14:40 12.12.2022
Այս պահին Արցախում տիրող իրավիճակն Ադրբեջանի կողմից պլանավորված սադրանքների հետեւանք է: Իսկ թե ինչպես պետք է չեզոքացվի, հրադադարը պահպանող հիմնական ուժային բլոկը պետք է հետեւություններ անի, կանխատեսի, գուցե նաեւ ադրբեջանական կողմին հեռու պահի նման մտադրություններից: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 12-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը` պատասխանելով լրագրողի` այս պահին Արցախում տիրող լարված իրավիճակի, մասնավորապես, Շուշիի հատվածում ճանապարհը փակելու եւ ադրբեջանցիների կողմից վրան տեղադրելու վերաբերյալ հարցին:
Լրագրողը հետաքրքրվել է Արցախի Կաշենի հանքավայրի շուրջ տեղի ունեցող գործընթացներով: Նշենք, որ օրեր առաջ իբրեւ «բնապահպան», ադրբեջանցիները փորձել են մտնել Կաշենի հանքավայր: «Ինչո՞ւ Արցախի իշխանությունների հետ չեն համաձայնեցրել, միայն խաղաղապահների թույլտվությամբ է մեկօրյա այց նախատեսվել»,- հարցրել է լրագրողը:
Անդրանիկ Քոչարյանն այս կապակցությամբ նշել է. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանի իշխանություններն իրականացնում են լավ պլանավորված սադրիչ գործողություններ` դրանով լարվածություն ստեղծելով Արցախում: Բնականաբար, ակնկալիքն այն է, որ լարվածությունը կտեղափոխվի նաեւ Հայաստան: Ես կարծում եմ, որ պետք է լինել սառնասիրտ: Իրենց ցանկություններն իրենց ցանկություններն են, մեր նպատակները մնում են նույնը` անվտանգ կյանք Արցախի մեր հայրենակիցների համար եւ անվտանգության միջավայրի կառուցում Հայաստանի եւ Արցախի միասնական անվտանգային տարածքում: Վերջին հաշվով` խնդիրը լուծվել է խաղաղապահ ուժերի մասնակցությամբ, եւ խաղաղապահ ուժերն ունեն հենց խաղաղապահ առաքելությունը` նման լարվածությունները չեզոքացնելու: Այնպես պետք է անել, որ մենք էլ այդ ժամանակահատվածը ճիշտ օգտագործենք, որպեսզի մեր անվտանգային միջավայրը վերականգնի իր ուժը եւ բովանդակությունը»:
Ի պատասխան մեկ այլ լրագրողի հարցի, թե ինչպես են ադրբեջանցիները կարողացել հասնել հանքավայր, Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ այստեղ փոխհամաձայնեցված գործողություններ են տեղի ունեցել, եւ դա շատ ճիշտ է: Թե ում միջեւ են տեղի ունեցել փոխհամաձայնություններ, Անդրանիկ Քոչարյանը չի մանրամասնել` նշելով. «Չէին կարող «բնապահպանները» վերցնեին դրոշակները եւ գնային Արցախի ցանկացած միջավայր հասնեին: Դա նշանակում է, որ ինչ-որ համաձայնություն է եղել, որպեսզի նման լարվածությունները չկրկնվեն: Ադրբեջանը պետք է գիտակցի, որ ուժային ճանապարհի հեռանկարը, ըստ էության, նաեւ հակազդման հնարավորություն է ստեղծում նման խնդիրները կարգավորելու համար»: Պատգամավորի խոսքով Արցախի իշխանությունը պետք է միշտ կարողանա ռիսկերը կառավարել եւ կառավարում է: Ադրբեջանը միշտ էլ ունի ավելի մեծ ծրագրեր: Նա պետք է մի բան իմանա, որ նման քայլերով ստիպում է, որպեսզի Հայաստանը եւ Արցախն իրենց անվտանգային միջավայրը դարձնեն շատ ավելի գերակա:
Անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքներին` Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքները խիստ գաղտնի են: Կատարված աշխատանքների հիման վրա հանձնաժողովի նախագահը զրուցել է Գլխավոր դատախազի հետ, որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկվեն Գլխավոր դատախազություն՝ ուսումնասիրելու համար:
Թե ում են պատրաստվում առաջիկայում հրավիրել հանձնաժողովի նիստին` հարցեր տալու համար, Անդրանիկ Քոչարյանը պատասխանել է. «Եթե շատ մտածեք, բոլորիդ համար ակնհայտ կլինեն հրավիրյալները: Բայց խնդիր կա: Առաջին հրավերները վերաբերում էին արտաքին բլոկին` Վարդան Օսկանյան, Ժիրայր Լիպարիտյան: Ժիրայր Լիպարիտյանը զանգահարել եւ ասել է, որ պատրաստ է: Վարդան Օսկանյանը հեռավար ասել է, որ պատրաստ չէ: Մովսես Հակոբյանն էլ ինչ-որ հայտարարություններ է արել»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը: Նա տեղեկացրել է, որ մշակվում է օրենսդրական նախաձեռնություն եւ հունվար ամսին կդրվի շրջանառության մեջ, ըստ որի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում կնախատեսվեն խստացումներ հրավիրյալների չներկայանալու դեպքում:
«Ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր նյութեր, ինչը բավարար է, որ հանձնաժողովի նախագահը գրավոր նյութեր ուղարկի Գլխավոր դատախազություն: Վերջնահաշվարկում 44-օրյա պատերազմի արդյունքը ինչ-որ թերացումների արդյունք է, մեղմ ասած թերացումների»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:
