Մարզերում բնակարանաշինությունը խթանելու նպատակով գործադիրն առաջարկում է փոխել եկամտահարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+23.09 oC

Մարզերում բնակարանաշինությունը խթանելու նպատակով գործադիրն առաջարկում է փոխել եկամտահարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը

15:44 12.08.2021

Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ օրենսդրական փոփոխության նպատակը հիպոթեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարների չափով եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը փոխելն է և դրան տարածքային համաչափ զարգացման նշանակություն և ավելի ընդգծված սոցիալական նշանակություն հաղորդելն է: Նախարարն ամփոփ տեղեկանք է ներկայացրել ծրագրի արդյունքների վերաբերյալ. արտոնությունը գործում է ավելի քան 5 տարի ժամկետում, կարգավորումն սկզբնապես ընդունվել է ընդգծված տնտեսական նշանակությամբ, առանց սահմանափակումների: Այն նախատեսել է վճարված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց՝ հիպոթեկային վարկերի դիմաց վճարված տոկոսները փոխհատուցելու նպատակով:

2018 թվականից արտոնության համակարգը փոփոխվել էր՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածություն. սահմանվել էր, որ մեկ մարդը կարող է ծրագրից օգտվել միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու նպատակով գնվող բնակարանի արժեքը սահմանափակվել էր 55 մլն դրամով: Արտոնության կիրառության ընթացքում և հատկապես վերջին 2 տարում կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը կտրուկ աճել է. եթե 2015-2017թթ. ծրագրի նոր շահառուներ են եղել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019թթ. շահառուների տարեկան քանակն աճել է և կազմել մոտ 2000 մարդ, իսկ 2020թ. նոր շահառուները եղել են 5200: Կտրուկ աճել են պետբյուջեից վերադարձվող եկամտային հարկի գումարները. եթե 2016-2017թթ. պետբյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ապա 2019թ. աճը կազմել է 3.3 մլրդ դրամ, իսկ 2020թ.՝ 5.4 մլրդ դրամ՝ միայն 2020թ. հատկացումների մասով հանրագումարով հասնելով 13.3 մլրդ դրամի: Ներկայում ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17000-ը, իսկ այս տարեվերջին հատկացված գումարը կկազմի մոտ 21 մլրդ դրամ, շահառուների քանակը՝ 20000: Տիգրան Խաչատրյանը նշել է, որ արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել Երևանում. առաջին տարիների ընթացքում այն հատկապես իրականացվել է Երևանի կենտրոնում և կենտրոնամերձ հատվածում և միայն վերջին տարիների ընթացքում է նկատվում կենտրոնից կառուցապատման հեռացվածության որոշակի ավելացում: Երևանից դուրս բնակարանաշինությունը դեռևս աննշան չափով է կրում այս արտոնության դրական ազդեցությունը. առ այսօր կառուցապատված բնակարաններում եկամտային հարկի արտոնության դիմաց շահառուների քանակը ընդամենը 7 տոկոս է, մնացած 93 տոկոսը գտնվել է Երևանում:

Հաշվի առնելով այս արտոնության տնտեսական և սոցիալական ազդեցության զգալի ներուժը՝ փոփոխությամբ առաջարկվում է դրան տալ այնպիսի ուղղորդում, որը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը և կընդգծի դրա սոցիալական բնույթը: Այդ նպատակով առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2022թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023թ. հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտու, 2023թ. հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտու, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ: Այդպիսով, առաջիկա 3 տարում նոր կառուցապատումները կուղղորդվեն Երևանի չորրորդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների՝ դեպի Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր, քանի որ այս ծրագրի շահառուներ կարող են լինել նաև անհատական բնակելի տներ կառուցողները: Միաժամանակ, հաշվի առնելով ներկայում կառուցապատման մեջ գտնվող ծրագրերի համար պայմանները չվատթարացնելու կարևորությունը, ներդրողների շահերը պաշտպանելու նպատակով՝ առաջարկվում է սահմանել, որ ներկայում սահմանված արտոնությունները շարունակեն կիրառվել նաև այն կառուցապատումների նկատմամբ, որոնց շինարարական թույլտվությունները ստացված կլինեն մինչև 2022թ. հունվարի 1-ը: Նախագծի ընդունումը չի նշանակում, որ պետք է դադարեցվի եկամտային հարկի վերադարձը այն անձանց, որոնք համակարգի կիրառության շահառու են դարձել մինչև սույն օրենքի ընդունումը կամ մինչև սույն օրենքով սահմանվող վերջնաժամկետները։ Այս շրջանակի անձինք շարունակելու են սահմանված կարգով հետ ստանալ եկամտային հարկի գումարները։

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, նշել է. «Մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք բազմաթիվ բնակավայրեր, որտեղ վերջին 30 տարում՝ անկախությունից ի վեր, ոչ մի բնակելի շենք չի կառուցվել: Երբ այս ծրագիրը ներդրվել է, հասկանալի է՝ տնտեսական հետաքրքրությունն այնպիսին է, որ հիմնականում Երևան քաղաքում է շինարարությունը տեղի ունեցել և Երևանի առավել կենտրոնական մասերում: Հիշեցնեմ՝ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը գործում է առաջնային շուկայի դեպքում, այսինքն՝ միայն նորակառույց շենքերի դեպքում, և մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մարզերում ապրող, աշխատող մարդիկ, հնարավորությունը չկորցնելու համար, բնակարան են ձեռք բերում Երևան քաղաքում: Արդյունքում ստացվում է, որ մենք ասում ենք տարածքային համաչափ զարգացում, Երևանից ապակենտրոնացում, բայց իրականում ավելի մեծ կենտրոնացում է տեղի ունենում Երևանում, և սա փաստ է:

Հիմա մենք այս որոշմամբ ի՞նչ ենք անում. որոշակի կանխատեսելի ժամկետներում արտոնությունն սկսում ենք վերացնել՝ սկսած Երևանի կենտրոնից, և այսպես ուղղորդել դեպի, այսպես ասած, կառավարության շենքից հնարավորինս հեռու գոտիների վրա, որպեսզի կարողանանք խթանել նաև մարզերում շինարարությունը: Իհարկե, այստեղ կան հարցեր, որոնք դեռ անորոշ են, մասնավորապես, կապված շինարարության ինքնարժեքի և ներդրման շուկայական գրավչության հետ: Բայց այս քաղաքական որոշումը պետք է կայացնենք և հետագայում աշխատենք նաև ներդրողների, պոտենցիալ շինարարների հետ՝ հասկանալու համար, թե ինչ գներ են գործում, և որքանով են այդ գները մրցունակ: Բայց մեր խնդիրն է, և նաև պետք է հնարավորինս աջակցենք, որպեսզի մարզերում նույնպես բնակարանային շինարարություն տեղի ունենա:

Ընդհանրապես պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում բնակֆոնդն էականորեն մաշված է Երևանում, նաև մարզերում, որովհետև շենքերի հիմնական մասը կառուցվել է 70-80-ական, նույնիսկ ավելի առաջ, այսինքն՝ 50-ական թվականներին: Ընդհանուր առմամբ, մեր ողջ բնակարանային ֆոնդը թարմացնելու անհրաժեշտություն ունենք: Սա խնդիր է, որի համար նույնպես ռազմավարական լուծումներ պետք է գտնենք, բայց այս պահին դեռ խոսում ենք մի փոքր այլ թեմայի մասին՝ խթանենք, որպեսզի մարզերում նույնպես բնակարանային շինարարությունը իրականություն դառնա: Այստեղ միայն այս որոշմամբ չէ, պետք է շարունակենք ուղեկցել մեր որոշումները: Սա վերաբերում է մյուս մեր բոլոր կայացրած որոշումներին ևս՝ ժամանակ առ ժամանակ պետք է վերադառնանք և տեսնենք՝ այս կամ այն որոշումը կայացրեցինք, հետո ի՞նչ արդյունքներ բերեց: Լավ նպատակներ ունեցող որոշումները ինչպե՞ս պետք է լավարկենք, որ այդ նպատակներին հասնենք՝ ավելի թիրախային կամ ավելի մեծ ծավալներով»:

Ֆինանսների նախարարը նաև պարզաբանել է, որ շինարարական թույլտվությունների համար արտոնյալ ժամկետ է սահմանվում 2022թ. հունվարի 1-ը, և որպեսզի այն երկարաժամկետ ձգձգվող գործընթաց չդառնա, Ազգային ժողովի գործընկերների հետ համատեղ կաշխատեն՝ այս կիրառության առումով խելամիտ սահմանափակումներ մշակելու շուրջ, որոնք կնպաստեն տրված թույլտվությունների շրջանակում շինարարության արագ իրականացմանը:

Վարչապետը ևս անդրադարձել է այս խնդրին՝ ասելով. «Խոսքը հետևյալի մասին է. նախատեսվում է, որ այն արտոնությունները, որոնք հիմա դուրս են գալիս, շարունակում են գործել մինչև 2022թ. հունվարի 1-ը ստացած շինթույլտվությունների համար, բայց կան հետագայում շինթույլտվությունները երկարացնելու, նորացնելու, թարմացնելու մեխանիզմներ: Մինչև 2022թ. հունվարի 1-ը տրված շինթույլտվությունն օգտվում է վերացող արտոնությունից, բայց պետք է վերջնաժամկետ սահմանենք, որպեսզի այդ ժամկետն առաձգական չլինի, շինարարությունը կոնկրետ ժամկետներում տեղի ունենա, և ներդրումը կոնկրետ ժամկետներում կատարվի: Նախագծի հետագա մշակման ընթացքում այդ նրբությունը պետք է անպայման հաշվի առնել»:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, արծարծվել են բնակֆոնդի թարմացմանը, ներդրողների հետ համագործակցությանը, շինարարության ստանդարտներին, մարզերում բնակարանաշինության ներդրումային ծրագրերի իրականացմանը վերաբերող և այլ հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

20:51 22.06.2025

Իրանում բողոքի ցույցեր են՝ ԱՄՆ-ի հարձակումները դատապարտելու պահանջով

Իրանի մայրաքաղաքի կենտրոնում տեղի է ունենում ցույց, որը պահանջում է դատապարտել ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Թեհրանի կենտրոնում հսկայական բազմությունը վանկարկում է կարգախոսներ՝ կոչ անելով դատապարտել Իսրայելին և Միացյալ Նահանգներին։ Իրանի նախագահը ևս միացել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները դատապարտող ցույցին: ...

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

20:30 22.06.2025

Կայացել են Բազեյանի և Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը

Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում կայացել են հայ բռնցքամարտիկ Արթուր Բազեյանի և ռուս Վսևոլոդ Շումկովի կշռման արարողությունն ու հայացքների մենամարտը։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոյի ընթացքում կմրցեն աշխարհի և Ռուսաստանի հավաքականների ներկայացուցիչները: Արթուր Բազեյանն աշխարհի հավաքականի կազմում է: ...

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

20:18 22.06.2025

Դամասկոսում հզոր պայթյուն է որոտացել

Դամասկոսի Դուվեյլա շրջանի եկեղեցում պատարագի ժամանակ տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում։ Նախնական տվյալներով՝ կան զոհեր, բազմաթիվ վիրավորներ, «Ռիա Նովոստի»-ին պատմել են ականատեսները։ Ավելի վաղ Սիրիայի պետական ​​հեռուստաալիքը հայտնել էր, որ Դուվեյլա շրջանում հզոր պայթյուն է տեղի ունեցել։ «Ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործադրել եկեղեցում՝ պատարագի ժամանակ։ Կան զոհեր», – ասել է գործակալության աղբյուրը։ ...

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

20:10 22.06.2025

Ռուբիոն դժգոհ է, որ Արաղչին գնում է Ռուսաստան և ոչ թե բանակցում է ԱՄՆ-ի հետ

ԱՄՆ պետքարտուղար և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնակատար Մարկո Ռուբիոն դժգոհություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին պատրաստվում է հանդիպել Ռուսաստանի ղեկավարության, այլ ոչ թե Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ։ «Ես տեսա, որ արտաքին գործերի նախարարը ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպելու փոխարեն ուղևորվում է Մոսկվա՝ Ռուսաստանի […] ...

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

19:50 22.06.2025

Թուրքիայում հայտարարել են, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ հարվածները կհանգեցնեն քաոսի Մերձավոր Արևելքում

ԱՄՆ-ի կողմից Իրանին հարվածները կհանգեցնեն քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը։ «ԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հարվածները և ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ Իսրայելի ագրեսիային միանալը նոր քայլ է, որը կհանգեցնի քաոսի և խառնաշփոթի Մերձավոր Արևելքում, այլ ոչ թե խաղաղության և կայունության։ Ինչպես Իրաքում և Աֆղանստանում ԱՄՆ-ի միջամտություններով […] ...

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

19:25 22.06.2025

Չինաստանը խստորեն դատապարտել է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները

Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը, մեկնաբանելով ԱՄՆ-ի հարվածները Իրանի միջուկային օբյեկտներին, հայտարարել է, որ Չինաստանը խստորեն դատապարտում է Իրանի վրա ԱՄՆ-ի հարձակումները և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների ռմբակոծությունները: Չինաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարի խոսքով ՝ Միացյալ Նահանգների գործողությունները լրջորեն խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի նպատակներն ու սկզբունքները և խորացնում լարվածությունը Մերձավոր […] ...

BACK_TO_TOP