Հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը կշարունակվի. Արաքսիա Սվաջյանն ամփոփել է ուսումնական տարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը կշարունակվի. Արաքսիա Սվաջյանն ամփոփել է ուսումնական տարին

17:11 23.05.2024

Ավարտին մոտեցող 2023-24 ուսումնական տարին բարդ էր և մարտահրավերներով լի. իրականացվել են մի շարք ծրագրեր ու փոփոխություններ, որոնցից ամենակարևորը ՀՀ հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրումն էր:

Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ այսօր հրավիրված մամուլի ասուլիսում՝ ներկայացնելով ուսումնական տարվա ամփոփման աշխատանքները, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանրակրթական ուսումնական հաստատություններում այս տարի 9-րդ դասարանի շրջանավարտների թիվը 39.406 է, իսկ 12-րդ դասարանցիներինը՝ 20.554: Ընդ որում՝ Տավուշի մարզում 2023-2024 ուստարում առաջին անգամ 9-րդ և 12-րդ դասարանները կավարտեն հանրակրթության պետական չափորոշչով ուսանած առաջին շրջանավարտները՝ 1678 շրջանավարտ 9-րդ դասարանում և 1045 շրջանավարտ՝ 12-րդ դասարանում:

Երկօրյա լրացուցիչ պարապմունք ցածր առաջադիմությամբ սովորողների համար

«Հանրակրթության պետական չափորոշչի ներդրումը բարդ գործընթաց էր, որը նաև երկարատև նախապատրաստական աշխատանք էր ենթադրում, մասնավորապես՝ ուսուցիչների վերապատրաստումների իրականացում, մենթոր դպրոցների համակարգի ստեղծում և այլն: Չափորոշչի ներդրման շրջանակում, բացի բովանդակային փոփոխություններից, նաև մի շարք նոր գործընթացներ են իրականացվել, մասնավորապես՝ փոխվել է գնահատման համակարգը»,- ասել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում սովորողի կիսամյակային ամփոփիչ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Յուրաքանչյուր սովորողի համար կազմվում է ուսումնական առաջադիմության բնութագիր: 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից մինչև 12-րդ դասարանը ներառյալ՝ կատարում է միավորային գնահատում՝ կիրառելով 10 միավորային սանդղակ, որտեղ որևէ նիշ անբավարար գնահատական չէ։

«Մեզ մտահոգում է ցածր առաջադիմություն ունեցող սովորողների հարցը, որոնց համար նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցներն ապահովում են երկարօրյա ծառայություն, որի միջոցով երեխաները կարող են լրացուցիչ պարապմունքների մասնակցել այն առարկայից, որից ունեն ցածր առաջադիմություն»,- նշել է Արաքսիա Սվաջյանը՝ պարզաբանելով, որ այդ ծառայության համար երեխայի ծնողը վճարում չի կատարում: Երկարօրյա ուսուցումը, ըստ փոխնախարարի, պետական հանրակրթության կազմակերպման բաղադրիչ է:

Նոր դասագրքերի ստեղծում

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև չափորոշչի ներդրման շրջանակում մեկնարկած նոր դասագրքերի ստեղծման, տպագրման և դպրոցներին մատակարարման գործընթացին. «2023 թվականի համար հայտարարվել էր 65 անուն դասագրքերի մրցույթ, որոնցից 49 անուն դասագրքերի մրցույթը կայացել է. դրանք տպագրվել և բաշխվել են դպրոցներին: Հաջորդ տարի հանրակրթության պետական չափորոշիչը ներդրվելու է 3-րդ, 6-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններում: Այս պահին 109 դասագրքի հայտ ենք ստացել, որոնք ներկայում փորձաքննության փուլում են: Նախարարի հրամանով երաշխավորվելուց հետո դրանք կհանձնվեն տպագրության, որպեսզի հաջորդ ուսումնական տարվա սկզբին մենք դպրոցներում պատրաստ ունենանք բոլոր դասագրքերը»:

Ավելացել է հանրակրթությանը հատկացված բյուջեն

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ ուստարվա սկզբից ներդրվել է դպրոցների ֆինանսավորման նոր կարգը․ սովորողի թվով ֆինանսավորումից անցում է կատարվել դասարանների թվով ֆինանսավորմանը, էապես ավելացել է կրթության ներառականության ֆինանսավորումը, առանձին ֆինանսավորում է նախատեսվել լաբորատորիաների պահպանման համար, նորմատիվային դաշտ են բերվել առանձին ուղղություններով ֆինանսավորման ծախսերը, որը ևս արդեն տալիս է իր առաջին արդյունքները: Նախարարի տեղակալի խոսքով՝ եթե 2023 թվականին հանրակրթության համար հատկացվել էր ավելի քան 115 մլրդ դրամ, ապա 2024 թվականի հաստատված բյուջեն կազմում է ավելի քան 121 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է շուրջ 6.6 մլրդ դրամով:

Քննությունների կազմակերպումը Տավուշի դպրոցներում՝ ըստ հանրակրթության նոր չափորոշչի

Անդրադառնալով Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 9-րդ դասարանի ավարտական քննությունների կազմակերպմանը՝ փոխնախարարը նշել է, որ «Գրականություն», «Հայոց պատմություն» և բնագիտական առարկաների քննությունները կիրականացվեն պետական նոր չափորոշչի տրամաբանությանը և բովանդակությանը համապատասխան: Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ՝ կարևորելով երեխաների քննադատական մտածողությունը, ստեղծագործական կարողությունները և վերլուծական միտքը՝ բնագիտական առարկաների քննությունները Տավուշում կիրականացվեն ոչ միայն թեստերի, այլև նախագծային աշխատանքների միջոցով՝ կամընտրական ձևաչափով:

4-րդ դասարանի ավարտին սովորողների ուսումնառության վերջնարդյունքները կստուգվեն մեկ միասնական թեստով, իսկ 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները կանցկացվեն պետական նոր չափորոշչի բովանդակությանը համապատասխանող թեստերով: Նրա խոսքով՝ բացի հունվար և հունիս ամիսներին անցկացվող միասնական քննություններից՝ Տավուշի մարզի սովորողների համար փորձարարական միասնական քննություն կանցկացվի նաև հուլիս ամսին՝ լրացուցիչ քննությունների համար սահմանված ժամկետում: Միասնական և փորձարարական-միասնական քննություններից շրջանավարտի ստացած ամենաբարձր միավորը համարվում է վերջնական, որը նա կարող է օգտագործել նաև բուհի ընդունելության համար:

ԼՂ-ից բռնի տեղահանված 17 հազար սովորողներ դպրոց են հաճախում ՀՀ-ում

2024 թվականի մայիսի 22-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 17 հազար սովորողներ դպրոց են հաճախում ՀՀ-ում. նրանք ընդգրկված են բոլոր մարզերի և մայրաքաղաքի հանրակրթական ուսումնական հաստատություններում և ստացել են անհրաժեշտ պարագաներ ու դասագրքեր կրթության սահուն կազմակերպման նպատակով:

Դպրոցների տնօրենների ընտրության մասին

2023 թվականից ներդրվել է դպրոցների կառավարման նոր մոդելը, որով առանձնացվել է դպրոցների բովանդակային և վարչատնտեսական կառավարումը: Ամբողջությամբ փոխվել է նաև տնօրենների ընտրության և նշանակման կարգը: 2023 թ.-ին տնօրենների հավակնորդների ներկայացրած 523 զարգացման ծրագրից դրական եզրակացություն է ստացել 81-ը (15,48%), իսկ 2024 թվականին՝ 343 ծրագրից 30-ը (8,7%): Այս պահին փորձաքննության մեջ է գտնվում 67 ծրագիր: Նախարարությունում իրականացվել է 65 հարցազրույց, որոնցից դրական եզրակացություն է ստացել 25 հավակնորդ (38%), բացասական` 40 հավակնորդ (62%):

«Դպրոցների տնօրենների ընտրության հարցում լուրջ խնդիր ունենք և այն լուծելու նպատակով մշակում ենք ծրագիր, որը հավակնորդներին վերապատրաստումների լրացուցիչ աջակցության հնարավորություն կտա»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

2023 թվականին միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներից 894-ը դիմել է ատեստավորման. 60 տոկոսի շեմը հաղթահարել է 354-ը

«2023 թվականի օգոստոսի 20-ից հետո միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներն այլևս չէին կարող շարունակել աշխատանքը դպրոցում, եթե կամավոր ատեստավորման կամ բարձրագույն կրթության պայմանը չապահովեին: Նրանց հավելյալ հնարավորություն տրվեց շարունակել մասնագիտական գործունեությունը՝ անցնելով կամավոր ատեստավորում; 2023 թվականին միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչներից 894-ը դիմել է կամավոր ատեստավորմանը, որոնցից 60 տոկոսի շեմը հաղթահարել է 354-ը»,- ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվել է աջակցության ծրագիր միջին մասնագիտական կրթություն ունեցող այն ուսուցիչների համար, որոնք ցանկանում են շարունակել իրենց գործունեությունը դպրոցում: Ստեղծվել է երկու հնարավորություն. նրանք կարող են մասնակցել վերապատրաստման դասընթացների, հաջորդաբար՝ կամավոր ատեստավորմանը և դրական արդյունքի դեպքում վերադառնալ դպրոց: Մյուս հնարավորությունն էլ բարձրագույն կրթություն ստանալն է՝ պետական բյուջեի միջոցներով:

Կամավոր և հերթական ատեստավորման մասին

Արաքսիա Սվաջյանը նաև տեղեկացրել է՝ արդեն իսկ հայտարարվել է 2024 թվականի կամավոր ատեստավորման գործընթացի մասին, որի հայտագրման վերջնաժամկետն այս տարվա սեպտեմբերի 1-ն է: Այս տարի կամավոր ատեստավորումն իրականացվելու է բոլոր առարկաներից՝ էլեկտրոնային ձևաչափով: Զուգահեռաբար մեկնարկել է նաև ուսուցիչների պարտադիր ատեստավորման գործընթացի հայտագրումը. այստեղ ևս փոփոխություն կա:

«Նախկինում եթե բոլոր ուսուցիչները նույն մոդուլով և ձևաչափով էին վերապատրաստում անցում, ապա հիմա ներդրվել է կարիքի վրա հիմնված վերապատրաստման համակարգը, որի շրջանակում ուսուցիչներին իրենց և տնօրենների գնահատման արդյունքում կառաջարկվի այնպիսի վերապատրաստում, որոնք համապատասխան կլինեն նրանց մասնագիտական կարիքներին»,- ասել է նախարարի տեղակալը:

Առաջին դասարանցիների հայտագրման մասին

Նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հայտագրման գործընթացին, որը կմեկնարկի հունիսի 10-ից և կիրականացվի 3 փուլով։ Արաքսիա Սվաջյանը ծնողներին հորդորել է հետևողական լինել ժամկետների հարցում, որպեսզի նշված ժամկետներում կարողանան սահուն կազմակերպել հայտագրման գործընթացը:

Արաքսիա Սվաջյանը նշել է՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների վերլուծությունը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր տարի 6 տարեկան երեխաների շուրջ 10%-ը դպրոց չի հաճախում և համալրում է պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների ցանկը: Այս առումով կատարվել է փոփոխություն. 2025-26 ուսումնական տարվանից բոլոր այն երեխաները, որոնք 6 տարեկանում առաջին դասարան չեն գնա և կլինեն ավելի բարձր տարիքային խմբում, ուսումնառությունը կսկսեն իրենց տարեկիցների հետ միաժամանակ:

Ասուլիսի ընթացքում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև նախադպրոցական և միջին մասնագիտական կրթության ոլորտների հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

22:51 02.08.2025

Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին Մուլահուսեյնովիչ

Հայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

22:36 02.08.2025

Ջրափրկարարները ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացուն դուրս են բերել ափ

Օգոստոսի 2-ին, ժամը 20։28-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են ջրային մոտոցիկլով շրջված քաղաքացու։ Ջրափրկարարներն ափից մոտ 700 մ հեռավորությունից դուրս են բերել քաղաքացուն և ջրային մոտոցիկլը։ ...

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

22:23 02.08.2025

Թրամփի հայտարարությունն ու տարածաշրջանի ապաշրջափակումը. զրույց Տիգրան Գրիգորյանի հետ

Հայաստանի Հանրապետությունն այս շաբաթ ևս, ի դեմս վարչապետի մամուլի խոսնակի, անդրադարձավ ենթակառուցվածքների թեմային՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ։ Հիշեցնենք՝ այս հայտարարությունը տեղի է ունենում այն բանից հետո, երբ քննարկումներ սկսվեցին ԱՄՆ-ի […] ...

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

22:12 02.08.2025

Իսրայելի բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի գումարտակի փոխհրամանատարի վերացման մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) հայտարարել են Գազայի հատվածում  պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման «Ալ-Ֆուրքան» գումարտակի փոխհրամանատարի ոչնչացման մասին։ «IDF-ն հարձակվել և սպանել է ահաբեկչական ՀԱՄԱՍ կազմակերպության Ալ-Ֆուրքան գումարտակի փոխհրամանատարին», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ոչնչացված արմատականը պատասխանատու էր գումարտակի մարտական աջակցության համար և մասնակցել է Գազայի հատվածում բանակային ստորաբաժանումների դեմ բազմաթիվ հարձակումների կազմակերպմանը։ ...

SHANTNEWS

22:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP