Նախարարությունը հերքում է կալանավորի նկատմամբ պատշաճ հսկողություն չկազմակերպելու մասին պնդումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Նախարարությունը հերքում է կալանավորի նկատմամբ պատշաճ հսկողություն չկազմակերպելու մասին պնդումները

20:20 06.03.2020

ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանել է Արթուր Սաքունցի պնդումները՝ կալանավորված անձ Վ.Ա-ի նկատմամբ պատշաճ հսկողություն չկազմակերպելու վերաբերյալ և ընդգծել, որ դրանք որևէ աղերս չունեն թե՛ օբյեկտիվ իրականության և թե՛ դեպքի վերաբերյալ հայտնի փաստական հանգամանքների հետ։ Նշվել է նաև, որ ՀՀ արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը վճռականությամբ գործելու և հավատարիմ են մնալու քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, որն անշրջելի է դարձնելու քրեակատարողական ծառայության համակարգում իրականացվող արմատական բարեփոխումները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Այսօր «Մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցած «Սպանության փորձ ՔԿՀ-ում իրավապահ մարմինների աջակցությամբ. ինչպես է քրեական աշխարհը համագործակցում ՔԿՀ աձնակազմի հետ» թեմայով մամլո ասուլիսի ընթացքում բանախոս Արթուր Սաքունցի կողմից հնչեցվել են մի շարք պնդումներ, որպիսիք որևէ աղերս չունեն թե՛ օբյեկտիվ իրականության և թե՛ դեպքի` մինչ այս պահը հայտնի փաստական հանգամանքների հետ։

Մասնավորապես, բանախոսը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը մեղադրել է տևական ժամանակ կալանավորված անձ Վ.Ա-ի նկատմամբ պատշաճ հսկողություն չկազմակերպելու, այն է` նրա անվտանգության ապահովման հարցում անգործություն դրսևորելու մեջ, մինչդեռ Վ.Ա-ն 2018 թվականի հունվարի 20-ից, հանդիսանալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, 2019-2020 թվականների ընթացքում թե՛ անձամբ և թե՛ իր պաշտպանների, հարազատների կամ այլ անձանց միջոցով երբեք չի բարձրաձայնել քրեակատարողական հիմնարկում իրեն սպառնացող որևէ վտանգի մասին։

2020 թվականի փետրվարի 25-ին տեղի ունեցած դեպքի կապակցությամբ Վ.Ա-ն հայտարարել և պնդել է, որ մարմնական վնասվածքներն ստացել է սայթաքելու և վայր ընկնելու պատճառով։ Հատկանշական է, որ մինչ այս պահն էլ Վ.Ա.-ի կողմից հակառակի մասին վկայող տեղեկություններ չեն բարձրաձայնվում, անգամ նրա պաշտպաններն են հերքում, որ Վ.Ա-ն տվյալներ է հայտնել իրեն ծեծի ենթարկելու մասին։

Նման պայմաններում Վ.Ա-ի նկատմամբ տեղի ունեցածի նախնական պատկերը բացահայտվել է բացառապես Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումներով, ինչն ակնառու վկայում է քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի և բռնության դեպքերի բացառմանն ուղղված Քրեակատարողական ծառայության հետևողականության մասին։

Համապատասխան օպերատիվ տեղեկություններ ստանալուց անմիջապես հետո Վ.Ա-ի կողմից մարմնական վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում նախապատրաստվող նյութերը ՀՀ արդարադատության նախարարի գրությամբ ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` սահմանված կարգով հետագա ընթացքը լուծելու համար։

Ընդ որում, նյութերն ըստ ենթակայության ուղարկելու հանգամանքը պայմանավորված է եղել ոչ միայն դեպքի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման նպատակով անհետաձգելի մի շարք գործողություններ կատարելու, այլև հիշյալ քրեակատարողական հիմնարկի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական հանցագործություններ կատարելու հանգամանքը քննության առարկա դարձնելու անհրաժեշտությամբ։

Վերոհիշյալը ևս վկայում է Քրեակատարողական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության` բոլոր մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ բավարար ջանասիրություն և հետևողականություն դրսևորելու մասին։

Ավելին՝ անգամ նյութերը ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկելուց հետո Քրեակատարողական ծառայությունը հետամուտ է եղել կատարվածի ամբողջական պատկերը լիարժեք բացահայտելուն, ինչի շնորհիվ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վ.Ա-ի ծեծն ուղղորդված և կազմակերպված է եղել արտերկրում բնակվող քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող, ազգությամբ հայ անձանցից մեկի կողմից, որը, ի դեպ, մամլո ասուլիսի ընթացքում բանախոսի կողմից հիշատակված անձը չէ։

Բանախոսը մի քանի անգամ հիշատակել է նաև Վ.Ա-ին դանակահարելու միջոցով նրա նկատմամբ սպանության փորձ կատարելու մասին, որպիսի փաստական հանգամանքները ևս չեն համապատասխանում իրականությանը. Վ.Ա-ն ոչ թե դանակահարվել է, այլ ծեծի ենթարկվել։ Ընդ որում, նրա մարմնական վնասվածքները կյանքի հետ անհամատեղելի չեն եղել, Վ.Ա-ն քրեակատարողական հիմնարկում գանգատներ է ներկայացրել միայն մինչ այդ` տարիներ առաջ, ձեռքի շրջանում ստացած վնասվածքի ցավերից։

Քրեակատարողական ծառայությունը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ քրեական ենթամշակույթի դեմ պայքարը լինելու է անզիջում, և նման երևույթի  դրսևորումներում ներգրավված բոլոր անձինք, այդ թվում` քրեակատարողական ծառայողները, արժանանալու են համարժեք գնահատականի և խիստ պատժի։

Սակայն նաև այդ գործընթացը կատարվելու է բացառապես օրենքի պահանջների խստիվ պահպանմամբ։

Քրեակատարողական հիմնարկների պետերի փոխատեղումները համակարգում կրել և շարունակելու են կրել պարբերական բնույթ, իսկ պաշտոնից նրանց ազատելու կամ պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցնելու գործընթացները կարգավորվում են «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի ու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթներով, որոնցով նախատեսված հիմքերի առկայության կամ առաջին իսկ ստացման դեպքում անհապաղ կձեռնարկվեն համարժեք և ամենախիստ միջոցները։

Սկզբունքորեն անընդունելի համարելով քրեակատարողական հիմնարկներում քրեական ենթամշակույթի ցանկացած դրսևորման առկայությունը` ՀՀ արդարադատության նախարարի և Քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից անհապաղ ձեռնարկվել են նաև իրավակազմակերպական բնույթի այլ միջոցառումներ` նշանակվել է ծառայական քննություն, քրեակատարողական բոլոր հիմնարկների պետերի մասնակցությամբ անց են կացվել խորհրդակցություններ, որոնց ընթացքում մեկ անգամ ևս կարևորվել և շեշտադրվել է քրեական ենթամշակույթի և կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը, ազատությունից զրկված անձանց միջև ոչ կանոնադրական և աստիճանակարգված հարաբերություններով պայմանավորված բռնության դեպքերի բացառումը։

Նման միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, ՀՀ արդարադատության նախարարությունը և Քրեակատարողական ծառայությունը վճռականությամբ գործելու և հավատարիմ են մնալու քրեական ենթամշակույթի դեմ պայքարին, որն անշրջելի է դարձնելու քրեակատարողական ծառայության համակարգում իրականացվող արմատական բարեփոխումները»,- ասվում է ԱՆ-ի տարածած պարզաբանման մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

21:14 03.08.2025

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժած

Այսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

20:46 03.08.2025

Արեգակի վրա հզոր բռնկում է տեղի ունեցել

Օգոստոսի 3-ին Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության դասի M բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտից։ «Օգոստոսի 3-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 16:57-ին, 4168 (N04E23) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է 11 րոպե տևողությամբ M2.9 բռնկում», – հայտնել են ինստիտուտից: Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ դասի՝ կախված ռենտգենյան ճառագայթման հզորությունից՝ A, B, C, M […] ...

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

20:18 03.08.2025

Սևանա լճի տարբեր հատվածներում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց

Անցած շաբաթ Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչության ««Սևան» ազգային պարկ» տեղամասի աշխատակիցները Սևանա լճի տարբեր հատվածներում իրականացրել են ստուգիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հայտնաբերվել է ապօրինի տեղադրված 28 հատ խեցգետնորսիչ և 33 հատ ձկնորսական ցանց։ Ինչպես տեղեկացնում են Շրջակա միջավայրի նախարարությունից, փաստի առթիվ կազմվել է համապատասխան արձանագրություն, որսի միջոցներն առգրավվել են, միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ ...

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

19:50 03.08.2025

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը

Կամչատկայում արթնացել է գրեթե 500 տարի քնած հրաբուխը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը: «Կրաշենիննիկով հրաբուխը մինչև 6 կմ բարձրությամբ մոխրի սյուն է արտանետել՝ ավելի քան երեք անգամ բարձր, քան ինքնին հրաբուխն է, նրա բարձրությունը 1856 մետր է։ Վերջին անգամ այն ժայթքել է մոտավորապես 1550 թվականի […] ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

19:25 03.08.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2107»-ն ու «Լադա»-ն

Այսօր՝ օգոստոսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Տափերական գյուղի գլխավոր փողոցում՝ բենզալցակայանի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչներ 32-ամյա Գոռ Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի և 26-ամյա Կարապետ Գ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Լադա»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, ապա […] ...

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

19:00 03.08.2025

Եգիպտոսը երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակիչների համար

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները երեք օրվա ընթացքում տասնյակ տոննա պարենային օգնություն են նետել Գազայի հատվածի բնակիչների համար, ասվում է Եգիպտոսի զինված ուժերի հայտարարության մեջ։ «Վերջին օրերին Եգիպտոսի Արաբական Հանրապետությունից թռիչք է կատարել ինը ռազմական տրանսպորտային ինքնաթիռ՝ Գազայի հատվածի դժվարամատչելի շրջաններ տասնյակ տոննա պարենային օգնություն նետելու համար», – ասվում է հայտարարության մեջ։ Իսրայելի կառավարությունը հուլիսի 26-ին […] ...

BACK_TO_TOP