ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը հայկական օրակարգի վերաբերյալ նամակ է հղել պետքարտուղարին և պաշտպանության նախարարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+29.09 oC

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձնախումբը հայկական օրակարգի վերաբերյալ նամակ է հղել պետքարտուղարին և պաշտպանության նախարարին

10:37 03.02.2021

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի առաջնորդներ, կոնգրեսականներ Ֆրենք Փալլոնը, Ջեքի Սփիեռը, Գաս Բիլիրակիսը,Դեյվիդ Վալադաոն, Ադամ Շիֆը նամակով դիմել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ու պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինին, հայտնում է  Ամերիկայի ձայնը։

Նամակում կոնգրեսականները շնորհավորել են նախարարներին պաշտոնները ստանձնելու կապակցությամբ, ինչպես նաև ընդգծել տարածաշրջանում ստեղծված ծանր կացությունը, որն ըստ կոնգրեսականների՝ առաջ է եկել ադրբեջանական և թուրքական անկանխատեսելի ագրեսիայի արդյունքում: Նրանք բարձրացրել են ամերիկահայ օրակարգի մի շարք խնդիրներ՝ ընդգծելով ԱՄՆ տարածաշրջանային քաղաքականության մի շարք առաջնահերթությունների կարևորությունը: Նամակի մեջ, որին միանում են այլ կոնգրեսականներ ևս, մասնավորապես ասված է.

«Հարգելի քարտուղարներ Բլինքեն և Օսթին,

Մենք ՝ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամներս, այս նամակով շնորհավորում ենք Ձեզ վերջին հաստատումների կապակցությամբ և Ձեզ ենք ներկայացնում երկու կուսակցությունների կողմից առաջ քաշված առաջնահերթությունները, որոնց շուրջ հույս ունենք աշխատել 117-րդ Կոնգրեսի ընթացքում:

Կովկասյան տարածաշրջանում և Հարավային Կովկասի ամերիկյան արտաքին քաղաքականության ապագայի ամենախնդրահարույց հարցերից մեկը շարունակում է մնալ մարդասիրական ճգնաժամը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում: Ինչպես տեղյակ եք, ադրբեջանական և թուրքական ուժերը 2020 թ. սեպտեմբերի 27-ին նախաձեռնել են չհիմնավորված հարձակում՝ հանգեցնելով վեց շաբաթյա ավերիչ պատերազմի, որի արդյունքում զոհվել է 5,000 մարդ, իսկ ավելի քան 100,000 էթնիկ հայեր ստիպված են եղել լքել Ղարաբաղի շրջանը: Ադրբեջանական ուժերը կարողացան արագ առաջխաղացում գրանցել տարածաշրջանում` Թուրքիայի և օտարերկրյա վարձկանների օգնությամբ, որոնցից շատերը ենթադրաբար կապեր ունեն միջազգայնորեն ճանաչված ահաբեկչական խմբավորումների հետ, Bayraktar անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, որոնք օգտագործում են ամերիկյան բաղադրիչներ ու տեխնոլոգիաներ, և ծանր զինատեսակների օգնությամբ, ներառյալ արգելված կասեթային և սպիտակ ֆոսֆորային զինատեսակներ:

Հազարավոր հայ խաղաղ բնակիչների դեմ զանգվածային բռնության վտանգի մեծացման հետևանքով Հայաստանը համաձայնվեց խաղաղության համաձայնագիր կնքել Ռուսաստանի միջնորդությամբ նոյեմբերի 10-ին: Այս համաձայնագիրը դադարեցրեց կատաղի մարտական գործողությունները, սակայն աննշան ազդեցություն ունեցավ COVID-19 համաճարակի ընթացքում հազարավոր տեղահանված ընտանիքների սննդով ապահովելու, ապաստարանների և ապահովման հրատապ և կարևոր խնդիրները կարգավորելու համար: Խախտելով հրադադարի ռեժիմը ՝ Ադրբեջանը հրաժարվում է ազատել տասնյակ հայ ռազմագերիներին և բերման ենթարկված խաղաղ բնակիչներին, որը ի ցույց է դնում, թե ինչպես է այս համաձայնագիրը ձախողում կառուցվածքային խնդիրների կարգավորումը, որոնք տասնամյակներ ի վեր անորոշությամբ են լցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Մի քանի շատ կարևոր խնդիրներ լուծումներ են պահանջում, և շատ կարևոր հարցերի պետք է տալ պատասխաններ նախքան պարտադիր և տևական խաղաղության կնքումը:

Նախ, ներկայիս զինադադարում դրված պայմանները չեն նպաստում տարածաշրջանում Արցախի երկարաժամկետ անվտանգության և կայունության ապահովմանը: ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ բացառապես Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը թելադրեն և տիրեն իրավիճակին Լեռնային Ղարաբաղում: Չնայած մենք արձանագրում ենք Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի գործընթացում որոշակի շարժ, սակայն կարծում ենք, որ ավելի շատ պետք է արվի` ինքնորոշման հիմնարար իրավունքի հիման վրա տևական կարգավորման հասնելու համար: Մենք բարձր ենք գնահատում այդ կապակցությամբ հաստատման լսումների ժամանակ պետքարտուղար Բլինքենի տված պատասխանը, ուր նա նշել էր, որ «կխթանի ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորմանը հասնելու համար, որը կպաշտպանի ԼՂ անվտանգությունը և կօգնի զերծ մնալ նոր պատերազմի բռնկումից»:

Բանակցություններում մեր դիվանագետները պետք է պնդեն, որ Միացյալ Նահանգների աջակցությամբ ցանկացած ապագա կարգավորում Արցախի ժողովրդին հնարավորություն կտա վերակառուցել իր համայնքները և վերականգնել իր խաղաղ կյանքը՝ առանց վախենալու հետագա արյունահեղությունից: Սա պետք է ներառի ԱՄՆ-ի նշանակալի պարտավորությունները՝ Արցախի բնակչությանն անհապաղ մարդասիրական օգնություն և օգնության փաթեթ տրամադրելու վերաբերյալ: Միջազգային հանրությունը, ներառյալ Միացյալ Նահանգները, նույնպես կարևոր դեր ունեն՝ ճանաչելով ի վերջո Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և նրա օրինական բանակցային կողմի դերն այս հակամարտության կարգավորման գործում: Այս ճանաչման բացակայության պարագայում, նրանք կշարունակեն բախվել ադրբեջանական և թուրքական ուժերի տեղահանման սպառնալիքին ՝ առանց որևէ պաշտոնական հատուցման տարբերակի:

Տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու մեկ այլ կարևոր բաղադրիչներից է ապակայունացնող դերակատարներին պատասխանատվության ենթարկելը: Գոյություն ունեն զգալի թվով ապացույցներ այն մասին, որ ադրբեջանական և թուրքական ուժերը ծրագրել էին սեպտեմբերի 27-ի Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը: Այս ապացույցները ներառում են սպառազինության կուտակում, ներառյալ անօդաչու թռչող սարքերի, որոնք սպանել են բազմաթիվ անմեղ քաղաքացիական անձանց հակամարտության ընթացքում, 2020 թ. հուլիսին ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի Տավուշի մարզում իրականացված սադրանքների և Հայաստանի սահմանի մոտ լայնածավալ համատեղ զորավարժությունների մի քանի դեպքերի, որոնք կանխորոշեցին ապագա հարձակումները: Միացյալ Նահանգները և միջազգային մյուս դերակատարները չկարողացան ըմբռնել այս նախազգուշական ազդանշանները և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել՝ իրավիճակի կտրուկ և անհիմն սրացումը կանխելու համար:

Ադրբեջանական և թուրքական ագրեսիան կանխելու համապատասխան գործողությունները պետք է ներառեին այդ երկրների բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սպառնալիքը և օգնության դադարեցումը, ներառյալ Ազատության աջակցության մասին օրենքի 907-րդ ենթաբաժնի ժամանակավոր կասեցման դադարեցումն ու Գործընկերների կարողության կառուցման ծրագրի 333-րդ ենթաբաժնի միջոցով հետագա ռազմական օգնության տրամադրման ընդհատումը: Մեզ ոգևորում է պետքարտուղար Բլինքկենի պատասխանը նաև այս թեմայի վերաբերյալ իր հաստատման ընթացքում:

Այդ նույն ժամանակ, Միացյալ Նահանգները պետք է վերանայի մեր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ռեժիմը քաղում է այն խառնաշփոթի պտուղները, որոնք սերմանել է Միջերկրական ծովի արեւելքում, Լիբիայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում: Նրա կանխամտածված ապակայունացնող պահվածքը, որը ներառում է ռուսական արտադրության հակաօդային հրթիռների տեղակայում անկախ ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սպառնալիքի, պահանջում է արագ և վճռական փոփոխություն: Մենք պետք է դասեր քաղենք Թուրքիայի նկատմամբ անցյալ վարչակազմերի կողմից կիրառվող խաղաղեցման քաղաքականության ձախողումներից և օգտագործենք բոլոր առկա դիվանագիտական և տնտեսական գործիքները՝ այդ վատ դերակատարներին պատժելու համար` ագրեսիաների և մարդու իրավունքների խախտումների պատճառով: Եթե մենք չգործենք, ապա առկա է վտանգ, որ Էրդողանի ռեժիմը կընդլայնի հակամարտության գոտին:

Վերջապես, Միացյալ Նահանգները պետք է ձգտի ամրապնդել մեր ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ՝ երիտասարդ ժողովրդավարության, որը ցնցվել է անցյալ տարվա իրադարձությունների և դրա արդյունքում ստեղծված անորոշության հետևանքով: Մենք Ձեզ հորդորում ենք պարզել, թե ինչպես կարող ենք Հայաստանին լրացուցիչ տնտեսական օժանդակություն տրամադրել` նրա ժողովրդավարությանը և զարգացմանը աջակցելու համար, ինչպես նաև օժանդակելու զգալի թվով տեղահանվածներին, ովքեր հեռացել են Արցախից հակամարտության ժամանակ: Մենք նաև խնդրում ենք Ձեր վարչակազմից պարզել այն ուղիները, որոնցով Հայաստանի հետ մեր տնտեսական, մշակութային և այլ կապերը կարող են բարելավվել ՝ ի օգուտ Հայաստանի և ԱՄՆ-ում բնակվող ամերիկահայ մեծ սփյուռքի: Այդ քայլերը պետք է ներառեն Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը նախագահ Բայդենի կողմից ապրիլի 24-ին՝ ի շարունակումն Ներկայացուցիչների պալատի և Սենատի նախաձեռնությունների, որոնք երկուսն էլ 116-րդ Կոնգրեսի ընթացքում ընդունեցին Ցեղասպանության փաստը ճանաչող բանաձևեր:

Շնորհակալություն այս կարևոր հարցերի նկատմամբ ուշադրության համար: Մենք պատրաստ ենք աշխատել Ձեզ հետ Հարավային Կովկասի տարածաշրջանում այնպիսի քաղաքականություն մշակելու ուղղությամբ, որը համահունչ կլինի ԱՄՆ ազգային անվտանգությանը, մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքներին և մեր ժողովրդավարական արժեքներին: Հուսով ենք, որ այս հարցերը հաջորդիվ կքննարկվեն Ձեր և Ձեր թիմերի հետ առաջին իսկ հնարավորության դեպքում»,-ասված է կոնգրեսականների նամակում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP