Հայ հրատարակիչը դարեր շարունակ կորած համարվող գրքի լույս ընծայման համար Հռոմի պապից մեդալի է արժանացել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+24.09 oC

Հայ հրատարակիչը դարեր շարունակ կորած համարվող գրքի լույս ընծայման համար Հռոմի պապից մեդալի է արժանացել

11:02 24.10.2022

«Անկյունաքար» հրատարակչությունը 1999 թվականից ի վեր հրատարակում, թարգմանում և աշխարհում տարածում է հայ քրիստոնեական գրականությունը՝ փորձելով ճանաչելի դարձնել հայ եկեղեցու ավանդույթներն ու առանձնահատկությունները: Իսկ հայոց լեզուն զարգացնելու նպատակով լույս է ընծայում բառարաններ, զրուցարաններ, գեղարվեստական և այլ գրականություն:

Ամիսներ առաջ հրատարակչության տնօրեն, թարգմանիչ և խմբագիր Խաչիկ Գրիգորյանը Կյուրեղ Ալեքսանդրացու «Մեկնութիւն Եբրայեցւոց թղթոյն» բացառիկ գիրքն ուղարկել է Հռոմի պապին: Գրիգորյանը շատ է շոյվել, երբ Պապի կողմից մեդալի է արժանացել՝ իրենց կատարած աշխատանքի համար:

«Արմենպրես»-ի թղթակիցը Խաչիկ Գրիգորյանի հետ զրույցում մանրամասներ է պարզել Ալեքսանդրացու գրքի, «Անկյունաքար»-ի գործունեության, մինչ օրս լույս ընծայած ուշագրավ ստեղծագործությունների մասին:

«Անկյունաքար»-ն ստեղծվել է 1998 թվականին, սակայն սկսել է գործել 1999-ից: Հենց այդ տարի լույս է ընծայել Գրիգոր Տաթևացու «Սողոմոնի առակների մեկնությունը» գրքի թարգմանությունը՝ գրաբարից աշխարհաբար: Հրատարակել և հրատարակում է մեկնություններ, խորը դավանաբանական գործեր: «Մեր ամենավերջին գիրքը Կյուրեղ Ալեքսանդրացու «Մեկնութիւն Եբրայեցւոց թղթոյն» գործն է, որը լույս է տեսել «Աստվածաբանական բնագրեր» մատենաշարով: Նա Ալեքսանդրիայի եպիսկոպոսն է եղել 5-րդ դարում: Քրիստոնեության, ավանդական եկեղեցիների համար Ալեքսանդրյան դպրոցը լուրջ դերակատարություն է ունեցել: Հնարավոր չէ կարդալ որևէ քրիստոսաբանական երկ, որում դպրոցի անունը չհիշատակվի, այն էլ ամենակենտրոնական հարցերում, իսկ հայ եկեղեցին, աստվածաբանությունը, քրիստոսաբանությունը հիմնված են Ալեքսանդրյան դպրոցի վրա»,-շեշտում է հրատարակիչը:

Կյուրեղ Ալեքսանդրացուց տասը հատոր գիրք է մեր օրեր հասել: Միայն մեկ գործ մինչև 2020 թվականը կորած է համարվել ամբողջ աշխարհում: Խոսքը «Մեկնութիւն Եբրայեցւոց թղթոյն» գրքի մասին է: Ամբողջ աշխարհում գրքից ընդամենը վեց էջ էր պահպանվել:

2020-ին պատմաբան, հայագետ, աստվածաբան Հակոբ Քյոսեյանը պատահաբար Մատենադարանում գտել է գիրքը: Այն ժողովածուի մեջ է եղել: Խաչիկ Գրիգորյանը, իմանալով այդ մասին, շատ է ոգևորվել և որոշել հրատարակել այն: Գիրքը նախ գրաբար է լույս տեսել, այնուհետև գրաբարից անգլերեն է թարգմանվել: Թարգմանիչը հենց Խաչիկ Գրիգորյանն է, որը ծանոթ է քրիստոսաբանական նրբություններին:

Հրատարակել են հովանավորների աջակցությամբ և գրքի 100-ից ավելի օրինակ ուղարկել են տարբեր հաստատությունների: Ուղարկել են Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին և Արամ Ա կաթողիկոսին, Պոլսո Հայոց և Երուսաղեմի Հայոց պատրիարքներին և Հռոմի պապին: «Մեզ համար ամենակարևորը մեր եկեղեցու բարձրաստիճան ներկայացուցիչների վերաբերմունքն է, բայց նրանց դրական արձագանքը բնական էր, իսկ երբ Հռոմի պապն արձագանքեց, անսպասելի էր»,-խոստովանում է Գրիգորյանը:

