16:14 09.06.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը մասնավորապես նշել է.
«Հարգելի Սերգեյ Վիկտորի
Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել:
Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են, և, իհարկե, դա ենթադրում է, որ երկկողմ այցերի ինտենսիվությունն ու շփումները պետք է բավական բարձր լինեն, ու մենք դա տեսնում ենք: Մեր հարաբերությունների օրակարգը շատ լայն է ու բազմակողմ. դա և՛ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր են, և՛ տարածաշրջանային, միջազգային հարցեր: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն կլինի քննարկել մեր հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Այս պահին մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ: Մենք, իհարկե, Ռուսաստանի հետ բավական ինտենսիվորեն քննարկում ենք այդ հարցը, այլ հարցեր ևս: Օրինակ՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը. վերջերս Մոսկվայում կայացավ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետների գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Հուսով եմ՝ մոտ ապագայում կհաջողվի կոնկրետ համաձայնությունների գալ և լուծել ռազմավարական կարևորություն ունեցող այդ հարցը՝ ի շահ ողջ տարածաշրջանի, հանուն կայունության և խաղաղության:
Շատ կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգը: Գիտեք, որ վերջերս կայացավ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ աշխատանքային հանձնաժողովի առաջին հանդիպումը: Արդեն պլանավորված է, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, և երրորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում: Այս համատեքստում ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, որպեսզի այս գործընթացը տեղի ունենա ու ընթանա բնական ճանապարհով և լինի արդյունավետ:
Ցանկանում եմ նաև նշել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի հարցը, որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Այս հարցում ևս ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, որպեսզի այս հումանիտար հարցը վերջապես ամբողջական լուծում ստանա:
Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր արգասաբեր բանակցություններ կունենանք»:
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է.
«Հարգելի Նիկոլ Վովայի
Շատ շնորհակալություն Հայաստանի Հանրապետություն մեր հագեցած այցի շրջանակում Ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար: Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն ամենաջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքներն է հղում Ձեզ և վերահաստատում հանձնառությունն բոլոր այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ձեր շփումների ընթացքում՝ հատկապես այս տարվա ապրիլին Ռուսաստանի Դաշնություն Ձեր պաշտոնական այցի շրջանակում: Դուք նաև հանդիպում եք ունեցել Մոսկվայում՝ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում, բազմիցս հեռախոսազրույցներ եք ունեցել:
Մենք հավատարիմ ենք բոլոր այն որոշումներին, որոնք նպատակաուղղված են մեր ռազմավարական գործընկերության, դաշնակցային գործակցության խորացմանը և ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Այսօր մենք Արարատ Սամվելիի հետ մանրամասն քննարկել ենք, թե դուք՝ բարձրագույն մակարդակով ինչ խնդիրներ եք մեր առջև դրել, և գիտեմ, որ Տնտեսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ևս այդ աշխատանքն առաջնահերթությունների շարքում է:
Բայց, անկասկած, հարգելի Նիկոլ Վովայի, ինչպես և նշեցիք, տարածաշրջանային հարցերը հիմա առանձնահատուկ ուշադրության են արժանի: 2020 թվականի նոյեմբերի, 2021 թվականի հունվարի և նոյեմբերի եռակողմ հայտարարությունների իրականացումը մեր առաջնահերթությունն է: Մենք նպատակադրված ենք, որ այնտեղ ամրագրված բոլոր ուղղություններն ու գործողությունները՝ միտված տարածաշրջանում իրավիճակի ամբողջական նորմալացմանը, բոլոր խնդիրների, ներառյալ հումանիտար հարցերի կարգավորմանը, լուծվեն ամենասեղմ ժամկետներում: Ինչպես և Դուք հիշատակեցիք, փոխվարչապետների մակարդակով գործող՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խումբը գտնվում է վերջնական պայմանավորվածությունների կոնկրետ ասպեկտների համաձայնեցման առաջանցիկ փուլում: Քննարկել ենք, թե լրացուցիչ ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, և Ձեզ կզեկուցենք այդ մասին:
Նույնը վերաբերում է նաև դելիմիտացիային: Ողջունում ենք երկու՝ և՛ ձեր, և՛ ադրբեջանական հանձնաժողովների աշխատանքի մեկնարկը: Հիմնադիր նիստը, հանդիպումը կայացավ, և մենք դա շատ կարևոր ենք համարում: Կսկսենք արդեն պատրաստվել Մոսկվայում հանդիպմանը՝ ռուսաստանյան ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք, ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, խորհրդատվական ծառայություններ կտրամադրեն, ներառյալ քարտեզագրական նյութեր:
Ընդհանուր առմամբ մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լիովին կարգավորվեն: Իհարկե, ծանոթ ենք առաջարկություններին, որոնք Ադրբեջանն է ներկայացրել այդ համատեքստում, ծանոթ ենք նաև ձեր դիրքորոշումներին, որ գրավոր եք ներկայացրել, և Ռուսաստանը պատրաստ կլինի ձեռնարկել հնարավոր ամեն ինչ՝ փոխադարձ համաձայնության հասնելու ուղղությամբ: Եվ, ինչպես արդեն ասացի, նպատակադրված ենք առանց բացառության բոլոր պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը: Մեզ համար առանձնահատուկ կարևոր է, որ հնարավորություն ունենք այսօր լսելու Ձեր գնահատականները և ևս մեկ անգամ շնորհակալություն այս հանդիպման համար»:
Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը, տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացին վերաբերող հարցեր:
ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերակատարումը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև գիտակրթական, մշակութային կապերի զարգացման շուրջ: Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել հայկական կողմի վերաբերմունքն ու հյուրընկալությունը վերջին շրջանում Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիների նկատմամբ:
16:16 21.06.2025
Նարեկ Մկրտչյանը Միխեիլ Սարջվելաձեի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Երևանում հանդիպում է ունեցել Վրաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից ներքին տեղահանված անձանց, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Միխեիլ Սարջվելաձեի հետ։ Վրաստանի նախարարը Հայաստան էր ժամանել՝ մասնակցելու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովին։ Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են աշխատանքի և սոցիալական […] ...
16:00 21.06.2025
«Ֆլամենգոն» հաղթել է «Չելսիին» և ապահովել տեղը փլեյ-օֆֆումԲրազիլական «Ֆլամենգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում երկրորդ հաղթանակն է տարել և առաջին թիմն է մրցաշարում, որն ապահովել է տեղը փլեյ-օֆֆում: Ֆիլիպե Լուիսի գլխավորած թիմը D խմբի երկրորդ տուրում 3-1 հաշվով կամային հաղթանակի է հասել Լոնդոնի «Չելսիի» հետ պայքարում: Անգլիական թիմը 68-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. կոպիտ խախտման համար կարմիր քարտ էր ստացել սենեգալցի […] ...
15:45 21.06.2025
Ինչպե՞ս կազդի Իրան-Իսրայել հակամարտությունը Հայաստանի վրա. Հեռանկար բանավեճ«Առյուծների ազգ» ու «Ճշմարիտ պատասխան»: Այս անունները կրող Իսրայելի ու Իրանի ռազմական օպերացիաները ուղղակի ազդում են նաև Հայաստանի վրա: Ի՞նչ զարգացումների կարող ենք սպասել: Ճի՞շտ է արդյոք պահպանել ընդգծված չեզոքություն, թե՞ հարևանին աջակություն է պետք ցուցաբերել: Կարո՞ղ է արդյոք Ադրբեջանը օգտվել իրավիճակից Սյունիքում ինտերվենցիայի համար: Այս թեմայով իրենց կարծիքն են հայտնել իրանագետներ Արմեն Պետրոսյանը և […] ...
15:30 21.06.2025
Երևանում բախվել են «Mercedes»-ը, «Opel»-ն ու «Subaru»-ն. կա տուժածԱյսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Շիրակի փողոցում՝ ձիարշավարանի հարևանությամբ, բախվել են «Mercedes», «Subaru» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով «Subaru»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:14 21.06.2025
Խոակին Կապառոսն ընտրվել է «Սևիլիայի» պատվավոր նախագահՀայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ: Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր: Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, […] ...