպանությունների ոչ պատշաճ դատապարտումը և պատժից խուսափելը պարարտ հող են ստեղծում ցեղասպանության ժխտման և արդարացման համար, և, ի վերջո, զանգվածային վայրագությունների կրկնության համար:
Հայ ժողովուրդը վաղուց է առճակատվում ցեղասպանական գործընթացի վերջին փուլի` ցեղասպանության ժխտման հետ, որը դրսևորվում է բազմաթիվ ձևերով՝ առաջին հերթին պատմական ապացույցները և ցեղասպանական ջանքերի մասշտաբները թաքցնող նարատիվների, իրավական մանիպուլյացիաների, զոհերին մեղադրելով, նսեմացնելով նրանց տառապանքները, պաշտպանելով և նույնիսկ փառաբանելով հանցագործներին և դրանով իսկ ձգտելով ստեղծել մի մթնոլորտ, որը կվախեցնի և կլռեցնի վերապրածներին սերունդներ շարունակ:
Ժխտողականները կանգ չեն առնում ոչ մի բանի առաջ՝ խլելով զոհերի արժանապատվությունը և զրկելով նրանց պատմական հիշողության մեջ իրենց արժանի տեղից։ Ճշմարտության դեմ նման նպատակաուղղված հարձակումը, անկասկած, ցեղասպանության վերջնական դրսևորումն է` կրկնակի սպանություն․ ինչպես բացատրել է Հոլոքոստը վերապրած Նոբելյան մրցանակակիր Էլի Վիզելը, քանի որ եթե ցեղասպանության զոհերը մոռացության մատնվեն, «մահացածները կսպանվեն երկրորդ անգամ»:
Անկասկած, անպատժելիության և ժխտողականության դեմ պայքարելու համար ցեղասպանության կանխարգելման օրակարգի կողմնակիցները պետք է ուշադրություն դարձնեն Հայկական հարցին: Արդեն ավելի քան մեկ դար է, ինչ Հայոց ցեղասպանությունը վերապրածների, նրանց ժառանգների և իրավապաշտպանների միջազգային հանրությանը բաժին է ընկել ցեղասպանության հիշատակը վառ պահելու պատասխանատվությունը՝ հետամուտ լինելով ճշմարտության ճանաչմանը և դրա պատշաճ ներկայացմանը կրթական և մշակութային ոլորտներում:
Պատմությունը և ներկա փորձը ցույց են տալիս, որ այն երկրները, որոնք ժխտողական քաղաքականությունը հասցրել են պետական գաղափարախոսության մակարդակի, երբեք չեն կարողանա իրական ժողովրդավարություն կառուցել, քանի որ չեն կարող ապահովել խոսքի ազատությունը, հավաքների ազատությունը, փոքրամասնությունների պաշտպանությունը և այլ հիմնարար իրավունքներ։ Այսպիսով, ցեղասպանության հանցագործության ճանաչումը հենց այդ երկրների կողմից հիմք է հանդիսանում ժողովրդավարության հետագա զարգացման և մարդու իրավունքների խթանման ու ամրապնդման համար։
Հարգելի՛ գործընկերներ,
Ցեղասպանությունը և զանգվածային այլ վայրագությունները սովորաբար նախապես ծրագրված են և իրականացվում են խաղաղ բնակչությանը թիրախավորելու, մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման և ծայրահեղ ատելություն տարածելու միջոցով: Այս բոլոր գործողություններն իրականացվել են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական ագրեսիայի ժամանակ, որը ծրագրել և իրականացրել է Ադրբեջանը՝ Թուրքիայի քաղաքական և ռազմական լիարժեք աջակցությամբ և օտարերկրյա վարձկանների և ահաբեկիչների ներգրավմամբ։ Այսպիսով, զանգվածային վայրագությունների նոր զոհերով, հայ ժողովուրդը կրկին ենթարկվեց էկզիստենցիալ սպառնալիքի։
Այդուհանդերձ, ինչպես իրենց նախնիները, նրանց էլ վիճակված է այդ վտանգին դիմակայել և այն հաղթահարել առավել մեծ վճռականությամբ՝ իրենց ինքնությունը պահպանելու և մարդասիրությունն ի շահ մարդկության ծառայեցնելու նպատակով։
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Որպես միջազգային հանրության անդամ՝ Հայաստանն իրապես հավատարիմ է ցեղասպանության կանխարգելման համաշխարհային ջանքերին: Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների վերաբերյալ արդյունավետ ուսուցմանը և կրթությանն ուղղված հավաքական ջանքերը կարող են դառնալ նմանատիպ գործողությունների կանխարգելման հիմնական բաղադրիչ։
Շնորհակալ եմ»։
16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին16:42 03.08.2025
Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...
16:21 03.08.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ըԵրևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...
16:00 03.08.2025
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել ԳազանԻսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...
15:33 03.08.2025
ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունըՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...
15:00 03.08.2025
Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhoneUFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...
14:55 03.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...