Ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի կողմից իշխանության անգործություն ցուցաբերելու, N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու գործով նախաքննությունն ավարտվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC

Ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի կողմից իշխանության անգործություն ցուցաբերելու, N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու գործով նախաքննությունն ավարտվել է

19:05 11.05.2022

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա. Մ.-ի կողմից իր և ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով իշխանության անգործություն ցուցաբերելու հետևանքով ծանր վնաս պատճառվելու, N զորամասի հրամանատար Ա. Ա.-ի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու, դրա հետևանքով ծառայության բնականոն շահերին էական վնաս պատճառվելու, ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով ծանր վնաս պատճառվելու, նույն զորամասի սպա Ս. Կ.-ի կողմից զորամասի հրամանատարի՝ պաշտոնական դիրքը չարաշահելուն օժանդակելու և սպա Է. Հ.-ի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի վերսկսումից հետո, 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում, Ա. Մ.-ն, զբաղեցնելով ՀՀ զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ-ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, հանդիսացել է 2021թ. հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու, որպիսի պայմաններում իր ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա. Ա.-ի գլխավորությամբ Կովսական քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ և հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի: Նման պայմաններում Ա. Մ.-ն վերոնշյալ խմբին օգնության շտապելու փոխարեն իր և ենթակա անձնակազմի կյանքին սպառնացող անմիջական վտանգը չեզոքացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ ցուցաբերել է իշխանության անգործություն, իրեն ենթակա անձնակազմին տալով «Նահանջ» հրաման, վերադարձել է Կապան քաղաք՝ որպիսի գործողությունների հետևանքով շրջափակման մեջ հայտնված Ա. Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության, 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առ այսօր անհայտ է:

N զորամասի հրամանատար Ա. Ա.-ն 2020թ. հոկտեմբերի 20-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ա. Մ-ից ստանալով անձնակազմին Կովսականի շրջանի Կերեն գյուղի մոտակայքում գտնվող «Կիրի Հանք» անվանումով տեղանք հասցնելու հանձնարարական,  անփույթ վերաբերմունք է դրսևորել ծառայության նկատմամբ՝ հետամուտ չի եղել և ուղեկցողներից վերջնականապես չի պարզել անձնակազմին մատնանշված երթուղով վերջնակետ հասցնելու հանգամանքը, չի պահպանել ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով հաստատված մարտական կանոնադրության պահանջները, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են նյութական ծանր հետևանքներ. 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ ժամը 0700-ի սահմաններում, «Կիրի հանք» կոչվող տարածք անձնակազմի իջեցումն ապահովելու ուղեկցելու փոխարեն անցել է հիշյալ տարածքը և հասել Կովսական քաղաքի սկզբնամաս, որտեղ անձնակազմն ընկել է շրջափակման մեջ և հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի, որի ընթացքում Ա. Ա.-ի ղեկավարած 62 հոգանոց խմբի 40 զինծառայողներից 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ մնացած 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն անհայտ է:

Բացի դրանից՝ Ա. Ա.-ն, զբաղեցնելով N զորամասի հրամանատարի պաշտոնը, իր վերադաս՝ ՀՀ ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի պետ-վարչության պետ Վ. Ն.-ին հաճոյանալու, ստեղծված վստահությունը ամրապնդելու, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով չարաշահել է իր պաշտոնեական դիրքը և իր ենթակայությամբ ծառայող Գ. Ն-ին, որը հանդիսացել է Վ. Ն.-ի որդին, առանց համապատասխան հրամանի ձևակերպման, 2020թ. հոկտեմբերի 11-ին թույլատրել է մարտական ծառայության կրման վայրից վերադառնալ Էջմիածին քաղաք և զբաղվել ազգականի դին հուղարկավորելու աշխատանքներով՝ միաժամանակ հրամանատարի պաշտոնակատար Ս. Կ.-ի միջոցով համալրման բաժանմունքի պետ Է. Հ.-ին հրահանգավորել է Գ. Ն.-ին չհրամանագրել՝ որպես զորամաս վերադարձած զինծառայողի, այդպիսի գործողություններն իրականացնել միայն օրեր անց՝ ցույց տալով Գ. Ն-ին՝ որպես հիմնական անձնակազմի հետ զորամաս վերադարձած զինծառայող, որի հետևանքով ամբողջությամբ չեն կատարվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի համապատասխան մարտական կարգադրության պահանջները, այդ կերպ խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը և զորամասի առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը, ինչն էլ իր հերթին էական վնաս է պատճառել ծառայության բնականոն շահերին։

Բացի դրանից՝ N զորամասի սպա Ս. Կ.-ն նույն զորամասի հրամանատարի պաշտոնակատարի պարտականությունները կատարելու ընթացքում, զորամասի հրամանատար, փոխգնդապետ Ա. Ա.-ի մտացածին հանցավոր գործողություններին՝ պաշտոնական դիրքի չարաշահմանն օժանդակելու նպատակով 2020թ. հոկտեմբերի 16-ին ցուցում է տվել զորամասի համալրման բաժանմունքի պետ Է. Հ.-ին՝ պաշտոնական փաստաթուղթ համարվող զորամասի համապատասխան հրամանագրքում կատարել իրականությանը չհամապատասխանող՝ ակնհայտ կեղծ գրառում, ինչը կատարվել է վերջինիս կողմից, որով իսկ խաթարվել է մարտական ծառայության բնականոն կազմակերպումը և զորամասի առջև դրված խնդիրների արդյունավետ լուծումը:

Բացի դրանից՝ N զորամասի համալրման բաժանմունքի պետ Է. Հ.-ն մարտական ծառայության կրման վայրից վերադարձած Գ. Ն.-ին որպես զորամասի մշտական տեղակայման վայր վերադարձած զինծառայող հրամանագրելու հարցը պարզելու նպատակով դիմել է հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Ս. Կ.-ին, որն այդ հարցով խոսելով զորամասի հրամանատար Ա. Ա.-ի հետ, Է. Հ.-ին փոխանցել է այդ կապակցությամբ որևէ գործողություն չձեռնարկելու վերաբերյալ հրամանատարի հանձնարարությունը, որից հետո Է. Հ.-ն զորամասի համապատասխան հրամանագրքում կատարել է ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող գրառում ՝ նշելով, որ Գ. Ն.-ն 2020 թվականի հոկտեմբերի 24-ին զորամասի մշտական տեղակայման վայր է վերադարձել զորամասի հիմնական անձնակազմի հետ միասին։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա. Մ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով, Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով և 375-րդ հոդվածի 4-րդ մասով, Ս. Կ-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-375-րդ հոդվածի 4-րդ մասով և Է. Հ.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

16:41 06.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 6-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 388 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովը

16:20 06.07.2025

Էստոնիայում ուղղաթիռ է ընկել ծովը

Ուղղաթիռը վթարի է ենթարկվել Բալթիկ ծովում՝ էստոնական Վիլսանդի և Սաարեմա կղզիների միջև։ Այս մասին հայտնել է ազգային պետական ​​հեռարձակողի ERR պորտալը։ «Ոստիկանության և սահմանապահ ծառայության տվյալներով՝ ուղղաթիռում բոլոր գտնվողները ողջ են», – ասվում է հայտարարության մեջ։ Ինչպես ճշտել է գերատեսչությունը, փրկարարական գործողության ընթացքում վթարի ենթարկված ինքնաթիռից դուրս է բերվել յոթ մարդ։ Նրանք տեղափոխվել են Վիկաթի […] ...

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

16:00 06.07.2025

Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը

Հուլիսի 6-ին Մ. Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում ավարտվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը։ Փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել և մասնակիցներին ողջունել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, ուժային կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք: Շնորհավորելով մրցույթի մասնակիցներին բանակային […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը

15:30 06.07.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում հուլիսի 6-11-ը

Երևանում հուլիսի 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ Մարզերում հուլիսի 6-ին ցերեկը, 7-ին գիշերը և կեսօրից հետո, 8-11-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսային՝ […] ...

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

15:00 06.07.2025

Թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը բախվել է բետոնե եզրաքարին ու երկաթե էլեկտրասյանը. կան տուժածներ

Այսօր՝ հունիսի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 31 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Մյասնիկյան պողոտայից դեպի Գայի պողոտա ընթանալիս՝ Գայի պողոտայի սկզբնամասում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է բետոնե եզրաքարին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինն օգնության […] ...

Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանություն

14:33 06.07.2025

Եթե վիզա ստանալիս ստել եք, սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել վիզա ստանալու մշտական արգելքի․ դեսպանություն

Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության կամ վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնացել ԱՄՆ-ում, ապա դա կարող է հանգեցնել արտաքսման կամ ապագայում ԱՄՆ վիզա ստանալու մշտական արգելքի։ Այս մասին հայտնում են ՀՀ- ...

BACK_TO_TOP