«Քննիչ հանձնաժողովի արձանագրումներն, առհասարակ, լավ հիմք են այս պահին տեղի ունեցող փոփոխությունների համար, քանի որ հստակ արձանագրված են մի շարք բացթողումներ, որոնք տարիներ ի վեր եղել են բանակում եւ հանգեցրել են կոնկրետ հետեւանքների»,- հավելել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը: Ըստ նրա` Գլխավոր դատախազի փոփոխությունից հետո բավականին գործընթացներ են տեղի ունենում Դատախազությունում, եւ առաջիկայում կոնկրետ զարգացումներ կլինեն կոնկրետ անձերի վերաբերյալ: Հետեւաբար, նա առաջարկել է սպասել իրադարձությունների հետագա զարգացումներին:
Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ ընդդիմությունը Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցում` հավելելով, որ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքների որոշ դրվագներին մասնակցում են, բայց ոչ բոլորը: «Անվտանգությունն այն ոլորտն է, որտեղ մենք բոլորս միասին պետք է բավականին մեծ արագությամբ եւ որակյալ ոչ միայն օրենսդրական, այլ նաեւ գործնական ներդրում ունենանք մեր բանակաշինության գործում»,- նշել է Անդրանիկ Քոչարյանը:
Հանձնաժողովի նախագահի խոսքով Կառավարությունը հանդես է եկել ծավալուն օրենսդրական նախաձեռնություններով, որոնք վերաբերում են պաշտպանության ոլորտին, անվտանգային միջավայրի կատարելագործմանը, Ներքին գործերի նախարարության ձեւավորմանը, պարեկապահակային ծառայությանը: Օրենսդրական նախաձեռնությունները մինչեւ նոր տարի ընդունված կլինեն: Իսկ բանակին վերաբերող փաթեթը կիրառման բուռն փուլում է գտնվում:
11:55 07.07.2025
Երևանի Կենտրոն վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 8-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ա. Մանուկյան, Կորյունի, Թումանյան, Արգիշտի, Ե. Քոչարի փողոցների, Արշակունյաց, Իսակովի և Տիգրան Մեծի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
11:45 07.07.2025
Կանեփի 403 բույս հայտնաբերվեց հայկավանցու հողամասում. Կումայրիի ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հայկավան գյուղի մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, իսկ տեղեկությունն իրացվեց Ախուրյանի բաժնի ծառայողների հետ համատեղ: Հունիսի 30-ին հայկավանցի 62-ամյա տղամարդու հողատարածքի զննությամբ հայտնաբերվեց մշակված և անմշակ կանեփի ընդհանուր 403 բույս: Տանտերը հայտնեց, որ կանեփն ինքն է ցանել` դրանից […] ...
11:39 07.07.2025
Երևանի քաղաքապետարանի և Շենգավիթ վարչական շրջանի պաշտոնյաների կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քննված քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել էՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված ապացուցողական և վարութային այլ գործողություններով հիմնավորվել է, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երկու պաշտոնատար անձինք նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, իրենց ծառայողական լիազորություններն օգտագործելով կաշառք տվողի օգտին հովանավորչության և ապօրինի անգործության դիմաց, այն է՝ առանց համապատասխան թույլտվության շինարարական աշխատանքներ իրականացնելու և ապօրինի կոյուղատար կառուցելու պայմաններում […] ...
11:33 07.07.2025
Մեքսիկան նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթըՄեքսիկայի ազգային հավաքականը պատմության մեջ 13-րդ անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ոսկե գավաթը։ Մրցաշարի եզրափակչում Մեքսիկայի հավաքականը 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել ԱՄՆ-ի ընտրանու դեմ խաղում։ Մեքսիկան գավաթը նվաճում է երկրորդ անգամ անընդմեջ և ռեկորդակիր է նվաճած տիտղոսների քանակով։ Գավաթի հաջորդ խաղարկությունը կկայանա 2027 թվականին։ ...
11:18 07.07.2025
Ավարտվել է Սյունիքում 2021 թվականի ապրիլի 21-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու փորձ կատարած անձանցից չորսի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՍյունիքի մարզում գործող ընկերություններից մեկի անվտանգության դեպարտամենտի ղեկավարը նախապես տեղեկանալով 2021 թվականի ապրիլի 21-ին ՀՀ վարչապետի՝ Սյունիքի մարզ նախատեսված այցի մասին, ապրիլի 20-ին խոչընդոտներ ստեղծելու նպատակով օգտագործելով իր պաշտոնից բխող հեղինակությունն ու ազդեցությունը, ձայնային հաղորդագություն է ուղարկել ընկերության աշխատակցին և ընդգծել ՀՀ վարչապետի այցի կապակցությամբ իրենց կողմից պլանավորվող խուլիգանական գործողությունների նախապատրաստումը: 2021 թվականի ապրիլի 21-ին […] ...
11:07 07.07.2025
Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվիԵրևանի հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի մոնտաժային աշխատանքներով պայմանավորված՝ 2025 թվականի հուլիսի 8-ին և 9-ին, առավոտյան ժամը 05:00-ից մինչև 10:00-ն, Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռուստատեսային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի: Այս մասին հայտնում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը։ ...