Ամփոփվել են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում իրականացված ծրագրերն ու միջոցառումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Ամփոփվել են Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի շրջանակում իրականացված ծրագրերն ու միջոցառումները

17:48 04.06.2024

Հունիսի 4-ին տեղի է ունեցել «Արամ Խաչատրյան-120» հոբելյանական միջոցառումների ամփոփիչ մամուլի ասուլիսը:

Բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի գործադիր տնօրեն Մարտին Թովմասյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը:

Ասուլիսի ընթացքում բանախոսները ներկայացրել են հոբելյանական տարվա ընթացքում իրականացված ծրագրերը: Դրանց իրականացմանը ներգրավված են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության կազմակերպությունները՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերը, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Հայաստանի պետական ֆիլհարմոնիան, ինչպես նաև «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամն ու այլ կառույցներ:

Համերգներ՝ Հայաստանում և արտերկրում, հյուրախաղեր, մրցույթներ, հրատարակություններ, հանրահռչակմանն ուղղված ծրագրեր, կապիտալ վերանորոգումներ

Նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել էր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակի հանձնաժողով, որի նախագահն էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: Հոբելյանական հանձնաժողովը ստացել է տարբեր գաղափարներ և առաջարկներ տարվա ընթացքում իրականացվելիք ծրագրերի մասին, այնուհետև, դրանք մանրամասն քննարկելով, հաստատել է վերջնական ծրագիրը, որում ներառվել են 21 հիմնական միջոցառումներ: Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը պատշաճ կերպով ներկայացնելու համար, ընդհանուր առմամբ, տրամադրվել է 464 մլն դրամ:

«Հոբելյանական ծրագիրը մի քանի կարևոր ուղղություններ ուներ. առաջինը՝ մեր տարբեր ստեղծագործական խմբերի հյուրախաղերի միջոցով նրա արվեստի ներկայացումն էր տարբեր երկրներում՝ այդպիսով ստեղծելով հնարավորություն՝ ամենահեղինակավոր բեմերում հնչեցնելու Խաչատրյանի արվեստը: Այդ իմաստով փորձել ենք հնարավորինս ընդգրկուն աշխարհագրություն ունենալ: Մյուս կարևոր ուղղությունը մրցութային ծրագրերն են. Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի մեկնարկն ավանդաբար տրվում է նրա ծննդյան օրը, և նախորդ տարի մեծ հանդիսավորությամբ այն իրականացվեց»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ նաև տարբեր փառատոներ են անցկացվել ոչ միայն Հայաստանում, այլև ՀՀ սահմաններից դուրս:

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է մարզերում իրականացված համերգային ծրագրերը՝ ընդգծելով, որ հոբելյանական տարին նշվել է ոչ միայն արտերկրում և Երևանում. դրա կարևոր մասն են կազմել մարզային համերգները:

«Կոնսերվատորիայի կողմից Գյումրիում և Կապանում իրականացված համերգները, որտեղ ընդգրկված են եղել նաև բուհի ուսանողները, ծրագրի կարևոր ուղղություններից մեկն էին: Մեծ աշխատանքներ են տարվել լրատվական ծրագրերի կազմակերպման ուղղությամբ: Ցանկանում եմ հատկապես ընդգծել «Մեցցո» հեռուստաընկերության կողմից վավերագրական ֆիլմի նկարահանումները և դրա ցուցադրությունը, որը շատ կարևոր մշակութային հարթակ է Խաչատրյանի ժառանգությունը հանրահռչակելու տեսանկյունից: Բացի դրանից՝ ստեղծվել է շուրջօրյա KHACHATURIAN RADIO առցանց ձայնասփյուռի ծրագիրը, որն ամբողջ հոբելյանական տարվա ընթացքում 24-ժամյա ռեժիմով հեռարձակել է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ այդ իմաստով կարևոր ներկայություն ապահովելով ցանկացած վայրում»,- շեշտել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դերը հրատարակչական ուղղությամբ, մասնավորապես՝ գիրք-ալբոմի հրատարակությունը, ինչպես նաև նրա ստեղծագործությունների նոտային գրականության վերահրատարակումը:

«Աշխատանքներ տանելով ԱԳՆ-ի մեր գործընկերների հետ՝ հոբելյանական տարում նաև արարողակարգային նվերների տրամաբանությունն ենք փորձել այնպես կազմակերպել, որ դրանց շարքում տեղ գտնեն Խաչատրյանին նվիրված ամենատարբեր հրատարակություններ կամ համապատասխան բրենդավորմամբ հուշանվերներ: Դրա նպատակն էր նաև այս խողովակով՝ դիվանագիտության լեզվով, հանրահռչակել Խաչատրյանի ժառանգությունը: Մշակութային դիվանագիտությունն այդ տեսանկյունից մեր երկրի ուժեղ կողմերից մեկն է, և այս հոբելյանական միջոցառումներով ևս մեկ անգամ ընդգծում ենք մեր երկրի տեղը մշակութային քարտեզում և ներկայությունը՝ տարբեր բեմերում»,- նշել է Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով բոլոր գործընկերներին տարվա ընթացքում իրականացված մեծածավալ և բաձրորակ աշխատանքների համար:

