Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.06 oC

Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հոդվածը

10:17 10.02.2025

Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական քարոզչությունը ավելի ու ավելի շատ է կենտրոնանում այն թեզի վրա, թե Հայաստանը սպառազինվում է, պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա եւ հետեւաբար Ադրբեջանը պաշտպանվելու, կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու իրավունք ունի:

Եթե ավելի կարճ եւ ավելի պարզ վերարտադրենք ադրբեջանական քարոզչության այս թեզերը, ամեն ինչ հանգում է հետեւյալին. Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա, հետեւաբար ավելի լավ է Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, որպես կանխարգելիչ միջոցառում:

Քարոզչական այս թեզերի ծագումնաբանության երկու տարբերակ կա. կամ Ադրբեջանը իրոք մտածում է, թե Հայաստանն իր վրա հարձակվելու մտադրություն ունի, կամ ինքը հարձակվելու մտադրություն ունի եւ փորձում է դա իրագործելու հիմքեր ձեւավորել: Երկու դեպքում էլ բազային դրույթը Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին Ադրբեջանի պնդումն է:

Արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա

Ցանկացած անաչառ դիտորդ կարող է փաստել, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունն այս հարցում տարընթերցման ոչ մի տեղ չի թողել: Բազմիցս հայտարարել եմ, եւ հիմա էլ հարկ եմ համարում պարզաբանել, որ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձեռքբերված ռազմավարական պայմանավորվածությանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ տարածքով, իսկ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Հայկական ԽՍՀ տարածքով:

Այս թեզը երկու պետություններում էլ արդեն դե յուրե ուժ է ստացել, քանի որ «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում, որը վավերացվել է երկու պետություններում, Ալմա Աթայի հռչակագիրը արձանագրվել է որպես երկու երկրների միջեւ սահմանազատման գործընթացի բազային սկզբունք:

Նաեւ այս փաստի հաշվառումով է, որ մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29 հազար 743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետեւ վերը նշված կանոնակարգը արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը եւ սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական եւ առարկայական հնարավորություն կա:

Այս համատեքստում հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի բանակի 33-րդ տարեդարձի առիթով հայտարարել եմ, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս չպետք է կիրառվի (սա իհարկե չի առնչվում միջազգային խաղաղապահ ուժերի կազմում ՀՀ խաղապահ զորախմբերի մասնակցությանը):

Հետեւաբար՝ Ադրբեջանի վրա հարձակվելու Հայաստանի մտադրության մասին թեզերը պարզապես մտացածին են:

Արդյո՞ք սպառազինվում է Հայաստանի Հանրապետությունը 

Հայաստանի Հանրապետությունը իր բանակը բարեփոխում է վերը բերված սկզբունքի շրջանակում, այսինքն՝ իր միջազգայնորեն, այդ թվում Ադրբեջանի կողմից ճանաչված տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը պաշտպանելու համար: Սա ընդ որում, ցանկացած երկրի միջազգայնորեն ճանաչված իրավունք է, որը վիճարկելն իսկ միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է:

Արդյո՞ք Հայաստանի բանակի բարեփոխումները կապ ունեն Ադրբեջանի հետ: Եվ այո, եւ ոչ:

Ոչ, որովհետեւ, ինչպես վերը պարզաբանեցի, Հայաստանը Ադրբեջանի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն, նպատակ չունի:

Այո, որովհետեւ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում: Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ:

Այդ հայտարարություններն առավել ամբողջական կերպով ձեւակերպված են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» խոսույթում, որը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից եւ համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսը անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական եւ իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»:

Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, եւ պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ եւ հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ:

Լուծումներ

Այս իրադրության լուծումները դրված են սեղանին եւ դրանք գեներացվել են հենց Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների համատեղ աշխատանքի արդյունքում: Նախ՝ խաղաղության պայմանագրի արդեն իսկ համաձայնեցված հոդվածները հիմնավորապես լուծել են ոչ միայն միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունենալու, այլեւ ապագայում նման պահանջներ չներկայացնելու հարցը: Խաղաղության պայմանագրի ստորագրումը թե Հայաստանի, թե Ադրբեջանի առաջ ընդմիշտ փակում է միմյանց նկատմամբ երբեւէ տարածքային պահանջներ ներկայացնելու՝ առանց այն էլ Պրահայում փակված դուռը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասը բավարար չափով ծանրակշիռ եւ հասունացած է ստորագրելու համար, չնայած՝ չհամաձայնեցված երկու հոդվածների համար էլ Հայաստանի Հանրապետությունը առաջարկել է համապարփակ լուծումներ եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել սպառազինությունների փոխադարձ վերահսկման եւ սահմանային միջադեպերի համատեղ հետաքննության մեխանիզմներ ստեղծելու մասին եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

Ավելին, Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել Հայաստանի տարածքով Ադրբեջանից Ադրբեջան եւ միջազգային, Ադրբեջանի տարածքով Հայաստանից Հայաստան եւ միջազգային երկաթուղային փոխադրումներ իրականացնելու մասին եւ սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին:

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովը եւ Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովը բնականոն եւ կառուցողական աշխատում են:

Օրերս տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության գերիների, պատանդների և անհայտ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը:

Այս ամենը նշանակում է, որ տարածաշրջանում էսկալացիայի համար ոչ մի նախադրյալ չկա եւ ավելին՝ խաղաղության համար բոլոր նախադրյալները ստեղծված են: Հարկավոր է հրաժարվել բեմականացված գործողություններից եւ էսկալացիաների բեմականացման քաղաքականությունից եւ հաստատել ինստիտուցիոնալ խաղաղություն: Հայաստանը ոչ միայն պատրաստ է սրան, այլեւ չի հրաժարվելու այս ճանապարհից:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆ

ՀՀ վարչապետ 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ

10:20 04.08.2025

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում օգոստոսի 4-ի 08։00 դրությամբ կազմել է 20.8 աստիճան։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

10:09 04.08.2025

Մի քանի ժամով կդադարեցվի Արարատ քաղաքի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 4-ին  ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի  Արարատ քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

10:00 04.08.2025

Xinhua․ Չինաստանը կթողարկի ֆիլմ ճապոնական բիոլաբորատորիաների մասին

Չինաստանը Համաշխարհային հակաֆաշիստական պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առթիվ կթողարկի ռեժիսոր Չժաո Լինշանի «731» պատմական ֆիլմը, որը պատմում է իմպերիալիստական Ճապոնիայի կենսաբանական լաբորատորիաների մասին, հաղորդում է «Սինհուա»-ն։ Նրա խոսքով՝ ֆիլմը կթողարկվի սեպտեմբերի 18-ին՝ 1931 թվականին Ճապոնիայի կողմից Հյուսիսարևելյան Չինաստանի օկուպացիայի սկզբի օրը (Մուկդենի միջադեպ): Ֆիլմը հիմնված է մարդկանց վրա անցյալ դարի առաջին կեսին ճապոնական № 731 […] ...

Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ը

09:53 04.08.2025

Թրամփը հայտնել է, որ Ուիթքոֆը Ռուսաստան կայցելի օգոստոսի 6-7-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆը Ռուսաստան կժամանի օգոստոսի 6-7-ը։ Սպիտակ տան ղեկավարը, օգոստոսի 3-ին, Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքից Վաշինգտոն թռչելուց առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ուիթկոֆը «կենտրոնացած է սահմանի վրա»։ «Ես նկատի ունեմ Գազայում ժողովրդին սնունդ հասցնելը։ Կարծում եմ՝ նա կարող է Ռուսաստան մեկնել հաջորդ […] ...

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

09:47 04.08.2025

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է ԳՈւՄ-ի շուկայի մսավաճառներին

Վերջին շրջանում իրացման շուկայում մսի սպանդանոցային ծագման նկատմամբ իրականացվող վերահսկողության արդունքում միայն Երևանում առգավվել և ոչնչացման է տարվել 1859,9 կգ միս-մսեղիք: Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։: «Արձագանքելով Երևանի Խորենացու (ԳՈՒՄ-ի շուկա) փողոցում գտնվող իրացման կետերում միս-մսեղիքի իրացմամբ զբաղվող տնտեսավարողների խնդրանքին՝ տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է նրանց ներկայացուցիչներին: Մսավաճառները ներկայացրել են իրենց խնդիրը. իրենք […] ...

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

09:40 04.08.2025

ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան․ Al Mayadeen

Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) պատվիրակությունը հաջորդ շաբաթ կայցելի Թեհրան, հաղորդում է Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ պատվիրակության կազմում տեսուչներ չեն լինի, քանի որ «բանակցությունները կկենտրոնանան հարցի քաղաքական կողմի վրա»։ Ակնկալվում է, որ կողմերը «կքննարկեն գործակալության հետ համագործակցությունը կասեցնելու մասին խորհրդարանի կողմից ընդունված օրենքի կիրառման մեխանիզմները»։ Հուլիսի 2-ին Իրանի նախագահ […] ...

BACK_TO_TOP