ՀԱՊԿ-ն սատարում է իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու ՀՀ քայլերը․ Զասի բացառիկ հարցազրույցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

ՀԱՊԿ-ն սատարում է իրավիճակը քաղաքական ճանապարհով կարգավորելու ՀՀ քայլերը․ Զասի բացառիկ հարցազրույցը

13:15 21.12.2021

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը սահմանագծում և սահմանազատում սկսելու Հայաստանի և Ադրբեջանի որոշումը համարում է ներկա իրավիճակի կրկնությունը կանխելու կարևոր քայլ։ Այս մասին ընդգծեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ դեկտեմբերի 21-23-ը Հայաստան ծրագրված աշխատանքային այցին ընդառաջ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում՝ նշելով, որ կառույցը սատարում է ՀՀ կառավարության քայլերը՝ Ադրբեջանի հետ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։

-Պարոն Զաս, ինչպե՞ս եք գնահատում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության զարգացման ներկա մակարդակը․ ինչպիսի՞ն է իրավիճակը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, անվտանգության ապահովման ինչպիսի՞ քայլեր են ձեռնարկվում, ինչպե՞ս է կառույցը լուծում իր առջև դրված խնդիրները և ինչպիսի՞ն է ապագայի տեսլականը։

-Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը բազմաֆունկցիոնալ կառույց է, որը հավաքական հիմքի վրա ապահովում է անդամ երկրների պաշտպանությունը ոչ միայն արտաքին ագրեսիայից, այլև, հաշվի առնելով փոփոխվող ռազմաքաղաքական իրողությունները, ժամանակակից բոլոր տեսակի մարտահրավերներից ու սպառնալիքներից՝ ներառյալ ահաբեկչությունն ու ծայրահեղականությունը, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառությունը, անօրինական միգրացիան, նաև՝ տեղեկատվական անվտանգության ոլորտում։

Այսօր մենք ականատես ենք աշխարհում ճգնաժամային երևույթների աճին: Կազմակերպության անդամ երկրների համար ռազմական վտանգի մակարդակը, ցավոք, չի նվազում։ Դրա մասին, ի թիվս այլ հանգամանքների, վկայում է ՆԱՏՕ-ի երկրների ռազմական խմբավորումների ընդլայնվող ներկայությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմանների անմիջական հարևանությամբ, ինչպես նաև դաշինքի ռազմական ենթակառուցվածքների զարգացումը և ռազմական գործունեության ակտիվացումը:

Մեզ շատ մտահոգում է հայ-ադրբեջանական սահմանին շարունակվող լարված իրավիճակը, որտեղ պարբերաբար տեղի են ունենում բախումներ և գնդակոծություններ, որոնց հետևանքով, ցավոք, մարդիկ են զոհվում։

Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում վտանգ են ներկայացնում զարգացումներն Աֆղանստանում, որտեղ իրավիճակը շարունակում է մնալ բարդ, լարված և անկանխատեսելի։ Այս երկրում իշխանափոխությունից հետո պահպանվում է ներքին զինված դիմակայության ուժեղացման, ահաբեկչական կազմակերպությունների գործունեության ակտիվացման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության ընդլայնման, անվերահսկելի միգրացիայի ավելացման հնարավորությունը։ Երկիրը հումանիտար աղետի եզրին է:

Մենք մշտապես վերահսկում ենք իրավիճակը այս ճգնաժամային կետերում, որպեսզի ժամանակին արձագանքենք դրա հնարավոր վատթարացմանը։ Համատեղ միջոցառումների, առաջին հերթին ՀԱՊԿ Հավաքական ուժերի զորավարժությունների ընթացքում մենք մշակում ենք գործնական միջոցառումներ՝ ուղղված մեր պատասխանատվության գոտում անվտանգության ապահովմանը։ Մենք պատրաստում ենք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը՝ խաղաղարար գործողություններին նրանց հնարավոր ներգրավվածության նպատակով։

Չի նվազում մեր երկրների անվտանգությանն այլ սպառնալիքների ակտուալությունը ևս՝ ահաբեկչություն, թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, անօրինական միգրացիա, կիբեր սպառնալիքներ։ Դրանց հակազդելու համար ՀԱՊԿ-ն իրականացնում է միջոցառումների մի ամբողջ շարք, ինչպիսիք են՝ «Նայոմնիկ» օպերատիվ-կանխարգելիչ, «Կանալ» հակաթմրանյութային միջազգային համալիր գործողությունները, ինչպես նաև ապօրինի միգրացիայի և մարդկանց առևտրի դեմ պայքարի «Նելեգալ» և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հանցագործությունների հակազդմանն ուղղված «Պրոքսի» գործողությունները։

Եթե խոսենք հեռանկարների մասին, ապա հաջորդ տարվանից կբացենք նոր ուղղություն՝ կենսաբանական անվտանգություն։ Արդեն որոշում է կայացվել Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեին կից ՀԱՊԿ անդամ երկրների լիազորված մարմինների կենսաբանական անվտանգության հարցերով համակարգող խորհուրդ ստեղծելու մասին։

-Արդեն մի քանի ամիս է, ինչ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները ՀԱՊԿ մասնակից-պետություններից մեկի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Ինչպե՞ս է կառույցը վերաբերվում այդ փաստին, ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու նրանց՝ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս բերելու ուղղությամբ։

-Մենք մտահոգված ենք հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակով և ուշադիր հետևում ենք դրան։ Կարծում ենք, որ սահմանային վեճերը պետք է լուծվեն միայն քաղաքական և դիվանագիտական միջոցներով, և աջակցում ենք այս տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված համաձայնություններին՝ քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության աջակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Ակնհայտ է, որ իրավիճակի ապաէսկալացիայի միջոցառումներն առավել քան երբևէ անհրաժեշտ են և առաջնահերթ նշանակություն ունեն։

Մենք սատարում ենք Հայաստանի կառավարության քայլերը՝ ստեղծված իրավիճակը քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ։ Սա միակ ելքն ենք համարում։

Բացի այդ, արժե ավելի ակտիվ օգտագործել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հնարավորությունները։ Նման մոտեցումը կապահովի անհրաժեշտ նախադրյալներ այս խնդրի լուծման համար։

-ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության տարբեր շրջաններում իրավիճակի զարգացման տրամաբանությունը հստակ ցույց է տվել ճգնաժամային արձագանքման մեխանիզմների արդիականացման անհրաժեշտությունը․ «Ակնհայտ է ճգնաժամային իրավիճակների մշտադիտարկման, կանխատեսման և կանխարգելման մեխանիզմների անհրաժեշտությունը: Գործնականում այս ամենը կձևավորվի, այդ թվում՝ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի լիարժեք գործունեության ապահովման միջոցով»: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այս մոտեցմանը։

– Ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական գաղափարը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ազդեցության գոտում ճգնաժամի դեպքում հակաճգնաժամային որոշումներ կայացնելու ալգորիթմների օպտիմալացումն է, ինչպես նաև նյութատեխնիկական և մարդասիրական օգնության, տեղեկատվական և քաղաքական աջակցության օպերատիվ տրամադրումը։

Ներկայում Ճգնաժամային արձագանքման կենտրոնը գործում է, լրացուցիչ քայլեր են ձեռնարկվել դրա կադրերի հզորացման ուղղությամբ։

ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների առաջարկությունների համաձայն՝ կենտրոնի կազմում լրացուցիչ ստեղծվել է օպերատիվ խումբ՝ կազմակերպության պատասխանատվության գոտում ռազմաքաղաքական և ռազմավարական իրավիճակին հետևելու համար։

Ճգնաժամերին արձագանքելու մեխանիզմների կատարելագործման և ՀԱՊԿ մարմինների միջև փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով անցկացվում են ուսումնական միջոցառումներ։ Այսպես, այս տարվա հոկտեմբերին տեղի է ունեցել համատեղ գործնական խաղ՝ ներգրավելով կազմակերպության անդամ երկրների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների օպերատիվ խմբերը։ Խաղի ընթացքում մշակվել են պայմանական պետության տարածքում ճգնաժամային իրավիճակի կանխարգելման և հանգուցալուծման հարցերը՝ կապի միջոցների կիրառմամբ՝ ՀԱՊԿ Ճգնաժամային արձագանքման կենտրոնի հետ համագործակցելու լիազորված ազգային մարմինների վերահսկողության կետերով։

-Նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան սահմանագոտում Ադրբեջանի հարձակման ընթացքում հայ օրենսդիրները ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկելու կոչով էին հանդես գալիս, և ավելի վճռական արձագանքներ էին ակնկալվում անվտանգային այս կառույցից։ Ի՞նչ կարող է Հայաստանն ակնկալել ՀԱՊԿ-ից նմանատիպ հարձակումների դեպքում։

-ՀԱՊԿ կանոնադրական փաստաթղթերի համաձայն՝ ճգնաժամային իրավիճակին արձագանքելու մեխանիզմը կարող է գործարկվել ճգնաժամային իրավիճակում գտնվող անդամ պետության պաշտոնական դիմումի հիման վրա և կազմակերպության բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։ Այդ դեպքում կազմակերպության անդամ պետությունների կողմից կկազմակերպվեն խորհրդակցություններ՝ անհրաժեշտ աջակցության տրամադրման վերաբերյալ:

Ձեր հիշատակած դեպքում Երևանը շեշտը դրեց իրավիճակի հանգուցալուծման այլ մեխանիզմների վրա։

Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ իրավիճակի սրումից հետո Հայաստան է գործուղվել ՀԱՊԿ օպերատիվ խումբ․ իրադրության ուսումնասիրման, օպերատիվ պլանների հստակեցման և առաջարկությունների մշակման նպատակով մեր կազմակերպության միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հասան Կալոևի գլխավորությամբ ուղարկվել է օպերատիվ խումբ, որի կազմում ներգրավված էին ՀԱՊԿ քարտուղարության և օպերատիվ շտաբի ներկայացուցիչներ։ Մենք կարծում ենք, որ սա չափազանց կարևոր և բավարար էր այդ ժամանակ ստեղծված իրավիճակում։

-Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, ՌԴ նախագահի մասնակցությամբ նոյեմբերի 26-ին կայացած հանդիպումից հետո հայտարարեցին, որ պայմանավորվել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի ու այդուհետ դեմարկացիայի հարցերով՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ երկկողմ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։ Ինչպիսի՞ հնարավոր դեր կարող է ՀԱՊԿ-ն ստանձնել այդ աշխատանքներում։

– Ինչպես արդեն նշեցի, մենք ողջունում ենք կողմերի որոշումը՝ սկսել սահմանների սահմանագծումը և սահմանազատումը, այն համարում ենք կարևոր քայլ ներկայիս իրավիճակի կրկնությունը կանխելու ուղղությամբ։

Մենք կարծում ենք, որ Ռուսաստանից բացի, անհրաժեշտության դեպքում, ՀԱՊԿ անդամ մյուս պետությունները կարող են խորհրդատվական աջակցություն ցուցաբերել այս հարցում։

Խոսքը, մասնավորապես, Ռուսաստանի և Ղազախստանի, ինչպես նաև Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների միջև սահմանների սահմանազատման դրական փորձի օգտագործման մասին է։

Բացի դրանից՝ եթե ստացվի ՀԱՊԿ-ին այդ աշխատանքներում ներգրավելու հայտ, ապա, իհարկե, այն կդիտարկվի կազմակերպության կանոնադրական մարմինների կողմից և համապատասխան որոշում կկայացվի։

Կարծում եմ նաև, որ անհրաժեշտ է գործնական հարթություն տեղափոխել տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ եռակողմ աշխատանքային խմբի համաձայնությունները։

Դա նկատելիորեն կնպաստի իրավիճակի կարգավորմանը և այս տարածաշրջանում կայունության մակարդակի բարձրացմանը։

-Շնորհակալություն հարցազրույցի համար։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալից

17:00 06.07.2025

Պեսկովը Պուտինի և Մակրոնի զրույցն անվանել է բովանդակալից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երկխոսության շեշտադրումները տարբեր էին, քանի որ սա աշխատանքային գործընթաց է, բայց զրույցը բովանդակալից էր, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» հաղորդման հեղինակի և հաղորդավարի հետ հարցազրույցում Պեսկովը նշել է, որ այս անգամ դեռևս չի կրկնվել նախորդ զրույցների «տխուր» փորձը, երբ ֆրանսիական […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

16:41 06.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովը

16:20 06.07.2025

Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովը

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Բալթիկ ծովում՝ էստոնական Վիլսանդի և Սաարեմա կղզիների միջև։ Այս մասին հայտնել է ազգային պետական ​​հեռարձակողի ERR պորտալը։ «Ոստիկանության և սահմանապահ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռում բոլոր գտնվողները ողջ են», – ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես ճշտել է գերատեսչությունը, փրկարարական գործողության ընթացքում վթարի ենթարկված ինքնաթիռից դուրս է բերվել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Վիկաթի […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

16:00 06.07.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Հուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային […] ...

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

15:00 06.07.2025

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...

Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանություն

14:33 06.07.2025

Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանություն

Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...

BACK_TO_TOP