Մենք պետք է պահպանենք և սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները` որպես մեր ընդհանուր ժողովրդավարական մշակույթի հիմք. Արմեն Գևորգյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+17.09 oC

Մենք պետք է պահպանենք և սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները` որպես մեր ընդհանուր ժողովրդավարական մշակույթի հիմք. Արմեն Գևորգյան

18:03 23.03.2023

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը մարտի 22-ին Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 44-րդ նստաշրջանի ընթացքում` «Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) տեղայնացումը» թեմայով նիստի ժամանակ, փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը։

«Պարո’ն նախագահող,

Պարո’ն Գլխավոր քարտուղար,

Հարգելի’ գործընկերներ,

Նախ թույլ տվեք շնորհակալություն հայտնել այս քննարկմանը մասնակցելու հրավերի համար: Մենք առնչվում ենք անվիճելիորեն կարեւոր եւ արդիական թեմայի` ամբողջ գլոբալ միջազգային հանրության եւ հատկապես Եվրոպայի խորհրդի համար, որը պետք է դառնա կայուն զարգացման գաղափարների առաջմղման եւ դրված նպատակներին հասնելու հիմնական դերակատարներից: Ցանկանում եմ նաեւ շնորհավորել զեկուցողներին կատարած շատ պատասխանատու աշխատանքի համար:

Նկատառումներս առնչվում են երեք հիմնական հարթությունների. առաջին` ԿԶՆ-ներին հասնելու բարդ միջավայրի վերաբերյալ իմ գնահատականները, երկրորդ` ԿԶՆ-ների տեղայնացման նոր խնդիրները եւ երրորդ` որոշ առաջարկություններ այն մասին, թե ինչպես կարող ենք առավել արդյունավետ տեղայնացնել դրանք:

Մենք անցել ենք ԿԶՆ-ներին տանող ճանապարհի ուղիղ կեսը, եւ այսօր լավ հնարավորություն է գնահատելու, թե որտեղ ենք, ինչպես նաեւ` նախանշելու առաջ շարժվելու նոր ճանապարհային քարտեզ: Կայուն զարգացման նպատակներն առաջընթացի համար խիստ ցանկալի չափորոշիչներ են, եւ տեղյակ եք այն գնահատականներին` համաձայն որոնց, ցավոք, դրանք կարող են թղթին մնալ մինչեւ 2030 թվականը: Նման սպասելիքներն առաջանում են նոր գլոբալ սպառնալիքների, շարունակական առճակատումների եւ աշխարհում բեւեռացվածության խորացման ճնշման ներքո:

Թույլ տվեք սկսել` կարեւորելով, որ բոլորս պետք է ընդունենք եւ գիտակցենք այն փաստը, որ ԿԶՆ-ները մեր միասնական նպատակներն են, որոնք ընդունվել են ՄԱԿ-ում` որպես գործելու համընդհանուր կոչ: Փորձագետների եւ տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ իմ քննարկումները թույլ են տալիս առանձնացնել իրագործման գործընթացի հետ կապված հետեւյալ հիմնախնդիրները.

1.Կառավարության տարբեր մակարդակների եւ մասնավոր հատվածի դերակատարների մասնակցությունը ԿԶՆ օրակարգի իրականացման գործում: Բավական բարդ է եւ երբեմն դժվար համակարգել 2030 օրակարգում տարբեր մասնակիցների ներդրման, ինչպես նաեւ` նրանց ներուժի գնահատումը` դրանք էլ ավելի շատ ոլորտներում ու բաժիններում ներդնելու նպատակով:

2.ԿԶՆ-ների իրագործման գնահատումը: ԿԶՆ-ներին հասնելուն ուղղված քաղաքականության պլանավորման եւ իրագործման հարցում չկան ոլորտային եւ աշխարհագրական տարբեր հարթությունները հաշվի առնող համապարփակ եւ ընդգրկուն մոտեցումներ: Դրանք նաեւ զուրկ են ներառական, մասնակցային մեխանիզմներից: Գործընթացը թույլ չի տալիս բոլոր շահագրգիռ կողմերի լիարժեք ներգրավումն ու քաղաքացիական հասարակության մասնակցությունը որոշումների կայացմանը:

3.Անհրաժեշտ տվյալների բացակայությունը: Շատ երկրներ պայքարում են ԿԶՆ-ների եւ դրանց իրականացման վերաբերյալ անհրաժեշտ տվյալների հավաքագրման հարցում: Տվյալների հավաքագրումը երկրներում իրականացվում է տարբեր կերպ, ինչը դժվարացնում է ԿԶՆ թիրախների եւ ցուցանիշների գնահատումը գլոբալ համատեքստում:

4.Կայուն ֆինանսական մեխանիզմներ: Շատ ԿԶՆ-ներ կառավարությունների պատասխանատվության ներքո են, ինչն ավելի է դժվարացնում դրանց ձեռքբերումների ֆինանսավորման համար միջոցներ գտնելը: Կարեւոր է ունենալ մասնավոր հատվածի եւ դոնոր համայնքի պատշաճ եւ արդյունավետ ներգրավվածություն` արդյունավետ գործող կայուն ֆինանսական մեխանիզմներ ու գործիքներ մշակելու եւ իրականացնելու համար:

Հարգելի’ գործընկերներ, մեզ վիճակված է ապրել բազմաճգնաժամ ժամանակահատվածում (pilicrisis): Ինչպես ցույց են տալիս Եվրոպայում կատարված վերջին ուսումնասիրությունները, ի թիվս բազում խնդիրների` ներկայումս քաղաքացիների համար ամենախիստ մտահոգությունը կենսաապահովման ծախսերի աճն է: Աղքատությունն ու սոցիալական մեկուսացումը նույնպես շատ են մտահոգում նրանց: Covid-19 համավարակի, աճող գնաճի եւ էներգետիկ ճգնաժամի հետեւանքները շարունակում են ազդել կյանքի որակի վրա: Եվրոբարոմետրի համաձայն թե’ Ուկրաինայում պատերազմի հնարավոր տարածվելն այլ երկրների վրա, թե’ կլիմայի փոփոխության արտակարգ դրությունը ԵՄ քաղաքացիների մեծամասնության գլխավոր անհանգստությունն են:

Այս ամենից զատ մենք բախվում ենք նաեւ գլոբալ մարտահրավերների: Հատկապես հետխորհրդային տարածքում զարգացումը հանգեցրել է անբնական իրավիճակի, երբ շատ ազգեր կանգնած են ժողովրդավարության կամ անվտանգության միջեւ դժվարին ընտրության առաջ: Աշխարհում առկա տեղաշարժերը ստիպում են մեզ մտածել չորրորդ հարթության մասին, որտեղ զարգանում են ԿԶՆ-ները: Տնտեսական աճից, սոցիալական պատասխանատվությունից եւ բնապահպանական հավասարակշռությունից զատ մենք պետք է մտածենք նաեւ անվտանգության, կամ, այլ կերպ ասած, կյանքի համար ապահով եւ խաղաղ միջավայրի մասին:

Նկատի ունենալով բոլոր այս մարտահրավերները` այդուհանդերձ պետք է ադեկվատ եւ ռացիոնալ լինենք` հասնելու համար կայուն զարգացման նպատակներին: Նախ` պետք է գիտակցենք եւ գնահատենք այն փաստը, որ մինչեւ 2030 թվականը 17 ԿԶՆ-ներին հասնելու ռիսկերը տարեցտարի ավելանում են` պայմանավորված աշխարհաքաղաքական տուրբուլենտությամբ եւ գլոբալ անվտանգության ճարտարապետության խաթարմամբ: Առողջ բանականությունը պետք է դրսեւորվի այն գիտակցմամբ, որ կյանքը, այնուամենայնիվ, շարունակվում է, եւ պետք է անդադար նոր լուծումներ գտնենք, որոնք առկա ռեսուրսներն առավելագույնս օպտիմալ կօգտագործեն եւ կընդլայնեն մեր գործընկերությունն ու համագործակցությունը:

Ինչ վերաբերում է տվյալ ժամանակահատվածում ԿԶՆ-ների տեղայնացմանը, երբ ճանապարհի կեսն արդեն հետեւում է, կառաջարկեի սկսել դրանց իրագործման նոր ճանապարհային քարտեզի մշակմամբ` նոր առաջադրանքներ-նոր լուծումներ: Նման մոտեցումը մեր աշխատանքին ռացիոնալություն կհաղորդի: Թույլ տվեք առաջարկել ԿԶՆ-ների հետագա տեղայնացման գործում ի գիտություն ընդունել հետեւյալ նոր մոտեցումները.

* Մեր աշխատանքի միջանկյալ արդյունքների գույքագրում (inventorization) եւ համեմատական վերլուծություն մինչեւ 2015 թվականը մեր ունեցածի եւ ազգային, տարածաշրջանային ու տեղական մակարդակներում այսօր եղածի միջեւ:

* ԿԶՆ-ների միջեւ առաջնահերթությունների սահմանում (prioritization)` ընդգծելով առավել անկայուն կամ դժվար հասանելիները եւ ցուցակագրելով նրանք, որոնք առավել համապատասխան եւ կարեւոր են ազգային ու տեղական մակարդակում` հաշվի առնելով առկա ռեսուրսների շրջանակը եւ սահմանափակ ժամանակը:

* Համաժամանակեցումը (synchronization)` որպես համալիր միջոցառում համագործակցության ուղղահայաց եւ հորիզոնական մակարդակներում ԿԶՆ-ներին հասնելու արդյունավետ եւ արձագանքող միջավայր ստեղծելու համար:

Միեւնույն ժամանակ, ԿԶՆ-ների առավել արդյունավետ եւ օպտիմալ տեղայնացման նպատակով կառաջարկեի դիտարկել աշխատանքի եւ համագործակցության այնպիսի մեխանիզմների ներուժը, ինչպիսիք են`

* Խորհրդակցական (deliberative) ժողովրդավարությունը

* Լավ ժողովրդավարական կառավարման 12 սկզբունքները

* Կառավարման բազմաստիճան համակարգը

* Անդրսահմանային համագործակցությունը

* Թվային եւ կանաչ հանրային կառավարումը:

ԿԶՆ-ների առավել խոր եւ արդյունավետ տեղայնացման համար կարող ենք դիտարկել կառավարման բազմաստիճան այնպիսի համակարգի մշակումն ու իրականացումը, որը կներառի հետեւյալ գործառույթները` համակարգում, ռացիոնալացում, խորհրդատվություն եւ հավասարեցում:

Ժողովրդավարության եւ կառավարման եվրոպական կոմիտեի աշխատանքային խումբը ենթադրում է, որ կառավարման բազմաստիճան համակարգը, որի հիմքում ընդունված որոշումների եւ առաջարկությունների օգտակարության նախադրյալն է, պետք է հետեւյալ բնութագրերն ունենա.

– Յուրաքանչյուր մակարդակի համապատասխան դերերի, գործառույթների, իրավասությունների եւ գործունեության պատշաճ կերպով հաշվի առնելը, ինչը ենթադրում է փոխադարձ հարգանքի սկզբունք:

– Այն նպատակ ունի որոշել ճիշտ ոլորտը, որի վերաբերյալ պետք է որոշումներ կայացվեն, եւ տնտեսական խնդիրների վերաբերյալ գործողություններ ձեռնարկելու ճիշտ մակարդակը` միաժամանակ պահպանելով համապատասխան ինքնությունները, ինչը, ըստ էության, փոխլրացման սկզբունքն է:

– Այն հիմնված պետք է լինի հարգանքի, արդար երկխոսության, թափանցիկության եւ վստահության վրա, որը փոխըմբռնման սկզբունքն է:

Եզրափակելով խոսքս` թույլ տվեք նշել այն հիմնական նախապայմանները, որոնք հաջողությամբ կարող են պսակել մեր աշխատանքը: Մենք պետք է`

1. Պահպանենք եւ սնուցենք տեղական ժողովրդավարության առավելությունները` որպես մեր ընդհանուր ժողովրդավարական մշակույթի հիմք:

2. Արմատավորենք հանրային բարիքների հավասար եւ արդար բաշխման ու կառավարման սկզբունքները` որպես հասարակության մեջ վստահության ապահովման հիմնական գործոն:

3. Ապահովենք որակյալ կրթության առկայությունը եւ դրա հասանելիությունը` որպես անկախ, ինքնաբավ, ակտիվ եւ սկզբունքային քաղաքացի ունենալու առանցքային պայման:

4. Համակողմանիորեն ձգտենք վերականգնել եւ պահպանել անվտանգ, առողջ, մաքուր եւ կայուն շրջակա միջավայր:

Եվ վերջապես, մենք պետք է հնարավորինս մոբիլիզացնենք երիտասարդների դրական եւ ստեղծագործ էներգիան, հավաքագրենք եւ ամենաակտիվ կերպով ներգրավենք նրանց` աշխարհում գլոբալ վերափոխումների ձեւավորման գործում:

Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է Արմեն Գեւորգյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 07.06.2025

SHANTNEWS

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

21:56 07.06.2025

Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Audi»-ն և «BMW»-ն

Հունիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա M1 ավտոճանապարհի 110 կմ հատվածում բախվել են Վրաստանի քաղաքացի 40-ամյա Վիլեն Վարդապետյանի վարած «Audi» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 38-ամյա Սամվել Գոմցյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս․ Գոմցյանը և ուղևոր, Շիրակի մարզի բնակիչ 35-ամյա Ամալյա Մուրադյանը մարմնական […] ...

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

21:46 07.06.2025

Շաքիի ջրվեժի հմայքը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Շաքիի ջրվեժ: «Շաքիի ջրվեժի հմայքը»- գրել է Փաշինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

21:37 07.06.2025

Focus. Գերմանիայում մեքենան մխրճվել է մարդկանց խմբի մեջ

Գերմանիայի հարավում գտնվող Պասաու քաղաքում (Բավարիայի դաշնային երկրամաս) մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ոստիկանությունը չի բացառում դիտավորյալ բախման հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է Focus Online պորտալը: Հաղորդվում է, որ Mercedes-ը վարել է 48-ամյա տղամարդ։ Վարորդը ձերբակալվել է։ Իրավապահ մարմինների նախնական եզրակացությունների համաձայն՝ վրաերթի ենթարկվածների թվում են վարորդի 38-ամյա կինը և նրանց 5-ամյա դուստրը։ Ոստիկանությունը […] ...

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

21:28 07.06.2025

Նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Ռուզաննա Ամիրջանյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: «Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի հունիսի 2-ի ԲԴԽ-37-Ո-74 որոշմամբ ներկայացված առաջարկությունը. Ռուզաննա Ամիրջանյանին նշանակել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի […] ...

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

21:16 07.06.2025

Երևանում 38-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Neta» մակնիշի ավտոմեքենայով գլխիվայր հայտնվել է փոսում

Հունիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 38-ամյա Մինաս Մ.-ն իր վարած «Neta» մակնիշի ավտոմեքենայով, որի վրա եղել են տրանզիտ համարանիշներ, Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհի Բաբաջանյան փողոցի չգործող հատվածից «Արմենիկում» կլինիկական կենտրոնի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդ Մինաս Մ.-ն […] ...

BACK_TO_TOP