14:38 30.10.2023
Մենք գտնվում ենք Հարավկովկասյան տարածաշրջանում, ունենք չորս հարևաններ, և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ: Այս մասին այսօր ԱԺ-ում խոսեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս առումով կարևոր է Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների բարեկամական, համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
Պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու: Բայց նման ծրագրով առաջ շարժվելը բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից:
Հիմա, այս համատեքստում բնական հարց է առաջանում՝ ինչքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը հատկապես այն տրամաբանությամբ, որի մասին խոսել ենք, ասել ենք, որ մենք փորձում ենք, ամեն ինչ կանենք առաջիկա ամիսներին նման արդյունքի հասնելու համար:
Ըստ էության, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական: Էլի եմ ասում, եթե կողմերը հավատարիմ են մնում արդեն իսկ պայմանավորված սկզբունքներին:
Ուզում եմ հիշեցնել, թե որոնք են այդ սկզբունքները: Առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը՝ 86 600 քառակուսի կիլոմետր:
Ի դեպ, ուզում եմ ասել, որ մեր հայացքից չի վրիպել, որ այս թվերի, այսպես ասած, ճշգրտությունը նաև քննադատությունների առարկա և թիրախ է դառնում, որովհետև շատերն ասում են, թե դա ի՞նչ թիվ է՝ 29 800 քառակուսի կիլոմետր: Այսինքն՝ կլոր թվերի նկատմամբ ավանդական անվստահությունն այստեղ էլ է աշխատում: Ես ուզում եմ մի շատ կարևոր արձանագրում անենք, որպեսզի թեման ամբողջապես պարզ լինի, որովհետև պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակում, և հիմնական գաղափարը եղել է հղում անել կողմերի ազդեցությունից դուրս գտնվող ինչ-որ մի աղբյուրի, և հիմք վերցնել այդ թիվը՝ հասկանալով, որ հետագա քննարկումների և համաձայնությունների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա, դելիմիտացիա և այդպես շարունակ:
Ըստ էության, պիտի ասեմ, որ այս թվերը վերցված են Խորհրդային Միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից, որտեղ արձանագրվել են Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի մասին արձանագրումներ. այնտեղ գրված է Հայաստանի Հանրապետություն 29 800, Ադրբեջանական Հանրապետություն 86 600: Ես այստեղ գալուց առաջ ևս մեկ անգամ նայեցի, օրինակ, դա արձանագրված է Հանրագիտարանի 1977 թվականի հրատարակություններում, նաև հետագա, ես վստահ էլ չեմ հաջորդ հրատարակությունները երբ են եղել և այդպես շարունակ:
Ահա, այս պրոցեսի քաղաքական բնույթից գործնականացնելու համար է նաև երկրորդ սկզբունքն արձանագրվել, որ կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ի՞նչ է նշանակում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնել դելիմիտացիա: Դա նշանակում է, ըստ էության, ելնել այն իրողությունից, որ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, որոնց անխախտելիությունը կողմերը ճանաչել են և ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրով:
Իհարկե, դելիմիտացիայի գործընթացում առանցքային նշանակություն ունի նաև Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման, ընդունման պահի դրությամբ առկա իրադրությունն արձանագրող քարտեզների առկայությունը: Պիտի ասեմ, որ կա շատ կարևոր հանգամանք, որ, ըստ էության, կողմերի տիրապետության տակ կան քարտեզներ, որոնք արտահայտում են այդ իրողությունները: Հետևաբար՝ կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում, այս գործընթացով նույնպես բավականին արագ և արդյունավետ կարելի է առաջ գնալ:
Երրորդ սկզբունքը, որն ըստ էության, նախորդ երկու սկզբունքների մեջ ներառված է, հետևյալն է, որ բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա և տարածաշրջանային կոմունիկացիաները գործելու են փոխադարձության և հավասարության հիմունքներով:
Սա էլ երրորդ սկզբունքն է: Եվ այս սկզբունքի վերաբերյալ մեր դիրքորոշումները մենք վերջերս ամփոփեցինք՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ամբողջական և հայեցակարգային տեսք տալով: Այս մասին ես արդեն հասցրել եմ ձեզ պատմել: Ինչո՞ւ էր անհրաժեշտ սա անել: Սա կարևոր հանգամանք է, որովհետև ամենատարբեր և ձեզ հայտնի հանգամանքների բերումով այս թեմայի շրջանակներում տեղի էին ունենում կամ կարող էին տեղի ունենալ բազմաթիվ տարընթերցումներ, բազմաթիվ հակադիր մեկնաբանություններ, և առանցքային խնդիր է ճշգրտել սկզբունքները, այդ թվում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և աշխատանքի, որը մենք ամփոփել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բովանդակության մեջ:
Ընդ որում՝ այդ սկզբունքների մեջ ոչ մի նորություն չկա, և պիտի արձանագրեմ, որ, ըստ էության, դրանք նույնպես որոշակի, արդեն իսկ տեղի ունեցած պայմանավորվածությունների, ընկալումների, ըմբռնումների հիման վրա ձևավորված սկզբունքներ են: Այլ բան, որ մենք անհրաժեշտ համարեցինք դրանք մի տեղում հավաքելը:
Այս թեմայի վերաբերյալ ուզում եմ ընդգծել մի կարևոր առանձնահատկություն, որ «Խաղաղության խաչմերուկի» նախագծում մենք, նորից տարընթերցումներից խուսափելու համար, արձանագրում ենք հետևյալը, որ կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում, իր սահմանին ապահովում է սահմանային մաքսային հսկողություն, և բացի այդ, կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է, ընդհանուր առմամբ, կոմունիկացիաների անվտանգությունը: Խոսքը վերաբերում է ճանապարհներին, ավտոճանապարհներին, երկաթուղիներին, ավիահաղորդակցության ուղիներին, խողովակաշարերին, մալուխներին, էլեկտրահաղորդման գծերին: Կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է կոմունիկացիաների անվտանգությունը, և բացի այդ՝ այդ կոմունիկացիաներով մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների անվտանգ անցումը: Այսինքն, իր տարածքում ապահովում է յուրաքանչյուր կողմ, ընդհանուր առմամբ, ենթակառուցվածքների անվտանգությունն՝ ակնհայտորեն, և իր տարածքով՝ կոմունիկացիաներով, մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների: Բեռ ասելով՝ ապրանքների անցման անվտանգությունը, ապրանք ասելով՝ պետք է նկատի ունենալ նաև էլեկտրական հոսանք, հնարավոր խողովակաշարերով ռեսուրսներ, ինտերնետային հաղորդակցություն և այլն:
Կարևոր եմ համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել և տեղի են ունենում կարևորագույն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք, այդ թվում՝ միտված են այս նպատակին: Ես արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք հիմա, ըստ էության, մի գործընթացի մեջ ենք, երբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որի նպատակը նշված կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելն է լինելու: Եվ բացի այս՝ ընդամենը շաբաթ օրը մենք արդեն Հանրապետության ամբողջ տարածքով գործարկեցինք Պարեկային ոստիկանության աշխատանքը, որի կարևորագույն խնդիրների մեջ, իհարկե, մտնում է նաև կոմունիկացիաների, անձանց, բեռների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անցումը Հայաստանի Հանրապետության տարածքով»,-ասաց նա:
23:59 10.05.2025
Երևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումներըԵրևանի բոլոր վարչական շրջաններում շարունակվում են փոսային նորոգումները: Արդեն իսկ կատարվել են շուրջ 19.000 քմ աշխատանքներ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Աշխատանքների սկզբնական փուլում ֆրեզով կտրվում են ասֆալտբետոնե ծածկի վնասված հատվածները, որից հետո մաքրվում են փոշուց, բիտումապատվում, այնուհետև տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:58 10.05.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 10.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:54 10.05.2025
Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունըԿ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը: Առաջնությունն անցկացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ` Հայաստանի կարատեի ֆեդերացիայի և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ: Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերին հետևել և մրցանակակիրներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, […] ...
23:42 10.05.2025
Մակրոնը չի բացառում Արևմտյան զորքերի տեղակայումն ՈւկրաինայումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառում Ուկրաինայում մի քանի հազար արևմտյան զինվորականներ տեղակայելու հնարավորությունը։ «Գլխավոր տարրը զորքեր ունենալն է Ուկրաինայում: Կարող է լինել մի քանի հազար, բայց ոչ հարյուր հազարավոր։ Հարցը թվերը չեն։ Հարցն այն է, որ մենք այնտեղ կլինենք պահեստային ուժեր ապահովելու համար՝ օդում կամ առաջնագծից հեռու ռազմավարական դիրքերում», – ասել է Մակրոնը Le […] ...
23:26 10.05.2025
«Միլանն» ու «Ինտերը», հնարավոր է, հանդիպումներ անցկացնեն ԱՄՆ-ումԻտալիայի Ա Սերիայի նախագահ Էցիո Մարիա Սիմոնելին «Միլանին» ու «Ինտերին» առաջարկել է 2026 թ. տարեսկզբի հանդիպումներն անցկացնել ԱՄՆ-ում, հայտնում է Football Italia-ն։ Բանն այն է, որ երկու ակումբների տնային ստադիոնում`«Սան Սիրոյում» վերանորոգման աշխատանքներ են տեղի ունենալու` կապված փետրվարի 6-ից 22-ը Միլանում անցկացվելիք ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերի հետ։ «Սան Սիրոն» հունվարի 10-ից փետրվարի 8-ը փակ կլինի, […] ...