17:26 09.02.2022
ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը զեկուցել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Նա ներկայացրել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում նախագծում կատարված հիմնական փոփոխությունները:
«Նախագիծն անցել է հանրային լայն քննարկում, տեղի են ունեցել նաև խորհրդարանական լսումներ, որի համար շնորհակալություն եմ հայտնում ԱԺ գլխադասային հանձնաժողովին համատեղ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ նաև բոլոր այն շահագրգիռ կառույցներին և գործընկերներին, որոնք ներկայացրել են համապատասխան առաջարկություններ և դիտարկումներ՝ նպաստելով նախագծի բարելավմանը»,- նշել է նախարարի տեղակալը՝ ներկայացնելով հանրակրթության բովանդակության ուղղությամբ կատարված հիմնական փոփոխությունները:
Սահմանվել է այլընտրանքային հանրակրթական ծրագիրը, հստակեցվել է ուսումնական պլանի անհատական բաղադրիչը
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախագծում այլընտրանքային հանրակրթական ծրագրի հստակ սահմանման ներառումը, որը բացակայել է օրենքում: Ըստ նախարարի տեղակալի՝ հստակեցվել է նաև ուսումնական պլանի անհատական բաղադրիչի սահմանումը, որով շեշտվել է սովորողի ընտրության կարևորությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ անհատական բաղադրիչով նախատեսված նախագծային հետազոտական աշխատանքներն ու խմբակները դպրոցը կարող է իրականացնել այլ կառույցների հետ համագործակցությամբ. «Սա նշանակում է, որ օրինակ՝ սպորտի և արվեստի դասերը կարող են անցկացվել մարզադպրոցների և գեղարվեստի դպրոցների հետ համագործակցությամբ՝ ապահովելով սովորելու միասնական միջավայր»:
Ներառական կրթություն. ներդրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հասկացությունը
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախագծում ներդրվել է հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հասկացությունը, որը համընդհանուր ներառման ճանապարհին ևս մեկ քայլ է և ուղղված է հատուկ դպրոցները վերափոխելուն՝ դրանք դարձնելով իրապես մասնագիտացած ռեսուրս կենտրոններ: Նախարարի տեղակալը պարզաբանել է, որ օրինակ՝ լսողության խնդիրներ ունեցող երեխաների դպրոցը կարող է դառնալ ժեստերի լեզվի ուսուցման կենտրոն, որն անհրաժեշտ վերապատրաստումներ կիրականացնի դպրոցների ուսուցիչների համար և կցուցաբերի մեթոդական աջակցություն: Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց թվում ներառվել է նաև բացառիկ ընդունակություններ ունեցող անձը:
Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախագծում հիվանդանոցային պայմաններում երկարատև բուժում ստացող, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթության իրավունքի իրացման համար առավել բարենպաստ պայմանների սահմանումը: Նա նշել է, որ տարբեր հետազոտություններով ապացուցված է, թե ինչ բարերար ազդեցություն է թողնում կրթությունը երեխաների բուժման գործընթացի վրա՝ բարձրացնելով դրա արդյունավետությունը: Նախարարի տեղակալի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց կրթության իրավունքի իրացումը կօգնի ավելի մեծ ծավալով իրականացնել այս խմբի վերասոցիալականացման և հանրային ինտեգրման գործընթացը:
Ուսուցիչների մասնագիտական զարգացման դրույթներ. կամավոր ատեստավորման արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության
Ժաննա Անդրեասյանը փաստել է, որ նախագծում հստակ ամրագրվել է, որ կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով ցուցաբերած համապատասխան արդյունքը հիմք է ուսուցչի դրույքաչափի փոփոխության և 5 տարի ժամկետով հավելավճարի սահմանման համար։ Նա հիշեցրել է, որ էապես հեշտացվել են տարակարգի կարգավորման դրույթները, ինչը հնարավորություն կտա հասնելու ուսուցիչների վարձատրության էական բարձրացման: «Ներկայում քննարկվում է ատեստավորման արդյունքում ուսուցչի դրույքաչափը 200 հազար սահմանելու հնարավորության հարցը, որն էլ համակցելով երկու գործիքների առավելագույն հավելավճարների հետ՝ կարող է հասնել մինչև 400 հազար դրամի: Ընդ որում՝ նախատեսվում է, որ այս համակարգով պետք է անցնի ուսուցիչների գերակշիռ մեծամասնությունը, եթե ոչ բոլորը»,- շեշտել է նախարարի տեղակալը:
Նա կարևորել է նաև ԲՏՃՄ առարկաների գծով նոր մասնագետների ներգրավման հնարավորությունների մեծացումը: Սահմանվել է, որ առնվազն 1 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը սահմանված պահանջները բավարարող անձի կողմից չհամալրվելու դեպքում հաջորդ մրցույթին կարող է դիմել ԲՏՃՄ առարկաների մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող անձը՝ աշխատանքի ընդունվելուց հետո 1 տարվա ընթացքում առնվազն 30 կրեդիտ հավաքելու պայմանով։ Ժաննա Անդրեասյանը հավաստիացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում մշակում է ուսուցիչների հավելյալ խրախուսման նոր ծրագրեր՝ հատկապես գյուղական համայնքների փոքր դպրոցների և ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների մասով:
Ըստ նախարարի տեղակալի՝ հստակեցվել է նաև վարչական աշխատողների դասավանդման իրավունքը: Սահմանվել է, որ վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, եթե համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքում, կամ տվյալ առարկայի ուսուցիչներն ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ: Սահմանվել է նաև, որ վարչական աշխատողը չի կարող դասավանդել այլ դպրոցում:
Հստակեցվել է համակարգողի և տնօրենի լիազորությունների շրջանակը
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ ամենախոշոր փոփոխությունները տեղի են ունեցել կառավարման բաղադրիչում: Մասնավորապես, հստակեցվել է պետական ուսումնական հաստատության համակարգողի և տնօրենի լիազորությունների և գործառույթների շրջանակը՝ հաշվի առնելով արդեն իսկ թվայնացված գործընթացները: Նրա խոսքով՝ հստակեցվել է վարչատնտեսական կառավարումը իրավաբանական անձի պատվիրակելու հնարավորությունը՝ հասնելով իրոք մասնագիտացված ծառայությունների ստեղծման:
Համակարգողի համար սահմանվել է պարտավորություն խորհրդին ներկայացնելու ամենամյա հաշվետվություն սահմանված գործառույթների կատարման մասին:
Պետական ուսումնական հաստատության խորհրդի՝ տնօրենին անվստահություն հայտնելու մասով հստակեցվել է, որ պետք է հիմք ընդունվեն լիազոր մարմնի սահմանած կատարողական ցուցանիշներն ու պահանջները: Հստակեցվել են նաև որակավորման պահանջները տնօրենի և համակարգողի համար: Տնօրենի համար մանկավարժի որակավորումը փոխարինվել է կրթության ոլորտի բարձրագույն կրթությամբ՝ անցումային դրույթներում դրա՝ ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանելով 2026 թվականը: Համակարգողի որակավորման պահանջները համապատասխանեցվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի որակավորման պահանջներին:
Տնօրենի պաշտոնավարման և ատեստավորման պարբերականության ժամկետը առաջին ընթերցմամբ առաջարկված 3-ի փոխարեն դարձել է 5 տարի:
Սահմանվել է, որ տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի անցկացման նպատակով կրթության պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ձևավորվում է մասնագիտական հանձնաժողով, որի դրական եզրակացությունը հիմք է տնօրենի նշանակման համար: Լիազորող նորմերի մեջ սահմանվել է հանձնաժողովի ձևավորման կարգը:
Նախագծով կարգավորվել է շահերի բախման խնդիրը. սահմանվել է, որ նույն պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չեն կարող առաջադրվել, նշանակվել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ արձագանքելով դպրոցների կուսակցականացման և քաղաքական գործընթացների մեջ ներքաշման մտահոգություններին, նախագծում հստակեցվել է, որ պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը, որը հանդիսանում է կուսակցության ու նրա տարածքային ստորաբաժանումների ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ:
Բացի դրանից՝ հաշվի առնելով բազմաթիվ դեպքեր, երբ առկա է քրեական հետապնդում անձի նկատմամբ, որը դադարեցվում է ոչ արդարացնող հիմքով, օրինակ՝ վնասի փոխհատուցման հետևանքով, սահմանվել է, որ պետական ուսումնական հաստատության տնօրեն և համակարգող չի կարող առաջադրվել, նշանակվել այն անձը, որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով:
«Ցավոք, կան նախադեպեր, երբ ֆինանսական մեծ յուրացումներ իրականացրած անձինք վճարում էին այդ գումարը և նորից մրցույթի մասնակցում: Հաճախ քննարկումների ընթացքում նշվել է՝ արդյոք պետք չէ՞ր փորձարկել նախատեսվող փոփոխությունները: Այդ առումով պարզաբանեմ, թե ինչ նախընթաց աշխատանքներ են իրականացվել այդ ուղղությամբ»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքերով՝ հաստատվել են հանրակրթության պետական չափորոշիչը, առարկայական չափորոշիչները և ծրագրերը, որոնք ներկայում փորձարկվում են Տավուշի մարզում: Հաստատվել է նաև կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրը և իրականացվել շուրջ 1000 ուսուցչի մասնակցությամբ, մշակվել է ուսուցչի մասնագիտական շարունակական զարգացման հայեցակարգը: Ներառական կրթության մասով մշակվել են կրթության կառավարման տեղեկատվական համակարգի համապատասխան բաղադրիչը, մշտադիտարկման և գնահատման համակարգերը, ֆինանսավորման կարգը, որում նախատեսված է նպատակային ֆինանսավորման բաղադրիչ: Կառավարման մասով հաստատվել է զարգացման ծրագրի ձևաչափը, իրականացվել է խորհուրդների խոշորացման գործընթաց և այլն:
«Ակնհայտ է, որ առաջարկվող փոփոխությունները մեծածավալ են և կպահանջեն անընդհատ ճշգրտումներ ու բարելավումներ, սակայն մենք ունենք բավական հետևողականություն և կամք այդ գործընթացն առաջ տանելու և սահմանված նպատակներն իրականացնելու համար»,- ելույթն ամփոփել է Ժաննա Անդրեասյանը:
Նախարարի տեղակալի զեկույցից հետո ներկաները նրան ուղղել են մի շարք հարցեր, որոնց տրվել են հանգամանալից պատասխաններ: ԱԺ պատգամավորների ելույթներից հետո հարակից զեկույցով հանդես է եկել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը՝ ընդգծելով, որ հանձնաժողովի ներկայացրած բոլոր առաջարկները գործադիրն ընդունել է:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
19:07 02.05.2025
Նախագահական նստավայրում հյուրընկալվել են ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտներըՆախագահական նստավայրում հյուրընկալվել են Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական մասնագիտացված դպրոցի աշակերտները։ Նրանք շրջայց են կատարել նստավայրում, ծանոթացել դրա պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և գործունեության կարգին։ Այնուհետև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշակերտների համար դասախոսություն է կարդացել՝ ներկայացնելով պետության և ազատ շուկայական տնտեսության փոխհարաբերությունները, դրանց նշանակությունն ու կիրառական դրսևորումները ժամանակակից կառավարման համակարգում։ Դասախոսությունից հետո նախագահն անմիջական մթնոլորտում […] ...
19:00 02.05.2025
Գողությունը բացահայտվել է. 25-ամյա հարևանուհին խոստովանել է արարքըՔրեական ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ ապրիլի 28-ի ժամը 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում Դիլիջանի Աթարբեկյան փողոցում գտնվող իր տնից գողացել են բջջային հեռախոս: Նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Դիլիջանի քննչական բաժին, որտեղ քրեական վարույթ է նախաձեռնվել: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին հանցագործությունը բացահայտվել է: […] ...
18:44 02.05.2025
Ընթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները. վարչապետԸնթացքի մեջ են Գարգառի կրթահամալիրի կառուցման աշխատանքները: Կառավարությունը հատկացրել է 1 մլրդ 947 մլն դրամ: Կրթահամալիրը ներառելու է 200 երեխայի համար նախատեսված դպրոց և 80 երեխայի համար՝ մանկապարտեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել: ...
18:35 02.05.2025
Դատապարտյալը փոստային ծառայության միջոցով ստացել է թմրամիջոցների նմանվող զանգվածներով լցոնված կոնֆետներՄայիսի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության Արմավիր քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալ Մ․Մ․-ի անվամբ փոստային առաքման միջոցով ստացված հանձնուքը։ Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից 45-ի միջից ծառայողները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, դեղնականաչավուն զանգվածներ, որոնց քաշը կոնֆետների հետ միասին կազմել է 264,94 գրամ։ Իսկ 27 կոնֆետի միջից հայտնաբերվել […] ...
18:27 02.05.2025
«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել հավաստագրերի հանձնման արարողություն«Ոռոգվող գյուղատնտեսության զարգացումը Արարատի և Արմավիրի մարզերում» (IADAAM) ծրագրի շրջանակներում ապրիլի 30-ին անցկացվել է «Գյուղաջակցության խորհրդատուի նոր ուսումնական ձեռնարկ» (NELK) մոդուլների շարքի ամփոփիչ միջոցառումն ու հավաստագրերի հանձնման արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, պետական և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ, ծրագրի շահառուներ, ինչպես նաև գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ծրագիրը նպատակ ունի խթանել գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների կարողությունների […] ...
18:19 02.05.2025
Ռետկլիֆը վաճառքի է հանել «Նիսը»Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և INEOS ընկերության նախագահ Ջիմ Ռետկլիֆը որոշել է ազատվել իր ակտիվներից մեկից: L’Informé-ի համաձայն՝ գործարարը փաստաբաններին հանձնարարել է նախապատրաստել բոլոր փաստաթղթերը «Նիսը» վաճառքի հանելու համար: Ռետկլիֆը ասել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերը գնելուց հետո այլևս հետաքրքրված չէ ֆրանսիական ակումբով և ցանկանում է ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել անգլիական թիմի վրա: Բրիտանացի միլիարդատերը Lazard ներդրումային […] ...