Որոշումը կվնասի գիտությանը. ԵՊՀ գիտական խորհուրդը՝ կառավարության որոշման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+15.09 oC

Որոշումը կվնասի գիտությանը. ԵՊՀ գիտական խորհուրդը՝ կառավարության որոշման մասին

14:36 02.02.2019

ԵՊՀ գիտական խորհուրդը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ուղարկել պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ձևի փոփոխության մասին ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման առնչությամբ իր դիրքորոշումը: Այս մասին տեղեկանում ենք համալսարանի կայքից:
Դիրքորոշման մեջ մասնավորապես ներկայացվում են այն խնդիրները, որոնք, ըստ գիտխորհրդի անդամների, կառաջանան  կառավարության որոշումից հետո: Գիտխորհրդի անդամների պնդմամբ՝ կառավարության փոփխոությունը մի շարք գիտնականների կարող է գործազուրկ դարձնել:

ՀՀ կառավարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 27-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման համաձայն՝ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը (այսուհետ՝ բազային ֆինանսավորում) սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:

Մինչ այժմ ամեն տարի ՀՀ պետական բյուջեից որոշակի գումար է հատկացվել ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեին, որն էլ Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգի համաձայն՝ ֆինանսավորել է այս կամ այն հաստատությունում գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանումը և զարգացումը.

ԵՊՀ-ն ունի 3 գիտահետազոտական ինստիտուտ և 30 գիտահետազոտական կենտրոն ու լաբորատորիա: Այդ ենթակառացվածքներում աշխատում է ավելի քան 450 մասնագետ, որոնցից 200-ը միայն գիտաշխատողներ են, այսինքն՝ համատեղության կարգով այլ հաստիքներում գրանցված չեն, այսինքն՝ կանգնած են աշխատանքն ընդհանրապես կորցնելու վտանգի առաջ:

Գիտական և գիտատեխնիկական ծախսային ծրագրում նշված է, որ պետությունը ֆինանսավորումն իրականացնում է դրամաշնորհի ձևով, իսկ հիմնադրամների մասին օրենքում նշվում է, որ հիմնադրամին պետությունը դրամաշնորհի ձևով ուղղակի ֆինանսավորում չի կարող հատկացնել, պետք է մրցույթ հայտարարվի, այսինքն՝ բոլոր այն կրթական և գիտական գործունեություն իրականացնող հաստատությունները, որոնց իրավակազմակերպական ձևը հիմնադրամն է, պետք է մրցութային կարգով ստանան ֆինանսավորում: Ընդ որում՝ այս պահի դրությամբ դեռևս հայտնի չեն մրցութային կարգի պայմանները:

Այս առիթով ԵՊՀ-ում եղել են բազմաթիվ քննարկումներ, որոնց ընթացքում պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները հայտնել են իրենց դիրքորոշումը՝ ասելով, որ որոշումը բացասական հետևանքներ կունենա և կվնասի գիտությանը:

ԵՊՀ գիտխորհուրդը հայտնել է իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մեծարգո պարո՛ն վարչապետ,

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշմամբ պետության կողմից տրամադրվող գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը (այսուհետ՝ բազային ֆինանսավորում) սահմանվել է որպես դրամաշնորհ, և որոշվել է այսուհետ այն հատկացնել մրցութային ընթացակարգով:

Կառավարության նշված որոշման ազդեցությունը և դրա կիրարկման արդյունքում գիտության ոլորտում կանխատեսվող խնդիրները մանրամասնորեն քննարկվել են ԵՊՀ գիտական խորհրդում: Ամփոփելով քննարկման արդյունքները՝ հայտնում ենք հետևյալը.

ՀՀ կառավարության վերոհիշյալ որոշումը հակասում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին, որով սահմանվել են գիտական և գիտատեխնիկական գործունեության բյուջետային ֆինանսավորման ձևերի սպառիչ ցանկը (բազային ֆինանսավորում, նպատակային-ծրագրային ֆինանսավորում, պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումև դրանց տրամադրման կարգը: Նշված հոդվածով հստակ սահմանվել է, որ նպատակային-ծրագրային ֆինանսավորումը և պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորումը տրամադրվում ենմրցութային հիմունքներով, իսկ բազային ֆինանսավորումը մրցութային կարգով տրամադրելու իրավական հիմքերն օրենքում իսպառ (նաև իրավամբ) բացակայում են: Առավել անհասկանալի է այն, որ Կառավարության որոշմամբ մրցութային ընթացակարգի կիրառման անհրաժեշտությունը պայմանավորվել է գիտական կառույցի կազմակերպաիրավական ձևով (կախված այն հանգամանքից՝ տվյալ հիմնարկը ՊՈԱԿ է, թե hիմնադրամ): Մինչդեռ հիմնադրամի կարգավիճակ ունեցող գիտական հիմնարկներն են, որ ապահովում են հանրապետության տարեկան գիտական արդյունքի կեսից ավելին:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտն անվավեր է ճանաչվում իրավաստեղծ մարմնի, դրա իրավահաջորդի կամ համապատասխան լիազորություններով օժտված մարմնի ակտով, եթե ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվել կամ գործել է՝ հակասելով ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի:

Նման իրավակարգավորման պայմաններում ակնհայտ է, որ ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով, հակասում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին և այդ հիմքով ենթակա է անվավեր ճանաչման:

Միաժամանակ հարկ է նկատել, որ գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնելու, գիտահետազոտական ենթակառուցվածքները, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտները պահպանելու և զարգացնելու համար պետության կողմից տրամադրվող բազային ֆինանսավորումը պետք է լինի երկարաժամկետ և կանխատեսելի: Իսկ դրամաշնորհային ծրագրերի մրցութային ֆինանսավորման գործիքակազմը պետության կողմից վաղուց կիրառվում է և լրացուցիչ խթան է գիտության կոնկրետ դպրոցի կամ ոլորտի զարգացման համար:

Հայաստանի Հանրապետության գիտական կառույցներում բազային ֆինանսավորմամբ գործում են բազմաթիվ գիտական կենտրոններ, որտեղ աշխատում են անվանի և միջազգային ճանաչում ունեցող վաստակաշատ գիտնականներ, որոնք այդ հաստիքները զբաղեցնում են մրցութային կարգով (3-5 տարի ժամկետով): Հետևաբար, առանց պատշաճ իրավական հիմնավորման, գիտական դպրոցների կարիքների գնահատման, մրցույթի անցկացման գործուն մեխանիզմների ներդրման և դրանց իրականացման ժամանակացույցի սահմանման, այսօրինակ փոփոխությունների կատարումը վաղաժամ է, և մեր խորին համոզմամբ, այն լրջորեն կխոչընդոտի գիտության զարգացման շարունակականության ապահովմանը, կհանգեցնի գիտական ոլորտում գործազրկության և գիտական կադրերի արտագաղթի աճի: Բացի դրանից՝ բուհերում մշտապես գործող գիտական ենթակառուցվածքի առկայությունը ժամանակակից կրթական գործընթացի հաջող իրականացման կարևորագույն նախապայման է, ինչն ապահովում է կրթություն-գիտություն անմիջական կապը և հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին հաջողությամբ ներառելու գիտության բնագավառ:

Ինչ վերաբերում է պետության կողմից բազային ֆինանսավորման միջոցների ծախսման արդյունավետությունը վերահսկելու մեխանիզմների կատարելագործմանը, այդ կապակցությամբ հարկ է նկատել, որ ներկայումս գործում է փորձաքննության ինստիտուտը, որն իրականացվում է գիտական հիմնարկի կողմից ներկայացված տարեկան գործունեության հաշվետվությունների և հայտերի հիման վրա, և որի արդյունքում որոշվում է շարունակել կամ դադարեցնել տվյալ ծրագրի բազային ֆինանսավորումը: Արդյունավետության գնահատման մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը համարում ենք հիմնավորված և պատրաստակամ ենք ակտիվորեն մասնակցելու այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին:

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով, և 2019 թվականի համար գիտական ու գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորումը տրամադրել մինչ օրս գործող ընթացակարգի համաձայն (ինչը թույլ կտա իրականացնել դեռևս 2018 թվականին հաստատված գիտական պլանը):

Միաժամանակ առաջարկում ենք «Գիտության մասին» նոր օրենքի նախագիծ մշակելու, գիտության ոլորտում առողջ մրցակցային դաշտ ձևավորելու, ինչպես նաև գիտական գործունեության բյուջետային ֆինանսավորման ձևերի փոփոխություն կատարելու, ներառյալ՝ մրցութային ընթացակարգեր սահմանելու և դրանց անցկացման մեխանիզմները բարեփոխելու նպատակով ձևավորել աշխատանքային խումբ՝ ներգրավելով բուհերի և գիտական հիմնարկների փորձառու մասնագետներին»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

20:36 30.04.2025

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային հանդիպում է ունեցել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Այս մասին հայտնել է վարչապետը Ֆեյսբուքի իր էջում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

20:17 30.04.2025

Աշխարհի լավագույն ռմբարկուների տասնյակը

Պորտուգալիայի հավաքականի և սաուդյան «Ալ Նասրի» 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 934 գոլով աշխարհի լավագույն ռմբարկուն է գործող ֆուտբոլիստների շարքում։ Լավագույն ռմբարկուների տասնյակը հետևյալն է․ 1․Կրիշտիանու Ռոնալդու («Ալ Նասր»)՝ 934 գոլ 2․Լիոնել Մեսսի («Ինտեր Մայամի»)՝ 858 3․Ռոբերտ Լեւանդովսկի («Բարսելոնա»)՝ 710 4․Լուիս Սուարես («Ինտեր Մայամի»)՝ ​587 5․Քարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ»)՝ 494 6․Էդինսոն Կավանի («Բոկա Խունիորս»)՝ 462 7․Հարի […] ...

SHANTNEWS

20:00 30.04.2025

SHANTNEWS

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

19:56 30.04.2025

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցվել են. ԲԴԽ

ԲԴԽ-ն որոշում է կայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի լիազորությունները կասեցնելու մասին: «2025 թվականի ապրիլի 29-ին և 30-ին, դռնփակ նիստերում, հիմք ընդունելով Գլխավոր դատախազի կողմից 2025 թվականի ապրիլի 29-ին ներկայացված «ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արտուշ Վաչագանի Գաբրիելյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն […] ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

19:52 30.04.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննարկվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի ընթացքը: Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ 2021-2025թթ․ մեկնարկել և ընթացքի մեջ են 340 դպրոցի կառուցման, վերանորոգման և նախագծման աշխատանքները, որոնք սպասարկելու են շուրջ 130 000 սովորողի: Ընդգծվել է, որ 2021-2025թթ․ ընթացքում շահագործման են հանձնվել 45 դպրոցներ՝ 10 հիմնանորոգված և 35 կառուցված, որոնք սպասարկում են […] ...

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

19:46 30.04.2025

Էրդողանն ասել է, որ պաշտպանում է Թրամփի տեսլականը Ուկրաինայի վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հեռախոսային դիվանագիտություն» է վարում իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ և աջակցում է Ուկրաինայի հակամարտության կարգավորման նրա տեսլականին։ «Մենք պարոն Թրամփի հետ ժամանակ առ ժամանակ շփվում ենք հեռախոսային դիվանագիտության ձևաչափով: Կարծում եմ, որ նոր շրջանում մեր երկկողմ հարաբերություններն իմ ընկեր Թրամփի հետ բոլորովին այլ խթան կստանան: Մենք […] ...

BACK_TO_TOP