Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+21.09 oC

Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան

21:51 18.10.2018

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի 75-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին:

Նախագահ Սարգսյանը հանդես է եկել ելույթով: Նա, մասնավորապես, ասել է.

«Ինձ համար իսկապես մեծ պատիվ է մասնակցել այս հոբելյանին, որովհետև ես նախ և առաջ ինձ համարում եմ հայկական գիտական համայնքի անդամներից մեկը, այսինքն՝ ձեզնից մեկը:

20-րդ դարում, Խորհրդային Միությունում շատ լավ հասկանում էին, թե ինչ են հայկական միտքը, հայկական մտավոր ներուժը, և դա է պատճառը, որ պատերազմի տարիներին Հայաստանում ստեղծվեց գիտությունների ակադեմիա, որը դարձավ մեր գիտական մտքի շարժիչ ուժը:

Ես հպարտությամբ եմ ուզում հիշատակել Հայաստանի գիտությունների ակադեմիայի բոլոր նախագահներին՝ առաջին և հիմնադիր նախագահ ակադեմիկոս Հովսեփ Օրբելուն, ակադեմիան իրական գիտական բարձունքի հասցրած ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանին, անկախության առաջին տարիներին ակադեմիան պահպանած Ֆադեյ Սարգսյանին և, իհարկե, նշել ակադեմիայի ներկայիս նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանի գործունեությունը:

Գիտությունների ազգային ակադեմիայի հոբելյանը լավագույն առիթն է խոսելու գիտության մասին:

Սիրելի՛ գործընկերներ,

Ցանկանում եմ անդրադառնալ մի քանի կետերի, որոնք, կարծում եմ, կարևոր են Ազգային ակադեմիայի համար: Դրանք վերաբերում են թե՛ ժամանակակից գիտության զարգացման միտումներին, և թե՛ նախկին ավանդույթների զարգացմանը:

1. Կապեր նախկին խորհրդային գիտական կենտրոնների հետ

Մենք պետք է ոչ միայն պահպանենք, այլև խորացնենք 75 տարվա գիտական ավանդույթներն ու կապերը նախկին ԽՍՀՄ տարածքի գիտնականների ու գիտահետազոտական կենտրոնների հետ: Անհրաժեշտ է զարգացնել այդ ամենը, որովհետև մեր գիտական ներդրումը խորհրդային գիտության մեջ չափազանց ծանրակշիռ է եղել:

2. Կարիք ունենք և պարտավոր ենք ընդլայնել ակադեմիայի կապերը միջազգային գիտահետազոտական բոլոր կենտրոնների հետ

Մենք պետք է լինենք միջազգային գիտական գործընթացների մասը, համահունչ լինենք ժամանակի պահանջներին: Համագործակցությունը պետք է լինի իրական ծրագրերի շուրջ՝ համաշխարհային բոլոր կենտրոնների հետ՝ Ամերիկայից մինչև Չինաստան, Ռուսաստանից մինչև Հնդկաստան: Եվ այն պետք է ուղղված լինի կոնկրետ թիրախների և նպատակների:

3. Մենք պետք է համախմբենք աշխարհով մեկ տարածված մեր հայկական ակադեմիական գիտական ուժը:

Դա պետք է լինի գործնական և արդյունավետ հարաբերությունների տեսքով: Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան պետք է լինի գիտությունների համահայկական ակադեմիա, համահայկական գիտական համախմբող մարմին:

4. Ֆունդամենտալ և կիրառական գիտություններն աստիճանաբար մերձենում են:

Դրա թարմ օրինակն իմ անձնական կյանքում հետևյալն է. ընդամենը մի քանի շաբաթ առաջ Nature ամսագրում մեծ հետաքրքրությամբ ընթերցում էի հոդված՝ նվիրված Ջեյմս Էլիսոնին և Տասուկու Հոնձյոյին, ովքեր քաղցկեղի թերապիայի բնագավառում բացահայտումների համար այս տարի Նոբելյան մրցանակի են արժանացել: Սա հիասքանչ հայտնագործություն է, բայց երբ դիտարկում ես այդ հայտնագործության պատմությունը, իրականում խոսքը երկու անհատի մասին չէ, այլ վերջին 50 տարիների ընթացքում կատարված հսկայական, ֆունդամենտալ աշխատանքի մասին, որի արդյունքում բազմաթիվ հայտնագործություններ են կատարվել՝ սկսած T բջիջների բացահայտումից մինչև իմունային համակարգի աշխատանքի մեխանիզմներ: Եվ արդյունքում ունենք նոր դեղամիջոց, որը, կարծում եմ, ապագա մի քանի տարիների ընթացքում հասանելի կլինի աշխարհով մեկ: Սա կրկին մեկ օրինակ է, թե ֆունդամենտալ գիտությունն ինչպիսի կարևոր նշանակություն ունի:

Եվ ընդհանրապես, գիտությունը ստեղծագործական գործընթաց է: Եվ այսօրվա աշխատանքի արդյունքը կարող է տեսանելի լինել և գնահատվել տարիներ անց: Պարզապես գիտությունից կիրառություն ընկած ժամանակահատվածը, կրկնեմ, աստիճանաբար, տարեցտարի ավելի է կարճանում: Եվ ես կարծում եմ, որ ամեն ինչ պետք է արվի, որ մեր ֆունդամենտալ գիտությունը հնարավորության դեպքում ուղղված լինի կիրառական արդյունք ստեղծելուն:

5. Քսանմեկերորդ դարում ամեն ինչ շատ արագ ընթացք ունի՝ թե՛ փոփոխությունները, թե՛ գործողությունները, թե՛ մտածողությունը

Մոտենում են գիտության, տեխնիկայի ազատ և անկախ գործունեության սահմանները: Գիտությունը նաև տնտեսություն է և բիզնես: Եւ ժամանակակից աշխարհում գիտության մեջ ներդրում կատարվում է նաև եկամուտ ստանալու նպատակով: Հետևաբար, երբ մենք խոսում ենք տնտեսության կամ բիզնես միջավայրը գրավիչ դարձնելու մասին, պետք է նաև խոսենք համապատասխան գիտական միջավայրը գրավիչ դարձնելու մասին:

Այս առումով էական է Հայաստանում տնտեսագիտական մտքի զարգացումը: Մենք ունենք տնտեսագիտական մտքի փայլուն օրինակներ, անհրաժեշտ է, որ դրանք կիրառվեն տնտեսության մեջ և հնարավորության դեպքում հայտնի դառնան նաև դրսում:

6. Գիտության հանդեպ վերաբերմունքը պետք է սկսվի կրթական օջախից

Կրթական համակարգը, բացի դասական կրթություն տալուց, պետք է ծառայի երիտասարդների կարողությունների բացահայտմանը և նրանց կապի իրենց ապագա գիտական գործունեության հետ: Կարծում եմ, որ ակադեմիան ինքը պետք է վաղ շրջանից նպաստի այն երիտասարդ գիտնական կադրերի պատրաստմանը, որոնք ապագայում դառնալու են ակադեմիական համակարգի մասը: Եւ ընդհանրապես, գիտակրթական համակարգը մեզանում օպտիմալացման և ինտեգրացման կարիք ունի:

7. Պետք է շատ ուշադիր և նվիրումով զարգացնենք ու խորացնենք ուսումնասիրությունները և հետազոտությունները հումանիտար գիտությունների, արվեստի, փիլիսոփայության, պատմագիտության ու հատկապես հայագիտության ոլորտում

Այսօր անհրաժեշտություն կա առավել խորությամբ անդրադառնալ մեր ինքնությանը, մեր տեսակին, մեր լեզվին, մեր ճանաչելիության հարցին, մեր քաղաքակրթական տեղին և դերին աշխարհում:

Հնարավոր չէ կառուցել հասուն, ամուր և մրցունակ հասարակություն ու երկիր՝ առանց արժևորելու մեր ողջ քաղաքակրթական անցյալը և ըստ այդմ նախագծելու մեր ապագան:

8. Գիտնականը նաև քաղաքացի է

Գիտնականը նաև քաղաքացի է, մտավորական՝ իր մտածողությամբ, տեսակով, մշակույթով, կենսակերպով, ակտիվությամբ և տեսակետներով: Անմոռանալի են մեծանուն գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանի քաղաքացիական բարձր ու խիզախ պահվածքը մեր ազգային զարթոնքի առաջին իսկ օրերին, նրա հզոր ելույթները Խորհրդային Միության Գերագույն խորհրդում:

Մեծագույն հարգանքի է արժանի Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, Հայաստանի ազգային հերոս, հռչակավոր գիտնական Վիկտոր Համբարձումյանի հավատարմությունը քաղաքացու և հայի բարձր կոչմանը: Բոլորս ենք հիշում նրա՝ Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոսի հացադուլը Մոսկվայում ՝ որպես աջակցություն արցախյան ազատամարտին:

Գիտնականը, մտավորականը պետք է ակտիվ լինի ոչ միայն գիտական և ստեղծագործական միջավայրում, այլև դրսևորվի որպես սկզբունքային քաղաքացի, անպայման ունենա բարոյական ու քաղաքացիական պարտքի հստակ գիտակցում:

Սրանք են այն մի քանի կետերը, որոնց մասին կուզեի ձեզ հետ խոսել: Իհարկե, քննարկման կարիք կա, պատրաստ եմ ապագայում հանդիպել և շարունակել մեր զրույցը: Մեր երկրի ապագան անքակտելիորեն կապված է լինելու ժամանակակից գիտության, տեխնոլոգիաների հետ, հետևաբար միանշանակ պետք է գիտակցենք, որ 21-րդ դարում հնարավորություն ունենք դառնալու աշխարհի առաջադեմ լավագույն երկրներից մեկը:

Գիտությունների ազգային ակադեմիան կարող է և պետք է 21-րդ դարում դառնա մեր առաջընթացի ինքնատիպ գրավականը:

Եկել է ժամանակը, որ Հայաստանը, հայ ժողովուրդը ծնեն իրենց նոբելյան մրցանակակիրներին: Եւս մեկ անգամ շնորհավորում եմ հոբելյանի առթիվ, մեր գիտական հասարակությանը մաղթում առողջություն, ստեղծագործական և շարունակական հաջողություններ»: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարար

13:20 01.05.2025

Մեզ համար կարևոր է ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը ոչ միայն կենսաապահովման աղբյուր է, այլ նաև ինքնադրսևորման, մասնագիտական աճի հարթակ․ ԱՍՀ նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ․ «Սիրելի՛ քաղաքացիներ, Մայիսի 1-ը որպես Աշխատանքի և աշխատավորների միջազգային օր, կրկին հնարավորություն է ընդգծելու արժանապատիվ աշխատանքի կարևորությունը՝ հիմնված ազատության, արդարության և հավասարության վրա. սա այն հիմնական նպատակն է, որին ուղղված են պետության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումները։ Մեզ […] ...

Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

13:03 01.05.2025

Նոր Զելանդիայում արտակարգ դրություն է հայտարարվել ջրհեղեղի պատճառով

Նոր Զելանդիայի Քրայսթչըրչ քաղաքում և Սելվին շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել՝ ուժեղ անձրևների հետևանքով առաջացած լայնածավալ ջրհեղեղներից հետո, հաղորդում է New Zealand Herald թերթը։ «Քրայսթչըրչում և Քենթերբերիի Սելվին շրջանում հայտարարվել է արտակարգ դրություն», – գրում է հրատարակությունը։ Հայտարարությունը արել է երկրի արտակարգ իրավիճակների նախարար Մարկ Միտչելը։ ...

Հրդեհ Աղավնավանք գյուղում

12:37 01.05.2025

Հրդեհ Աղավնավանք գյուղում

Մայիսի 1-ին, ժամը 07։44-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղավնավանք գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աղավնավանք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08:30-ին, մարվել՝ 08:55-ին։ Այրվել է անասնագոմի […] ...

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ Պապոյան

12:20 01.05.2025

Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք կամ բեռ, այլ որպես ինքնադրսևորման, կայուն ապագայի կառուցման հնարավորություն․ Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ «Հարգելի՛ հայրենակիցներ, Շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մեզ հիշեցնում է, որ առանց նպատակային, համակարգված և գիտելիքի վրա հիմնված աշխատանքի հնարավոր չէ ապահովել տնտեսական իրական առաջընթաց։ Աշխատանքը չպետք է ընկալվի որպես պարտադրանք, տանջանք կամ […] ...

Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը

12:05 01.05.2025

Այսօր մեկնարկում է «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարը

Գեղասահքի մարզադպրոցի գեղասահորդները պատրաստվում են այսօր մեկնարկող «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» գեղասահքի միջազգային բաց մրցաշարին: «Սիրով հրավիրում ենք գեղասահքի սիրահարներին ներկա գտնվելու այս դիտարժան առաջնությանը, որը կանցկացվի Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում։ Մրցաշարը կտևի մինչև մայիսի 4-ը։ Մուտքն ազատ է»,-նշված է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։ ...

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրը

11:51 01.05.2025

ԱՄՆ-ն և Ուկրաինան ստորագրել են բնական պաշարների մասին համաձայնագիրը

Կիևը և Վաշինգտոնը համաձայնագիր են ստորագրել համատեղ հանքարդյունաբերության և Ուկրաինայի վերականգնման համար ներդրումային հիմնադրամի ստեղծման մասին, հաղորդում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ համաձայնագիրը կնքվել է «ի նշան այն նշանակալի ֆինանսական և նյութական աջակցության, որը ամերիկացի ժողովուրդը տրամադրել է Ուկրաինայի պաշտպանությանը Ռուսաստանի լայնածավալ ներխուժման սկզբից ի […] ...

BACK_TO_TOP