12:48 16.08.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 14-ին ելույթ է ունեցել Անվտանգության խորհրդի նիստում: Բակո Սահակյանի ելույթը ներկայացնում ենք ամբողջությամբ.
«Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ, ներկաներ,
Ինչպես գիտեք, ես անց եմ կացրել մի շարք խորհրդակցություններ և հանդիպումներ քաղաքական, հասարակական հատվածների, տարբեր ոլորտների ու կազմակերպությունների ներկայացուցիչների հետ մեր երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների շուրջ: Նման խորհրդակցությունները պահանջված էին և հրատապ:
Քննարկումներն անցել են անմիջական ու փոխադարձ հարգանքի մթնոլորտում և թույլ են տվել ևս մեկ անգամ հստակեցնել կարևորագույն հարցերի շուրջ տարբեր խավերի և քաղաքական ուժերի մոտեցումներն ու տեսակետները:
Հասարակությունը դինամիկ համակարգ է և անընդհատ ենթարկվում է փոփոխությունների: Դա օբյեկտիվ գործընթաց է, որը բնորոշ է բոլոր պետություններին ու երկրներին: Բայց թե ինչպե՞ս կընթանան այդ փոփոխությունները, կախված են տարբեր գործոններից:
Մենք իրավունք չունենք վայրկյան անգամ մոռացության մատնելու այն ծանր ճանապարհը, որ անցել ենք վերջին երեք տասնամյակների ընթացքում, այն գինը, որ վճարել ենք մեր ազգային-ազատագրական պայքարում և այն հանգամանքը, որ առ այսօր մեր առջև ծառացած են բարդագույն խնդիրներ, առաջին հերթին՝ կապված Արցախի անվտանգության ապահովման և մեր զինված ուժերի պաշտպանունակության բարձր աստիճանի պահպանման հետ:
Փոփոխություններն անհրաժեշտ են և անխուսափելի, բայց դրանք պետք է իրականացվեն ունեցած դրականը պահպանելու, զարգացնելու և կատարելագործելու ճանապարհով: Մենք չենք կարող դեմ լինել բարեփոխումներին, սակայն իրավիճակը, որի մեջ հայտնվել ենք, պարտավորեցնում է մեզ լինել ավելի զգոն: Կարծում եմ՝ բոլորիս համար պարզ է, թե ինչ ճակատագրի կարժանանա անկայունության մեջ հայտնված Արցախը, և ինչ հետևանքներ դա կունենա համայն հայության, հայոց անկախ պետականության համար:
Իհարկե, կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, սակայն այդ խնդիրների լուծումը պահանջում է համակարգված, քրտնաջան աշխատանք և կայուն մթնոլորտ:
Միայն պատասխանատու մոտեցումը, իրականության խոր ընկալումը կարող է դառնալ այն ուղենիշը, որը մեր երկիրը կտանի ճիշտ ճանապարհով: Ե՛վ մեր սեփական պատմությունը, ե՛ւ այլ պետությունների փորձը ցույց են տվել, որ դա է լավագույն տարբերակը կայուն զարգացում ապահովելու համար:
Գոհունակությամբ ուզում եմ նշել, որ թեպետ տարբեր քաղաքական ուժեր, կազմակերպություններ, անհատներ տարբեր հարցերի շուրջ ունեն իրենց կարծիքները և մոտեցումները, սակայն այնպիսի գաղափարներ, ինչպիսիք են երկրում կայունության պահպանումը, օրենքի գերիշխանության ապահովումը, հանրության երկպառակտման անթույլատրելիությունը, ոչ կառուցողական, թշնամություն ու ատելություն սերմանող պահվածքի և գործելաոճի անընդունելիությունը կարևոր հրամայականներ են ողջամիտ քաղաքական և հասարակական շրջանակների, ուժերի և անհատների համար: Եվ նման տեսլական ունի մեր ժողովրդի, հասարակության գերակշիռ մեծամասնությունը:
Օգտվելով առիթից՝ կրկին ուզում եմ երախտագիտություն հայտնել մեր ժողովրդին, հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչներին բարձր գիտակցության, խոհեմության և ողջամտության համար:
Հարգելի՛ գործընկերներ,
Բարեփոխումների շրջանակներում մենք շարունակելու ենք կարևոր քայլեր ձեռնարկել պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում:
Առաջնային ուղղություններից եղել և մնում է անվտանգության ու բանակաշինության ոլորտը: Այստեղ շարունակելու ենք ծավալուն աշխատանքներ իրականացնել առաջնագծի ամրապնդման, զինված ուժերի մարտունակության բարձրացման, բանակը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
Մենք բազմիցս նշել ենք, որ մեր անվտանգության կարևորագույն հիմքերից է հասարակության համախմբվածության բարձր աստիճանը, որի երաշխիքներից է երկրում սոցիալական արդարության ապահովումը: Այս ուղղությամբ անցած տարիների ընթացքում կատարվել է զգալի աշխատանք: Դրա օրինակ է հանդիսանում այն կարևոր հանգամանքը, որ մեզ ի սկզբանե հաջողվել է վերացնել կոռուպցիոն դրսևորումները ուժային կառույցներում, դատական համակարգում և բոլոր առանցքային օղակներում ու պետական կառավարման մարմիններում: Եվ այդ քաղաքականությունը կլինի շարունակական՝ հաշվի առնելով նոր ժամանակների պահանջներն ու հասարակության սպասելիքները:
Ազգային-ազատագրական պայքարի արդյունքում, մեծ զոհաբերությունների գնով ստեղծված ժողովրդավարական երկրում չպետք է լինեն յուրայիններ: Սոցիալական անարդարության, անպատժելիության դրսևորման առանձին դեպքերը և այլ բացասական երևույթներ կարժանանան համարժեք գնահատականի:
Արցախի անվտանգությունը բացառիկ արժեք է համայն հայության համար, և բոլորիս պարտքն է անել հնարավորը այն միշտ բարձր պահելու համար:
Հաշվի առնելով ժամանակի հրամայականները՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան շտկումներ կատարել նաև պետական կառավարման համակարգում: Նախատեսվում է իրականացնել համապարփակ և բազմակողմանի մշակված աշխատանքներ կառավարման համակարգի օպտիմալացման ու պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով:
Տեղական ինքնակառավարման համակարգում կձեռնարկվեն բարեփոխումներ՝ ուղղված իրավական դաշտը Արցախի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանեցնելուն, մարմինների ղեկավար¬ման կարողությունների ու մոտեցումների զարգացմանը և գործունեության արդյունավետության ու հանրության առջև հաշվետվողականության բարձրացմանը: Այս առումով կարևորվում են «Տեղական ինքնակառավարման մասին», «Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքների և Ընտրական օրենսգրքի մշակումն ու ընդունումը՝ լայն հանրային քննարկումների կազմակերպմամբ և համապարփակ որոշումների կայացմամբ:
Կարևոր ռազմավարական ծրագրեր կիրականացնենք տնտեսության զարգացման տարբեր ոլորտներում: Մասնավորապես, ավելի ընդգծված ուշադրություն կդարձվի բնակչության բնակարանային խնդիրների լուծմանը: Նախատեսվում է բարձրացնել հիփոթեքային ծրագրերի արդյունավետությունն ու մատչելիությունը, ինչը կիրականացվի գերազանցապես բնակարանաշինության ծրագրերի խթանմամբ:
Մեր սոցիալ-տնտեսական հայեցակարգում հատուկ տեղ է զբաղեցնում սահմանամերձ բնակավայրերի զարգացումը, որը նաև հանրապետության անվտանգության կարևոր բաղադրամասերից մեկն է: Այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվել են ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր, մասնավորապես՝ Մատաղիսում, Թալիշում և այլ շրջաններում: Այդ աշխատանքները կրելու են շարունակական բնույթ, ինչի մասին են վկայում արդեն իսկ մեկնարկած մի շարք նոր նախագծերը:
Ես բազմիցս նշել եմ, որ մեր երկրի ամենամեծ հարստությունը մեր ժողովրդի մտավոր ներուժն է, և այսուհետ ևս կրթության ոլորտը կլինի պետության հատուկ ուշադրության կենտրոնում:
Նախատեսվում է իրականացնել տարբեր ռազմավարական ծրագրեր նախադպրոցական, դպրոցական և բարձրագույն կրթության համակարգում: Շարունակվելու են դպրոցաշինության, կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավման, ուսուցիչների և դասախոսների սոցիալական խնդիրների լուծման գործընթացները:
Կարևորագույն խնդիրներ են նախատեսվում լուծել առողջապահության համակարգում: Այստեղ առաջնահերթ կլինի առողջապահական ծառայությունների որակի և մատչելիության մակարդակի բարձրացումը:
Նախատեսված է իրականացնել մի շարք համալիր ծրագրեր, մասնավորապես` տարբեր հիվանդությունների վաղ շրջանում հայտնաբերման և կանխարգելման, բուժհաստատությունների շենքային պայմանների բարելավման, տեխնիկական հագեցվածության ապահովման, հիվանդանոցային ցանցի արդիականացման, ախտորոշման և բուժման նոր մեթոդների ու տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ:
Հատուկ ուշադրություն կդարձվի փոքր և միջին ձեռներեցության զարգացմանը: Այս ուղղությամբ հարկային ոլորտում կիրականացվեն բարեփոխումներ՝ ուղղված փոքր սուբյեկտների հարկային բեռի թեթևացմանը, հարկային վարչարարության մեղմացմանն ու պարզեցմանը, գործարարների համար տնտեսական ազատությունների ընդլայնմանը, մրցակցային պայմանների բարելավմանը, պետական աջակցության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը:
Այս բոլոր խնդիրների լուծման գործում հատուկ տեղ է զբաղեցնում կադրային քաղաքականությունը, որտեղ նույնպես կշարունակվեն բարեփոխումները: Կադրերի հետ տարվող աշխատանքը, իրենց վստահված ոլորտների նկատմամբ պատասխանատվության աստիճանի բարձրացումը, պաշտոնեական գործառույթների իրականացման վերահսկողությունը կլինեն մշտական:
Խոսելով անելիքների մասին՝ ուզում եմ հատուկ ընդգծել նաև, որ ավելի մեծ ուշադրություն կհատկացվի պետական ծախսերի թափանցիկության բարձրացման ու հանրային հնչեղություն ունեցող խնդիրներին, մասնավորապես, պետական ավտոպարկի օպտիմալացմանը:
Մեր տնտեսության և քաղաքացիների համար ամենահրատապ խնդիրների շարքին է դասվում բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Անհրաժեշտ է լինելու լուրջ քայլեր ձեռնարկել այդ ծառայությունների որակը բարձրացնելու և քաղաքացիների համար դրանք հարմար դարձնելու ուղղությամբ: Դա վերաբերում է ե՛ւ հանրային, ե՛ւ մասնավոր հատվածներին:
Հարգելի՛ ներկաներ,
Ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացները քաղաքական օրակարգ են բերել հանրային խորհրդի ստեղծման հարցը:
Կարևորելով մեր հանրապետությունում հասարակական-քաղաքական երկխոսության շարունակական խթանման անհրաժեշտությունը՝ ներկայումս ընթանում են աշխատանքներ նման խորհրդի ձևավորման, մասնավորապես, դրա կարգավիճակի, խնդիրների ու գործառույթների հստակեցման ուղղությամբ:
Նախատեսվում է, որ Հանրային խորհուրդը լինելու է Սահմանադրության 93-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն Արցախի Հանրապետության Նախագահի հրամանագրով կազմավորվող խորհրդակցական մարմին, որի գործունեությունը հիմնված կլինի կամավորության սկզբունքի վրա:
Հանրային խորհրդի հիմնական խնդիրներն են լինելու քաղաքականության մշակման և իրականացման գործում հասարակության տարբեր շերտերի շահերի ներկայացումը, ինչպես նաև հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ հասարակական կարծիքի բացահայտումը:
Հանրային խորհուրդը կոչված կլինի նպաստելու պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը և պետական կառավարման գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը:
***
Ընդհանուր առմամբ, այսպիսինն են իրականացվելիք բարեփոխումների հիմնական ուղղությունները, որոնց շրջանակը բավականին ծավալուն է:
Բարեփոխումները կլինեն համակարգային և կկրեն շարունակական բնույթ՝ հաշվի առնելով մեր հասարակության պահանջներն ու սպասելիքները: Վերջին հաշվով, այդ աշխատանքները ուղղված կլինեն առկա բացթողումների վերացմանը և թերացումների շտկմանը:
Համոզված եմ, որ միասին կհաղթահարենք բոլոր դժվարությունները: Մենք բազմիցս ապացուցել ենք, որ ստեղծարար աշխատանքով, լավատեսությամբ, բարձր պատասխանատվությամբ, օրինապաշտությամբ ու միասնականությամբ ի վիճակի ենք լուծել ամենաբարդ իսկ խնդիրները»:
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...