Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը` ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+27.09 oC

Չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը` ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը շարունակում է դրական դինամիկա դրսևորել. Փաշինյան

14:55 03.02.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին: Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև միությունում Ուզբեկստանի վարչապետը և Կուբայի դիվանագիտական ներկայացուցիչը:

Նիստում Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարությունների hարգելի ղեկավարներ,

Պատվիրակությունների հարգելի անդամներ,

Ուրախ եմ ողջունել Եվրասիական միջկառավարական խորհրդի այս տարվա առաջին նիստի մասնակիցներին և հյուրերին։

Թույլ տվեք ելույթս սկսել Ալիխան Սմաիլովին ուղղված շնորհակալական խոսքով՝ հրավերի և այսօրվա նիստի՝ բարձր մակարդակով կազմակերպման համար:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նախագահող կողմին և անձամբ Միխայիլ Միշուստինին մաղթել արդյունավետ աշխատանք և Ռուսաստանի նախագահության կողմից նախանշված առաջնահերթ ոլորտների իրականացման գործում հաջողություններ։

Անկեղծորեն ողջունում եմ Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովին և Կուբայի հարգելի ներկայացուցչին, հաստատում եմ դիտորդ երկրների հետ արդյունավետ համագործակցություն զարգացնելու պատրաստակամությունը։

Մինչ այսօրվա օրակարգի ակտուալ հարցերին անցնելը, նշեմ, որ չնայած աշխարհաքաղաքական լարվածությանը, փոխադարձ առևտուրը Միությունում շարունակում է դրական դինամիկա դրսևորել։ Հայաստանի և ԵԱՏՄ երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2022 թվականի հունվար-նոյեմբերին 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 90%-ով և կազմել 4,6 մլրդ դոլար։ Ընդ որում, ներմուծումն, ըստ ապրանքների ծագման երկրների, աճել է ավելի քան 50%-ով։

Հարգելի գործընկերներ,

Միության հետագա զարգացման համար մեզ անհրաժեշտ է շարունակել տնտեսական զարգացման ապահովմանը, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացմանը և մեր քաղաքացիների բարեկեցությանն ուղղված ներքին հնարավորությունների ու ռեսուրսների ամուր հենքի վրա կառուցված համակարգված և հետևողական աշխատանքը:

Այս նպատակներին հասնելու համար կարևոր է բիզնեսի համար հարմարավետ պայմանների ստեղծումը, խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքը, ձեռնարկատիրության ոլորտում համագործակցության մեծացումը։

Իհարկե, դեռևս որոշիչ դեր են խաղում արտադրողներին՝ արտադրության բոլոր փուլերում աջակցելուն ուղղված միջոցառումները։

Այս համատեքստում, կցանկանայի կարևորել ինտեգրացիոն ներուժ ունեցող արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմների կիրառմանն ուղղված իրավական ակտերի շուտափույթ մշակման և ընդունման կարևորությունը։

Այս ուղղության զարգացումը, ըստ մեր գնահատականների, թույլ կտա արդյունաբերողներին կենտրոնացնել իրենց ուժերը սեփական արտադրության վրա տնտեսության այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` մեքենաշինությունը, ռադիոէլեկտրոնիկան, ավիաշինությունը, ծրագրային ապահովման արտադրությունը, դեղագործությունը և բժշկական արդյունաբերությունը:

Միության մրցունակ արդյունաբերության ձևավորումը լիովին պայմանավորված է նաև տեխնոլոգիական անկախության մակարդակով և նոր տեխնոլոգիաների ներդրման դինամիկայով։ Սրանք ԵԱՏՄ-ի մոտակա և միջնաժամկետ անվիճելի առաջնահերթություններն են։

ԵԱՏՄ անդամ երկրների տեխնոլոգիական անկախության ամրապնդումն ուղղակիորեն կախված է նոր տեխնոլոգիական ձևերին անցումից և չի կարող իրականցվել միանգամից։ Այն պահանջում է ռազմավարության, փուլերի, ծախսերի սահմանում, ինչը կախված է ԵԱՏՄ արդյունաբերության ճյուղերի տեխնոլոգիական զարգացման մակարդակից, և, որպես հետևանք, անցումը կպահանջի առկա ճյուղերի արդիականացում, ինչպես նաև նոր ինովացիոն արդյունաբերական ոլորտների ստեղծում։

Ակնհայտ է, որ այդ նպատակների համար Միության ներսում պետք է ստեղծվի տեխնոլոգիական կանխատեսումների համակարգ՝ տեխնոլոգիաների զարգացման ամենահեռանկարային միտումները ժամանակին բացահայտելու համար։ Միևնույն ժամանակ, փոխգործակցության կարևոր տարր կարող է դառնալ լավագույն հասանելի տեխնոլոգիաների տվյալների բազայի ստեղծումը:

Հարգելի գործընկերներ,

Նշեմ, որ մենք նաև մեծապես կարևորում ենք տալիս պարենային անվտանգության տեղական և միութենական համակարգերի զարգացումը։

Կարծում ենք, որ ապագայում ԵԱՏՄ անդամ պետությունների կոլեկտիվ պարենային անվտանգության համակարգի ստեղծման նպատակով համագործակցության ակտիվացումը հնարավորություն կտա բարձրացնել առկա ռեսուրսների օգտագործման արդյունավետությունը, զսպել գնաճը, ապահովել պարենային ապրանքների հասանելիությունը և ակտիվացնել փոխադարձ առևտուրը։

ԵԱՏՄ ինտեգրացիոն համագործակցության մեկ այլ կարևոր բաղադրիչ եմ համարում էներգառեսուրսների ընդհանուր շուկաների ձևավորումը։

Այս համատեքստում, կնշեմ մեր շահագրգռվածությունը գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի չկարգավորված հարցերի շուրջ հնարավորինս արագ կոնսենսուսի հասնելու հարցում, և ևս մեկ անգամ հաստատում եմ դրանց լուծմանը կառուցողական մոտեցում ցուցաբերելու մեր պատրաստակամությունը։

ԵԱՏՄ էլեկտրաէներգիայի միասնական շուկայի հարցերի շրջանակում Հայաստանի համար արդիական եմ համարում «Էլեկտրաէներգիայի միջպետական փոխանցման ծառայությունների հասանելիության կանոնների» հիմքում ամրագրված ճկուն և բազմավեկտոր մոտեցումները։

Մասնավորապես, կանոնները հնարավորություն կտան ապահովել ԵԱՏՄ անդամ երկրների էներգետիկ համակարգերին միացումը Միության անդամ չհանդիսացող երկրի միջոցով (մեր դեպքում՝ Վրաստանի միջոցով)՝ դրանով իսկ ստեղծելով տեխնիկական և իրավական նախադրյալներ՝ փոխշահավետ շուկայական պայմանագրեր կնքելու համար։

Նիստի հարգելի մասնակիցներ,

Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի լիարժեք գործարկման նպատակով մենք պետք է սինքրոնացնենք մեր գործողություններն այս ուղղությամբ, ինչը թույլ կտա մեզ ձևավորել հուսալի «թվային կմախք»՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը ապահովելու համար։

Թվային տնտեսության զարգացումը և թվային տեխնոլոգիաների ներդրումն օբյեկտիվ անհրաժեշտություն է միասնական թվային տարածքի ձևավորման համար։ Այս համատեքստում, կնշեմ միջպետական տեղեկատվության փոխանակման համակարգի գործիքների, ինտեգրացիոն էֆեկտով թվային նախագծերի ստեղծման և զարգացման արդիականությունն ու մեծ պահանջարկը:

Եվ, չնայած ձեռք բերված արդյունքներին, մենք պետք է անընդհատ վերանայենք և ընդլայնենք թվային օրակարգի առաջնահերթությունները։ Այս համատեքստում, ցանկանում եմ նշել, որ «Digital Almaty» համաժողովը դարձել է շահագրգիռ մասնակիցների հետ համապարփակ երկխոսության, թվային փոխակերպման հարցերը և թվային զարգացման հեռանկարները քննարկելու արդյունավետ հարթակներից մեկը:

Հարգելի գործընկերներ,

եզրափակելով՝ ցանկանում եմ բոլորիս հաջողություն և արդյունավետ աշխատանք մաղթել և ևս մեկ անգամ հաստատել հայկական կողմի՝ եվրասիական ինտեգրման առաջնահերթ ուղղությունների իրականացմանն ուղղված ջանքեր գործադրելու պատրաստակամությունը։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետները քննարկել են եվրասիական ինտեգրացիային առնչվող արդիական մի շարք հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ԵԱՏՄ ներքին շուկայի գործունեությանը, արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորմանը, ագրոարդյունաբերական համալիրի զարգացմանը, էներգետիկայի ոլորտում համագործակցությանը։

Կարևորվել է թվային օրակարգի իրականացումը, մասնավորապես՝ միության ինտեգրացիոն տեղեկատվական համակարգի կատարելագործումը:

Ստորագրվել են նաև նիստում ընդունված որոշումների արձանագրությունները: Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի է ունենալու հունիսին` Սոչիում:

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն Ալմաթիում այցելել է Ղազախստանի ժողովրդական գործիքների թանգարան և Պետական արվեստի թանգարան, շրջայց կատարել ցուցասրահներով և ծանոթացել ներկայացված նմուշներին:

Վարչապետ Փաշինյանի աշխատանքային այցն Ալմաթի ավարտվել է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

15:58 10.05.2025

Թուրքիայում ավտոբուսը բախվել է բեռնատարին. կան զոհեր

Թուրքիայի արևմուտքում մարդատար ավտոբուսը բախվել է բեռնատարին և մարդատար մեքենային, ինչի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, շատերը տուժել են, հաղորդում է AHaber հեռուստաալիքը։ «Ժամը 13:00-ի սահմաններում Չանաքքալե-Էզինե ավտոճանապարհին ավտոբուսը բախվել է գերաններով բեռնված ինքնաթափին և մարդատար մեքենային, նախնական հաշվարկներով առնվազն վեց մարդ է զոհվել», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ըստ հաղորդագրության՝ վթարի հետևանքով շատերը տուժել […] ...

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

15:48 10.05.2025

Մայիսի 9-ը Հայաստանում․ Եվրոպայի օրն ու ԵՄ-Հայաստան հարաբերությունների կարևորումը

Խաղաղության և միասնության խորհրդանիշ հանդիսացող Եվրոպայի օրը նշվում է նաև Հայաստանում։ Տոնին նվիրված միջոցառման ընթացքում ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը իրենց ելույթներում կարևորել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ձևավորված ու զարգացող հարաբերությունները՝ ընդգծելով համագործակցության շարունակականության և խորացման կարևորությունը։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

15:35 10.05.2025

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը

Լավարկվում է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրումից հետո սոցիալական ծախսերի վերադարձի համակարգը. հարցազրույց ՖՆ Եկամուտների քաղաքականության և վարչարարության վարչության պետ Օրի Ալավերդյանի հետ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:   ...

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

15:23 10.05.2025

Չինաստանը և ԱՄՆ-ն առևտրային բանակցություններ են վարում Շվեյցարիայում

Ժնևում սկսվել են Չինաստանի և ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի առևտրատնտեսական բանակցությունները։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը Չինաստանի պատվիրակությունը գլխավորում է Պետական ​​խորհրդի փոխվարչապետ Հե Լիֆենը, որը վերահսկում է կառավարությունում ֆինանսատնտեսական բլոկի աշխատանքը։ Վաշինգտոնը ներկայացնում է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը: Ավելի վաղ ԱՄՆ առևտրի նախարարը բացառել էր չինական ապրանքների և ծառայությունների ներմուծման մաքսատուրքերի վերացման […] ...

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

15:12 10.05.2025

Արարատի մարզում բախվել են «ԶԻԼ»-ն ու բեռնատար «Գազել»-ը. կա տուժած

Այսօր՝ մայիսի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Նորամարգ գյուղում բախվել են Սիս գյուղի բնակիչ 64-ամյա Ժորա Խ.-ի վարած «Գազել» մակնիշի և Նորամարգ գյուղի բնակիչ 35-ամյա Դավիթ Ս.-ի վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները: Բախման հետևանքով բեռնատար «Գազել»-ը կողաշրջվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: […] ...

SHANTNEWS

15:00 10.05.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP