Ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում. վարչապետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+12.09 oC

Ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում. վարչապետ

13:07 29.09.2022

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում իրականացված ագրեսիվ գործողություններին: Ստորև ներկայացվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքի սղագրությունն ամբողջությամբ.

«Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:

Սկսում ենք կառավարության՝ 2022 թվականի սեպտեմբերի 29-ի հերթական նիստի աշխատանքները:

Տեղյակ եք, անշուշտ, հարգելի գործընկերներ, երեկ Հայաստան-Ադրբեջան սահմանի հարավ-արևելյան հատվածում Ադրբեջանի զինված ուժերը հերթական սադրանքն են իրականացրել և ինժեներական աշխատանքներ իրականացնող մեր ստորաբաժանման ուղղությամբ հարվածներ են հասցրել: Սա ադրբեջանական ագրեսիայի հերթական դրսևորումն է: Ընդ որում, պիտի արձանագրեմ, որ ինժեներական աշխատանքներն իրականացվելիս են եղել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում: Սա ագրեսիվ գործողությունների և ագրեսիայի շարունակությունն է. Հայաստանի տարածքն օկուպացված է, և մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն Հայաստանի Հանրապետության տարածքից:

Նաև ուզում եմ այսպիսի մեկ նրբության մասին ընդգծել. տեղյակ եք, որ մենք Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթաց ենք սկսել, և Ադրբեջանը նման սադրանքներով պարզապես փորձում է այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն չունենա իրականացնել Զինված ուժերի բարեփոխումները: Նաև տեղյակ եք, որ բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով, որտեղ, հնարավոր է, նրանք փորձում են այնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի: Մենք դեպքեր ունենք, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից: Սա, իհարկե, ցավալի իրողություն է, և մենք խորապես պետք է վերլուծենք այս իրադրությունը:

Բայց ամեն դեպքում ուզում եմ ընդգծել նաև, որ մենք պիտի խորապես արձանագրենք և հասկանանք ևս մեկ բան՝ այս ամենը տեղի է ունենում հեռահար կամ գուցե ոչ հեռահար մեկ նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, մենք հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մենք մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ ի հեճուկս բոլոր գործոնների, մենք վճռական ենք մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու գործում: Եվ փառք բոլոր այն հերոսներին, ովքեր կանգնած են Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանության դիրքերում:

Պիտի նաև իմանաք, որ մենք շատ ակտիվ աշխատանք ենք իրականացնում միջազգային բոլոր հնարավոր գործընկերների հետ: Իհարկե, որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ՝ մենք ականջալուր ենք, ընդունում ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական, խաղաղ ճանապարհով: Բայց, ինչպես տեսնում ենք նաև, Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների, և այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը և կարծում ենք, որ լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը՝ կլինի դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության:

Ամեն դեպքում, ես ուզում եմ ընդգծել նաև կառավարության նիստում, որ այս ամենի նպատակներից մեկը Հայաստանին բնականոն կյանքի ցիկլից դուրս բերելն է: Իհարկե, հասկանալի է, որ նման պայմաններում կյանքը բնականոն համարել չի կարելի: Հասկանալի է, որ բոլորը՝ սկսած կառավարության անդամներից շարունակած ամբողջ հանրությամբ, լարվածությամբ անընդհատ սպասում են լուրերի, և ամեն մի լուր, ամեն մի այդպիսի ահազանգ բոլորին շեղում է իրենց կյանքի բնականոն ցիկլից, աշխատանքի բնականոն ցիկլից, և սա հասկանալի է: Այլ կերպ լինել չի էլ կարող: Բայց ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա, որ այո, այդ դառնությամբ, այդ կսկիծով մեզնից յուրաքանչյուրը պետք է գերկենտրոնացած լինի իր ամենօրյա աշխատանքի վրա, որովհետև դա չափազանց կարևոր է: Մեր պաշտպանունակության համար երկրի զարգացումն ընդհանուր առմամբ, տնտեսության բնականոն աշխատանքը, համակարգերի բնականոն աշխատանքը չափազանց կարևոր է և անկյունքարային նշանակություն ունի: Եվ որքան էլ դառն է, ես այդ կոչով և խնդրանքով, հորդորով պիտի դիմեմ բոլորին, որպեսզի մենք այս հանգամանքի մասին չմոռանանք:

Ամեն դեպքում, իհարկե, մեր ուժային կառույցները, հատուկ ծառայությունները, Անվտանգության խորհուրդը, մեր դիվանագիտական ծառայություններն անընդհատ աշխատում են այս թեմայի վրա, և մենք պետք է շարունակենք մեր քաղաքական ասելիքը բարձրաձայնելու, ձևակերպելու և նաև մեր առաջարկած օրակարգն իրագործելու ուղղությամբ: Մենք պետք է հստակ արձանագրենք, մեր հանրությունը պիտի իմանա՝ մեր ռազմավարական մոտեցումն է, որ մենք մեր անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը պետք է հետևողականորեն և սկզբունքայնորեն պաշտպանենք:

Պիտի նաև արձանագրեմ՝ ինձ համար ակնհայտ է, որ մենք 3 հիմնական ռազմավարական ուղղություններով պետք է շարժվենք: Իհարկե, 3 ուղղությունները չեն բացառում մյուսները, բայց 3 ուղղություն ես ուզում եմ շեշտել: Առաջինը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք Հայաստանի շուրջ տևական խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Երկրորդը՝ մենք հետևողականորեն պետք է շարունակենք կրթության ոլորտում մեր բարեփոխումները, և կրթության ոլորտում մեզ պետք են էական, խոշոր պետական ներդրումներ: Եվ հաջորդը՝ Հայաստանի Զինված ուժերի, բանակի հետևողական բարեփոխումներ: Այս 3 օրակարգային առաջնահերթությունները պիտի դառնան այն լոկոմոտիվը, որով մենք պետք է առաջնորդենք մեր երկիրն այս, թույլ տվեք ասել, համաշխարհային փոթորիկի մեջ, որովհետև, ցավոք, մենք ապրում ենք ժամանակներում, երբ տեսնում եք, թե ինչ է կատարվում աշխարհում:

Ես ուզում եմ հստակ արձանագրել, չնայած դրա մասին խոսել ենք, թե ինչ է կատարվում այսօր աշխարհում: Դետալների մասին, իհարկե, լուրերով բոլորս գիտենք: Լուրերով, աշխատանքային տեղեկատվությամբ: Բայց տեղի է ունենում հետևյալը, և ես չափազանցություն չեմ համարի այն, ինչ հիմա կասեմ. ըստ էության՝ աշխարհակարգը կամ, եթե ժողովրդական լեզվով ասենք, աշխարհը բոլորիս աչքի առաջ փլուզվում է: Սրանում ոչ մի չափազանցություն չկա: Եվ մենք պետք է աշխատենք այս իրողության արձանագրմամբ:

Այսօր, ըստ էության, ես կասեմ, որ գոնե եվրասիական տարածաշրջանում չկա մի երկիր և պետություն, որ այս ցնցումից հարվածի իր բաժինը չի ստանալու: Եվ մենք այս փլուզման գործընթացի մեջ պետք է լինենք կրկնակի ճկուն, կրկնակի ինտելեկտուալ, կրկնակի դիմադրողական, որպեսզի կարողանանք մեր երկիրը, ինչպես նախկինում ասել եմ, այս փոթորկված օվկիանոսի միջով անցկացնելով, հասցնենք խաղաղ նավահանգիստ: Սրա համար մեզ պետք է հատուկ կամք, հատուկ իմաստություն, հատուկ աշխատասիրություն, հատուկ հետևողականություն: Մենք, այնուամենայնիվ, պետք է նորից անդրադառնանք մտածողության այն բանաձևերին, որոնցով առաջնորդվել ենք. ես նկատի ունեմ, որպես պետություն և որպես ժողովուրդ: Մենք պետք է վերստուգենք այդ բանաձևերը և համոզվենք դրանց կենսունակության մեջ: Եթե չհամոզվենք կենսունակության մեջ, ուրեմն պետք է այդ բանաձևերում անել որոշակի սրբագրումներ մեր երկրի կենսունակությունը, դիմադրողականությունը և հարատևությունն ապահովելու համար:

Այսքանը՝ որպես նախաբան: Եթե դիտարկումներ կան թեմայի վերաբերյալ: Համեցեք, պարոն Քերոբյան:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյան – Հարգելի պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ուզում եմ հիշեցնել, որ արդեն առաջին 8 ամսվա տնտեսական տվյալները հայտնի են, և Հայաստանն ունի բավական բարձր տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 13.9 տոկոս, իսկ օգոստոս ամսին եղել է 18.4 տոկոս: Մենք տեսնում ենք, որ ընկերությունները, իհարկե, որոշակիորեն ճշգրտում են պլանները, բայց մենք ամեն կերպ փորձում ենք իրենց քաջալերել, որպեսզի չշեղվեն իրենց թե՛ ներդրումային, թե՛ գործառնական պլաններից և ամբողջ ուժով շարունակեն աշխատել, որպեսզի կարողանան իրենց ներդրումը կատարել մեր տնտեսական հզորացման, և հետևաբար, նաև ընդհանուր հզորացման գործում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Համաձայն եմ, պարոն Քերոբյան, ես իրականում մի քիչ այլաբանորեն, բայց նաև հենց դա նկատի ունեի, որ այո, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր տնտեսության բնականոն գործունեությունն ապահովենք: Դա կարևոր առաջնահերթություն է մեզ համար: Մինչև հիմա դա հաջողվում է, և ես համոզված եմ՝ այսուհետ ևս կհաջողվի, եթե մենք առաջնորդվենք այն բանաձևերով, որոնց մասին ասացի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

22:42 30.04.2025

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

Ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

22:31 30.04.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

22:19 30.04.2025

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

Արդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

21:54 30.04.2025

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...

BACK_TO_TOP