Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գործընթացին․ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+19.09 oC

Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գործընթացին․ Միրզոյան

13:21 11.06.2024

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի մեկնարկին ՀՀ ԱԳ նախարարը հանդես է եկել բացման խոսքով.

«Փոխպերտքարտուղար Օ՛Բրայեն,

հարգելի՛ գործընկերներ,

Մեծ հաճույքով եմ ողջունում Ձեզ և ԱՄՆ-ի պատվիրակությանը այստեղ՝ Երևանում, անցկացնելու Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության 2-րդ ամփոփիչ հանդիպումը։

Այսօրվա հանդիպումը մեր երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ևս մեկ արտահայտությունն է, որը նոր խթան կհաղորդի Հայաստանի և ԱՄՆ միջև զարգացող գործընկերությանը։

Մեր գործընկերության առանցքում է ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը: Չնայած այն հանգամանքին, որ ժողովրդավարությունը վտանգված է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, չնայած անվտանգության մարտահրավերներին և առաջացող հիբրիդային սպառնալիքներին, Հայաստանի կառավարությունը վճռական է հետևել իր ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությանն, ամրապնդել համապատասխան պետական ​​ինստիտուտները՝ ապահովելու օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքների ամուր պաշտպանությունը:

Այս համատեքստում, վերջին տարիներին «Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովին մեր ակտիվ մասնակցությունը Հայաստանի հանձնառության և ներգրավվածության վառ դրսևորումներից մեկն է՝ միտված առավել ամուր ժողովրդավարության կառուցմանը, որը կլինի բավականաչափ դիմակայուն՝ դիմագրավելու և հաղթահարելու բոլոր դժվարությունները։ Ես հավատացած եմ, որ մեր համախոհ գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ը, լիովին աջակցում և կանգնած են մեր կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարական երկրները կարող են արդյունքի հասնել:

Եվ հաջողության հասնելու համար, մենք պետք է խորացնենք բազմաոլորտ և տարբեր ուղղություններ ընդգրկող համագործակցությունը՝ ներառյալ, բայց չսահմանափակվելով տնտեսության և էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության, բարձր տեխնոլոգիաների և կիբերանվտանգության, արդարադատության և օրենքի գերակայության ոլորտները: Մեր երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել և ներառել Հայաստանի դիմակայունության և կայուն զարգացման համար կարևոր ուղղություններ։ Այս համատեքստում ցանկանում եմ հիշատակել 2024թ. ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը և համատեղ մամուլի հայտարարության մեջ արտացոլված պայմանավորվածությունները։

Մենք նաև կարծում ենք, որ ՀՀ-ԱՄՆ ընդլայնված գործընկերությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանն ԱՄՆ-ի շարունակական աջակցության հետ մեկտեղ, ունի մեծ ներուժ նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը։

Այս համատեքստում ցանկանում եմ վերահաստատել, որ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գործընթացին` հիմնված 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա: Կա իրական հնարավորություն, պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, որի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար։

Որպես խաղաղության օրակարգի և տարածաշրջանային զարգացման տեսլականի մաս՝ Հայաստանը նաև մեծապես շահագրգռված է բոլոր տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Դա լավագույնս արտահայտված է մեր կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ:

Հարգելի՛ գործընկերներ, անդրադառնալով այսօրվա հանդիպման օրակարգին՝ մենք քննարկելու ենք կոնկրետ քայլերի և ծրագրերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսության ու էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից մինչև պաշտպանական ոլորտում համագործակցություն և արդարադատության ոլորտի բարեփոխումներ: Մենք արդյունավետորեն համագործակցել ենք Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հովանու ներքո ստեղծված երեք աշխատանքային խմբերի շրջանակներում՝ համապատասխան հանդիպումներ անցկացնելով 2023 թվականի ընթացքում: Հաշվի առնելով երկկողմ հարաբերությունների աճող բնույթն ու դինամիկան՝ մենք հուսով ենք, որ մեր ռազմավարական երկխոսությունը կբարձրացնենք նոր՝ Ռազմավարական Գործընկերության հանձնաժողովի մակարդակի, որը կարող է ավելի ամրապնդել մեր բազմաբնույթ համագործակցության կառուցվածքային հիմքերը:

Ոլորտային համագործակցության մասով. այսօր մենք հնարավորություն կունենանք քննարկել աճող տնտեսական համագործակցությունը, այդ թվում՝ Հայաստան-ԱՄՆ Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի շրջանակներում և առևտրի հետագա ազատականացման նպատակով, ինչը կարող է ավելի մեծ բարգավաճում, տնտեսության զարգացման և այն ավելի դիմակայուն դարձնելու նոր հնարավորություններ տալ Հայաստանին։ Ես վստահ եմ, որ կան լրացուցիչ մեխանիզմներ և արդյունավետ գործիքներ՝ աջակցելու տնտեսության դիվերսիֆիկացմանը, և մենք կքննարկենք, թե ինչպես դրանք լավագույնս օգտագործել:

Հաշվի առնելով ներկայիս մարտահրավերները, էներգետիկայի դիվերսիֆիկացիան նույնպես մեր օրակարգի կարևոր բաղադրիչ է, և մենք կքննարկենք արդեն իսկ կատարված աշխատանքը և կդիտարկենք հեռանկարները, այդ թվում՝ միջուկային էներգիայի և վերականգնվող աղբյուրների ոլորտներում:

Պաշտպանական համագործակցության մասով. գոհունակությամբ պետք է նշեմ 2023թ. «Արծիվ գործընկեր» զորավարժության անցկացումը: Մենք շահագրգռված ենք Հայաստանի պաշտպանական վերափոխման համար համագործակցության հետագա հնարավորությունների ուսումնասիրմամբ:
Կցանկանայի նաև ընդգծել արդարադատության և հանրային կառավարման բարեփոխումները և Հայաստանի հանձնառությունն՝ ամրապնդելու ժողովրդավարական ինստիտուտները, որոնք ուղղված են մեր քաղաքացիների համար ավելի ամուր, ավելի ապահով և առաջադեմ միջավայրի կառուցմանը: Մենք զգալի առաջընթաց ունենք, արդյունքները շոշափելի են ու տեսանելի։

Հարգելի՛ գործընկերներ, առանձնացրեցի մեր այսօրվա հիմնական առաջնահերթությունները, մինչդեռ համագործակցության ընդլայնման մեր հետաքրքրությունն իմ նշած ոլորտներից անդին է: Մեր առջև ունենք համապարփակ օրակարգ, և ես ակնկալում եմ արդյունավետ նիստի անցկացում: Վստահ եմ, որ մեր այսօրվա քննարկումներն էլ ավելի կամրապնդեն մեր գործընկերությունը և կխթանեն ժողովրդավարական, խաղաղ և բարգավաճ ապագայի մեր ընդհանուր տեսլականը:»

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այրվել է ավտոմեքենա

10:00 16.06.2025

Այրվել է ավտոմեքենա

Հունիսի 15-ին, ժամը 21:28-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:04-ին, մարվել՝ 22:32-ին: Այրվել է ավտոմեքենան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

09:42 16.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկկողմ հանդիպումներ կունենա Վլադիմիր Զելենսկու, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի և Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ Կանադայում կայանալիք G7 գագաթնաժողովի շրջանակներում: Կիրակի օրը լրագրողներին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան, նրա խոսքերը մեջբերել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայությունը: Թրամփը Կանադա է ժամանել ավելի վաղ։ G7 գագաթնաժողովը (Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, […] ...

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

09:25 16.06.2025

Նեթանյահուն պնդում է, թե Իրանը ցանկանում էր սպանել Թրամփին միջուկային ծրագրի պատճառով

Թեհրանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համարում է իր գլխավոր թշնամին և պլանավորել է սպանել նրան, քանի որ ամերիկացի առաջնորդը դեմ է Իրանի միջուկային ծրագրին: Այս հայտարարությունն արել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: «Իրանը փորձել է սպանել Թրամփին իրենց լիազորված ուժերի միջոցով։ Այո՛, նրանք ուզում են սպանել նրան։ Նա նրանց թիվ մեկ թշնամին է, նա վճռական […] ...

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

09:00 16.06.2025

Իրանի վրա Իսրայելի երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված երեք հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 70 կին և երեխա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իր քարոզչության մեջ Իսրայելի ագրեսոր ռեժիմը ձևացնում է, թե իր հարձակումները կատարվում են ճշգրիտ և առանց բնակելի տարածքների վրա հարձակվելու, սակայն ճշմարտությունն այլ է։ Ավելի քան 70 կին և երեխա […] ...

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

08:30 16.06.2025

Իրանի միջուկային օբյեկտում ստորգետնյա ցնցումներ են գրանցվել

2.5 մագնիտուդով ցնցումներ են գրանցվել Իրանի կենտրոնական մասում գտնվող Ղոմ նահանգում՝ Ֆորդոյի միջուկային օբյեկտի տարածքում, հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Տեղեկատվությունը հայտնվել է կենտրոնի պաշտոնական կայքում։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են հունիսի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 23:35-ին, գետնի տակ 10 կիլոմետր խորության վրա։ ...

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

23:59 15.06.2025

ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...

BACK_TO_TOP