Նոր ուսումնական տարին կմեկնարկի նոր չափորոշիչի ներդրմամբ. աշխատանքների ընթացքը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+12.09 oC

Նոր ուսումնական տարին կմեկնարկի նոր չափորոշիչի ներդրմամբ. աշխատանքների ընթացքը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը

17:34 30.08.2023

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նոր ուսումնական տարվա նախաշեմին հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ ներկայացնելու նոր չափորոշիչի ներդրման փուլային աշխատանքների ընթացքը:

«Ողջ տարվա ընթացքում մեծածավալ աշխատանքներ են իրականացվել, և դեռ շատ անելիքներ կան: Նոր ուսումնական տարում ՀՀ բոլոր դպրոցներում փուլային եղանակով կներդրվի նոր չափորոշիչը 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում: Այս ընթացքում Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնը իրականացրել է վերապատրաստումներ՝ նախապատրաստելու ուսուցիչներին: Դրանք իրականացվել են մենթոր դպրոցների միջոցով, որոնց ցանկը հաստատվել է Կառավարության կողմից»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:

Դասագրքերի մասին

Նոր չափարոշիչի ներդրմամբ պայմանավորված՝ նախանշված դասարաններում կփոխվեն նաև դասագրքերը: Ըստ այդմ նոր ստեղծված դասագրքեր կտրամադրվեն 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններին՝ հաշվի առնելով, որ չափորոշիչը ներդրվում է միայն նշված դասարաններում:

Դասագրքերի մրցույթը հայտարարվել էր դեռևս անցյալ տարի, ժամկետը մի քանի անգամ երկարաձգվել է: Մրցույթն ամփոփվել է հունիսի մեկին և ներկայացված հայտերն ուղարկվել փորձաքննության: Դրական եզրակացություն ստացած դասագրքերը երաշխավորվել են գործածության, ցանկը հաստատվել է նախարարի հրամանով: Դրական եզրակացություն ստացած և նախարարի հրամանով հաստատված նոր դասագրքերն այժմ տպագրության փուլում են: «Սակայն ուսումնական տարվա սկզբին դասագրքերի տպագրման աշխատանքները դեռևս ավարտված չեն լինի, քանի որ սահմանված ընթացակարգերը նաև որոշակի ժամանակ են պահանջում: Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում և ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում: Յուրաքանչյուր ուսուցիչ էլեկտրոնային մատյանի համապատասխան էջում կարող է տեսնել էլեկտրոնային դասագրքի հղումը: Դրանք որոշ ժամանակ կփոխարինեն դասագրքերի թղթային տարբերակներին. օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ բոլոր դպրոցների տնօրեններին հանձնարարվել է նոր ստեղծվող դասագրքերի էլեկտրոնային տարբերակներից մի քանի օրվա թեմաների նյութերը տպագրել և տրամադրել աշակերտներին մինչև նոր դասագրքերի տպագրումը: Իհարկե, աշակերտները նույնպես կարող են էլեկտրոնային դասագիրքը ներբեռնել»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ շեշտելով, որ նախարարությունն ակնկալում է մանկավարժների և ծնողների համագործակցված աշխատանքը անցումային փուլի բարդությունները հաղթահարելու հարցում:

Ըստ փոխնախարարի՝ ակնկալվում է մանկավարժական հանրույթի և ծնողների արձագանքը նոր ստեղծված դասագրքերի վերաբերյալ, ինչը թույլ կտա հստակեցնել՝ որոնք կվերախմբագրվեն, որոնք՝ կշարունակեն գործարկվել: «Դասագրքերի ստեղծման գործընթաց տեղի չի ունեցել ավելի քան 17 տարի, և այն հետաքրքրական էր ինչպես դասագրքաստեղծ խմբերի, այնպես էլ փորձաքննողների գործունեության տեսանկյունից: Ձեռք բերած փորձառությունը կկանխի գործընթացի հաջորդ փուլերում ենթադրյալ խնդիրները»,- հույս է հայտնել նա:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ թեև նախապես ծրագրված էր, սակայն նոր չափորոշիչը 10-րդ դասարանում չի ներդրվի՝ պայմանավորված դասագրքերի պակասով:

«10-րդ դասարանում 10-ից ավելի պակաս դասագրքեր կան, ուստի չափորոշիչը այս դասարանում կներդրվի հաջորդ ուսումնական տարում: Նոր դասագրքերը կմատակարարվեն միայն 2-րդ, 5-րդ, և 7-րդ դասարաններում՝ պայմանավորված նոր չափորոշչի ներդրմամբ: Սակայն, այս դասարաններում ևս կան դասագրքեր, որոնց համար մրցութային հայտ չի ներկայացվել կամ փորձաքննության արդյունքում չեն երաշխավորվել գործածության: Դրանք հիմնականում օտար լեզուների դասագրքերն են: Ուստի 2-րդ, 5-րդ, և 7-րդ դասարաններում, այն առարկաները, որոնց համար նոր դասագիրք չի ստեղծվել, դասավանդումը կիրականացվի նախկին դասագրքերի և նախապես մշակված ուսումնական նյութերի համադրությամբ, որոնք արդեն հասանելի են ուսուցիչներին: Իսկ այն դասարաններում, որտեղ նոր չափորոշիչ չի ներդրվում, շարունակում են դասավանդել հին դասագրքերով»,- մեկնաբանել է փոխնախարարը:

Սեպտեմբերից դպրոցները գործելու են ֆինանսավորման նոր մոդելով. ֆինանսավորումը կտրվի ըստ դասարանների թվի

«Եթե նախկինում դպրոցների ֆինանսավորում իրականցվում էր ըստ աշակերտների թվի, ապա այժմ իրականացվելու է ըստ դասարանների թվի, որը հատկապես էական ազդեցություն է ունենալու փոքրաթիվ սովորողներ ունեցող դպրոցների ֆինանսավորման առումով: Նման հաստատությունները մշտապես խնդիրներ էին ունենում աշակերտների փոքր համակազմի պատճառով, այժմ նրանք բարելավում կունենան: Նոր չափորոշչի ներդրվող դասարաններում լինելու է ուսուցիչների դրույքաչափի բեռնաթափում. գործող 22 ժամվա փոխարեն 2-րդ դասարանում շաբաթական 18 ժամ են դասավանդելու, իսկ 5 և 7-րդ դասարաններում՝ 20-ական ժամ: Աշխատավարձը պահպանվելու է 22 ժամ դրույքաչափի համամասնությամբ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը: Իսկ մինչև 100 սովորող ունեցող դպրոցներում, որտեղ չկար մեկ դրույքաչափով աշխատելու հնարավորություն, քանի որ առարկաների դասաժամերը քիչ էին, ուսուցիչների աշխատավարձը կկլորացվի մինչև մեկ դրույք, բայց ոչ ավելի, քան կես դրույքի չափով: «Այս ծրագիրը կկանխի այն հնարավոր ռիսկը՝ ըստ որի ամբողջական դրույք չունեցող ուսուցիչները կարող են հեռանալ դպրոցից»,- նշել է փոխնախարարը:

Մեկ այլ փոփոխությամբ դպրոցների բյուջեները կազմվելու են ավտոմատացված համակարգով: Ծրագիրը և բանաձևերը հասանելի են Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում: Տնօրեններից միայն պահանջվելու է տեղադրել ամբողջ տեղեկատվությունը:

Ֆինանսավորման նոր մոդելով՝ դպրոցներն ունենալու են հոգեբանական ծառայության հնարավորություն՝ հոգեբանի հաստիքի ներդրմամբ:

«Այս ծառայության կայացումը շատ ենք կարևորում, քանի որ դպրոցն այն միջավայրն է, որը ոչ միայն գիտելիք, կարողություն ու հմտություն է փոխանցում, այլև պետք է ձևավորի աշակերտին որպես անձ, տա արժեքային համակարգ, և պետք է լինի այն ապահով ու անվտանգ միջավայրը, որտեղ կիրականցվի որակյալ և արդյունավետ ուսումնական գործընթաց»,- ներկայացրել է Արաքսիա Սվաջյանը:

Ֆինանսավորման նոր մոդելը փոփոխություն կմտցնի նաև ներառական կրթության ոլորտում: «Նախկին գործող մոտեցմամբ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար տրամադրվում էր բարձրացված չափաքանակը, որը ուղղվում էր նրանց համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, ինչը ոչ այնքան արդյունավետ էր: Այս նոր ֆինանսավորման բանաձևում ունենք 2 նպատակային տող: Առաջինը վերաբերում է միջավայրի հարմարեցումներին՝ ապահովելու առնվազն նվազագույն հարմարեցումներ ԿԱՊԿՈւ երեխաների համար: Կան նաև մեթոդական ուղեցույցներ, որոնք կօգնեն դպրոցի ղեկավարությանը այդ հարմարեցումների ստեղծման գործընթացում: Երկրորդ տողը խելամիտ հարմարեցումներն են, որոնք ուղղված են կոնկրետ երեխայի այս կամ այն կրթական կարիքի ապահովմանը, ինչը հնարավորություն կտա երեխային լինել առավել մասնակցային և արդյունավետ կրթություն ստանալ»,- իրազեկել է Արաքսիա Սվաջյանը:

25 տոկոս հավելավճար ԲՏՃՄ դասավանդող ուսուցիչներին

Հաջորդ կարգավորմամբ նոր ուսումնական տարում բնագիտական 6 առարկաներ դասավանդող ուսուցիչները կստանան 25 տոկոս լրավճար՝ իրենց աշխատավարձի համամասնությամբ: Ծրագրի նպատակն է լրացնել մանկավարժների բացը դպրոցում և ոլորտում ներգրավել նոր մասնագետների: ԿԳՄՍ փոխնախարարը հիշեցրել է, որ մեկ այլ ծրագրով Կառավարության որոշմամբ՝ բնագիտական առարկաների ուսուցիչներ պատրաստող բուհերը 70000 դրամ կրթաթոշակ են տրամադրելու համապատասխան ֆակուլտետների ուսանողներին, գերազանցության դեպքում՝ 77000:

Բարձր կրթաթոշակի ծրագիր է գործում նաև նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում: Գերակա մասնագիտությունների գծով, որոնց ցանկը հաստատվել Կառավարության կողմից, ուսանողները մինչև 50000 դրամ կրթաթոշակ կստանան: Նպատակը տվյալ մասնագիտությունների հանդեպ հետաքրքրություն առաջացնելն է և մասնագետների պատրաստմամբ՝ աշխատաշուկայի բացը լրացնելը:

Կամավոր ատեստավորմանը հայտագրվել է 6355 ուսուցիչ

Անդրադառնալով մանկավարժական կարողությունների զարգացման ծրագրերին և խրախուսման մեթոդներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ այս տարվա կամավոր ատեստավորմանը հայտագրվել է 6355 մանկավարժ, ատեստավորման ժամաակացույցն արդեն հայտնի է: Հայտագրվածներից 1054-ը միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն են, 776-ը՝ նախորդ տարի կամավոր ատեստավորման դրական շեմը չհաղթահարածները, 555-ը՝ դպրոցներում չաշխատող, սակայն ուսուցչի որակավորում ունեցող մասնագետներն են:

ԿԳՄՍ նախարարի տեղակալն ամփոփել է ասուլիսը՝ շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և մաղթելով բեղմնավոր ուսումնական տարի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

00:00 08.05.2025

Դարձիր կամավոր՝ փրկիր կյանքեր

Երևանի քաղաքապետարանի և «Հենար» հիմնադրամի ջանքերով Երևանում ներդրվել է մի ծրագիր, որն ուղղված է հանրային առողջապահության բարձրացմանը: Ծրագրի շրջանակում վերապատրաստված կամավորների և շտապօգնության աշխատակիցների համատեղ աշխատանքի շնորհիվ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված դեֆիբրիլյատորների օգնությամբ, սրտանոթային խնդիրներ ունեցող քաղաքացիներին ցուցաբերվելու է առաջին բուժօգնություն մինչև կժամանի շտապօգնությունը: Դեֆիբրիլյատորները տեղադրված են փողոցներում, այգիներում և հանրային տարածքներում, միջազգային ստանդարտներին համապատասխան՝ առավելագույնը […] ...

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

23:51 07.05.2025

Վատիկանում առաջին փորձից չեն կարողացել նոր պապ ընտրել

Վատիկանի Սիքստինյան կապելլայում կոնկլավի համար հավաքված կարդինալները չեն կարողացել համաձայնության գալ նոր պապի ընտրության հարցում։ Այս մասին գրում է Associated Press-ը: Սիքստինյան կապելլայի վրա տեղադրված ծխնելույզից սև ծուխ է դուրս գալիս։ Սա նշանակում է, որ Հռոմի նոր Պապ դեռ չի ընտրվել։ Լրագրողների խոսքով՝ հանդիպումը տևել է մոտ չորս ժամ։ «Քանի որ կարդինալներից ոչ մեկը չի […] ...

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

23:43 07.05.2025

Մայիսի 8-ին կդադարեցվի Երևանի որոշ հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 8-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր-Նորք վարչական շրջանի Նորքի փողոցի, Նորքի 2-րդ փողոցի, 2-րդ նրբանցքի, Նորքի 4-րդ, 5-րդ, 6-րդ փողոցների, 6-րդ փողոցի 1-ին, 2-րդ նրբանցքների, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ, 17-րդ փողոցների, 17-րդ փողոցի նրբանցքի, Արմենակյան, Ամառանոցային փողոցների, […] ...

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

23:31 07.05.2025

«Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն ավարտվել են

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ Երևանի մետրոպոլիտենում գործարկումից ի վեր առաջին անգամ փոխարինվում են շարժասանդուղքները: ««Սասունցի Դավիթ» և «Գործարանային» կայարաններում աշխատանքներն ավարտվել են: «Զորավար Անդրանիկ» կայարանում էլ աշխատանքներն ընթացքի մեջ են»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

23:19 07.05.2025

Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսօր ներկա գտնվեցինք Hooverphonic խմբի երևանյան համերգին»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

23:09 07.05.2025

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրիդրիխ Մերցին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Այս մասին վարչապետը գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին և ակնկալում եմ նրա հետ համագործակցություն՝ քաղաքական և տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար»,- գրել է նա։ I warmly congratulate @_FriedrichMerz and look forward to work with […] ...

BACK_TO_TOP