Բակո Սահակյանը չի մասնակցելու Արցախի նախագահի հաջորդ ընտրություններին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+28.09 oC

Բակո Սահակյանը չի մասնակցելու Արցախի նախագահի հաջորդ ընտրություններին

21:26 11.06.2018

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը պաշտոնապես հայտարարել է 2020թ. կայանալիք Արցախի նախագահի համաժողովրդական ընտրություններին իր թեկնածությունը չառաջադրելու մասին:  Բակո Սահակյանը նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի և Հայաստանի հանրային հեռուստաընկերություններին տված հարցազրույցում: Բակո Սահակյանը խոսել է Արցախում ստեղծված ներքաղաքական իրավիճակի և վերջին զարգացումների մասին:

Ստորև ներկայացնենք հարցազրույցն ամբողջությամբ.

– Պարոն Նախագահ, բնական է, որ ներկա դրությամբ ամենակարևոր հարցերից մեկը, որը, հիրավի, հուզում է և՛ Արցախի բնակչությանը, և՛ համայն հայությանը, մեր երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակն է և դրա հետ կապված վերջին զարգացումները: Կարծես թե բոլորն առանձնապես սպասում էին հենց Ձեր արձագանքին և գնահատականին: Ինչո՞ւ այսքան ժամանակ չեք արել որևէ հայտարարություն:

– Նախ և առաջ ուզում եմ նշել, որ բողոքի ակցիայի հենց առաջին իսկ պահից ես անմիջապես արձագանքել եմ մասնակիցների պահանջներին: Մի շարք հանդիպումներ եմ ունեցել ակցիայի կազմակերպիչների հետ, որոնց ժամանակ անկեղծ և բաց մթնոլորտում քննարկվել են նրանց կողմից բարձրացված բոլոր հարցերը:
Դուք գիտեք, որ տեղի ունեցած ցավալի միջադեպի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ, և ներկա դրությամբ ընթանում է հետաքննություն: Ես ընդգծել եմ, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, և մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։ Այսպիսինն էր բուն միջադեպը և դրա լուծմանն ուղղված քայլերը:

Ինչպես գիտեք, հետագայում ունեցանք այլ զարգացումներ: Տեղի ունեցան ցույցեր և առաջ քաշվեցին այլ պահանջներ: Եվ այստեղ էլ կան բոլորիս, առաջին հերթին իշխանությունների համար հետևություններ անելու շատ ու շատ հարցեր: Մենք միշտ պատրաստ ենք եղել և այսօր էլ պատրաստ ենք լուծում տալ վեր հանված խնդիրներին, որոնք արդարացի դժգոհությունների պատճառ են հանդիսացել:

Ցավոք, մենք նաեւ ականատես եղանք մի խումբ անձանց կողմից մարդկանց արդարացի պահանջների քաղաքականացմանն ու շահարկումներին: Մի կողմ թողնելով այս ամենի բարոյական կողմը՝ ուզում եմ նշել, որ մեր պարագայում դա իսկապես հղի է անկանխատեսելի հետեւանքներով:

Մեր ժողովուրդը քաջ գիտակցում է, որ միայն ամուր, կուռ, համախմբված ու միասնական հասարակությունը կարող է լուծել այնպիսի բարդ ու կարևորագույն խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև՝ լինի դա ներքին, թե արտաքին ասպարեզներում:
Անթույլատրելի եմ համարում ցանկացած քայլ, որը սպառնալիք է հանդիսանում մեր համախմբվածության, կայունության ու անվտանգության համար: Համոզված եմ, որ մեր ժողովուրդը հենց այդպես էլ մտածում է, ինչի համար ես շատ ու շատ շնորհակալ եմ ձեզ, իմ սիրելի հայրենակիցներ, Արցախի Հանրապետության քաղաքացիներ:

– Եթե փորձենք քաղաքական գնահատական տալ ստեղծված ներքաղաքական իրավիճակին, ինչպե՞ս կգնահատեք այն՝ քաղաքական ճգնաժա՞մ, անկայունությո՞ւն, թե՞ …

-Դուք շատ ճիշտ հարց հնչեցրիք, որովհետեւ շատ կարևոր է իմանալ, թե իրականում ինչ է տեղի ունենում: Եվ ես ուղիղ կպատասխանեմ այդ հարցին մեր ժողովրդի համար:

Տարբեր մարդիկ տարբեր նպատակներով տեղի ունեցածին տալիս են իրենց գնահատականները՝ այդ թվում նաև ձեր կողմից հնչեցված որակումներով: Բայց իմ խորին համոզմամբ՝ մեզ մոտ չկան այնպիսի դրսևորումներ, որոնք կբնութագրեն իրավիճակը որպես քաղաքական ճգնաժամ, ոնց ներկայացնում են ոմանք:
Փաստերը հետևյալն են. մեզ մոտ տեղի է ունեցել ցավալի միջադեպ, ինչին հաջորդել են բողոքի ակցիաներ, բայց այն շրջանակներում, որոնք հեռու են նման որակումներից: Եվ որ զարգացումները եղել են միայն ու միայն այդպիսին, դա արդյունք է առաջին հերթին մեր ժողովրդի խոհեմության ու բարձր գիտակցության: Համոզված եմ, որ կայուն ու հանդարտ վիճակ մեր երկրում կպահպանվի այսուհետ ևս:

– Պարոն նախագահ, ի վերջո, ի՞նչ հետևություններ է անհրաժեշտ անել տեղի ունեցածից:

– Տեղի ունեցածը պահանջում է լուրջ և բազմակողմանի վերլուծություն: Դա ահազանգ է հանրությանը մտահոգող և լուծում պահանջող տարաբնույթ հարցերի մասին: Հետևություններն անվերապահորեն արվել և արվելու են:
Դուք քաջատեղյակ եք այն մեծածավալ աշխատանքների մասին, որ անցած տարիների ընթացքում իրականացրել ենք միասին՝ մեր ժողովրդի անվտանգության, երկրի պաշտպանունակության, սոցիալ-տնտեսական հարցերի լուծման ուղղությամբ: Կատարվածը ակնառու է, և ես նպատակահարմար չեմ գտնում այսօր կանգ առնել դրա վրա:

Սակայն դա չի նշանակում, թե մենք չենք տեսնում այն խնդիրները, որոնք առկա են: Դրանց լուծումը կլինի մեր այսօրվա և հետագա աշխատանքների օրակարգում, մենք հետևողականորեն անդրադառնալու ենք այդ հարցերին:
Բայց այս խնդիրների լուծման հիմքում պետք է լինի կառուցողական մոտեցում: Մենք չպետք է թույլ տանք շահարկումներ, որոնք ենթադրում են քանդել եղածը, այլ ոչ թե պահպանել ու ավելացնել կառուցածը: Ասածիս վառ ապացույցն է, որ հենց նման կառուցողական ճանապարհով են գնում շատ ու շատ պետություններ և առաջին հերթին՝ առաջադեմ ու քաղաքակիրթ երկրները, որոնք ընտրել են կայուն, անցնցում և շարունակական զարգացման ուղին:

Հատուկ կուզենայի անդրադառնալ առանձին ղեկավարների գործելաոճին ուղղված արդարացի դժգոհություններին: Այստեղ էլ ունենք լուրջ անելիքներ: Անպայման ձեռնարկվելու են համապատասխան միջոցներ միայն ու միայն այն տրամաբանությամբ, որի հիմքում ընկած կլինի աշխատանքների բարելավման կամքը և այնպիսի կադրերի ընտրությունն ու նշանակումը, որոնք վայելում են ժողովրդի վստահությունը՝ որպես համապատասխան մասնագիտական ու բարոյական ունակություններով օժտված անձնավորություններ, և բարձր պատասխանատվությամբ ու արդյունավետորեն իրականացնում են իրենց գործառույթները:

Հարկ եմ համարում կանգ առնել ևս մի հարցի վրա: Ինչպես գիտեք, 2017 թվականին մեր ժողովուրդը հանրաքվեի միջոցով ընդունեց նոր Սահմանադրություն, որով նախատեսված է անցումային փուլ՝ երեք տարի ժամկետով: Այդ ժամանակը նախատեսված է նաև օրենսդրական դաշտը նոր Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար:
2020 թվականին, գործող Սահմանադրության համաձայն, տեղի կունենան Արցախի Հանրապետության նախագահի համաժողովրդական ընտրություններ:

Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես որպես հանրապետության նախագահի թեկնածու չեմ մասնակցելու այդ ընտրություններին: Իմ մասնակցությունը կլինի միայն որպես Արցախի Հանրապետության քաղաքացի, ով ընտրում է նոր նախագահ: Սա ոչ թե պահի թելադրանքով ընդունված, այլ գիտակցված որոշում է, որը բխում է մեր արժեհամակարգից, ժողովրդավարական և քաղաքակիրթ երկիր կառուցելու հրամայականից:

Եվ քանի որ տեղի են ունենալու նախագահի և Ազգային ժողովի համաժամանակյա ընտրություններ, ես՝ որպես գործող Նախագահ, օրենքով սահմանված իմ լիազորությունների շրջանակում ձեռնարկելու եմ բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի և՛ նախագահի, և՛ խորհրդարանական ընտրություններն անցնեն ազատ, արդար ու թափանցիկ:

– Պարո՛ն նախագահ, ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ Դուք պատասխանեցիք մեր ժողովրդին հետաքրքրող հարցերին՝ կապված ստեղծված իրավիճակի հետ: Եվ վերջին հարցը. ի՞նչ կմաղթեիք մեզ բոլորիս:

– Միգուցե սա այն պահն է, երբ ես չեմ կարող չլինել զգացմունքային:
Ինչպես և մեր բոլոր քաղաքացիները, ես հպարտ եմ, որ հայ եմ և արցախցի, ծնվել և մեծացել եմ այս հողի վրա, որը սրբություն է համայն հայության համար:

Մենք միասին անցել ենք բարդ ճանապարհ, որը ընտրել է մեր ժողովուրդը՝ պայքարելով հանուն արդարության, ազատության ու անկախության: Եվ մենք արժանիորեն վաստակել ենք մեր հայրենիքով հպարտանալու օրինական իրավունքը:

Ոչ մեկը և ոչ մի դեպքում չի կարող մեր ժողովրդին շեղել իր ընտրած ճանապարհից: Միասին լուծելու ենք բոլոր խնդիրները: Մեր ուժը մեր միասնականության, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մեջ է: Եվ յուրաքանչյուրիս պարտքն է անսասան պահել այս ամենը:

Մեր հայրենիքին, մեր ժողովրդին՝ փոքրից մինչև մեծ, մաղթում եմ խաղաղություն, երջանկություն և հաջողություններ:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP