Միջազգային  ներկայությունը տեղում և հստակ վերաբերմունքը ագրեսիայի և ագրեսոր պետության նկատմամբ առավել  քան երբևէ կարևոր են․ Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+24.09 oC

Միջազգային  ներկայությունը տեղում և հստակ վերաբերմունքը ագրեսիայի և ագրեսոր պետության նկատմամբ առավել  քան երբևէ կարևոր են․ Արարատ Միրզոյան

20:09 01.12.2022

Դեկտեմբերի 1-ին Լեհաստանի Լոձ քաղաքում տեղի է ունեցել ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովը, որին մասնակցել  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և հանդես եկել ելույթով․

«Հարգելի գործընկերներ,

Նախևառաջ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՀԿ Լեհաստանի նախագահությանն ամբողջ տարի կազմակերպությունը առաջնորդելու և այս հանդիպումը կազմակերպելու համար։

Եվրոպական անվտանգության ճարտարապետության համար այս տարին նշանավորվեց հսկայական մարտահրավերներով: Մենք շարունակաբար ականատես էինք լինում մեր հանձնառությունների՝ ներառյալ Հելսինկյան եզրափակիչ ակտի տասը սկզբունքների ոտնահարմանը: Ցավոք, Հարավային Կովկասն այն տարածաշրջաններից մեկն է, որտեղ մենք առերեսվում ենք ուժի և ուժի սպառնալիքի շարունակական կիրառմանը։ Մեր հարևան Ադրբեջանը  ոչ միայն շարունակում է իր առավելապաշտական ու ռազմատենչ հռետորաբանությունը, այլև՝ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ։

Այս տարի սեպտեմբերի 13-14-ն Ադրբեջանը սանձազերծեց  ոչնչով չհրահրված ագրեսիա՝ գրավելով Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 140 քառ. կմ: 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ստորագրումից ի վեր սա երրորդ լայնածավալ հարձակումն էր Հայաստանի դեմ: Այս ագրեսիայի հետևանքով ունեցանք 233 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, հազարավոր ներքին տեղահանված Հայաստանի քաղաքացիներ, թիրախավորվեցին բնակավայրեր և քաղաքացիական ենթակառուցվածքներ, պատճառվեցին  տնտեսական ու բնապահպանական լուրջ վնասներ։ Պատերազմական հանցագործությունների ամենադաժան դրսևորումները, ներառյալ հայ զինվորական կանանց և տղամարդկանց արտադատական սպանությունները և խոշտանգումները, ադրբեջանական ագրեսիայի բնորոշ հատկանիշներն են:

Մենք ցանկանում ենք մեր երախտագիտությունը հայտնել այն գործընկերներին, ովքեր չեն խուսափում մատնանշել ագրեսորին և բարձրաձայնում են ռազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և հանցագործներին պատժելու անհրաժեշտության մասին։ Նույնքան կարևոր է պահանջել Ադրբեջանի զինված ուժերի ամբողջական դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքներից։ Նրանց շարունակական ներկայությունը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում լուրջ մարտահրավեր է մեր տարածաշրջանում փխրուն խաղաղությանն ու կայունությանը։

Ավելին, նույն տարվա ընթացքում՝ մարտ և օգոստոս ամիսներին, Ադրբեջանը շարունակեց իր սադրիչ և ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ: Եռակողմ հայտարարությունների բացահայտ խախտմամբ՝ Ադրբեջանը փաստացի էթնիկ զտումների ենթարկեց Լեռնային Ղարաբաղի ևս մեկ բնակավայր և փորձեց խոչընդոտել Լաչինի միջանցքի գործունեությանը, որն ավելի քան 120 հազար մարդու համար «կյանքի ճանապարհ» է։

Տիկնայք և պարոնայք,

Ներկա պայմաններում դժվար է խորհել ԵԱՀԿ տարածաշրջանի առանձին հատվածում խաղաղության հասնելու մասին։ Այնուամենայնիվ, Հայաստանի կառավարությունը դրսևորել է քաղաքական կամք և վճռական քայլեր է ձեռնարկում Հարավային Կովկասում խաղաղության և կայունության նոր դարաշրջան բացելու ուղղությամբ։

Չնայած ադրբեջանական կողմի հաճախակի սադրանքներին, մենք չենք դադարեցրել  հարաբերությունների կարգավորման, բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանազատման և սահմանայինանվտանգության վերաբերյալ մեր բանակցությունները։ Թույլ տվեք հստակ արձանագրել, որ Հայաստանը պատրաստ է ձեռնամուխ լինելու հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը, երբ Ադրբեջանը համաձայնի, որ բոլոր ճանապարհները պետք է լիովին գործեն մեր ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և ազգային օրենսդրության ներքո

Մեր պետական սահմանի սահմանազատման գործընթացը չպետք է վերածվի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ներկայացնելու գործիքի և, ըստ այդմ, պետք է իրականացվի իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա։ Այս առումով, Պրահայում և Սոչիում այս տարի ձեռք բերված պայմանավորվածությունները, մասնավորապես ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանազատումն իրականացնելու հանձնառությունը կխթանեն այս գործընթացը:

Մենք կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը նույնպես պետք է համակողմանիորեն հասցեագրվի։ Այս հարցերը մշտապես եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջնորդվող խաղաղ գործընթացի հիմքում։

Հարգելի՛ գործընկերներ,

Ես կցանկանայի օգտագործել այս հնարավորությունը՝ Հայաստանի երախտագիտությունն ու հետագա աջակցությունը հայտնելու ԵՄ-ի և ԵԱՀԿ-ի կողմից  տեղում իրավիճակը գնահատելու և վերահսկելու նպատակով տեղակայված առաքելություններին։ Ներկա պայմաններում, երբ Ադրբեջանը մտացածին մեղադրանքներով քողարկում  է Հայաստանի դեմ ուժի կիրառումը, միջազգային  ներկայությունը տեղում և հստակ վերաբերմունքը ագրեսիայի և ագրեսոր պետության նկատմամբ առավել  քան երբևէ կարևոր են:

Մենք շարունակում ենք հավատալ, որ ԵԱՀԿ-ն, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահող երկրները, ԵԱՀԿ մեխանիզմներն իրենց կուտակած գիտելիքներով և փորձով կարող են և պետք է նպաստեն տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության հաստատմանը։

Շնորհակալություն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

22:58 12.07.2025

Գրոսի. ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացված է «Էներգոդար» վարչակազմի վրա ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի մասին

Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) տեղեկացվել է Ուկրաինայի զինված ուժերի (ԶԶՈՒ) անօդաչու թռչող սարքերի կողմից քաղաքային վարչակազմի շենքի՝ «Էներգոդար» ԱԷԿ-ի արբանյակի վրա հարձակման մասին: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին: «ՄԱԳԱՏԷ-ն տեղեկացվել է «Էներգոդար» վարչական շենքի վրա անօդաչու թռչող սարքերի ենթադրյալ հարձակման մասին, որտեղ բնակվում է Զապորոժյեի ԱԷԿ-ի աշխատակիցների մեծ մասը», – ասվում […] ...

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

22:50 12.07.2025

Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Այս մասին հայտնում են ՔՊ գրասենյակից։ «Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի […] ...

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

22:44 12.07.2025

Կիմ Չեն Ընը կարևորել է Լավրովի այցը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը նշել է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը շատ ջանասիրաբար աշխատում է արտաքին քաղաքականության ոլորտում, ուստի, որոշել է նրա հետ հանդիպել Վոնսանի հանգստավայրերից մեկում։ «Վերջերս դուք շատ ակտիվ եք եղել արտաքին քաղաքականության մեջ։ Ես մտածեցի, որ ավելի լավ կլինի ձեզ հետ հանդիպել այստեղ, քան Փհենյանում, քանի որ կարող եք […] ...

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

22:32 12.07.2025

Կատալոնիայում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է

Իսպանական Կատալոնիա ինքնավար համայնքում գնացքների երթևեկությունն ամբողջությամբ դադարեցվել է եղանակային վտանգների պատճառով, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Renfe երկաթուղային օպերատորին։ «Renfe-ն շաբաթ երեկոյան ամբողջությամբ դադարեցրել է գնացքների երթևեկությունը Կատալոնիայում՝ եղանակային պայմանների և ուժեղ անձրևի պատճառով», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Նշվում է, որ Բարսելոնայի քաղաքային խորհուրդը արտակարգ իրավիճակների ծրագիր է գործարկել և չեղարկել […] ...

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

22:20 12.07.2025

Թուրքիայում թղթի գործարանի մոտ 50 աշխատող թունավորվել է

Թուրքիայի արևմտյան Այդըն նահանգում թղթի գործարանի մոտ 50 աշխատողներ բուժվել են հիվանդանոցներում՝ կասկածելի դեպքերով, հաղորդում է DHA լրատվական գործակալությունը։ «Գործարանում ճաշից հետո 46 աշխատող դիմել է հիվանդանոցներ՝ որոշ ժամանակ անց գանգատվելով փսխումից և գլխապտույտից։ Բժշկական խմբերի միջամտությունից հետո բոլոր աշխատողները դուրս են գրվել», – հաղորդել է գործակալությունը։ Այդինի նահանգային առողջապահության վարչության և Այդինի նահանգային գյուղատնտեսության […] ...

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

22:09 12.07.2025

Սիյարտոն դեմ է Գազայի իրավիճակի պատճառով Իսրայելի դեմ ԵՄ պատժամիջոցներին

Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Իսրայելի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու ծրագրին՝ Գազայի հատվածում ռազմական գործողության պատճառով, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն իր իսրայելցի գործընկեր Գիդեոն Սաարի հետ հեռախոսազրույցից հետո։ Նա նշել է, որ Հունգարիան ակնկալում է Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև համաձայնության հասնել կրակը դադարեցնելու և պատանդներին, այդ թվում՝ հունգարացի քաղաքացուն ազատ […] ...

BACK_TO_TOP