Պետք չէ ընկնել աշխարհեաշխարհ, հզորներից արդարություն պահանջել. Սեյրան Օհանյանի շնորհավորանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+28.09 oC

Պետք չէ ընկնել աշխարհեաշխարհ, հզորներից արդարություն պահանջել. Սեյրան Օհանյանի շնորհավորանքը

13:32 30.12.2017

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը Սեյրան Օհանյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է հայ ժողովրդին Ամանորի և սուրբծննդյան կապակցությամբ:

Նախկին նախարարի խոսքը ստորև ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հարգելի՛ հայրենակիցներ, եղբայրներ, քույրեր

Ավարտին է մոտենում 2017 թվականը։

Տարեվերջյան ամփոփումներն ու հաշվետվությունները անհրաժեշտություն են պաշտոնյայի, ղեկավարի, քաղաքական, հասարակական գործիչների համար։ Այն հնարավորություն է տալիս անդրադարձ կատարելու տարվա կարևոր իրադարձություններին, ձեռքբերումներին և բացթողումներին, ինչպես նաև նշելու ապագա նպատակները:

Տարվա ամենակարևոր իրադարձությունը թերևս ապրիլյան խորհրդարանական ընտրություններն էին, և որպես կանոն, համապետական, ինչպես նաև մեր միջազգային հեղինակության, վարկի բարձրացման համար նշանակություն ունեցող այսպիսի միջոցառումը պետք է մեր ժողովրդի կյանքում կտրուկ առաջընթացի պայմաններ ապահովեր։

Սակայն արդյո՞ք արդարացան ժողովրդի սպասումները։ Արդարության և ժողովրդավարության նոր ցուցանիշներ ապահովեցի՞նք։ Ձևավորվե՞ց արդյոք փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտ։ Ավելի հավատով լցվեցի՞նք արդարության տառը պաշտպանող համակարգի հանդեպ։ Կգտնե՞նք համազգային սպառնալիք հանդիսացող դեմոգրաֆիկ խնդիրների լուծման ճանապարհները։ Գտնվեցի՞ն արդյոք երկիրը տնտեսական, քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ուղիները: Կգտնե՞նք ներուժ՝ խուսանավելու տարածաշրջանային բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, կամրապնդե՞նք մեր անվտանգության համակարգը։

Այսօր այս կարևորագույն հարցերի շուրջ զօր ու գիշեր աշխատելու, ուսումնասիրություններ, վերլուծություններ կատարելու և իրականությանը համապատասխանող լրատվություն ապահովելու, միմյանց հետ քաղաքակիրթ երկխոսելու փոխարեն տեղեկատվական դաշտը ողողված է պրիմիտիվ բանսարկություններով, կենցաղային մակարդակի բամբասանքով, քաղաքացու համարձակությունը ջարդող, վախ սերմանող փորձերով, պետության համար վտանգավոր սադրանքներով՝ ուղղված արտաքին և ներքին քաղաքական դաշտերին:

Մերժում և դատապարտում եմ ինքնանպատակ բանսարկություններով արհեստական շիկացած մթնոլորտ ստեղծելու յուրաքանչյուր էժանագին հնարանք և փորձ:

Հայոց նորանկախ Հանրապետությունների 25-ամյա պատմության ամենակարևոր ձեռքբերումը եղել և մնում է Հայոց բանակը: Անչափ կարևորում եմ նրա շարունակական կատարելագործումը, մարդակենտրոն բանակի ձևավորմամբ համալրման ռազմավարությունը, մարտական կարողությունների և առաջնագծի մշտական ամրապնդումը, որոնք այսօր արդյունք են բանակի ստեղծման օրվանից ձևավորված լավագույն ավանդույթների և երկար տարիների ռազմավարական պլանավորման շրջանակներում իրականացված բարեփոխումների և համակարգային, շարունակական աշխատանքի:

Այսօր մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվությամբ պետք է վերաբերվի տասնյակ տարիների մեր ձեռքբերումներին և պատրա’ստ լինի արյան, կյանքի գնով պաշտպանելու և ավելացնելու մեր նվաճումները։
Հավերժ խոնարհվելով… և սրբադասելով հանուն Հայրենիքի ընկած քաջարի մարտիկներին, մեր ժողովրդի հետ միասին անցնելով պատերազմի, տառապանքի ու ցավի միջով՝ես ամեն անգամ սահմանին զոհված զինվորի սառը ճակատը համբուրելիս հուղարկավորել եմ ինքս ինձ և հոգով մոխրացել որդեկորույս ծնողի հետ… Հետո բոլորս մխիթարվել ենք այն մտքով, որ մենք չե’նք կորցրել նրանց, այլ գտել ենք մեր նորօրյա հերոսներին… Նրանք չե’ն հեռացել մեզանից, նրանք՝որպես հավերժ պաշտպան, ամփոփվել են մայր հողի տաք գրկում…

Ցավին փոխարինել են երջանկության արցունքները, երբ որդեկորույս հայ մայրը, փյունիկի պես հառնելով տառապանքից, ցավից, նորից զավակ է լույս աշխարհ բերել՝ նոր պահապան մեր սահմաններին: Ես վստահ եմ՝ նրանք իրենց սխրանքներով գերազանցելու են իրենց հայրերին, եղբայրներին։

Հետևելով երկրում ընթացող մի շարք աղմկահարույց դատավարությունների՝ ցավ ու դառնություն եմ ապրում՝տեսնելով անզորությունից բռունցքները թափահարող մեր մարտական ընկերներին։ Նրանցից շատերը մեծ ավանդ ունեն Արցախի ազատագրական պայքարում։ Եվ այն, ինչ կատարվում է, մեր բոլորի ողբերգությունն է. մենք բոլորս մտածելու, պատճառները հասկանալու և լուծումներ գտնելու պատասխանատվություն ունենք, այլապես հասարակությունը վերջնականապես կբաժանվի «դատավորների» և «զոհերի»։

Ձևավորված նոր կառավարության գործունեության ընթացքում իրականցվող կառուցվածքային և կադրային փոփոխությունները, նոր գործելաոճը, տնտեսական կյանքի որոշակի ակտիվությունը, դեռևս հեռու են հուսադրող լինելուց և բախվելով համակարգի՝ տարիներով կարծրացած և նրանց հետ համակերպված տարբեր սպառնալիքների հետ՝ արագ ցանկալի արդյունք չեն տալու։

Ինչի՞ կհասնի Հայաստանի Հանրապետությունն այս իրավիճակում:

Տարածաշրջանում իրավիճակ է փոխվել: Գնալով սրվում է աշխարհի ուժային կենտրոնների միջև պայքարը, և Հարավային Կովկասի շուրջն առաջացած բացասական վեկտորներն ուղղվելու են ՀՀ անվտանգության և Արցախի հիմնախնդրի վրա։

Կարծում եմ՝ բոլոր քաղաքական ուժերը՝ խորհրդարանական թե արտախորհրդարանական, քաջ գիտակցում են, որ տնտեսական, քաղաքական այս բարդ իրավիճակում, ինչպիսի հարաբերություններ էլ կառուցենք աշխարհի անվտանգային տարբեր համակարգերի և պետությունների հետ և ամենապատճառաբանված, հզոր պայմանագրերն էլ կնքենք, միևնույն է, չենք կարողանալու հասնել հաջողության, եթե երկրի ներքին կյանքում կտրուկ փոփոխություններ չիրականացնենք։

Չենք կարողանալու հասնել հաջողությունների, եթե համապատասխան աշխատանք չտանենք՝ կառավարման ժամանակակից մշակույթ ձևավորելու նպատակով, մանավանդ քաղաքական և կուսակցական չկայացած համակարգի պայմաններում՝ ռազմավարական մտածելակերպով և պլանավորմամբ, պետական գաղափարախոսությամբ, մարդկային ռեսուրսների կառավարման արդիական մեխանիզմներով, քննարկումների, ստեղծագործական համարձակ արարման լայն հնարավորություններով և ամենակարևորը՝ժողովրդի առջև թափանցիկ աշխատանքի, հաշվետվողականության և խիստ պատասխանատվության ձևավորմամբ։

… Եվ իհարկե, եթե լուրջ պայքար չտանենք քաղաքական, տնտեսական և վարչական լծակների սերտաճմամբ ձևավորված և տնտեսության ազատականացումը արգելակող, երկրի զարգացումը դանդաղեցնող արատավոր երևույթի դեմ:

Ինչպե՞ս անցնենք արդի ճգնաժամային փուլը և դեպի զարգացում տանենք մեր պետությունը:
Որպեսզի քաղաքական ուժերը գտնեն մեր պետության զարգացման ճշմարիտ ուղին, պետք է հենվեն Երկրի ճշմարիտ և հզոր ուժի՝ժողովրդի′ վրա, քանզի հայ ժողովուրդը, չունենալով պետություն և պետականություն, հազարամյակներ շարունակ պատմության քառուղիներում ոչ միայն չի՛ կազմալուծվել, չի՛ձուլվել օտարներին, այլև պահպանե՛լ է իր ազգային ինքնությունը՝ եկեղեցին, լեզուն, մշակույթը: 
Առաջին հերթին պետք է անել այն, ինչը ոչ մի ռեսուրս չի պահանջում, այլ միայն քաղաքական կամք. հաստատել ժողովրդավարություն, օրինականություն, արդարություն, փոխադարձ վստահության և համերաշխության մթնոլորտ:

Մենք երազող ու պայքարող ժողովուրդ ենք: Կարո՛ղ ենք կառուցել կատարյալ պետություն, իսկ կատարյալ պետությունների հիմքում ընկած է արդարությունը։

Պետք չէ ընկնենք աշխարհեաշխարհ, հզորներից արդարություն պահանջենք: Եկեք այն փնտրենք մե′ր մեջ։ Արդար և ազնիվ լինենք միմյանց հանդեպ, որ հիմք դառնա մեր ազգային միասնության, համախմբման, վերելքի և ամենակարևորը՝ Արցախի հիմնախնդրի արդարացի լուծման համար:

Այսօր, սիրելի՛ հայրենակիցներ, ուզում եմ շնորհավորել բոլորիս Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Մաղթում եմ, որ 2018 թ.-ը բազմապատկի մեր խոհեմությունն ու հավասարակշռությունը՝ ճիշտ գնահատելու մեր հնարավորությունները, և պետության առջև ծառացած բարդ խնդիրների լուծման ճանապարհին՝ համախմբված, պատվով ընդունենք մարտահրավերը, չերկնչե′նք դժվարություններից և դիմակայե′նք հերոսաբար:

Խաղաղ ծառայություն եմ մաղթում Հայկական բանակի ողջ անձնակազմին՝գեներալներին, սպաներին, ենթասպաներին, սերժանտներին, զինվորներին: Առողջություն և հաջողություն մեր բոլոր մարտական ընկերներին:

Հպարտություն Հայրենիքի համար կյանքը զոհած մեր քաջարի մարտիկների սխրանքի և հավերժ խոնարհում նրանց հարազատների առջև:

Մեր ժողովրդի պայքարն արդար է՝ հանուն Հայաստանի և Արցախի, և պսակվելու է հաղթանակով։
Թո′ղ որ յուրաքանչյուրիս հայրենանվեր ծառայության շնորհիվ 2018 թ.-ը լինի խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետ

18:17 16.06.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետի հետ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպում է ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի փոխվարչապետ, Գիտության, էներգետիկայի, կլիմայի պահպանության և շրջակա միջավայրի նախարար Արմին Վիլինգմանի հետ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկայի ուղղության զարգացմանը, կուտակիչ կայանների, ջրածնային էներգիային վերաբերող հարցերին, քննարկվել են աշխատանքային այլ հարցեր ևս։ Հանդիպմանը մասնակցել է նաև Գերմանիայի Դաշնային […] ...

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»

18:12 16.06.2025

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից»

Հայկ Հովակիմյանը հեռացել է «Դեբրեցենից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 31-ամյա Հովակիմյանը 2022 թ. հուլիսին աշխատանքի է անցել հունգարական ակումբում և եղել նախ մարզական, ապա` միջազգային գծով տնօրեն։ Կողմերի պայմանագիրը լրանալուց հետո որոշվել է չշարունակել համագործակցությունը։ Հովակիմյանը 2019-2022 թթ. եղել է «Նոայի» մարզական տնօրենը։ ...

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

18:07 16.06.2025

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին

Նախագծի հիմնական նպատակներն են ապահովել ոլորտային արտադրատեսակների շուկայում հավասար մրցակցությունը, արտադրական ավելի երկար շղթաների կիրարկումը, առավել բարձր ավելացված արժեքով տեղական ապրանքների արտադրության զարգացման խթանումը: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» […] ...

SHANTNEWS

18:00 16.06.2025

SHANTNEWS

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

17:54 16.06.2025

Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 28 հազար 916 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1551 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 569 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +132 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 89 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

17:48 16.06.2025

Վթար Արշակունյաց պողոտայում․ 58-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Հունիսի 13-ին՝ ժամը 19:00-ին, 58-ամյա Վյաչեսլավ Հ․-ն «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում բախվել է «ԺոնգՏոնգ» ավտոբուսին, այնուհետև «սրտի կանգ» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց։ Ժամը 21:00-ին հիվանդանոցից հայտնել են, որ նա մահացել է։ Կատարվում է նախաքննություն։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...

BACK_TO_TOP