Հռոմի պապը Խաչիկ Գրիգորյանին մեդալ է շնորհել գրքի թարգմանության համար, իսկ Հռոմից ուղարկված նամակում ասվում է, որ Պապը գնահատում է այն զգացումները, որոնք հրատարակիչներին մղել են այդ աշխատանքը կիսել իր հետ: Նամակում հավաստիացնում են, որ Հռոմի Պապ Նորին Սրբություն Ֆրանցիսկոսը նրանց հիշատակում է իր աղոթքներում:

Հրատարակիչը կարևորում է նաև լատիներենից թարգմանությունները: Թարգմանել են Օգոստինոս Երանելիի «Խոստովանությունները»: «Նա հինգերորդ դարի հայրերից է, որին կաթոլիկները համարում են իրենց եկեղեցու հիմնադիր, իսկ մեր եկեղեցին նրան ընդունում է որպես ընդունելի հայր: Գիրքը միայն հայերեն է թարգմանվել: Այն շատ մատչելի և գեղարվեստորեն է գրված, զգացմունքային ու ընկալելի բոլորին, սակայն այդ պարզությամբ ու մատչելիությամբ հեղինակն ամենալուրջ ու խորը քրիստոնեական իմաստներն է փոխանցում»,-նշում է հրատարակչության խմբագիրը:

Նրա խոսքով՝ իրենց հրատարակած գրքերը ցույց են տալիս, որ թեև հայոց եկեղեցու դավանությունը շատ-շատ գրքերում չէ, որ ներկայացված է, սակայն հստակությամբ, մաքրությամբ, ճշգրտությամբ գերազանցում է այն խրթին, հաճախ ինքնահակասական երևույթները, որոնք կան մյուս դավանական երկերում: «Եթե մարդը ցանկանա համոզվել, որ մեր եկեղեցու դավանանքը զուլալ է և ճիշտ է, կարող է կարդալ այս գրականությունը»,-ընդգծում է Գրիգորյանը:

Խոսելով եկեղեցական գրականության թարգմանության յուրահատկությունների մասին՝ թարգմանիչը պատմում է՝ երբ սկսել է թարգմանել Օգոստինոս Երանելիի գիրքը, այն համեմատել է ռուսերեն թարգմանության հետ, որը շատ տարածված է, և նկատել է, որ ռուսերեն թարգմանությունը շատ «ազատ» է եղել, ֆրազները երբեմն տեքստից հեռացել են: «Հավանաբար թարգմանիչները մտածել են, որ այդպես ավելի «ռուսերեն կհնչի», իսկ մենք աշխատել ենք հարազատ մնալ հեղինակին, մանավանդ, որ հայերենն ու լատիներենը մոտ են հստակության առումով: Հայերեն դարձվածքները ամեն ինչ փոխանցում են: Թարգմանում եմ, հետո մի քանի անգամ խմբագրում եմ, որ լիարժեք հայերեն լինի, ոչ թե լատիներեն՝ հայերեն բառերով»,-մանրամասնում է Գրիգորյանը:

Նա կարևորում է նաև հայագետ Չարլզ Դաուսեթի հոդվածների ժողովածուի լույս ընծայումը: Դաուսեթը 1965-1991 թվականներին եղել է Օքսֆորդի համալսարանի հայագիտական բաժնի ղեկավարը: Նա լուրջ հոդվածներ է գրել, որոնք մեկ տեղում հավաքված չեն եղել: Գրիգորյանն ու իր թիմը բոլոր հոդվածները հրատարակել են մեկ գրքով:

«Անկյունաքար» հրատարակչության հետաքրքիր բաժիններից է գիտամասսայական գրականությունը: Այս բաժնում կարելի է գտնել այնպիսի հեղինակների գրքեր, ինչպիսիք են Կոնրադ Քլայնքնեխտը, Հայզենբերգը, Էյլերը և այլք: Հրատարակչության խմբագիր Թեոֆանա Վարդանյանի նախաձեռնությամբ էլ սկսել են հրատարակել օտարազգի դրամատուրգների պիեսներ: Պատահել է, որ հեղինակները եկել են Հայաստան և թարգմանված պիեսներով ներկայացումներ են բեմադրել:

Հրատարակչության անկյունաքարային աշխատանքներից է բառարանագրությունը: «Հրատարակել ենք անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն բառարաններ: Շատ կարևոր եմ համարում հայոց լեզվի զարգացումը, իսկ բառարանագրությունը դրա ձևերից մեկն է: Լեզուն անընդհատ փոխվում է. ի հայտ եկավ համակարգչային լեզուն, և այդ ամենին զուգահեռ պետք էր զարգացնել բառարանագրությունը»,-նշում է Խաչիկ Գրիգորյանը:

«Անկյունաքարը» հրատարակել է մի շարք անգլերեն-հայերեն բառարաններ, ինչպես նաև անգլերեն-հայերեն գրպանի բառարանը, որը լայն տարածում ունի, և ամենամեծ անգլերեն-արևելահայերեն բառարանը, որում 115 հազար բառ կա: Այն արդեն անվճար հասանելի է dict.am կայքում: Հրատարակել են նաև հայերեն-պարսկերեն, հայերեն-ռուսերեն բառարաններ, համակարգչային եզրերի հատուկ բառարան:

Հրատարակչությունը շարունակում է բեղուն գործունեություն ծավալել՝ խոստանալով նոր գրքերով բավարարել թե՛ գիտական, թե՛ ընթերցասերների լայն շրջանակի հետաքրքրությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Նոայի» երրորդ անընդմեջ հաղթանակն Ավստրիայում

22:40 29.06.2025

«Նոայի» երրորդ անընդմեջ հաղթանակն Ավստրիայում

«Նոան» Ավստրիայում ընթացող մարզական հավաքի շրջանակներում երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել: Հայաստանի չեմպիոնն ու գավաթակիրը մրցել է Սլովակիայի առաջնությունը ներկայացնող «Դունայսկա Ստրեդայի» հետ և հաղթել 2-1 հաշվով: Սանդրո Պերկովիչի թիմից գոլ են խփել պորտուգալացի հարձակվող Գոնսալու Գրեգորիուն և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը: ...

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

22:35 29.06.2025

Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Հունիսի 29-ին, ժամը 13:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալիխանյան Եղբայրներ փողոցում գտնվող ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել. կա տուժած: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:55-ին, մարվել՝ […] ...

Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաք է անցկացվում

22:20 29.06.2025

Թբիլիսիի խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության հանրահավաք է անցկացվում

Թբիլիսիի կենտրոնում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի մոտ, ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքին մասնակցելու համար հավաքվել է ավելի քան հազար մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հանրահավաքին մասնակցելու է նաև նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Ընդդիմությունը խորհրդարանի շենքի առջև ելույթների համար բեմ է պատրաստել։ Ցուցարարները բողոքում են կառավարության քաղաքականության դեմ, այդ թվում՝ ընդդիմության առաջնորդների վերջերս կատարված ձերբակալությունների դեմ, որոնցից մի […] ...

«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը

22:05 29.06.2025

«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը

«Բարսելոնան» վերաֆինանսավորել է 400 միլիոն եվրոյից ավելի պարտքը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 424 միլիոնի պարտքի 40 տոկոսը վերաձևակերպելու նպատակով կատալոնական ակումբը պարտատոմսեր է թողարկել: Նախագիծը ներառում է «Կամպ Նոու» ստադիոնի վերանորոգումը, շրջակա տարածքի բարեկարգումն ու նոր ենթակառուցվածքների ստեղծումը: Նախնական տվյալներով՝ «Բարսելոնան» պարտքը պետք է մարեր 2028 թվականին, սակայն, վերաֆինանսավորման արդյունքում, մարման գործընթացը սկսվելու է […] ...

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում

22:00 29.06.2025

Հրդեհի ահազանգ Արին Բերդի փողոցում

Հունիսի 29-ին, ժամը 20:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ ...

Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը

21:40 29.06.2025

Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը

Պարզ լճի տարածքում կայացել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլը: 1-ին տեղը զբաղեցրել է Սյունիքի մարզի Կապանի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոցը, 2-րդ տեղը՝ Վայոց ձորի մարզի Արենիի միջնակարգ դպրոցը, 3-րդ տեղը՝ Արարատի մարզի Ուրցաձորի միջնակարգ դպրոցը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում։   ...

BACK_TO_TOP