13:50 28.09.2023
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է իր հերթական նիստը, որը վարել է նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը:
Նիստի օրակարգում ներառված էր երկու հարց՝ հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման մեկնարկը 2-րդ, 5-րդ և 7–րդ դասարաններում և պետական ուսումնական հաստատությունների տարածքների նպատակային օգտագործման խնդիրը։
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունելի է համարել այն փաստը, որ նիստի օրակարգն այս անգամ ձևավորվել է խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա՝ ներկաներին մաղթելով արդյունավետ քննարկում:
Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման մեկնարկը 2-րդ, 5-րդ և 7–րդ դասարաններում, զեկուցել է խորհրդի անդամ Գայանե Մադաթյանը։
Նրա խոսքով՝ օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում հանգամանալից ներկայացվել է 2023-2024 ուստարվանից բոլոր դպրոցներում հանրակրթության նոր չափորոշչի ներդրման սահուն ընթացակարգը, սակայն դպրոցները դեռևս պատրաստ չեն դրա լիարժեք ներդրմանը։ «Չկան համապատասխան սարքավորումներով հագեցած լաբորատորիաներ՝ բնագիտական առարկաների փորձարարական մասն ապահովելու համար։ Նման հնարավորություն ունեն հիմնականում մայրաքաղաքի սակավաթիվ դպրոցներ։ 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարանների սովորողներն իրենց ուստարին սկսեցին առանց դասագրքերի, որոնք դպրոց հասան ուշացումով։ Հուսանք, որ այս տարի արդեն հայտարարված մրցույթում ավելի շատ և բովանդակությամբ որակապես առավել բարձր մակարդակի դասագրքեր կհայտնվեն գնահատող փորձագետների սեղանին»,-նշել է Գայանե Մադաթյանը՝ առաջարկելով, որ դասագրքերի հետ գնահատվեն և երաշխավորվեն նաև համապատասխան մեթոդական ձեռնարկները, աշխատանքային տետրերը, ուսումնաօժանդակ նյութերը և այլն։ «Կարծում եմ՝ սովորողին պետք է տրամադրվեն ոչ միայն դասագիրքը, այլև ամբողջ փաթեթը՝ աշխատանքային տետր, թեմատիկ պլանավորում՝ իր նպատակով և վերջնաարդյունքով։ Եվ այս ամենը պետք է հասանելի լինի նաև էլեկտրոնային տարբերակով»,- նշել է Գայանե Մադաթյանը՝ իր առաջարկներն անելով նաև ուսումնական նախագծերի, ուսուցիչների վերապատրաստման, անհատական բաղադրիչի բաշխման, կամավոր ատեստավորման, ուսումնական նյութերի համապատասխանության, խմբակների գործունեության և այլ հարցերի շուրջ։
«Խմբակների մասով առաջարկում եմ առողջ ապրելակերպ և մասնագիտական կողմնորոշում պարտադիր խմբակների շարքում ձևավորել նաև ռազմահայրենասիրական և առաջին բուժօգնություն պարտադիր խմբակներ։ Առաջարկում եմ համահավասար բարձրացնել բոլոր մանկավարժների աշխատավարձը, թեթևացնել թղթաբանությունը, ավելորդ գրագրությունից ազատել ուսուցիչներին»,-նշել է նա։
Ի պատասխան՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ լաբորատորիաներով վերազինվել են Տավուշի և Արմավիրի մարզերի ավագ դպրոցները, առաջիկայում լաբորատորիաներ կստանան Արագածոտնի դպրոցները, իսկ մինչև 2026 թվականը հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունները:
«Դասագրքերի հետ կապված. բնականաբար, առաջին տարին էր, և այս ընթացքում շատ խնդիրներ բացահայտվեցին։ Դասագրքերի ստեղծման մոտեցումն այս տարի կտրականապես փոխվել է. նախկինում եթե դասագրքի ստեղծման և տպագրության ամբողջ փաթեթն է ձեռք բերվել, ապա ներկայում մենք առանձնացրել ենք այդ գործընթացները։ Մրցույթները հայտարարվել էին, սակայն դասագրքաստեղծ մեր գործընկերները պարբերաբար ահազանգում էին, որ չեն հասցնում դասագիրք գրել: Հետևաբար մենք ստիպված եղանք 2 անգամ ժամկետները երկարաձգել: Մյուս տարվա դասագրքերի մրցույթներն արդեն իսկ հայտարարված են. փորձում ենք անել հնարավորը, որ ամռանը դասագրքերի տպագրությունն արդեն իսկ իրականացված լինի։ Ինչ վերաբերում է մեթոդական ձեռնարկներին, ուղեցույցներին, ուսումնաօժանդակ գրականությանը, ապա դասագիրքը չի փորձարկվել առանձին։ Այն իրականացվել է ամբողջ փաթեթով, և բնականաբար որևէ ուսումնական նյութ չի կարող մտնել դպրոց՝ առանց երաշխավորման»,-նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ նոր դասագրքերը երաշխավորվել են ավելի կարճ ժամկետով. տարրականի համար 4, մյուս դասարանների համար՝ 3 տարով։ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև զեկուցողի մյուս առաջարկներին՝ տալով համապատասխան պարզաբանումներ:
Օրակարգի երկրորդ հարցը՝ պետական ուսումնական հաստատությունների տարածքների նպատակային օգտագործման հարցը զեկուցել է խորհրդի անդամ Էռնեստ Ավանեսովը: Նրա խոսքով՝ հանդիսանալով Վ. Բրյուսովի պետական համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և քաղաքացիական պաշտպանության ամբիոնի վարիչ՝ այս հարցն իրեն մտահոգում է մի քանի տեսանկյունից: Ըստ Էռնեստ Ավանեսովի՝ գործող օրենքով «Ֆիզիկական կուլտուրա» առարկան պարտադիր է բոլոր ուսումնական հաստատություններում, սակայն մեծ դժվարություններ են առաջանում՝ հատկապես դահլիճային սուղ պայմանները հաշվի առնելով։ Հատկապես քաղաքի կենտրոնում մի շարք ուսհաստատությունների նկուղային հատվածներ, որոնք կարող են օգտագործվել մարզական պարապմունքները կազմակերպելու համար, ժամանակին օտարվել կամ տրվել են երկարաժամկետ վարձակալության և ծառայում են այլ նպատակների համար:
«Այս խնդիրը կարևորում եմ երեք տեսանկյունից՝ գեղագիտական, ուսումնական գործընթացի խաթարման և անվտանգային՝ նկատի ունենալով ապաստարանների խնդիրը։ Դրանք կառավարության որոշման մակարդակի հարցեր են, որովհետև տարածքները տրվել են կառավարության որոշումներով՝ 30, 40, 90 տարի ժամկետներով: Ընդ որում՝ որոշ նման տարածքներ վերավարձակալվել են »,-իր զեկույցում նշել է Էռնեստ Ավանեսովը։
Նա անդրադարձել է նաև դպրոցների մարզադահլիճների խնդիրներին՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում հանրակրթության նոր չափորոշչի պայմաններին։ «Դահլիճային և գույքային պայմաններն այսօր լուրջ խնդիր են հանդիսանում հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունների համար»,-նշել է Էռնեստ Ավանեսովը։
Ի պատասխան՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ զեկուցողի հարցերը վերաբերում են ենթակառուցվածքների առկայությանը՝ ուսումնական գործընթացի կազմակերպման և անվտանգության տեսակետից։ «Երկու մասով էլ ուսհաստատություններում ունենք տարբեր իրավիճակներ ։ Այո՛, ունենք տարածքներ, հատկապես կենտրոն համայնքում, որոնք սեփականաշնորհվել են, երկարատև ժամկետներով տրվել վարձակալության, հետևաբար այդ հարցին միջամտելը բավականին խնդրահարույց է։ Իրավական կարգավորումները, բնականաբար, ուսումնասիրման կարիք ունեն, և այն հարցերը պետական այլ գերատեսչությունների տիրությում են գտնվում։ Ունենք շատ ավելի խորքային խնդիր․ կան դեպքեր, երբ սեփականաշնորհված տարածքներում տարբեր տեսակի գործունեություն են ծավալում, և մենք չունենք որոշակի իրավական կարգավորումներ՝ թույլ չտալու այդ գործունեությունն ուսհաստատության հարևանությամբ»,-նշել է նախարարի տեղակալը:
Ա․ Սվաջյանի խոսքով՝ անհերքելի է «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի դերը երեխաների ֆիզիկական զարգացման և առողջության տեսանկյունից, սակայն դպրոցներում շատ հաճախ համապատասխան ենթակառուցվածքները բավարար վիճակում չեն։ Ըստ փոխնախարարի՝ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ստացվել են տարբեր տվյալներ։ «Ունենք ուսհաստատություններ, որոնք բացարձակապես մարզական ենթակառուցվածք, դահլիճ, հանդիսությունների սրահ չունեն, այսինքն՝ կառուցվել են ոչ տիպային դպրոցներ։ Ունենք հաստատություններ, որոնց մարզադահլիճները վթարային են, և անհնար է դասեր անցկացնել։ Այս ամենը գույքագրվել է, և փորձում ենք լուծումներ գտնել։ Այս տարի միայն շուրջ 30 մարզադահլիճներ են կառուցվում. այն դպրոցները, որոնց մարզադահլիճները, հանդիսությունների սրահները նորմալ վիճակում չեն, դպրոցին կից տարածքում կառուցվում են հարմարավետ, ժամանակակից բոլոր պայմաններին բավարարող նոր ենթակառուցվածքներ։ Զուգահեռ՝ բոլոր նոր կառուցվող դպրոցներն ունենալու են այս բոլոր ենթակառուցվածքները։ Նոր նախագծերում չկա որևէ հաստատություն, որն առանց այս ենթակառուցվածքների է նախագծվում և կառուցվում։ Սա մեր կողմից դրված հստակ պահանջ է. հատկապես, գյուղական համայնքներում, որտեղ պետության կողմից մեծ միջոցներ են ներդրվում կամ ներդրվելու առաջիկա տարիներին, դրանք ծառայելու են ոչ միայն որպես դպրոցի տարածքներ, այլև լինելու են համայնքային կենտրոններ՝ արտադպրոցական, մեծահասակների կրթության կազմակերպման, երիտասարդական, սպորտային միջոցառումների անցկացման նպատակով։ Ցանկանում եմ շեշտադրել նաև, որ որևէ նոր կառուցված դպրոց առանց գույք չի հանձնվում։ Մենք ունենք հստակ չափանիշ․ ուսումնական հաստատությունը համարվում է ավարտված և շահագործման հանձնված, եթե այն ապահովվել է ամբողջական գույքով»,-նշել է նախարարի տեղակալը՝ ընդգծելով, որ բոլոր նոր կառուցվող սահմանամերձ դպրոցներն ունենալու են նաև ապաստարաններ:
Զեկույցներից հետո հասարակական խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիրքորոշումը օրակարգի հարցերի շուրջ, ինչպես նաև մի շարք հարցեր ուղղել Արաքսիա Սվաջյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են դպրոցական գրադարանների, դասագրքերի ստեղծման գործընթացի, ուսհաստատությունների ապաստարանների և այլ խնդիրների:
Ամփոփելով նիստը՝ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ և շահագրգիռ քննարկման համար՝ վստահեցնելով, որ հնչած բովանդակային և օգտակար առաջարկները, ըստ անհրաժեշտության, կքննարկվեն կներառվեն ընթացող բարեփոխումների գործընթացում:
17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 202517:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...