Ընդգծելով Արամ Խաչատրյանի ժառանգության կարևորությունը՝ նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հոբելյանական տարում մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահի վերանորոգման նպատակով հատկացված կապիտալ ներդրումներին:

«Անչափ կարևորում ենք, որ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները հնչեն այնպիսի միջավայրում, որը պատշաճ է նրա ստեղծագործական ժառանգությանը: Անցած տարի ընդգծված հետևողականությամբ և սրտացավությամբ իրականացվել է մեծածավալ աշխատանք՝ սկսած դահլիճի նոր աթոռների համալրումից մինչև վերանորոգման աշխատանքներ, լուսաձայնային տեխնիկայով ապահովում և այլն: Եթե խոսում ենք Արամ Խաչատրյան արվեստագետի նշանավորության մասին, նրա անունը կրող տարածքը ևս պետք է դարձնել արդիական, բերել պատշաճ որակի և տեսքի»,- ասել է նախարարը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի տեղեկացմամբ՝ նվագախումբը 2023 թվականի նոյեմբերի 12-21-ը 6 համերգով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Կանադայում: Համերգները տեղի են ունեցել Աթենքի «Մեգարոն», Սալոնիկի «Մեգարոն» համերգասրահներում, Նյու Յորքի «Քարնեգի», Տորոնտոյի «Ռոյ Թոմսոն» հոլլերում, Մոնրեալի «La Maison Symphonique»-ում և Բոստոնի սիմֆոնիկ հոլլում: Ծրագրում ընդգրկված էին Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, հատվածներ «Սպարտակ» բալետից, Ռախմանինովի Դաշնամուրի թիվ 3 կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 2-ը: Հրավիրող կողմի առաջարկն էր միավորել երաժշտական աշխարհի երկու հսկաների՝ Արամ Խաչատրյանի 120 և Սերգեյ Ռախմանինովի 150-ամյա հոբելյանները:

Մենակատարներն էին մեր ժամանակների հայ լավագույն երաժիշտները՝ դաշնակահար Սերգեյ Բաբայանը, ջութակահարներ Սերգեյ Խաչատրյանը և Անուշ Նիկողոսյանը: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան: Նոյեմբերի 21-ին Բոստոնում կայացած համերգը բարեգործական էր, որի տոմսերից գոյացած հասույթը, որպես մարդասիրական օգնություն, ուղղվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցությանը: Հյուրախաղերի կազմակերպիչն էր Classic Music TV-ն:

«Նշանակալից էր Իտալիայի Պորդենոնե քաղաքի Տեատրո Վերդիում 2023 թվականի դեկտեմբերի 11-ին կայացած «Արարատից՝ Ալպեր» խորագրով համերգը: Գաղափարն իտալական կողմինն էր և պատահական չէր, քանի որ հնչեցին Խաչատրյանի Ջութակի կոնցերտը և Ռիխարդ Շտրաուսի «Ալպիական» սիմֆոնիան: Իտալական RAI հեռուստատեսության կողմից թողարկվել է այդ համերգի տեսասկավառակը, որը շուտով կցուցադրվի նաև Հայաստանի Հանրային հեռուստատեսությամբ: Վերը նշված բոլոր հյուրախաղերի ճանապարհածախսը և երաժիշտների օրապահիկի ծախսերը հոգացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչի համար անչափ շնորհակալ ենք: Առանց պետական աջակցության հնարավոր չէր լինի նմանօրինակ մեծամասշտաբ ծրագրերի իրականացումը: Միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ դա միայն ծախսերի մի մասն է, քանի որ մեծ մասը, որն ավելի քան 1 մլն դոլար է, հոգացել են հրավիրող կողմերը և կազմակերպիչները: Բոլոր ելույթներից հետո նվագախումբը հեղինակավոր երաժշտաքննադատների կողմից արժանացել է ամենաբարձր գնահատականների, ինչը մեծ ձեռքբերում եմ համարում»,- նշել է Էդուարդ Թոփչյանը և հավելել, որ հոբելյանական տարվա շրջանակում նվագախումբը մեծ շրջագայություն է ունեցել նաև Չինաստանում՝ իննը համերգով հանդես գալով լավագույն համերգասրահներում, որտեղ ծրագրի հիմնական մասում հնչել է Խաչատրյանի երաժշտությունը: Համերգները կազմակերպել էր Armstrong Poly երաժշտական գործակալությունը:

Էդուարդ Թոփչյանն անդրադարձել է նաև Խաչատրյանի 120-ամյակի շրջանակում Հայաստանում Ազգային ֆիլհարմոնիկի կողմից իրականացված ծրագրերին՝ Երևանյան միջազգային երաժշտական փառատոնին և մարզային համերգներին. «Մարզերում հանդես եկանք ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ՝ ելույթներ ունենալով Գյումրիում, Մեղրիում, Կապանում և Գորիսում: Հուրախություն մեզ, մարզերում հրաշալի պատրաստված ունկնդիր ունենք»:

Էդուարդ Թոփչյանը կարևորել է նաև այն, որ Խաչատրյանի 120-ամյակին ընդառաջ BIS Records–ի հետ ձայնագրվել է «Թավջութակի Հայկական կոնցերտներ» (Armenian Cello Concertos) ձայնասկավառակը, որում թավջութակահար Ալեքսանդր Չաուշյանի հետ հնչեցվել են հայ կոմպոզիտորների՝ հազվադեպ կատարվող երեք կոնցերտներ, այդ թվում՝ Խաչատրյանի Թավջութակի կոնցերտը: Այս ձայնասկավառակը նույնպես արժանացել է երաժշտաքննադատների բարձր գնահատականներին:

Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոն

Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Կարինե Կիրակոսյանը ևս ներկայացրել է հոբելյանական տարվա ծրագրերը: Ըստ նրա՝ օպերային թատրոնի արտիստները, ի թիվս բազմաթիվ հյուրախաղերի, մասնակցել են Սանկտ Պետերբուրգի Միխայլովո թատրոնի «Արամ Խաչատրյանի դարաշրջանը» գալա-համերգին՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ: Նա անդրադարձել է նաև հայաստանյան համերգներին՝ առանձնացնելով Երևանի Թումանյանի անվան զբոսայգում ներկայացված «Դիմակահանդես», «Գայանե», «Սպարտակ» բալետները, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցի երգեհոնային դահլիճում կայացած համերգը և այլն: Բանախոսի խոսքով՝ Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի բոլոր միջոցառումները՝ նվիրված Արամ Խաչատրյանի 120-ամյակին, անցել են լեփ-լեցուն դահլիճներում և մեծ խանդավառությամբ են ընդունվել հանդիսատեսի կողմից:

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, անդրադառնալով հոբելյանական միջոցառումներին, խոսել է նաև Խաչատրյանական միջազգային փառատոնի մասին: Նրա ընդգծմամբ՝ ծրագրում ներառվել են Խաչատրյանի կոմպոզիտորական ժառանգության մաս կազմող և ոչ հաճախ կատարվող կինոերաժշտությունը, ինչպես նաև ջազ համերգային ելույթները, Խաչատրյանի մեղեդիները, օրորոցային երաժշտության ձևաչափով գործիքավորումը: Բալբաբյանի խոսքով՝ նպատակը Խաչատրյանի ամբողջ ժառանգությունն ունկնդրի շրջանում առավել հայտնի դարձնելն էր: Նրա տեղեկացմամբ՝ Սիմֆոնիկ նվագախումբը հունիսի վերջին հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում՝ շարունակելով տարածել և հանրահռչակել Արամ Խաչատրյանի ստեղծագործական ժառանգությունը:

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամ

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի տնօրեն Մարտին Թովմասյանը տեղեկացրել է, որ Երևանում «Մեցցո» հեռուստաընկերության թիմի հետ իրականացվել են Արամ Խաչատրյանին նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանումներ, որոնց շրջանակում անցկացվել են հարցազրույցներ, նկարահանվել են տեսարաններ Հայաստանի տեսարժան վայրերից, որոնք կմշակվեն, կխմբագրվեն, կթարգմանվեն օտար լեզուներով, որից հետո ֆիլմը կցուցադրվի հեղինակավոր «Մեցցո» հեռուստաալիքով։

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը ևս ներկայացրել է հոբելյանական տարվա ընթացքում թանգարանի իրականացրած միջոցառումները: Նա հայտնել է, որ անցկացվել է երկու գիտաժողով, որոնց մասնակցել են ոչ միայն տեղացի, այլև օտարերկրացի երաժշտագետներ: Անգլերենով հրատարակվել է Արամ Խաչատրյանի նամականին, շուտով պատրաստ կլինի մանկական ձայնային գիրքը: Հրատարակվել է գիրք-ալբոմ, որում ներկայացվել են մեծանուն կոմպոզիտորի կյանքը, նրա ստեղծագործական գործունեությունը, շրջագայություններն ու համերգները, ինչպես նաև հանդիպումներն աշխարհի մեծանուն մարդկանց հետ:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիա

«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը տեղեկացրել է, որ անցած տարի հունիսի 6-ից գործում է Արամ Խաչատրյանին նվիրված կայքը, որը ներառում է ռադիոկայան՝ հանրային ռադիոյի հետ համագործակցությամբ: Ըստ նրա՝ ընդգրկվել են այնպիսի կատարումներ, որոնք չկան անգամ ռադիոյի արխիվում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP