Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն այսօր Shantnews.am-ի հետ զրույցում հայտնեց, որ երկուշաբթի օրվանից բոլոր թռչնամսի ռիսկային ներկրողների պահեստներում ստուգումներ են իրականացվելու: Հրամանն արդեն տրված է: Հիմնականում այդ թռչնամսերը Ռուսաստանից էին բերված: Ընդ որում՝ փաստաթղթային որևէ խնդիր չի հայտնաբերվել:
«Դա մտահոգության տեղիք է տալիս: Մենք պետք է գործենք օրենքի շրջանակում, այսինքն՝ ՌԴ-ից եկող թռչնամիսը ներկրում չի համարվում, այլ տեղափոխում, ԵԱՏՄ տարածքում այդպես է: Այդ պարագայում տեխնիկական կանոնակարգում նշված է, որ եթե փաստաթղթերը կան, ապա մթերքը սահմանային վերահսկողություն չի անցնում: Փորձելու ենք ինչ-որ քանակը մեկ ստուգումներ իրականացնել, կոնկրետ տվյալ արտադրողների մասով կխստացնենք: Ժամանակ առ ժամանակ էլ մոնիթորինգ կանենք շուկայում: Ցանցում մեզ ոչ մեկ չի արգելում անել դա»,-ասաց Ավետիսյանը:
Քրեական գործ կհարուցվի, թե ոչ, ցույց կտա ուսումնասիրությունը: Գեորգի Ավետիսյանը ոչինչ չբացառեց:
Հիշեցնենք, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները, իրացման ցանցի 16 կետերում իրականացված վերահսկողության շրջանակներում կատարել էին նմուշառում առկա թռչնամսից: Լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանցից 6-ում հայտնաբերվել էին մանրէաբանական ցուցանիշներով մի շարք խախտումներ: Լուրը տարածվեց երեկ: Որոշ խմբաքականակներ ճանաչվել են վտանգավոր և դրանցում հայտնաբերվել է սալմոնելա մանրէ:
Նա տեղեկացրեց, որ այս պահին զուգահեռաբար ստուգումներ են իրականացվում պաղպաղակի շուկայում: Հատուկ մտահոգության տեղիք են տալիս լցնովի պաղպաղակները: