14:55 22.09.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձին հանդես է եկել ելույթով, որի տեսանյութը ինչպես մյուս երկրների առաջնորդներինը, հրապարակվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում և յութուբյան ալիքում:
Իր ելույթում վարչապետը մասնավորապես նշել է.
«Պարոն գլխավոր քարտուղար
Ձերդ Գերազանցություններ
Տիկնայք և պարոնայք
Միավորված ազգերի կազմակերպության 75-րդ տարեդարձը մենք նշում ենք մարդկության համար շատ առումներով դժվար ժամանակներում, ինչն իր ազդեցությունն է թողնում միջազգային հարաբերությունների և այն ընդհանուր ինստիտուտների գործունեության վրա, որոնք ուղղորդում են միջազգային համագործակցությունը՝ հիմքեր ստեղծելով մեր ընդհանուր նպատակների իրականացման համար:
Պետությունների ինքնիշխանությունը, անկախ դրանց չափից և հզորությունից, ավելի լավ է պահպանվում, և ազգային շահերն ավելի լավ են սպասարկվում ներկայիս համակարգում, երբ կա հարգանք միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության նկատմամբ:
Միավորված ազգերի կազմակերպությունը կոչված է փարատելու միջազգային հարաբերություններում մշտապես առկա երկվությունը, որն արտահայտվում է պետությունների բնական եսասիրության և համագործակցության հավասարապես բնական անհրաժեշտության մեջ:
Միավորված ազգերի կազմակերպությունն ապացուցեց իր կենսունակությունը` այս երկու թվացյալ անհամատեղելի հասկացությունները փոխակերպելով ինքնիշխան պետությունների արդյունավետ գլոբալ համակարգի` միավորելով դրանք ընդհանուր արժեքներով և սկզբունքներով, կիսելով ապագայի ընդհանուր տեսլականը և ունենալով համագործակցության ընդհանուր ինստիտուտներ կառուցելու վճռականություն:
Արդյունավետորեն իրականացնելով ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը՝ ՄԱԿ-ը ծննդյան վկայականներ է տվել կամ օգնել է վերականգնել ավելի քան 100 ազգերի ինքնիշխանությունը: Շատ ժողովուրդներ, ինչպես երբեք մարդկության պատմության մեջ, հնարավորություն ստացան իրենց մասնակցությունը բերել համաշխարհային գործերին և իրացնել իրենց զարգացման ներուժը՝ ընթանալով բարգավաճման ուղով:
Ոմանք կարող են ենթադրել, որ այս գործընթացն ավարտվել է Սառը պատերազմի ավարտով: Բայց դա միայն պատրանք է: Ինքնորոշման իրավունքի մերժումը կարող է միմիայն հանգեցնել բռնաճնշման և նոր բռնությունների: Դա խորապես կհակասեր Միավորված ազգերի կազմակերպության հիմնարար արժեքներին և միջազգային աշխարհակարգի պատմական էվոլյուցիային: Վերջին երկու տասնամյակների ընթացքում մի շարք պետությունների ի հայտ գալն այդ միտման լավագույն վկայությունն է:
ՄԱԿ-ի համակարգի համար մեկ այլ հիմնարար արժեք է միջազգային հարաբերություններում սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելումը, որը գլոբալ խաղաղության և անվտանգության պահպանման հենասյունն է և կայուն զարգացման գլխավոր նախապայմանը:
Տիկնայք և պարոնայք
Գլոբալ մարտահրավերները երբեմն սասանում են միջազգային համերաշխության և անհատական շահի միջև առկա հավասարակշռությունը, երկմտություն և նույնիսկ հիասթափություն են առաջացնում միջազգային հաստատությունների նկատմամբ, ինչի մասին են նաև վկայում Covid-19 համաճարակով պայմանավորված իրավիճակը և դրա ծանր սոցիալ-տնտեսական հետևանքները:
ՄԱԿ-ի համար առանցքային նշանակություն ունեցող արդյունավետ բազմակողմանիությունը կարևոր դերակատարություն ունի գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների լուծման գործում:
Բազմակողմանիությունը զուտ թվաբանություն չէ` երկուսից ավելի կողմերի ներգրավվածության հաշվարկի համար: Այն սկզբունք է, փոխադարձ հարգանքի, փոխվստահության գաղափարախոսություն և համաձայնության մշակույթ:
Նմանապես, ՄԱԿ-ը սոսկ իր 193 անդամների հանրագումարը չէ: Այն ավելին է, քան ազգային շահերը ներկայացնելու ընդհանուր հարթակ: Այն նաև շրջանակ է ընդհանուր հետաքրքրություններ ձևավորելու, միմյանց լսելու և յուրաքանչյուրի ձայնին ականջալուր լինելու համար:
ՄԱԿ-ը նաև մարդու իրավունքների պաշտպանության և դրանց կիրառման համընդհանուր գործիք է: Հնարավոր չէ անվտանգություն կառուցել առանց մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի:
Տիկնայք և պարոնայք,
Այսօր, ինչպես և 75 տարի առաջ, ՄԱԿ-ի հիմնական խնդիրն է ապահովել խաղաղություն և խթանել համերաշխությունն ու համագործակցությունը հանուն կայուն զարգացման նպատակների:
Այս դժվար ժամանակներում, աշխարհի չորս ծագերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում, անխոհեմ ռևիզիոնիստները փորձում են օգտվել միջազգային կարգի նշմարվող թուլությունից՝ իրական վտանգ ներկայացնելով միջազգային խաղաղության և անվտանգության համար: Պատմական իրողությունների սոցիալական ինժեներիան և նույնիսկ այլոց քաղաքակրթական ժառանգության յուրացումը դառնում են սովորական երևույթ:
Դա ևս մեկ ազդանշան է առ այն, որ մենք պետք է վերականգնենք արդյունավետ բազմակողմանիությունը` միջազգային հանրությանը տալով հզոր ինստիտուցիոնալ ողնաշար, որպեսզի այն առավել դիմացկուն դառնա համամոլորակային մարտահրավերների նկատմամբ:
Ինչպես ժամանակին գրել է Ժան Ժակ Ռուսոն, «մեր իսկ սահմանած օրենքին ենթարկվելն ազատություն է»:
Շնորհավորելով բոլորիս տարեդարձի կապակցությամբ, ցանկանում եմ վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ միանալու միջազգային հանրության ջանքերին, որոնք միտված են ավելի լավ աշխարհակարգի հաստատմանը՝ հիմնված միջազգային իրավունքի, ազատության և արդարության համընդհանուր արժեքների վրա:
Շնորհակալություն»:
18:10 21.06.2025
Հայաստանի հավաքականն ավարտել է ելույթները Բիլի Ջին Քինգ գավաթի խաղարկությունումԹենիսի կանանց Հայաստանի թիմը Մոլդովայում ընթացող Բիլի Ջին Քինգի գավաթի խաղարկությունում ավարտել է ելույթները: Հայաստանի հավաքականը փլեյ-օֆֆի երկրորդ խաղում 0-2 հաշվով պարտվել է Մոլդովայի թիմին: Փլեյ-օֆֆի առաջին խաղում Հայաստանի թիմը 0-3 հաշվով զիջել էր Ֆինլանդիայի թիմին: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը երեք հաղթանակ էր տարել և առաջին տեղը գրավել իր ենթախմբում: ...
18:05 21.06.2025
«Կրթվելը նորաձև է Մարալիկում». Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Կրթվելը նորաձև է Մարալիկում»։ Տեսանյութն՝ այստեղ: ...
17:52 21.06.2025
Ռաֆայել Նազարյանը հեռացավ «Շիրակից»Գյումրիի «Շիրակը» և գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Նազարյանը «Շիրակը» մարզում էր 2024 թվականի հոկտեմբերից: Նրա գլխավորությամբ գյումրեցիները 21 խաղում գրանցել են 7 հաղթանակ, 4 ոչ-ոքի և 10 պարտություն: ...
17:45 21.06.2025
«Շանթ» ՀԸ-ն այսօր նշում է իր ծննդյան օրը«Շանթ» հեռուստաընկերությունը այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն: Վարդգես Ավետիսյան. նա առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: ...
17:38 21.06.2025
Զելենսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու վերաբերյալ որոշումը վերջին պահին հետաձգել էՎլադիմիր Զելենսկին վստահ չէ, թե արդյոք կմեկնի Հաագայում հունիսի 24-25-ը կայանալիք Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովին, և ուղևորության վերաբերյալ որոշումը հետաձգել է վերջին րոպեին։ Սա բխում է լրագրողների հետ հանդիպման ժամանակ նրա հայտարարությունից։ «Գագաթնաժողովին իմ ուղևորությունը կախված չէ նրանից, թե արդյոք հանդիպում կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախ, ես վստահ չեմ, որ կգնամ, բայց, միևնույն է, […] ...