Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնելու հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր. նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+12.09 oC

Ես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնելու հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր. նախագահ Սարգսյանն այցելել է Հայդելբերգի համալսարան

13:51 15.02.2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում այցելել է Հայդելբերգի համալսարան, որը Եվրոպայի հնագույն համալսարաններից մեկն է և աշխարհին Նոբելյան բազմաթիվ մրցանակակիրներ է տվել։

Նախագահը հանդիպել է Գերմանիայի հնագույն համալսարանի ղեկավարության՝ մասնավորապես ռեկտոր, դոկտոր, պրոֆեսոր Բերնհարդ Այթելի հետ, ծանոթացել բուհի իրականացրած կրթական ծրագրերին, քննարկել հայաստանյան կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները։

Հայդելբերգի համալսարանի գրադարանում ծանոթանալով այնտեղ պահվող միջնադարյան գրքերի, դրանց պահպանման աշխատանքների հետ՝ Արմեն Սարգսյանը ներկայացրել է Երևանի «Մատենադարան» հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի հարուստ գործունեությունն ու փորձը և ընդգծել, որ երկու կառույցները համատեղ կարևոր ծրագրեր կարող են իրականացնել։

Օրվա ավարտին Հայաստանի նախագահը ելույթ է ունեցել համալսարանի ուսանողների և դասախոսների առաջ։ Իր ելույթում նախագահ Սարգսյանը խոսել է ժամանակակից աշխարհի միտումների, նոր աշխարհում տեխնոլոգիական զարգացման, նորարարության կարևորության մասին։

«Հայաստանը քաղաքակրթությունների խաչմերուկում է, և մենք պետք է այն առերեսվենք իրականությանը, որ կանգնած ենք տարբեր քաղաքակրթությունների, ճակատագրերի, հավատալիքների ու գաղափարների, կրոնների սահմանին,- նշել է Արմեն Սարգսյանը:

Հիմա՝ 21-րդ դարում, աշխարհը փոխվում է դրամատիկ կերպով։ 21-րդ դարը լինելու է մի դարաշրջան, երբ գիտության, տեխնոլոգիաների և կրթության նոր ուղիների շնորհիվ հայտնագործությունների հանդեպ ոգևորությունը հսկայական է լինելու, և դա անդրադառնալու է նոր աշխարհի հանրային ու քաղաքական կյանքի վրա»։

Նախագահն ընդգծել է, որ նոր աշխարհում կարևոր դեր է վերապահված Հայաստանին։

«Մենք փոքր, բայց իսկապես համաշխարհային ազգ ենք՝ շատ սերտ փոխկապակցված մի ազգ, որի համար դարեր շարունակ կարևոր է եղել կրթությունը։ Մենք այն մարդիկ ենք, ովքեր ապրել են տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների ու կրոնների խաչմերուկում ու կարողացել վերապրել։ Սա ևս մեկ հատկանիշ է, որը 21-րդ դարում կարևոր է։

Մեր երկրում, որտեղ բնական պաշարները շատ չեն, մենք ունենք գիտության և տեխնոլոգիաների շատ լավ դպրոց, որը զարգացել է ավելի քան հարյուր տարի առաջ։ Ունենք մեծ մշակութային ժառանգություն, քրիստոնյա ժառանգություն։

Մենք երիտասարդ ազգ և պետություն ենք, որը հիանալի հնարավորություն ունի կառուցելու նոր երկիր նոր աշխարհում՝ հիմնվելով գիտության ուժի, բացահայտումների և նորարարությունների ու կրթության որակի վրա»,- նշել է Հայաստանի նախագահը։ Արմեն Սարգսյանը կարևորել է մեր երկրի ավանդույթները բնական գիտությունների ոլորտում։

«Նոր աշխարհի նոր Հայաստանում կան շատ ուղիներ, որոնցով կարող ենք աշխատել Գերմանիայի, մասնավորապես՝ Հայդելբերգի հետ։ Եվ այդ համագործակցության հարցում պետք է կենտրոնանանք ապագայի, նոր տեխնոլոգիաների, տեխնոլոգիական կրթության վրա։ Մենք ունենք լավ մաթեմատիկոսներ, ովքեր կարող են օգտակար լինել արհեստական բանականության մշակման հարցում։ Կարող ենք ֆիզիկայի և մաթեմատիկայի բնագավառում նոր ուսումնասիրություններ անել միասին։ Եվ այս համատեքստում դուք կարող եք օգտագործել հայկական համաշխարհային ցանցը, քանի որ երբ ասում եմ Հայաստան, նկատի չունեմ միայն Հայաստանում ապրող հայերին, նկատի ունեմ աշխարհով մեկ սփռված բոլոր հայ ուսումնասիրողներին, գիտնականներին ու գործարարներին։

Ես իսկապես ունեմ գաղափար և առաքելություն՝ Հայաստանը դարձնելու շատ հաջողակ գիտական ու տեխնոլոգիական երկիր։ Այս հարցում առաջ պետք է ընթանալ ընկերների հետ, և ես Հայդելբերգի համալսարանը դիտարկում եմ որպես ընկեր։ Ակնկալում եմ կամուրջներ կառուցել հայկական համալսարանների ու Հայդելբերգի միջև»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը։

Այնուհետև ներկաներն իրենց հարցերն են հղել Հայաստանի Հանրապետության նախագահին։

Այն հարցին ի պատասխան, թե ի՞նչ քայլեր պետք է իրականացնի կառավարությունը, որպեսզի երկրում փոքր խմբերն ավելի ազատ ու անկախ լինեն իրենց նորարարություններում, նախագահ Սարգսյանը մասնավորապես ասել է.

«Պետք է հասկանանք, թե ինչպես կարող ենք օգնել երիտասարդներին։ Մենք պետք է ստեղծենք միջավայր, որտեղ նրանք հաջողության կհասնեն։Այլապես նրանք կհեռանան։ Եվ սա վերաբերում է ոչ միայն Հայաստանին։ Մեծ տաղանդները սկսում են գնալ այնպիսի վայրեր, որտեղ կկարողանան կյանքի կոչել իրենց գաղափարներն ու նորարարությունները։ Քանի որ աշխարհն ի վերջո փոքր է, պարտադիր չէ ֆիզիկապես գնալ Կալիֆոռնիա կամ Սիլիկոնյան հովիտ։ Լինելով Հայաստանում՝ մենք պետք է լինենք Սիլիկոնյան հովտի գործընթացի մասը։ Սա է, որ պետք է կարողանանք անել Հայաստանում»։

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչպիսին է նախագահը տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ Արմեն Սարգսյանն ասել է. 

«Փոքր տարածաշրջանում, որը կոչվում է Լեռնային Ղարաբաղ, որը մենք անվանում ենք Արցախի Հանրապետություն, սառեցված հակամարտությունը քանի դեռ կարգավորված չէ, կարող է շատ վտանգավոր լինել, եթե ճիշտ չկառավարվի։ Ինձ համար չկա այլ ուղի, քան հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով։ Ցանկացած այլ տարբերակ բոլորի համար լինելու է բացարձակ կործանարար։ Եվ այստեղ կարևոր չէ, թե որքան հզոր ես, որքան գումար ես ծախսում սպառազինության վրա կամ որքան մեծ է քո բանակը։ Այս տարածքում կենտրոնացած են տարբեր հետաքրքրություններ, մարտահրավերներ։ Սա իսկապես տարբեր քաղաքակրթությունների խաչմերուկ է։ Տեսեք, թե ինչ է տեղի ունենում. Սիրիան, Մերձավոր Արևելքը շատ հեռու չեն, կամ Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, Հայաստանը, Թուրքիան, Ռուսաստանը։ Այստեղ անգամ ամենափոքր ապակայունացնող երևույթը շատ կործանարար է լինելու։ Ուստի կա միայն մեկ ուղի՝ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը։ Եվ ես հուսով եմ, որ հակամարտության կարգավորումը հիմնված կլինի բանականության, մարդկային արժեքների վրա։ Հուսով եմ, որ վերջնական լուծումը կլինի՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները»։

Ներկաներից մեկի հարցին, թե՝ որո՞նք են համաշխարհային փոխկապակցվածության բացասական կողմերը, և ի՞նչ խորհուրդ կտա Արմեն Սարգսյանն այդ հնարավոր բացասական ազդեցությունների հաղթահարման համար, Հանրապետության նախագահը պատասխանել է. 

«Աշխարհը բարդ համակարգ է։ Երբ համաշխարհային ազգ ես, դա նշանակում է մեծ թվով հայեր ունես, ովքեր ապրում են արտասահմանում՝ Հայաստանից դուրս, սակայն մեծ ազդեցություն ունեն երկրում տեղի ունեցող գործընթացների վրա։ Փոխկապակցվածությունը տարբեր կողմեր ունի՝ թե՛ դրական, թե՛ բացասական։

Գլոբալացման, արդյունաբերական, գիտական հեղափոխությունների, մարդկային ստեղծարարության, կրթության նշանակության կողքին կա մեկ կարևոր գործոն, որը կոչվում է բարոյականություն։ Եթե չունես մարդկային բարոյականություն, քո տեխնոլոգիական առաջադիմությունը գործիքի փոխարեն կդառնա զենք։ Այս ամենը շղթայական փոխկապակցվածություն ունի։

Կա մի պարզ ճշմարտություն. բոլորս մարդիկ ենք և ինչ էլ անենք, պետք է մարդկային տրամաբանություն ու բարոյականություն ունենալ, ինչպես նաև որոշակի ոգի այն ամենի հիմքում, ինչ անում ենք։ Հակառակ դեպքում մենք ունակ ենք վատ արարքների։ Կարևոր չէ, թե ով ես, ինչ ազգություն ունես, դու պետք է մարդ լինես»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

22:42 30.04.2025

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

Ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

22:31 30.04.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

22:19 30.04.2025

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

Արդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

21:54 30.04.2025

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...

BACK_TO_TOP